Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի շրջանակներում Հայաստանի կոմպոզիտորների միությունում կայացած համերգին «Նովա» երգչախմբի կատարմամբ հնչեցին հայ ժամանակակից հեղինակների խմբերգային ստեղծագործությունները: Երգչախումբը նորերս կազմավորել եւ ղեկավարում է Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի շրջանավարտ, Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի ավագ երգչախմբի խմբավար, ազգությամբ պարսիկ Կարեն Ամիր Լաթիֆին: Կատարված ինը ստեղծագործություններից չորսը հոգեւոր թեմաներով էին՝ Աննա Հակոբջանյանի մեսսայի ավարտական՝ 6-րդ մասը, Աննա Ազիզյանի «Բան ձթ», Մարտին Իսրայելյանի «Խոսք առ Աստված», Արսեն Հարությունի «Ավե Մարիա» երաժշտական փոքրածավալ կտավները: «Աշխարհական» թեմաներով էին Վահե Հայրապետյանի, Հայկուհի Հակոբյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Արմենուհի Կարապետյանի ստեղծագործությունները՝ վերջին երեքի երկերը՝ հայ բանաստեղծների խոսքերի հիման վրա գրված: Հայ ժողովրդական երգերի թեմաներին «Հարսանեկան խմբերգերով» անդրադարձել էր ամերիկաբնակ կոմպոզիտոր Մարի Սարգսյան – Չինկեզյանը: Դեռ քառասուն տարի առաջ գրված «Թագվոր բարով», «Բե՛ր, ձեռքդ համբուրեմ, մայրի՛կ», «Հոփ գյուլա յարս» խմբերգերի շարքի կատարումն ինձ հիշեցրեց 2021 թ. սեպտեմբերին կոմպոզիտորի հոբելյանական համերգը, որին դարձյալ հնչեցին այս գործերը՝ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մեներգիչների քառաձայնով:
Կոմպոզիտոր Մարի Սարգսյան – Չինկեզյանի ստեղծագործությունը թե համառոտակի բնութագրենք, սիրո, հայրենանվիրության, կանացի ներանձնական զգացողությունների մասին է՝ իր մտքի թռիչքի սեփական պատկերացումների սահմագծումներով: Արմատներով այնթափեցի, ծնունդով՝ Երեւանից՝ Մարին Երեւանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում ուսանելու ավարտին տեղափոխվել է ԱՄՆ՝ չմոռանալով, սակայն, իր ընտրած մասնագիտությունը, իր անվանի ուսուցիչների տված դասերը: Ստեղծել է բազմաժանր գործեր՝ սկսած մանկական երգերից մինչեւ ռոմանսներ, տարբեր գործիքների համար գրված պոեմներ, անսամբլային կատարման համար նախատեսված պրելյուդներ եւ ֆուգաներ: Իր հոբելյանական համերգին, որ կայացավ երկու տարի առաջ Երեւանում, կատարվեցին իր ստեղծագործություններից, թերեւս, ամենացայտունները թե՛ երաժշտարվեստի եւ թե՛ բովանդակային լեցունության առումով: Իր հոբելյանի նախօրեին՝ 2021-ին ընդունվել էր Հայաստանի կոմպոզիտորների միության շարքերը, ինչի մասին խոսում էր համեստորեն՝ որպես իրեն տրված մեծ հնարավորություն՝ «թեւերն» ավելի լայն բանալու եւ իրեն ստեղծագործական աշխատանքին նվիրելու առումով:
