ՀՀ վարչապետի՝ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումն՝ այսօր
Երեկ աշխատանքային այցով Բեռլին ժամանեց ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը: Կանցլեր Շոլցի հետ հետկեսօրին կայացած զրույցին հետեւեց երկու պաշտոնատարների մամլո ասուլիսը, որը մեծ հաշվով մեր՝ ստորեւ ներկայացված հոդվածում արձանագրված իրողություններից անդին, մեծ նորություն չբացահայտեց: Կանցլերն ի պատասխան Բերձորի միջանցքն արգելափակելու մասին հարցին, բնականաբար չկիրառեց այն բառամթերքը, որ նույն օրն առավոտյան լսել էինք Բունդեսթագի նրա ելույթում եւ որը գրառել ենք ստորեւ ներկայացվող մեր հոդվածում: Մի հավելում՝ ասուլիսին հնչեցրած նրա պատասխանից պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետի հետ մտահոգ խոսել են ԼՂ-ի մասին եւ ճշտեց՝ ԳԴՀ -ն ազգերի եւ երկրների ինքնորոշման կողմնակից է: Նաեւ գնահատեց Հայաստանի՝ Մյունխենյան հանդիպումը՝ համարձակ որակելով: Մի ուրվագիծ եւս՝ ՀՀ վարչապետն իր համառոտ ելույթը գրառել էր, կարդում էր թղթից: Իսկ լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը դժվարացավ արտաբերել Փաշինյան ազգանունը՝ հարցն ուղղեց Փանչինջանին: Մեկ ուրիշ լրագրող ՀՀ վարչապետին հարց ուղղեց, թե ինչու անցյալ հինգշաբթի ՄԱԿ-ի նիստում Ուկրաինային սատարելու հարցում Հայաստանը ձեռնպահ է քվեարկել: Ուկրաինան Գերմանիայի առանցքն է՝ նույնիսկ ցեղասպանության վերապրող, ցեղասպանության նոր վտանգի առջեւ կանգնած Հայաստանի ձայնը կլսեն միայն այն ժամանակ, երբ կպատասխանի՝ ցեղասպանվող Ուկրաինային սատարո՞ւմ է:
Մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նիստում հայտարարեց, թե ուկրաինացիների հանդեպ ցեղասպանություն է իրականացվում: Նա մատնանշեց, թե Մոսկվան տարհանում է ուկրաինացի երեխաներին, ռուս ընտանիքներում խնամակալելու, դաստիարակելու նպատակով: Մոսկվան ժխտում է՝ հիմնավորելով, թե երեխաները հաճախ Մոսկվա են բերվում՝ բուժման, հանգստի նպատակով:
Բունդեսթագի՝ 2022-ի Հոլոդոմորի վերաբերյալ բանաձեւի քննարկման ժամանակ հստակ դարձավ, որ այն, ինչ առնչվում է ռուս-ուկրաինական պատերազմի հետ, խիստ քաղաքականացված, հաճախ տեսանելի, ընդգծված միակողմանի վճռի է հանգեցնում: Մասնագիտական կարծիքն էլ հաշտ չէր, որ Հոլոդոմորը «ցեղասպանություն» բառեզրով բնորոշվի, բայց մասնագիտական, փորձագիտականը մնաց ԶԼՄ-ներում արձանագրված կարծիք, իսկ գերմանական օրենսդիրը «Հոլոդոմորը ցեղասպանություն է» դարձրեց վավեր փաստաթուղթ: Հոլոդոմորը՝ անցյալի եղելություն է, եւ այսօրվա քաղաքական օրակարգը պահանջում է ցույց տալ, որ ներկայում շարունակվում է Ուկրաինայի հանդեպ նույն քաղաքականությունը, որ ուրիշ բառ՝ «ողբերգություն», «հումանիտար աղետ» չի ընդունում:
