Մենք, հայերս, շատ անգամ եվրոպական կամ արեւմտյան արժեքները բնութագրում ենք սարկազմի արտահայտություններով եւ դրա համար, իհարկե, որոշակի պատճառներ ունենք։ Խոսքս մասնավորապես Նախիջեւանի Ջուլֆայի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հազարավոր հայկական խաչքարերի ոչնչացման մասին է։ Համաշխարհային կազմակերպությունները եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մասնավորապես չարձագանքեցին հայկական եւ զանազան այլ մշակութային կազմակերպությունների բարձրացրած բողոքին։ Նրանք նույնիսկ քննարկման չդրեցին այդ հարցը։
Այժմ, երբ Եվրոպան վերջապես գործի է անցել, թեեւ ուշացումով, մենք կարող ենք վերանայել եվրոպական այդ արժեքների մեր ընկալումները եւ որոշակի աշխատանք տանելով վերածել դրանք քաղաքական գործոնների։
Քաղաքականությունը հիմնված է շահի վրա, եւ այդ տեսակետից Եվրոպան բազում պատճառներ ունի պաշտպանելու Ադրբեջանին, երբ վերջինս պատրաստակամություն է հայտնել գազ մատակարարելու Եվրոպային այն դեպքում, երբ ուկրաինական պատերազմի հետեւանքով ընդհատվի ռուսական գազի հոսքը։ Այնպես որ, նախ մենք պետք է գնահատենք Եվրոխորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, նախքան նրա վերջերս կայացրած որոշման կոնտեքստին ու դրա ազդեցությանն անդրադառնալը։
Մարտի 10-ին Եվրոխորհրդարանը, իրոք, ընդունեց շրջադարձային մի բանաձեւ Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։
Կողմ քվեարկողների ջախջախիչ մեծամասնության փաստը վկայում է այն մասին, թե որքանով է տիեզերական բնույթ ստացել ժառանգության այդ հարցի վերաբերյալ եվրոպական համայնքի զգացմունքները։ 635 հոգի կողմ էին քվեարկել։ Երկու հոգի` դեմ եւ 42-ը` ձեռնպահ։ Նման արդյունքներ հեշտությամբ ձեռք չեն բերվում։ Հսկայկաան աշխատանք եւ դիվանագիտական մարտավարություն է պետք կիրառել։ Այս անգամ, կարծես, հայկական դիվանագիտությունը գերազանց է աշխատել` ապահովելով բարեկամ պետությունների եւ սփյուռքի կազմակերպությունների պաշտպանությունը։(*)
Բանաձեւը սոսկ չի դատապարտում Ադրբեջանի գործողություններն ընդդեմ հայկական մշակութային ժառանգության։ Այն հատուկ ուշադրության է արժանացնում որոշակի դեպքեր եւ հարցը ներկայացնում է այլ համաշխարհային եւ մշակութային կառույցներին, որպեսզի դադարեցվեն նման վայրագությունները եւ ճանապարհ հարթվի դեպի նրանց հետագա պահպանումը։ Բանաձեւն ունի նաեւ քաղաքական նշանակություն Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի համար, եթե հայկական դիվանագիտությունը կարողանա հարցը շաղկապել արցախահայերի ապագա իրավիճակի հետ։
Բանաձեւը ամրագրում է, որ անցյալ 30 տարիների ընթացքում Ադրբեջանը անդառնալիորեն խորտակել է կրոնական եւ մշակութային ժառանգության կառույցներ, մասնավորապես Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում, որտեղ 89 հայկական եկեղեցիներ, 20 հազար գերեզմաններ եւ ավելի քան 5 հազար տապանաքարեր հիմնահատակ ոչնչացվել են։ Ի դեպ, այստեղ անհրաժեշտ է նշել, որ Նախիջեւանում ծնված պատմաբան Արգամ Այվազյանը գաղտնաբար նկարահանել է, հետազոտել, ուսումնասիրել եւ վավերագրել է ադրբեջանցիների այդ քայքայքիչ գործողությունները եւ հրատարակել ամբողջ գործընթացը։
Անցյալում կատարված այդ բարբարոսությունների առթիվ բարձրացված աղմուկից, ընդունված բանաձեւերից եւ մամուլի հրապարակումներից հետո Ադրբեջանի կառավարությունը որոշել է խորամանկության դիմել ծածկելու համար իր գորշ քաղաքականությունը։ Վերջերս նախագահ Ալիեւը եւ երկրի մշակույթի նախարար Անար Քարիմովը լրատվամիջոցների առաջ ելույթ ունենալով պնդեցին, որ հայերն այդ հուշարձանների իսկական կերտողները չեն եւ իրենք պարզապես ցանկացել են «ուղղել» պատմությունը եւ վերապիտակավորել այդ հուշարձանները որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն։ Եվրոխորհրոդարանի բանաձեւը ուղղակիորեն անդրադառնում է նաեւ ադրբեջանցիների այս խորամանկությանը, արձանագրելով՝ «աղավաղելով պատմությունը եւ ներկայացնելով այն (այդ ժառանգությունը) որպես այսպես կոչված կովկասյան ալբանացիների (ստեղծածը)»։ Այնպես որ բանաձեւը Ադրբեջանին ոչ մի բանի ետեւում պատսպարվելու իրավական հիմքեր չի տալիս։
