Հայաստանը ներկայիս մտատանջությունների մեջ է, թե ով է վերջապես ստորագրելու Ադրբեջանի հետ խաղաղության ճակատագրական պայմանագիրը, որը սահմաններում խաբուսիկ անվտանգությունը վերականգնելու հույսի դիմաց կարող է կորզել Հայաստանի տարածքի մի որոշակի հատվածը: Հայաստանի նկատմամբ որդեգրած Ադրբեջանի քաղաքականությունը սնվում է նողկալի ատելությամբ, ինչին վերջերս սարսափազդու տեսաժապավենի միջոցով ականատես դարձավ ամբողջ աշխարհը: Այնտեղ ներկայացված էր, թե ինչպես են ադրբեջանցիք բարբարոսական տանջանքների ենթարկում, սպանում եւ անդամահատում հայ զինվորական մի կնոջը, եւ թե ինչպես են խմբակային գնդակահարման են ենթարկում հայ ռազմագերիներին, արարքներ՝ որոնք պահանջում են իրավական պատասխանատվության ենթարկել իրագործողներին որպես պատերազմական հանցագործների:
Կացությունը չափազանց հարափոփոխ է Կովկասի քաղաքական դաշտում, որտեղ առայժմ Բաքու-Անկարա տանդեմն է նախապատվության արժանանում: Թուրքիան եւ Ադրբեջանը ամենեւին էլ չեն ցանկանում խաղաղություն եւ կայունություն հաստատել տարածաշրջանում: Նրանք իրենց հույսը դրել են աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռության վրա, որն օրեցօր տատանվում է, որպեսզի կարողանան առավելագույն զիջումներ կորզել Հայաստանից: Թուրքիան, մասնավորապես, երկար շոշափուկներ ունի, որոնք հասնում են տարածաշրջան: Դրանցից մեկը հարկադրելն է Հայաստանին, որ արտատարածքային միջանցք տրամադրի իրեն, որպեսզի կարողանա իրագործել իր պանթյուրքիստական ծրագրերը, իսկ առավել մեծ նպատակն է աշխարհի երեսից ամբողջովին ջնջել Հայաստանը, որպեսզի Ցեղասպանության հարցը վերջնականապես փակվի:
Հայոց ցեղասպանության հարցը իրավական մեծագույն խոչընդոտն է, որ խանգարում է իրականացնելու իր գլոբալ փառասիրությունները, որոնցից մեկը Եվրոմիությանը, իսկ մյուսը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անդամակցելն է: Այնքան ժամանակ, որ հայկական պետությունը գոյություն ունի եւ կարող է իրավական դաշտում հետապնդել Ցեղասպանության հարցը, Թուրքիան չի ազատվելու այդ խոչընդոտից: Գոյություն չունի ավելի վառ ապացույց, քան ասորիների պարագան, ցույց տալու համար, թե ինչքան կարեւոր է պետական պահանջատիրությունը աշխարհաքաղաքական համատեքստում: Դժբախտաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սփյուռքին է հանձնել պահանջատիրության այդ պարտականությունը, հավանաբար Թուրքիային հաճոյանալու նպատակով, բայց անհրաժեշտ է ընդգծել, որ Ցեղասպանության ու պահանջատիրության հետապնդումը Հայաստանի պետության իրավական պարտականությունն է:
Ներկայիս, Հայաստանը գտնվում է կովկասյան ալեկոծությունների անհանգիստ մթնոլորտում: Ռուսաստանը իր ազդեցությունների ոլորտն է համարում տարածաշրջանը, մինչ Արեւմուտքը փորձում է նրան այդտեղից դուրս վանել, հօգուտ իրեն օգտագործելով այնտեղ կատարվող հակամարտությունները:
Երկար ժամանակ Մոսկվան հավատացած էր, որ Հայաստանն իր ձեռքերում է, ինչ էլ պատահի, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի հետ առնչվող պատմական սպառնալիքները: Ռուսաստանն այնքան է խրված Հայաստանի սոցիալ-քաղաքական եւ զինվորական կյանքում, որ գրեթե անհնար է բաժանել մեկը մյուսից եւ պատճառ էլ չկա առանձնապես, բացի Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ նրա դրսեւորած դաշնակցային պարտազանցությունից: Ներկայի իր դժվարությունների համատեքստում, Ռուսաստանը գուցե Հայաստանից կարեկցանք եւ փոխըմբռնում էր ակնկալում, ի պատասխան Հայաստանին զորավիգ կանգնելու իր պատմական առաքելությանը, սակայն Հայաստանը նման կարեկցանք հայտնելու հնարավորություն այլեւս չունի, քանի որ գոյատեւման պայքար է մղում առանց որեւէ օգնություն ստանալու:
Ռուս պետական գործիչները, սկսած նախագահ Վլադիմիր Պուտինից եւ վերջացրած արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շարունակում են բարձրաձայնել 44-օրյա պատերազմը եւ կամ սեպտեմբերի 13-ի ագրեսիան դադարեցնելու Ռուսաստանի ծխածածկույթ դերակատարության մասին, մոռանալով, որ նման խոսքերը կարող են բավարարել քաղաքական պատսպարվածություն ապահովելու նրանց ցանկությունը, սակայն ոչնչով չեն կարող մեղմել լայնածավալ պատերազմի 4.800 եւ ագրեսիայի 207 զոհերի պատճառած ցավը: ՀԱՊԿ-ի եւ հայ-ռուսական ամենատարբեր պայմանագրերի պարտականությունն էր թույլ չտալ նման ագրեսիան, եւ ոչ թե ակնկալել, որ Հայաստանը երախտապարտ լինի հետագա ավելի մեծ կորուստների առաջքն առնելու համար:
Երբ 2018-ին տեղի ունեցավ «թավշյա» իշխանափոխությունը, ռուս մեկնաբաններն ու նրանց համախոհները Երեւանում փորձեցին քաղաքական այդ շարժումը ներկայացնել որպես հերթական գունավոր հեղափոխություն ընդդեմ ռուսական ազդեցության: Այդ պատճառով էլ հետագայում պաշտոնական անձինք Երեւանում չափազանց զգույշ էին, որպեսզի չտրորեին հյուսիսային «արջի» թաթը: Սակայն, քաղաքական զարգացումներին ուղեկցող Ռուսաստանի պարտազանցությունները նպաստեցին, որ Հայաստանն իր դժգոհությունն արտահայտի եւ փորձի գտնել քաղաքական զորակցության եւ զինամթերքի հայթայթման այլընտրանքային աղբյուրներ:
Սեպտեմբերի 13-ին բուն Հայաստանի տարածք ներխուժումից հետո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք անդամ երկրներ՝ Մ. Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հստակորեն նշեցին, որ Ադրբեջանն է ագրեսորը եւ պահանջեցին, որ ադրբեջանական զորքերը անհապաղ դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, մինչդեռ Ռուսաստանը, շարունակելով իր տատանողական անհստակ քաղաքականությունը՝ ագրեսիան բնութագրեց որպես «սահմանային վիճարկում», պատճառաբանելով, որ երկու երկրների միջեւ չկան հստակ սահմանագծեր:
Հայաստանը ռազմական օգնության ակնկալիքով դիմեց ՀԱՊկազմակերպությանը, որի կանոնադրության 4-րդ հոդվածում ամրագրված է, որ անդամ երկրներից որեւէ մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլոր անդամ պետությունների վրա: Փոխանակ անմիջական օգնություն ցուցաբերելու, կազմակերպությունը իր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի առաջնորդությամբ մի պատվիրակություն ուղարկեց Հայաստան, որտեղ ՀԱՊԿ անձնակազմի ղեկավար Անատոլի Սիդորովը զգուշացրեց. «Եկեք առաջ չընկնենք: Սեպտեմբերի 13-ին մեր կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող խնդիրները պետք է լուծել քաղաքական եւ դիվանագիտական ուղիներով»: Նման հայտարարությունը առնվազն ծիծաղելի է հնչում, երբ ագրեսիայի պատճառով արյուն է թափվում:
Փաշինյանը մերժեց հանդիպել Զասի գլխավորած պատվիրակության հետ, որպեսզի իր դժգոհությունն արտահայտեր, բայց բարձրաձայնեց, որ ՀԱՊԿ-ի մի քանի գործընկերների հետ վերջերս կայացած հանդիպումների ժամանակ նշել է, որ Հայաստանի հասարակության շրջանում այդ կառույցի նկատմամբ դիրքորոշումը արագ փոփոխության է ենթարկվում: «Գործընկերների հետ խոսակցությունների ժամանակ մտավախություն էր հնչում, շարունակեց նա, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Ես հակառակ ձեւակերպումը կատարեցի ասելով, որ Հայաստանում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն է թողնում Հայաստանին»:
Այս հայտարարությունից առաջ Փաշինյանը կոչ էր արել, որ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայվեն սահմանին, վախ գցելով Կրեմլի քաղաքականությունը մշակողների սրտերում, որ ռուսական վերահսկողությունից դուրս կմնա կովկասյան տարածաշրջանը: Արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովան բուռն հակադարձելով այդ կոչին նշել էր, որ միջազգային ուժեր հրավիրելը «ֆանտազիայի ոլորտին է վերաբերում»:
Զախարովայի պոռթկումին հետեւեց արտգործնախարար Լավրովի սաստումը. «Մենք պետք է սպասենք Զասի այցելության արդյունքներին», որն է՛լ ավելի բորբոքեց կրքերը, կարծես Ադրբեջանի կողմից ցուցադրության դրված հայ զինվորների անթաղ մարմինները բավական ապացույց չէին կատարված բարբարոսության:
ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարի վերաբերյալ տարակարծություններ կան Հայաստանում: ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանն, օրինակ, նշում է. «Որպես ՀԱՊԿ-ի անդամ պետություն Հայաստանը ակնկալում է հստակ գործողություններ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ իրավիճակի հետագա թեժացումը կանխելու վերաբերյալ»: Մինչդեռ Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» ֆրակցիայի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ի պատասխան, արձանագրում է. «Ճիշտ է, որ ՀԱՊԿ-ն կատարյալ կառույց կամ անվտանգությունն ապահովող լավագույն համակարգը չէ, բայց Հայաստանը, դժբախտաբար, այլընտրանք չունի: ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է միայն է՛լ ավելի վատթարացնել առկա խնդիրները եւ ստեղծել անվտանգության վակուում»:
Գրեթե համանման հայտարարությամբ հանդես էր եկել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Արեւմտամետ քաղաքական խմբավորումները կողմ են ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարին, հույս տածելով, որ Արեւմուտքը կզբաղեցնի անվտանգության քաղաքական այդ վակուումը: Այդ վախը նաեւ Մոսկվայում են զգում:
Հայաստանի նախաձեռնությունը, եթե ոչ այլ բան, առնվազն դյուրագրգիռ է դարձրել Կրեմլի քաղաքականությունը ձեւավորողներին, որոնք ենթադրյալ վտանգը իրական համարելով սկսել են ըստ այդմ խորհել եւ գործել: Այսպես, մինչեւ վերջերս Մոսկվան բացարձակ լռություն էր պահպանում ամեն անգամ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, արտգործնախարար Չավուշօղլուն կամ Ադրբեջանի նախագահ Ալիեւը պնդում էր Զանգեզուրի միջանցքին տիրանալու մասին: Վերջերս, սակայն, ՌԴ փոխվարչապետ, տարածքային ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը հստակորեն նշեց, որ նորաբաց հաղորդակցության ճանապարհները, ներառյալ Զանգեզուրի «միջանցքը» մնալու են Հայաստանի ինքնիշխան պետության վերահսկողության ներքո: Այսպիսով առնվազն մեկ սպառնալիք ժամանակավորապես վերացված կարելի է համարել, քանի որ Ալիեւը պնդում էր, որ Հայաստանը ստիպված կստորագրի խաղաղության պայմանագիրը, որտեղ նշված կլինի, որ նա հրաժարվում է Ղարաբաղից եւ նշված միջանցքի վերահսկման իրավունքներից:
Մինչ պայմանագիրը ստորագրելու ճակատագրական պահը մոտենում է, տեսնենք, թե ինչ կլինի Մոսկվայի դիրքորոշումը Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Arm. Mirror-Spectator)