Կուլեբան «ցեղասպանություն» եզրը շրջանառեց: Այն հետեւողականորեն, առայժմ դանդաղ սկսում են «իրացնել» Գերմանիայում: Երեկ Բունդեսթագի նիստում բազմաթիվ ելույթներ հենց այդ բառեզրը շրջանառում էին՝ հիմնավորելով, թե դրա ակնհայտ նշանները կան՝ մշակույթը ոչնչացվում է, ինքնությունը ոչնչացվում է… Անցյալ շաբաթ գերմանական հեռուստաեթերը ներկայացրեց մի տեսանյութ, որի ուկրաինացի հերոսուհին ռուսների սեռական խոշտանգման զոհ է դարձել: Դժբախտ այս կնոջ պատմության տեսանյութը եթեր են հեռարձակում, վերահեռարձակում, իսկ իշխող կոալիցիան ներկայացնող գերմանացի կին քաղաքական գործիչներն էլ պնդում են, թե սա միայն ռուսներն են արել, նրանց է հատուկ, ուկրաինացիների նման գործողության մասին որեւէ փաստ չի տրամադրվել ՄԱԿ-ին: Երբեւէ ականջալուր չեղանք, որ իշխանություն ունեցող գերմանացի սույն գործիչները՝ մասնավորապես Մարի Ագնես-Շտրաք -Ցիմմերմաննը (Marie-Agnes Strack-Zimmermann), որ 2021-ից Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է, Բունդեսթագի փոխխոսնակ վերընտրված Կատրին Գյորինգ Էքարդը (Katrin GՓring-Eckardt) քաղաքական եւ բարոյական տեսադաշտն ընդարձակելով դատապարտեին նաեւ հայ կանանց խոշտանգած, զոհին անարգած ադրբեջանցի զինվորի վայրագ, հրեշային գործողությունը: Կանանց՝ հատկապես ուկրաինացի եւ իրանցի կանանց իրավունքների պաշտպանության դրոշակակիր ԳԴՀ արտգործնախար Աննալենա Բերբոքն էլ որեւէ վերաբերմունք չի արտահայտել: Մարտի մեկին էլ Բեռլինում նորից այս թեմայով ճամարտակում էր: Երեկ Բունդեսթագում նորից խոսվեց ուկրաինացիների հանդեպ անմարդկային ռազմական հանցագործությունների մասին՝ հատկապես «Ձախ» խմբակցության համար, նաեւ աջերին լսելի դարձնելով, որ Ուկրաինային պիտի սատարել նաեւ զենքով, որ կարողանան իրացնել ինքնապաշտպանություն: Նախորդ շաբաթ ծանուցել էինք, որ Գերմանիայում ավելանում է պատերազմն անհապաղ կանգնեցնելու օգտին արտահայտվողների թիվը, Մյունխենում բողոքի հանրահավաքներին հետեւեց Բեռլինում «Ձախ» եւ «աջ» ուժերի 13 հազարանոց հանրահավաքը:
«Կա մեկը, միայն մեկը, որ պատասխանատու է այս պատերազմի համար, եւ նրա անունը Պուտին է: Մեր երկրի համար ամոթալի է, ցինիկ, երբ ասում են՝ «երկու կողմ»: Եթե Պուտինը վայր դնի զենքը, պատերազմը կավարտվի, եթե Ուկրաինան վայր դնի զենքը, էլ չի լինի», երեկ առավոտյան Բունդեսթագում ձեւակերպեց ՔԴՄ-ՔՍՄ խմբակցության ղեկավար, ընդդիմադիրների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը (Friedrich Merz)՝ շարունակելով իր նախորդի՝ կանցլեր Շոլցի ելույթի բովանդակությունը: Արժե Մերցի ձեւակերպումը կրկնել, երբ ԳԴՀ արտգործանախարար Բերբոքը, նաեւ կանցլերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարբերություն չեն դնում՝ զոհ եւ ագրեսոր չեն տարբերակում, «երկու կողմ»-ին ուղղված նրանց կոչն էլ մի բնորոշում ունի՝ ցինիկ եւ ամոթալի:
Ադրբեջանի հասցեին դատապարտող խոսք Բունդեսթագում երեկ չլսվեց, Եվրոպայում կա մեկ պատերազմ, մեկ զոհ, մեկ ագրեսոր: Սակայն մեր ուրվագիծը թերի կլինի, եթե չհիշատակենք «Ձախերի» խմբակցության ղեկավար Դիթմար Բարթչի (Dietmar Bartsch) ելույթից մի դիտարկում՝ Բերբոքն ասում է՝ զենք պիտի տանք, որ կյանք փրկենք: (Նկատենք՝ «զենքը փրկո՞ւմ է, թե՞ սպանում» բանավեճը, որ առկա է հատկապես Գերմանիայում, դարձյալ միայն ռուս-ուկրաինական պատերազմի առիթով է): Նա հիշատակեց արդի մեծ մտածող, գերմանացի 93-ամյա փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ ձեւակերպած տարբերակումը՝ զենքը համապատասխանատվություն է:
Մեկ տարի առաջ կանցլեր Շոլցը մեր ժամանակը մեկ բառով բնորոշել էր «շրջադարձային»: Երեկ Բունդեսթագի նիստում կանցլերն ամփոփեց շրջադարձային մեկ տարին, նշեց առաջիկա անելիքները: Խոսքն ուղղեց Չինաստանին՝ «օգտագործե՛ք Մոսկվայի վրա ձեր ազդեցությունը ռուսական զորքը հետ քաշելու համար: Զենք մի՛ մատակարարեք ագրեսոր Ռուսաստանին»: Ակնկալիքները ձեւակերպելով Շոլցը նշեց, թե Չինաստանը կարող է խոսել Զելենսկու հետ, հիասթափությունների մասին էլ ակնարկեց, թե Չինաստանը Մեծ 20-յակի ֆինանսների նախարարների հանդիպմանը չի դատապարտել ռուսական ագրեսիան: Անդրադառնալով պատերազմն անհապաղ կանգնեցնելու պահանջով հանրահավաքին, Շոլցը նկատել տվեց, թե դրանով խաղաղություն չի հաստատվում, զենքի մատակարարման անհապաղ կանգնեցնելու պահանջի մասին էլ հետեւյալը նշեց՝ գիտենք, ինչ ճակատագիր է սպասվում ուկրաինացիներին ռուսական բռնազավթման պայմաններում՝ հիշատակելով Բուչայում, Կրամատորսկում, Իզյումում եւ Մարիուպոլում քաղաքացիական բնակչության կրած անասելի տառապանքների, Պուտինի զինվորների ամենասարսափելի ռազմական ոճիրների մասին:
«Եթե Ուկրաինան դադարի ինքնապաշտպանվել, ոչ թե խաղաղություն կլինի, այլ՝ Ուկրաինայի վերջը, զգուշացրեց կանցլերը: Խաղաղասիրությունը չի նշանակում ենթարկվել ավելի մեծ հարեւանին: Ուկրաինայում չպետք է «թելադրված խաղաղություն լինի՝ զոհերի կամքին հակառակ»: Դա արգելված է ոչ միայն բարոյական նկատառումներից ելնելով, այլ՝ Եվրոպայի եւ աշխարհի անվտանգությունը նկատի ունենալով: Հարձակվողի համար ճակատագրական խրախուսանք կլիներ, եթե միջազգային իրավունքի, եվրոպական խաղաղության կարգի խախտումը պարգեւատրվեր», ասաց Շոլցը:
Բունդեսթագի նիստը շարունակվում էր, բայց կանցլեր Շոլցն իր ելույթից հետո լքեց նիստերի դահլիճը. Ժամը 14.30-ին նախատեսված էր հանդիպում Հայաստանի վարչապետի հետ: Լավ կլիներ մեկը հետեւեր, հուշեր Հայաստանին, որ կանցլերի հետ զրույցի ժամանակ կիրառեր հենց նրա բառարանը: Միգուցե խոսենք հենց այս պարզ լեզվով՝ եթե չզինվենք, եթե չպաշտպանենք մեզ, Հայաստան էլ չի լինի, Արցախ էլ չի լինի:
Նկատելի առաջընթաց