«Europa Nosta-ն» նույնպես վավերացրեց մարտի 10-ի այս բանաձեւը, «որը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը գտնվող հայկական մշակութային ժառանգությունը բնաջնջելու եւ ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը ի խախտումն միջազգային իրավունքի եւ Արդարադատության միջազգային դատարանի վերջերս կայացրած որոշման»։
Թվում է, թե այս բանաձեւը իր դոմինո ազդեցությունն է ունենալու եւ ներգրավելու է այլ կառույցների եւս, ինչպես օրինակ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոմիությունը, Եվրոխորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը եւ ԵԱՀԿ-ն։
Եվրոխորհրդարանի բանաձեւը միաժամանակ «ողջունում է առանց հապաղելու անկախ փորձագետների պատվիրակություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը եւ շեշտում է, որ Ադրբեջանը չպետք է խոչընդոտի ժառանգության փաստացի վայրերը այցելելու պատվիրակության առաքելությունը, որպեսզի վերջինս տեղում կարողանա գույքագրում կատարել եւ կատարվածը արձանագրել»։
Սա գործելու իսկական կոչ է։ Անցյալում Ադրբեջանի իշխանությունները մարտահրավեր են նետել միջազգային կառույցներին` արգելելով նրանց մուտքն իրենց քանդած տարածքներ։
Հայաստանի մշակութային ժառանգության ինքնությունը ոչնչացնելու սպառնալիքը անմիջականորեն առնչվում է այդ վայրերում հայերի ֆիզիկական ներկայության հետ։ 2021-ի դեկտեմբերի 7-ին, Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, որն իր էությամբ ուղղված էր Հայաստանին եւ Ադրբեջանին, բայց ոչ մի նշում չէր կատարում վերջինիս բարբարոսական գործողությունների մասին, վախենալով, որ անդառնալի վնաս կհասցվի հայերին եւ նրանց իրավունքներին` ըստ «բոլոր տեսակի ռասսայական խտրականությունները վերացնելու միջազգային հռչակագրի դրույթների»։ Այն պարտավորեցնում էր Ադրբեջանին «բռնություններից եւ մարմնական վնասվածքներ հասցնելուց պաշտպանել բոլոր այն մարդկանց, որոնք գերեվարվել են կամ կալանավորվել 2020 թվականի ռազմական հակամարտության ժամանակ» եւ «ապահովել նրանց անվտանգությունն ու իրավահավասարությունը»։
Ադրբեջանցի դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի խորհրդանշական եւ հատկանշական գործողություններն ու հայ ռազմագերիների փաստագրված տանջանքներն ու անմարդկային վերաբերմունքը նրանց հանդեպ կասկած չեն թողնում, որ Ադրբեջանը վարում է ատելության պետականորեն հովանավորված քաղաքականություն ընդդեմ հայերի։
Այս փաստերը պետք է առաջնորդեն միջազգային կառույցներին եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, հասկանալու, որ հայերի կյանքը վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող վայրերում, ինչ պայմաններում կամ ինչ ձեւով էլ որ այն լինի։
Այս փաստի գիտակցումը պետք է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին ստիպի Ղարաբաղի հարցում հաշվի առնել «ամոքիչ անջատում» (remedial secession) կոչված միջազգային իրավունքի փոքրամասնությունների համար նախատեսված անվտանգության այն նույն սկզբունքը, որն արդյունավետ կերպով օգտագործվեց Կոսովոյում, Հարավային Սուդանում եւ Արեւելյան Թիմուրում։ Այդ երկրները հռչակվեցին անկախ պետություններ։ Միջազգային հասարակությունը այն եզրակացությանն էր հանգել, որ փոքրամասնությունների կյանքն օտար մեծամասնության կազմում այլեւս ապահով չէր։ Ուստի արդարացված էր փոքրամասնությունների անջատումը կամ կազմից դուրս գալը եւ վերջնական անկախություն ձեռք բերելը։
