Հայ ներկայիս երաժշտական արվեստում իր հեղինակավոր կարծիքն ունեցող կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը ահա այսպես է բնութագրել կոմպոզիտոր, երաժշտագետ, ՀՀ կոմպոզիտորների միության ակտիվ անդամ Սոֆա Ազնաուրյանին «Առանց ամփոփելու» գրքում իր ներածական խոսքում. «Առանձնահատուկ ոգեւորությամբ կուզեմ ներկայացնել՝ դեռ իր վաղեմի ուսումնական տարիներից ինձ ծանոթ դարձած երաժիշտ, ստեղծագործող Սոֆա Ազնաուրյանին, ում անհատականության ամբողջական գնահատականը իմ մեջ ձեւավորվել է իր ինքնատիպ արվեստի հանդեպ տարիների հետեւողական անդրադարձների արդյունքում:
Եվ այսօր, ընդհանրացնելով կոմպոզիտորական արվեստի շրջանակներում ձեւավորված իր արարչագործման ողջ պատկերը, ինձ մեծապես ոգեւորում է Ս.Ազնաուրյանի շնորհաշատ ստեղծագործական տեսակը, որը կառուցված է իր արվեստի մեջ ոգեւոր փնտրուք ապրող, արժեքավոր եւ ժպտադեմ համոզումով հիացական կերպարներ կառուցելու սկզբունքի վրա, ինչի արդյունքում տարիների կուտակումներով ստեղծված են անդադրում երազայնությամբ եւ ամուր սկզբունքայնությամբ հագեցված լուսավոր գործեր»: («Не подводя итоги¦, Ереван Тигран Мец. էջ. 7):
Ս.Ազնաուրյանի գիրքը իր ապրած կյանքի եւ ստեղծագործական ուղու վառ եւ տրամաբանական դրսեւորումն է:
Գրքի գրախոսներն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ՝ երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Մարգարիտ Րուխկյանը եւ կոմպոզիտոր, արվեստագիտության թեկնածու Միխայիլ Կոկժաեւը:
Այն լույս է տեսել Երեւանի «Տիգրան մեծ» հրատարակչատանը: Հարություն Սամուելյանը շքեղ դիզայնի հեղինակն է :

Գեղեցիկ կազմակերպված շնորհանդեսը կայացավ 2024 թվի նոյեմբերի 30 Հայաստանի Կոմպոզիտորների միության դահլիճում:
Երբ իմ սիրելի ու հարգված ընկեր եւ կոլեգա Սոֆա Ազնաուրյանը զանգեց եւ առաջարկեց գրել իր հեղինակած գրքի մասին «Ազգ» շաբաթաթերթի համար մի փոքրիկ հոդված-ամփոփում, մեծ սիրով ընդունեցի այդ պատասխանատու առաջարկը: Չէ՞ որ Վ.Թեքեյանի անվան մրցանակին արժանացած եւ ճանաչված կոմպոզիտորի հետ համագործակցում եմ շուրջ 22 տարի եւ որի արդեն հայտնի դարձած գործերից նաեւ առաջին կատարողն եմ, որպես դաշնակահար-կոնցերտմայստեր (բազմաթիվ անգամ ներկայացրել «Յույս» կամ «Ճակատագրական մարգարեություն» մոնոօպերան մենակատարներ՝ Մարգարիտա Հովսեփյանի հետ Երեւանում, Մոսկվայում, նաեւ Արծվիկ Դեմուրճյանի հետ: Կատարել եմ «Հայաստան» մոնոօպերան երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ, շեփորի եւ դաշնամուրի համար գրված «Շարլ Ազնաուրի հիշատակին» ստեղծագործությունը Արմեն Մաիլյանի հետ): Նշեմ, որ երգչուհի Մ.Հովսեփյանի հետ ունենք ձայնագրված երկու CD, որտեղ զետեղված են Ս.Ազնաուրյանի վերը նշված «Հույս» մոնոօպերան եւ Լուսինե Զաքարյանին նվիրված վոկալ շարքը: Յուրաքանչյուր անգամ ոգեւորությամբ եմ կատարել իր գործերը եւ նորովի բացահայտել հեղինակի հուզական անկրկնելի երաժշտական լեզուն եւ ոճը: Միշտ ուրախությամբ եմ մասնակցել Ազնաուրյանի հեղինակային համերգներին՝ 2009 եւ 2019 թվականներին: Վերլուծական հոդվածներ եմ գրել իր որոշ գործերի մասին:
Սոֆա Ազնաուրյանը բազմաժանր ստեղծագործող է՝ կամերային գործեր (դաշնամուրային տրիո, կվինտետ), մոնոօպերաներ, օպերա երեխաների համար (ՏտպՐՈ Պսÿ ՊպՑպռ, վՏ վպ ՊպՑրՍՈÿ ՏտպՐՈ) «Չիկարելիի արկածները», երգչախմբային գործեր, վոկալ շարքեր, մանկական երգեր եւ խմբերգեր, դաշնամուրի, թավջութակի, շեփորի, ֆագոտի, երգեհոնի համար գրված մանրանվագներ եւ այլն:
Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյան. «Սոֆա Ազնաուրյանի «Հույս» մոնոօպերան արժանի է սեւեռուն ուշադրության: Օպերայի լեզուն դինամիկ է, էմոցիոնալ, արտահայտում է հերոսուհու տվյալ պահի հոգեկան մղումները… Այս ստեղծագործությունը, անկասկած, կգրավի իր արժանի տեղը հայ ժամանակակից երաժշտության մեջ»: (2007թ. « Не подводя итоги», էջ 33):
Հայ իրականության մեջ չեմ հիշում որեւէ նախադեպ, երբ ստեղծագործողը ինքն է իմի բերում իր կյանքն ու գործունեությունը այսպիսի ինքնատիպ եւ յուրօրինակ ձեւով: Կարծում եմ Ս.Ազնաուրյանի նման համարձակ քայլը տվյալ գիրքը դարձնում է աննախադեպ երեւույթ մեր մշակութային կյանքում, եւ կարծես ստիպում է այսօրվա արվեստի մարդկանց այլ կերպ վերաբերվել իրենց գործի լուսաբանմանը, կյանքի անցած ճանապարհին եւ ստեղծագործական ձեռքբերումներին: Ոմանք նույնիսկ սկսեցին մտորել եւ գիտակցել, որ այսպես էլ կարելի է ստեղծագործել, բացի բուն մասնագիտությունից: Կյանքը ցույց կտա թե ինչքանով այս ցայտուն օրինակը կլինի կիրառելի այլոց համար:
Կցանկանայի մեջբերել հայտնի երաժշտագետ Մարգարիտ Րուխկյանի գրախոսականից մի հատված. «Իմ առաջ է դեռ չհրապարակված գրքի նյութը: Իմանալով ստեղծման պատմությունը, ես այն ուշադրությամբ կարդացի, որպեսզի կրկին զարմանամ այդ հոյակապ գաղափարին՝ կուտակված նյութերի հիման վրա ստեղծել յուրօրինակ ինքնադիմանկար: …Սոֆա Ազնաուրյանը ամեն ինչում վարպետ է: Նրա կոմպոզիտորի ստեղծագործական թղթապայուսակում բազում անակնկալներ կան, որոնք մեզ դեռ կապշեցնեն: Սոֆա Ազնաուրյանը հիացնում է ե՛ւ իր վառ ստեղծագործական կարողությամբ, ե՛ւ ինքնաբավությամբ, ինչը մեր չկանխատեսված, անակնկալ կյանքի հետ ամուր եւ բարիդրացիական հարաբերություների մեջ է: Գիրքը ստեղծված է գեղարվեստական ձեւի զգացումով, եռամաս վարիացիաների տեսքով»: («Не подводя итоги¦ Ереван Тигран Мец. էջ 5-6):
Եվ այսպես, գիրքը բաղկացած է երեք մասից: Ընդգրկուն առաջինը ներառում է կոմպոզիտորի ստեղծագործական ուղուն, գործերի պրեմյերաներին, ինչպես նաեւ առանձին ստեղծագործությունների մեթոդական վերլուծություններին տարբեր տարիներին ճանաչված արվեստագետների, երաժիշտների, լրագրողների, ինչպես նաեւ սկսնակ երաժշտագետների կողմից գրված հոդվածները: Ներկայացված են ճանաչված եւ հարգված երաժշտագետներ Մ.Րուխկյանի, Ս.Սարգսյանի, Լ.Եփրեմյանի, Լ.Գրիգորյանի, Մ.Բաղդասարյանի, լրագրողներ Տ.Արաբյանի, Ս.Բալբաբյանի, նաեւ այս հոդվածի հեղինակի եւ այլոց աշխատությունները:
Այնուհետ, գրքի առանձին փոքրիկ, սակայն կարեւոր մասում Սոֆա Ազնաուրյանը անդրադարձել է իր գերդաստանի պատմության էջերին, Թուրքիայից գաղթին եւ Ռուսաստանում բնակության հաստատմանը: Այն կոչվում է «Արդվին»: Այս հատվածը կարելի է համարել նաեւ իր ընտանիքի լուսանկարների եւ պատմության պատկերասրահ: Պետք է շեշտել, որ գիրքը հարուստ է լուսանկարներով:
Գրքի երրորդ, ծավալուն մասը Սոֆա Ազնաուրյանի յուրովի ինքնադիմանկարն է որպես «Երաժշտական Հայաստան» հրատարակչության (շուրջ 30 տարի աշխատում է այդ հրատարակչության ռուսերեն հոդվածների խմբագիր) երաժշտագետ-լրագրողի երկարամյա գործունեության տարիներին հեղինակած բազմաթիվ հոդվածների, էսսեների, զրույցների տեսքով: Եվ այդ գործում էլ Ս. Ազնաուրյանը իրեն բացահայտել է որպես խորաթափանց անձնավորություն, մարդկային նուրբ լարերին զգուշությամբ վերաբերվող զրուցակից, ներկայացնելով իր հերոսներին կամ լուսաբանվող թեման անսպասելի, յուրովի տեսանկյունից եւ դրանով հարստացրել է ընթերցողի գիտելիքներն ու պատկերացումները:
Բազմաթիվ են շնորհակալական խոսքերը այդ հերոսների կողմից Ազնաուրյանին: Հիշում եմ ինչպիսի բավարարվածությամբ նա ինձ ցույց տվեց հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելիի երախտագիտությամբ լի իրեն ուղղված նամակը: Այդպիսի պահերը, անշուշտ, միշտ ոգեւորող են ստեղծագործական մղումներում եւ մոտեցումներում: Այդ հոդվածների հերոսներից են՝ Է.Միրզոյան, Ա.Հարությունյան, Մ.Թարիվերդիեւ, Գ.Կանչելի, Վ.Բալյան, Ս.Նավասարդյան, Վ.Ստամբոլցյան, Մ.Կոկժաեւ, Մ.Րուխկյան, Շ.Ափոյան, Է. Բոլկվաձե, Վ. Վայներ, Մ.Ուլիխանյան, Ա.Ավանեով…
Մեջբերեմ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի գրախոսականից վերջինիս կարծիքը Ազնաուրյան լրագրողի մասին. «Սոֆա Ազնաուրյանը ցուցաբերեց լրագրողության բարձրագույն հմտության արվեստը («высший пилотаж»): Բանն այն է, որ լրագրության մեջ հարցազրույցը ամենադժվար տեսակն է: Եվ նա կարողացավ ինձ՝ այդ ժանրում փորձված, հմտացած անձին զարմացնել»: («Не подводя итоги», էջ 11):
Գրքի վերջնամասում զետեղված են՝ հեղինակի համառոտ կենսագրությունը, ստեղծագործությունների ցանկը, օպերաների լիբրետոները, իր բազմաթիվ հոդվածների (առայժմ 61), իր մասին գրականության (շուրջ 67 անվանում), համերգների, ինչպես նաեւ Հայկական ռադիոյի արխիվային եւ ֆոնդային ձայնագրությունների ցանկը, իսկ վերջում տեղադրված է անվանացանկը:
Այս գրքով հետաքրքված ընթերցողին տեղեկացնեմ, որ այն հասանելի է ՀՀ Արվեստի ինստիտուտի գիտական գրադարանի գրականության ինտերնետ էջում: Գրքի ժամանակագրություն մասում (хронограф) կան տեսա եւ ձայնային ֆայլերի QR-կոդեր Ս.Ազնաուրյանի ստեղծագործությունների կատարումներով:
«Առանց ափոփելու» ավելացնեմ, որ այժմ պարապում եւ կատարելագործում ենք Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մենակատար Ռոզա Հովսեփյանի հետ Ազնաուրյանի նոր վոկալ շարքը, որի պրեմիերան կկայանա 2025 աշնանը:
Վերջում կցանկանայի ավարտել Սոֆա Ազնաուրյանի խոսքերով իր մասին լրագրող Մ.Արգուտյանի հետ զրույցում. «Երաժշտությունը ես սիրով եմ գրում»:
Սիրելի Սոֆա, շարունակիր նույն եռանդով ու նվիրվածությամբ ստեղծագործել, չէ՞ որ առանց սիրո հնարավոր չէ ապրել ու արարել:
ՍԱՀԵՆԻԿ ՄԱՂԱՔՅԱՆ
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար, «Հայաստանի կոնցերտմայստերներ» («Концертмейстеры Армении») գրքի հեղինակ