Այն, որ Ուկրաինայում մեկամյա պատերազմի պատճառով Ռուսաստանից դուրս է մղվել գերմանական տնտեսությունը, հայտնի է: Երեկ Շոլց-Փաշինյան ասուլիսի ժամանակ էլ խոսվեց սրա մասին, այսինքն այն, ինչ փետրվարի 25-ին գերմանական ntv-ն հաղորդել էր՝ գերմանական ընկերությունները Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ լավագույն արդյունք են գրանցել՝ 2022-ին շրջանառվել է 562 միլիարդ եվրո՝ 11,5 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: Գերմանական ընկերությունները Ռուսաստանի փոխարեն առեւտուր են անում Լեհաստանի, Սլովակիայի, Սերբիայի հետ: Լեհաստանը դառնում է Գերմանիայի կարեւորագույն տնտեսական գործընկերներից մեկը, բայց ուշագրավ է, որ ամենամեծ աճն այն պետություններում է, որ ավանդաբար առաջին շարքերում չեն եղել՝ Գերմանիայի արտահանումը Ղազախստան 2022-ին աճել է գրեթե 100 տոկոսով, Ուզբեկստան՝ 130 տոկոսով եւ Հայաստան՝ գրեթե 166 տոկոսով: Ասուլիսին հարց եղավ նաեւ, որ Հայաստանից կարող է ապրանքը արտահանվել պատժամիջոցների 10-րդ փաթեթը ճաշակող ՌԴ:
Խաղաղության մասին երեկ ասուլիսին շատ չխոսեցին, քանի որ «դժվար» հարց է: Առավել շեշտադրվեց դրան նպաստող ԵՄ առաքելության նպատակը: Բայց նախ հետեւենք ուշագրավ մի հրապարակման:
«Թագեսփոսթը» թերահավատ է, թե Հայաստանի առաջարկը երկարատեւ խաղաղության հիմք է:
Կաթոլիկական «Դի թագեսփոսթի» հեղինակ Միշայել Գրեգորին փետրվարի 27-ին Բերձորի շրջափակման մասին իր հրապարակման մեջ հստակ գրում է, որ ագրեսորն Ադրբեջանն է: Այս պահին Եվրոպայի ծայրամասերում ողբերգությունը ծավալվում է՝ «ղարաբաղցիները ներկայում գոյատեւման պայքար են մղում: Ագրեսորը հարեւանն է՝ Ադրբեջանը կամ գուցե այն ադրբեջանցիները, որ սատարում են ավտոկրատ նախագահ Ալիեւին: Հաճախ թվում է, թե Թուրքիա Ադրբեջան եղբայրական դաշինքը ցանկանում է ազատվել այդ երկու երկրների միջեւ բնակվող՝ առաջավոր Ասիայի քրիստոնյա հայերից, հատկապես այն 120 հազար հայերից, որոնց հայրենիքը Ղարաբաղն է՝ հայերեն՝ Արցախը»: Հրապարակումն անդրադառնում է կեղծ բնապահպաններին, նշում, որ միջազգային փորձագետները համոզված են, որ նրանք բնապահպաններ չեն, Ալիեւի կողմնակիցներն են, որ «ցուցարար» են դարձել: Ավելին՝ նկատել է տալիս, որ թուրքական գորշ գայլերի՝ եվրոպական շատ երկրներում աջ ծայրահեղական արգելված խմբավորման նշանն են գործածում: «Արցախի կառավարությունը նրանց անվանում է Ադրբեջանի պետական ագենտներ», գրում է «Թագեսփոսթի» հեղինակը՝ Արցախի Հանրապետության դե ֆակտո ընդգծմամբ: Թերթը մեջբերում է արցախցի լրագրող Մարութ Վանյանի դիտարկումը, թե Բերձորի շրջափակումը դեմ է 2020-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջեւ կնքված եռակողմ համաձայնագրին, թե ճանապարհի փակ լինելու պատճառով շատերը Երեւանում մահացածներին չեն կարողացել ԼՂ-ում իրենց հարազատների կողքին հուղարկավորել: Թերթը գրում է նաեւ, որ Ռուսաստանը նվազ ջանք է գործադրում Ղարաբաղում աղետը կանխելու համար:
