Տարույս նոյեմբերի 30-ին ավարտվեց համաշխարհային արվեստային կենտրոններից մեկի՝ Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի՝ հոկտեմբերի 9-ից մեկնարկած հետահայաց ցուցադրության ծրագիրը, որն իրականացվել է «La Cinémathéque du documentaire par la Bpi» ծրագրի շրջանակում՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրի ներքո:
Շուրջ 2 ամիս Փարիզի «Mk2 Bibliothéque cinema»-ում 30 ցուցադրությամբ համաշխարհային կինոհանդիսատեսին ներկայացվեցին հայ կինոգործչի 10 ֆիլմերը՝ «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները». աննախադեպ երեւույթ թե՛ հայ կինոյի, թե՛ «Պոմպիդու» կենտրոնի հետահայացների պատմության մեջ: Նշենք, որ Հարություն Խաչատրյանից խնդրել էին 3 ֆիլմ, բայց ընտրել էին վերոհիշյալ բոլոր 10 ֆիլմերը:
Ցուցադրությունների օրերին հիշյալ կենտրոնում կայացել են նաեւ արվեստագետի վարպետաց դասերն ու հանդիպումները կինոհանդիսատեսի հետ՝ Q&A` հարց ու պատասխան ձեւաչափով: Մի երիտասարդ ֆրանսուհի որոշել է իր դիպլոմայինը նվիրել խաչատրյանական կինոյին:
Հարություն Խաչատրյանի ֆիլմերը համաշխարհային կինոհանդիսատեսին ներկայացրել են Ֆրանսիայում ապրող եւ ստեղծագործող հայ կինոռեժիսորներ, ինչը եւս մեկ առիթ էր հայկական կինոժառանգությունը հանրայնացնելու:
«Ժորժ Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնը եւ «Mk2 Bibliothéque cinema»-ն պաշտոնական կինոքննադատական տեքստով անդրադարձել են հայ արվեստագետի կինոժառանգությանը, կենտրոնը ծավալուն հարցազրույց է նկարահանել կինոռեժիսորի հետ, համաշխարհային հեղինակավոր կինոմեդիայի կարեւորագույն պարբերականներից մեկը ՝ «Cahiers du Cinema» (Կայիե դյու սինեմա) ամսագիրը, որի միայն ֆեյսբուքյան պաշտոնական էջն ունի 229.000 հետեւորդ, հետաքրքրական վերլուծությամբ անդրադարձել է Հարություն Խաչատրյանի կինոյին եւ ֆիլմերի հետահայացին:
Վավերագրական կինոյի ֆրանսիական եւ միջազգային մի շարք հեղինակավոր ընկերությունների կողմից՝ La SCAM-ը (Մուլտիմեդիա հեղինակների քաղաքացիական հասարակություն-ՄՀՔՀ), La SCAM-Canada-ն, (ՄՀՔՀ-Կանադա), La SCAM-Belgique-ը (ՄՀՔՀ-Բելգիա), Cinémathéque du Documentaire-ը (Վավերագրողների սինեմատեք), Cineteca Nacional de Chile-ն (Չիլիի ազգային սինետեկա), Sociռtռ Suisse des Auteurs-ը (Հեղինակների շվեյցարական ասոցիացիա), Heritage of la Cinémathéque Suisse (Շվեյցարական Սինեմատեքի ժառանգություն) եւ այլն, Հայաստանին առաջարկվել է «1001 վավերագրական ֆիլմերի հավաքածու» նախագծում, որը ներառում է 1920-2020 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 194 անդամ պետություններում ստեղծված ավելի քան 150 ազգությունների վավերագրական ֆիլմեր եւ ավելի քան 350 ֆիլմեր, որոնք նկարահանվել են կանանց կողմից, ընդգրկել նաեւ Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը:

Նպատակ կա հիշյալ նախագիծը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստրում» ընդգրկելու: Եթե դա իրականանա, ապա Հարություն Խաչատրյանի՝ հազարավոր ֆիլմերից ընտրված այս կինոաշխատանքը կհարեւանի համաշխարհային կինոարվեստի այնպիսի երեւելի նմուշներին, ինչպիսիք են Լյումիեր եղբայրների ֆիլմերը, Ֆրից Լանգի «Մետրոպոլիսը» կամ Կլոդ Լանցմանի «Շոան», որոնք արդեն գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստրում»: Այս հաստատումից հետո նշված ֆիլմը կստանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված խորհրդանշական բովանդակություն եւ կկարողանա օգտագործել «Աշխարհի հիշողություն» պատկերանշանը:
Ուրախանանք մեր ազգակիցների հաջողություններով ու հաղթանակներով, կամենանք, մաղթենք նրանց նորանոր հաջողություններ ու հաղթանակներ, մերովսանն նպաստենք այդ հաջողությունների ու հաղթանակների իրականացմանը՝ գոնե գնահատանքով ու բարի խոսքով, եթե առարկայապես ու նյութապես չենք կարող, իհարկե, հնարավորության դեպքում, թե՛ մեկով, թե՛ մյուսով:
ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)
Բան. գիտ. թեկնածու
«Պատմաբանասիրական հանդես»-ի հայերեն բաժնի խմբագիր
Նկարները՝ «Kinoashkharh» կայքից