Սա էլ դարձյալ Ղարաբաղի հարցը հանձնում է ԵԱՀԿ-ին, որքան էլ վերջինս զբաղված լինի Եվրոպայում ծավալվող պատերազմով։ Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնեցրել են իրենց գործողությունները պատին դեմ տալու համար Հայաստանին, որպեսզի նրանից կորզեն զիջումներ, որ բնականոն պայմաններում նա չէր համաձայնվի ընդառաջել։ Պահը պատշաճ է, քանի ԵԱՀԿ-ի եւ համաշխարհային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի վրա։ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը մինչ օրս պնդում է, որ 44-օրյա պատերազմը չի լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը պետք է կարգավորվի Հելսինկիի վերջնական որոշման սկզբունքների հիման վրա։ Այդ սկզբունքներն են հակամարտությունները կարգավորել խաղաղ միջոցներով եւ առանց ուժի գործադրման։ Դրանք նաեւ կոչ են անում համատեղել տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքները։ Հայկական դիվանագիտության համար լուրջ խնդիր է կարողանալ միակցել «անվտանգության նպատակով անջատվելու» եւ ինքնորոշման իրավունք ձեռք բերելու սկզբունքները։
Մինչ Եվրոխորհրդարանի բանաձեւը իր ճանապարհն էր հարթում դիվանագիտական ոլորտներում, Հայաստանն ու Թուրքիան բանակցում էին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, շրջափակումը վերացնելու եւ ճանապարհներ ու հաղորդակցության միջոցներ բացելու հարցերի շուրջ։
Չնայած կողմերը սկսել են բանակցել առանց նախապայմանների, մեր այս սյունակում քանիցս զգուշացրել էինք, որ թուրքական կողմը համաձայնեցնելու է իր գործողությունները Ադրբեջանի կառավարության հետ։ Եվ այժմ տեսնում ենք, որ դա իրականություն է դարձել։ Մերձեցման քայլը իր մեջ ներառում էր թուրքական նախապայմաններ, որոնք ակնհայտ չէին։ Բանակցությունների ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Հայաստանին հորդորել էր դրական վերաբերվել Ադրբեջանի խաղաղության առաջարկին։ Միաժամանակ Ադրբեջանը հինգ կետից բաղկացած ծրագիր ներկայացրեց, որը գործնականում խախտում է առանց նախապայմանների բանակցելու Թուրքիայի պատրաստակամությունը։ Բաքուն ըստ էության վերջնագիր է ներկայացնում Հայաստանին՝ ճանաչելու իր տարածքային ամբողջականությունը` առանց հույսեր փայփայելու Ղարաբաղի բնակչության հետագա ճակատագրի եւ Ղարաբաղի` որպես առանձին միավորի ճանաչման վերաբերյալ։ Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնեցրել են իրենց գործողությունները հետ պահելու համար որեւէ կարգավորում ԵԱՀԿ-ի կողմից, որ նախատեսում է կիրառել Մինսկի խմբի սկզբունքները։ Առաջարկված այսպես կոչված «խաղաղության ծրագիրը» փակուղի է տանում բանակցությունները։ Անկարան եւ Բաքուն հավատացած են, որ ԵԱՀԿ-ն ամբողջովին խրված է Ուկրաինայի ճգնաժամի մեջ, եւ ժամանակը պատեհ է այդ կազմակերպությունը հեռու պահելու բանակցությունների գործընթացից։
Այդուհանդերձ, կարծես գնդակն այժմ գնտվում է ԵԱՀԿ-ի դաշտում, որ վերջերս դրական պատասխան է տվել Արմենպրեսի հարցին, ասելով. «ԵԱՀԿ-ի լեհական մասնաճյուղը բոլոր պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանումը համարում է մեր միասնական պատասխանատվության խնդիրը։ Հայկական պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանումը կազմակերպության Մշտական խորհրդի օրակարգում է։ Այս հիման վրա ԵԱՀԿ-ի Լեհաստանի նախագահությունը լիուլի պաշտպանում է ԵԱՀԿ-ի բոլոր կառույցների, այդ թվում նաեւ Մինսկի խմբի համապարփակ եւ տեւական խաղաղություն հաստատելու նախաձեռնությունը եւ գործադրած ջանքերը։ Դա զգալիորեն կբարելավի ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը եւ կապահովի պատմական եւ մշակութային բոլոր հուշարձանների պահպանությունը»։
Միջազգային հարաբերություններում հնարավորությունները հայտնվում են ու անհետանում։ Կազմակերպված ու իմաստուն արտաքին գերատեսչություններն են, որ կարողանում են ճիշտ ժամանակին արձագանքել եւ օգտվել ընձեռված հնարավորությունից։
Ներկա իրավիճակը լուրջ մարտահրավեր է Հայաստանի արտաքին գործերի նախարարության համար, որը հույս ունենք կկարողանա նշմարել հնարավորությունները եւ համապատասխան ճշգրիտ գործողություններ ծավալել։
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
((The Armenian Mirror-Spectator)
*) Հարկ է այստեղ ընդգծել, որ բացի Բրյուսելում ՀՀ դեսպանատնից, բանաձեւի ընդունման գործում շնորհակալ մեծ աշխատանք են կատարել ժողդիվանագիտության մեր լավագույն ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը եւ ուրիշներ։ Ծ.Խ.։