Վերնագիրը դիպուկ էր ընտրված՝ «Մեկ տանիքի տակ»: Աշխարհում բոլորս՝ մեծամասնություն, թե փոքրամասնություն, ապրում ենք մեկ տանիքի տակ, բայց խոշորացույցը մի կողմ դնենք. քարտեզով փոքրացող Հայաստանում ենք, որտեղ մեծամասնություն կազմող հայ բնակչության կողքին բարեբախտաբար ազգային փոքրամասնությունների գունեղ խճապատկերը կա: Եւ փառք աստծո, բոլորովին չի խամրել, քանզի հյուրընկալ եւ հանդուրժող, ասպնջական մեր բնավորությունը այլ դավանանք, լեզու, մշակույթ եւ ավանդույթներ հարգել է միշտ, համատեղ գոյակցելու՝ իրարից սովորելու հարստությունից չի զրկել նեղ, այժմ նեղլիկ սահմաններում ամփոփվող մեր երկրի բնակիչներին:
Դեկտեմբերի 8-ին «մեկ տանիքը»՝ Առնո Բաբաջանյան մարմարակերտ համերգասրահն էր, որ ժամը 17-ից հյուրընկալել էր Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ ուկրաինական, ռուսական, բելառուսական, վրացական, հունական, ասորական, եզդիական, հրեական, գերմանական, լեհական համայնքներին: Ծրագիրը եռամաս էր. նախ տարբեր համայնքների ներկայացուցիչներ պատմում էին իրենց գործունեությունից, անդրադառնում խնդիրներին, որի հասցեատերն ու կատարողն ո՞վ էր, մեզ համար գոնե պարզ չեղավ: Հայաստանի ԿԳՄՍ նախարարության կազմակերպած միջոցառմանը, որի երկրորդ մասում յուրաքանչյուր համայնք ցուցահանդեսով, երրորդ մասում՝ համերգային կատարմամբ էր գունազարդում երեկոն, սակավ էր «դրսից»՝ հայ մեծամասնության մասնակցությունը, եւ արդարացի էր այդ օրը մեծամասնություն կազմող համայնքների առանձին ներկայացուցիչների ժպտադեմ դժգոհությունը, թե «ամեն տարի մենք խոսում-երգում-պարում ենք, մենք ունկնդրում-ակնդրում, Հայաստանի հայ բնակչությանը չի հետաքրքրում, ներկա չէ»: Իսկ համերգն իսկապես շա՛տ դիտարժան էր, գույներ ու բույր փոխանցող:
Տխուր է եւ անշուշտ զարմանալի, որ ԱԺ-ում ազգային համայնքները ներկայացնող 4 պատգամավորից, ՄԻՊ-ի օգնականից բացի, ՀՀ ուրիշ պաշտոնյա ներկա չէր: Ենթադրելի էր, որ ԱԳՆ-ից պիտի ներկա լինեին, ՀՀ-ում պաշտոնավարող տարբեր երկրների դեսպաններ նույնպես…բայց՝ կամ ազդն ու գովազդն է գծուծ, կամ էլ՝ անփույթ ու անհեռատես, առաջնահերթություններն ընդգծող գրավոր ծրագիր կազմելու ընդունակության բացակայությունն է:
Ադրբեջանը շարունակ կրկնում է՝ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է: Այդպես չէ, անշուշտ, բայց սոցհարթակում դատարակաբանելու փոխարեն նախ պատմենք նրանց մասին, ցույց տանք, որ նրանք կան, ՀՀ քաղաքացի են, մեր երկրում արարում են, մայրենի լեզվով դպրոց հաճախում, թերթ հրատարակում եւ սիրում են Հայաստանը: Որեւէ հեռուստաալիքի լոգո, տեսախցիկ ու բարձրախոս աչքս չորսաց… Եվ սա աճող սփյուռք ու համայնք ունեցող ազգի, պետության վերաբերմո՞ւնք է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