Հոբելյանական համերգի մեկնարկին Մարիի ասած համառոտ խոսքից հիշողությանս մեջ տպավորվել է իր մի արտահատությունը. «Իմ երաժշտությունը ես եմ»: Իրոք, թե սիրո մասին է իր երգը, ապա անձնական ապրումի կնիքը կա նրանում, եւ դու հավատում ես հեղինակի անկեղծությանը: Թե հայրենի կորուսյալ երկրի մասին է, ապա հայկականության կնիքը կրող երաժշտական ձեւակառույցով երկերում կարոտի, հույսի, խոնարհման եւ առ Հայրենիք սիրո արտահայտությունը կա: Ազգային ավանդական մշակույթին հարազատ երգշարը թե քննենք, այն ներդաշնակ – համաչափ կառույց է՝ մեր օրերում ավանդական երգի հենքի վրա հենված, նրա կանոններով գրված, բայց հեղինակային կառույցով եւ ճաշակավոր ունկնդրին ականջահաճո: Դրանք զվարթուն հունչ ունեն, որ երբեմնակի վերածվում են շարականահունչ ձայնարկության:
Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին գրված եւս մի գործ՝ «Սարեցու պարը»՝ գրված դաշնամուրի համար, կարճ, հախուռն-հոխորտ, մեղեդային արտահայտված կառույցով գործ է: «Կանգնի՛ր, առավոտ» ռոմանսը մարդկային շնչի թրթիռի ելեւէջմամբ բանաստեղծական հույզը հաղորդելու՝ մի քանի րոպե տեւող դրամատիկ երկ է: Պահի գեղեցկությունը, հուշը հավերժացնելու եւ ողջ կյանքի համար պահելու ջանքն աղոթքի է նման, որպես որ աղոթարար եւ նրբահյուս է ջութակի եւ դաշնամուրի համար գրված պոեմը՝ զգացումի ներքին լարմամբ եւ գեղեցկահունչ: Նույնպիսի տպավորություն է հանդիսականի վրա թողնում տրիոն, երբ դաշնակահարին եւ ջութակահարին միանում է ֆլեյտահարը: Ես այն լսել եմ դաշնակահար Սեդրակ Երկանյանի, ջութակահար Քրիստինե Չթչյանի եւ ֆլեյտահարուհի Հայկուհի Հակոբյանի կատարմամբ: Մի այլ երգ՝ կնոջ՝ երջանկության պահի վերապրումի, սիրո կորստի ցավից ծնված հուսահատության, մի պահ՝ ընկճվածության, մյուս պահին՝ մարմրող հույսի տարուբերումներով, ստեղծագործություն է, որը որքան էլ նկուն տրամադրությամբ է գրված, այդուհանդերձ, կեղեքող չէ.այն դրամատիկ գործ է, պատում, որում, ասես, անվերջ հրաժեշտ են տալիս եւ նորեն վերադառնում երջանկության շեմին…
Չինկեզյան ազգանունն իր նախնիներից ժառանգած արվեստագետը չէր կարող շրջանցել իր արմատները: Եւ դրա արտահայտությունն է «Տաղ առ Այնթափ» երգը, որ հայ պանդխտության երգերի մերօրյա արտահատությունից բացի նաեւ հայրենասիրական շնչով է օժտված, դարձյալ մեղեդիական կուռ կառույց ունի: Երեւանյան երաժշտասեր հանրության կողմից բարձր են գնահատվել նաեւ Մարի Սարգսյան – Չինկեզյանի «Պրելյուդ եւ ֆուգա» 1 եւ 2-ը, «Կատակ» վերնագրված երկը եւ այլ գործեր:
Առանձին պետք է խոսել հեղինակի մանկական երգերի մասին, որոնցից մի քանիսը վերջին տարիներին կատարել են Ալ.Աճեմյանի անվ. երաժշտական դպրոցի կրտսեր եւ ավագ երգչախմբերը (խմբավար՝ Մարինե Ավետիսյան): Մարիի մանկական երգերը մեկ չարաճճի-անմեղ խաղեր են, մեկ՝ հայրենիքին եւ նրա զինվորին նվիրումներ՝ պատանեկան հոգեբանությանը հարիր տեքստային ընտրությամբ. դաստիարակող, հա՛յ պահող:
«Ես ուժեղ եմ Աստծով». սա Մարի Սարգսյան – Չինկեզյանի մենախոսությունից է: Հավելեմ. ուժեղ է սիրով եւ հավատարմությամբ՝ առ Հայրենիք, կապվածությամբ իր նախնյաց արմատներին:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