Հայաստանի արտաքին քաղաքականության կառույցին անհանգստացնող գլխավոր խնդիրներից մեկը դիվանագիտության լճացումն է, որը հանգեցնում է երկրի մեկուսացմանը: Ակնհայտ է, որ Հայաստանը չունի ճշմարիտ բարեկամներ ու վստահելի դաշնակիցներ եւ դա ապացուցվել է 44-օրյա պատերազմում:
Դիվանագիտական նախաձեռնությունների մասով վերջին իրարանցումը ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է կոտրել մեկուսացման շղթան, ուստի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վլադիվոստոկ 7-րդ Արեւելյան տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով, արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդակցություններն իր ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Պենտագոն որոշակի հույս են արթնացրել առ այն, որ միջազգային համայնքը վերջապես որոշակի քայլեր է ձեռնարկում համագործակցության ուղղությամբ: Սակայն կարեւոր է յուրաքանչյուր նախաձեռնության գնահատումը՝ պարզելու, թե արդյոք այն համահո՞ւնչ է ընդհանուր արտաքին քաղաքական օրակարգի հետ, թե՞ հակասում է դրան: Իրականում՝ արդյոք քաղաքականությունները համահո՞ւնչ են միմյանց, թե՞ դրանց միջեւ հակասություն կա:
Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Վլադիվոստոկում եւ Միրզոյանի հանդիպումը Լավրովի հետ դիտվում են որպես արարողակարգային բնույթի հանդիպումներ, որտեղ հայաստանյան կողմը փառաբանում է ռուս-հայկական հարաբերություները եւ գերագնահատում ռուս խաղաղապահ ուժերի դերը Ղարաբաղում. հոգ չէ, որ այդ ուժերը անարդյունավետ են եղել տարածաշրջանում իրական խաղաղություն պարտադրելու եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Ղարաբաղի որոշ տարածքների, օրինակ՝ Հայաստանի Սեւ Լճի եւ Փառուխի եւ Ղարաբաղի Քարագլխի գրավումը կանխելու հարցում: Կրկին, ինչպես տեսանք, սեպտեմբերի 13-ին Ռուսաստանը չզսպեց Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Հայաստանի վրա, այլ իրեն վերագրեց հրադադարի հասնելու հանգամանքը, հրադադար, որը, ցավոք, համարյա չի պահպանվում Ադրբեջանի կառավարության քմահաճույքով:
Ամենամեծ խաղաղապահ առաքելությունը, որ կատարել են ռուս խաղաղապահները Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հայ բնակչության տարհանումն է եղել, Ղարաբաղում գտնվող տարածքներ, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նույնիսկ հանձնման ենթակա չէին Ադրբեջանին:
Պապիկյանի այցը բարձրագույն մակարդակի չէր: Հայաստանի նախորդ պաշտպանության նախարարների այցերը Վաշինգտոն ավարտվում էին իրենց գործընկերների հետ հանդիպմամբ: Պենտագոնում Սուրեն Պապիկյանին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլը, մինչդեռ Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը հասանելի չի եղել:
Հանդիպման օրակարգում «Ուկրաինայի անվտանգային իրավիճակի, Հարավային Կովկաս կայունության եւ խաղաղության առջեւ ծառացած մարտահրավերների եւ ԱՄՆ-Հայաստան պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման եղանակների մասին քննարկումներն էին»: Ինչպես տեսնում ենք, ոչ մի բեկում, ոչ էլ էական ձեռքբերում չի եղել նշված հանդիպման ժամանակ, որի մասին Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է, որ Պապիկյանը եւ Քահլը համաձայնել են ակտիվացնել խաղաղապահ գործողությունների, ինչպես նաեւ ռազմական կրթության եւ բժշկության հարցերում երկկողմ համագործակցությունը: Իհարկե, Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ Հայաստանը Ռուսաստանի գլխավորած՝ ՀԱՊԿ-ին մաս է կազմում:
Թեեւ Հայաստանի պաշտպանության նախարարը Վաշինգտոնից վերադարձավ գրեթե դատարկաձեռն, հանդիպումն ինքնին բավական էր Կրեմլում կրքեր բորբոքելու համար: Այս հանդիպումը, ինչպես նաեւ օգոստոսի 30-ին Բրյուսելում Եվրոմիության նախագահ Շառլ Միշելի, Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը խիստ զայրացրել էին Մոսկվային: Այդ գագաթաժողովը պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց վերջին պահին այն տեղափոխվեց Բրյուսել՝ արտասվելու աստիճան հուզելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային, երբ նա հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն կարող է հաստատվել միայն Մոսկվայում եւ ոչ մի այլ տեղ:
Հայաստանում ամենահայտնի հակառուսական մեկնաբաններից մեկը՝ Հովսեփ Խուրշուդյանը, բոլորովին այլ կերպ է վերաբերվում Պապիկյանի այցին՝ այն մեկնաբանելով այսպես. «Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի ազատագրման գործընթացը սկսվել է, եւ դա չի կարող լինել առանց Արեւմուտքի աջակցության»:
Հայտարարելով, որ Հայաստանը մտադիր է ձեռք բերել արեւմտյան արտադրության զենք, Խուրշուդյանը բացում է Պանդորայի արկղը: Նա նաեւ ասում է, որ «երկրի զինված ուժերում արդեն սկսվել է ռուսական ազդեցության տակ գտնվող «գործակալներից» ազատվելու գործընթացը»:
Երկար ժամանակ ներկայիս վարչակազմը ուղիներ է որոնում վերջին պարտության պատասխանատվությունից խուսափելու, ինչպես նաեւ քավության նոխազներ գտնելու համար: Առաջարկվող տեսություններից մեկն այն էր, որ Հայաստանի տիրապետության տակ գտնվող ռուսական զենքը եւ ռուսական ռազմական դոկտրինն անարդյունավետ են եղել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ընդունված ՆԱՏՕ-ի ոճի ռազմական մեխանիզմի եւ արեւմտյան ռազմական դոկտրինի դեմ:
Այս փաստարկներին համահունչ՝ Ղարաբաղի ռազմական հերոսներ՝ գեներալներ Ջալալ Հարությունյանը եւ Միքայել Արզումանյանը մեղադրվել են պատերազմը ոչ ճիշտ ղեկավարելու մեջ եւ կկանգնեն դատարանի առջեւ: Խուրշուդյանը, խոսելով «ռուսական գործակալների» մասին, խոսում է այս հերոսների եւ գլխավոր շտաբի մյուս զինվորականների մասին, ովքեր պատրաստություն են անցել Մոսկվայում:
Ռուսաստանն այնքան խորն է ընդգրկված Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում՝ ներառյալ նրա զինված ուժերը եւ անվտանգությունը, որ չափազանց ռիսկային կլինի ամբողջական ազատագրում եւ, հետեւաբար, առճակատում Մոսկվայի հետ, հատկապես Ուկրաինայում Ռուսաստանի վերջին պարտությունների ֆոնին:
Մեկ այլ ասպեկտ, որը սկսել է անհանգստացնել Բաքվին եւ Մոսկվային, ԱՄՆ-ի առավել վճռական դերն է Կովկասում, ինչի մասին վկայում է բարձրաստիճան դիվանագետ Ֆիլիպ Ռիկերի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ:
Բացի ԱՄՆ համանախագահ լինելուց, Ռիկերը կդառնա Ժնեւի միջազգային քննարկումներում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցողը:
Այս նշանակումը անհանգստացրել է Բաքվին, որը զգուշացրել է ԱՄՆ-ին զերծ մնալ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու միտումից՝ պնդելով, որ Ղարաբաղի կարգավիճակը ուժով է վճռվել 2020 թվականի պատերազմում:
Այս հարցում Մոսկվան Բաքվի հետ նույն գծի վրա է՝ ԵԱՀԿ գործընթացը համարելով մահամերձ, մինչդեռ Ղարաբաղի ժողովրդի միակ հույսը ԵԱՀԿ սկզբունքների իրականացումն է, որը ի վերջո կներառի Ադրբեջանին դատապարտող ակտ հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքներից մեկով, որով արգելվում է որեւէ հակամարտության լուծումը ուժի միջոցով, խախտելու համար:
Թեեւ Հայաստանի դիվանագիտությունը կարծես թե տեղից շարժվում է, սակայն, դատելով արդյունքներից, դիվանագետները միայն պտտում են իրենց անիվները:
Այս հոդվածը գրելու պահին ադրբեջանական ուժերը չորս ուղղություններով հարձակում են իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ թիրախավորելով Սոթքի, Կապանի, Ջերմուկի եւ Վարդենիսի շրջանները:
Ադրբեջանն իբր բանակցություններն է վարում Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակին հասնելու համար, սակայն այս անակնկալ հարձակումը անհամբերության եւ այդ դաշնագիրն իր պայմաններով ստորագրելու վճռականության նշան է՝ խախտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Ռուսաստանի ցինիկ լռությունը վկայում է այն մասին, որ նա անմեղ ականատես չէ: Փոխարենը, նա լռելյայն խրախուսել է Ադրբեջանին ստիպել Հայաստանին օգնության խնդրանքով դիմել Մոսկվային՝ Վաշինգտոնի փոխարեն, ուր այցելել էր Պապիկյանը, ի վրդովումն Կրեմլում քաղաքական որոշումներ կայացնողների:
Միջազգային բազմաթիվ ձայներ, այդ թվում՝ Եվրոմիությանը, ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ Պետքարտուղարությունը, զսպվածության կոչ են արել, սակայն նրանցից ոչ մեկը որեւէ տարբերակում չի դրել ագրեսորի եւ զոհի միջեւ: Զավեշտալի է, որ միակ միակողմանի դատապարտումը եղել է պարոն Չավուշօղլուի կողմից, որը հակամարտության մեջ մեղադրել է Հայաստանին:
ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, արտահերթ նիստ է հրավիրել եւ խոստացել է իր եզրակացությունները հրապարակել քննարկումներից հետո, մինչ Հայաստանը ողբում է իր զոհերին:
Այս հոդվածի հեղինակը հանդիպել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սեպտեմբերի 12-ին, վերջին հարձակումից առաջ՝ հասկանալու նրա տեսակետը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա, թվում էր, բոլորովին հուսահատ է: Նա խստորեն քննադատեց թե՛ ներկայիս կառավարությանը, թե՛ ընդդիմության առաջնորդներին՝ նրանց պատասխանատու համարելով ներկա խառնաշփոթի համար:
Այն հարցին, թե ինչպես էր իրեն զգում, առաջին նախագահը պատասխանեց. «Այս պահին կա՞ աշխարհում մի հայ, որ իրեն լավ է զգում»:
Այսքանով արդեն ամեն բան ասված է:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. թարգմանեց՝ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