Մոսկվայի համար աշխարհաքաղաքական նկատառումները կարծես ավելի կարեւոր են, քան հայերի բարեկեցությունը: Խորհրդային տարիներին այն երկաթե բռունցքով պահում էր Հայաստանին ու Ադրբեջանին: Երկու երկրների անկախացման պահից Կրեմլի կարգախոսն է՝ չխառնվել: Մոսկվան զենք է մատակարարում Բաքվին ու Երեւանին: Երբ երկու երկրները դրա միջոցով պայքարում են, Մոսկվան չի խառնվում: «Թագեսփոսթը» ակնարկում է նաեւ, որ ուկրաինական պատերազմի պատճառով ՌԴ խաղաղապահների համար միեւնույն է խաղաղության երաշխավորումը: ԵՄ-ն գազի, նավթի համար սերտ գործընկերություն ունի Ադրբեջանի հետ, որ հարմարավետ մեկնարկային դիրքում է: Բացի այդ՝ հզոր դաշնակից ունի՝ Թուրքիան, որ, նկատել է տալիս կաթոլիկական «Թագեսփոսթը», Ադրբեջանի հետ կցանկանար լռեցնել կաշկանդված Հայաստանին, հավանաբար այն մտավախությունից ելնելով, որ օսմանցիների կատարած հայոց ցեղասպանությունը մի օր կրկին վեճի առարկա կարող է դառնալ»: Թերթն անդրադառնում է նաեւ Ադրբեջան- Իրան լարվածությանը, ակնարկելով, որ Թեհրանը բախվում է հյուսիս-արեւմուտքում ադրբեջանցի բնակչության անջատողական միտումներին: Հայաստանը միայնակ է. անցյալ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գնդակոծեց Հայաստանը, երկրից դուրս հազիվ թե մեկն անհանգստացավ, բացի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսիից, որ Երեւան գնաց, Ադրբեջանին ագրեսոր անվանեց: Իրականում քրիստոնյա Հայաստանը հումք, շուկա, ելք դեպի ծով չունի, ունի հնագույն մշակույթ: Ով մտածում է աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերից դուրս, չի կարող չգնահատել հայկական գոյության կարեւորությունը Առաջավոր Ասիայի զարգացման եւ նրա ներուժը տարածաշրջանի ապագայի համար՝ որպես մշակույթ խթանող աղբյուրի, որպես Ասիայի մշակույթների միջեւ կամրջի: Սփյուռքում ապրում է շուրջ ինը միլիոն հայ: Շատ առումներով դա Հայաստանի ձայնն է աշխարհում, գրում է «Թագեսփոսթը» եւ շարունակում՝ Ադրբեջանը ժամանակին եղել է նաեւ քրիստոնյա հայերի տունը: Ղարաբաղյան հակամարտությունից ի վեր, սակայն հայ առաքելական քրիստոնյաներ կան միայն Արցախի Հանրապետությունում, քանի որ հայերը վտարվել են Ադրբեջանից: Այսպիսով, Ադրբեջանում այլեւս հայ առաքելական եկեղեցու ոչ մի շենք չի օգտագործվում: Շատերը քանդվել են»: «Անկասկած, հայկական կողմում էլ կա ընդգծված ազգայնականություն, որ խաղաղ լուծումների ճանապարհին խոչընդոտ է: Սակայն վերջին զարգացումները պետք է համաշխարհային համակրանք ստեղծեն այս փոքր երկրի հանդեպ: Հույսի նշան. ԵՄ-ն որոշել է քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ տեղակայվելու Ադրբեջանի հետ սահմանի մոտ (ոչ թե Ղարաբաղում): Գերմանիան նույնպես ցանկանում է մասնակցել 15 ոստիկաններով», ծանուցում է «Թագեսփոսթը» եւ իրազեկում Հայաստանի՝ Ադրբեջանին փոխանցած խաղաղության առաջարկի մասին: Թե այս առաջարկը երկարատեւ խաղաղության սկիզբ կդնի, հոդվածի հեղինակն էլ թերահավատ է:
ԳԴՀ ԱԳՆ դիրքորոշումը չի փոխվել՝ հստակ պատասխան չկա՝ ով է ագրեսոր
Երեկ ի՞նչ պիտի փոխվեր Շոլցի խոսքում, երբ փետրվարի 15-ին ԳԴՀ կառավարության ասուլիսի ժամանակ արտգործնախարարության խոսնակը հաստատեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում Գերմանիան «չեզոք» է, երեկ Բունդեսթագի բանախոսների հուշմամբ՝ ցինիկ քաղաքականությունը շարունակում է: Սեպտեմբերյան հարձակումից ի վեր ԳԴՀ արտգործնախարարության խոսնակը երբեւէ հստակ չի պատասխանել՝ խախտե՞լ է Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ժամանակին գրել ենք «Ազգում», չկրկնենք:
Համառոտ ներկայացնենք միայն փետրվարի 15-ի հարցուպատասխանից մի հատված:
Հարց՝ «Դաշնային կառավարությունն այժմ դիրքորոշում ունի՞, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ագրեսորն ո՞վ է: Միջազգային գնահատականով՝ Ադրբեջանն էր հարձակվող կողմը»: Խոսնակ Վագների պատասխանը՝ «Ես կարող եմ սկզբունքորեն նորից ասել, քանի որ դա ներառում է նաեւ այն հարցը, թե ինչու է մեզ իրականում անհրաժեշտ այս առաքելությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, բնականաբար, մնում են լարված: Վերջին մեծ էսկալացիան 2022 թվականի սեպտեմբերին (էր) հրետակոծություններ, մարտեր եղան Հայաստանի տարածքում՝ երկու կողմից ընդհանուր առմամբ 280 զոհ գրանցելով: Մինչ օրս սահմանի երկայնքով կրկնակի փոխհրաձգություններ են լինում: Երկու կողմն էլ շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ եւ աշխատում են խաղաղության պայմանագրի վրա: Երեւի նկատել եք, որ Հայաստանի արտգործնախարարը հենց նախորդ շաբաթ էր Բեռլինում, եւ այնտեղ նաեւ ասուլիս տվեցին ԱԳ նախարարի (Բերբոքի-ԱՆ.Հ.) հետ: Այնուամենայնիվ, առաջընթացին խոչընդոտում է փոխադարձ անվստահությունը եւ առճակատող հռետորաբանությունը՝ ինչպես վարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Խոսքն ադրբեջանական տարածքում բնակվող հայ բնակչության մասին է: Բացի այդ, երկու երկրների միջեւ միջազգային սահմանը դեմարկացված չէ: Այս առումով առաքելությունը կարող է լրացուցիչ ներդրում ունենալ հատկապես այս միջազգային սահմանին՝ իրավիճակի պարզաբանման եւ վստահության ձեւավորման գործում»: Սրան հետեւում է լրացուցիչ հարցը՝ «Ասացիք, որ մարտեր են տեղի ունեցել հայկական կողմում: Եթե տեղեկությունս ճիշտ է, ապա հրթիռակոծություն է եղել Ադրբեջանի կողմից: Դաշնային կառավարության տեսանկյունից սա ագրեսիա՞ է Ադրբեջանի կողմից, թե՞ ոչ»: Վագների պատասխանը՝ «Քանիցս խոսել ենք սրա մասին: Սկզբունքորեն շատ պարզ է, արտգործնախարարը (Բերբոքը-Ան.Հ.) մեկ անգամ եւս ընդգծեց՝ Դաշնային կառավարությունը ամուր կանգնած է երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողքին»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա