Սեպտեմբերի 19-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գումարվեց «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները» գիտական կոնֆերանսների շարքի 2-րդ միջոցառումը, որը նվիրված էր հայ անվանի երաժշտագետ եւ արվեստագիտության հմուտ կազմակերպիչ, ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Գյոդակյանին (1928-2015): Ի դեպ՝ 2023թ. օգոստոսի 12-ին լրացել էր նրա ծննդյան 95-ամյա հոբելյանը:
Գեւորգ Գյոդակյանը 1979-2005թթ. եղել է Արվեստի ինստիտուտի տնօրենի՝ գիտական գծով տեղակալը, իսկ 1966-2015 թթ.՝ գրեթե 50 տարի, ղեկավարել հայրենական երաժշտագիտության գլխավոր օջախը՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժինը:
Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը՝ Հայաստանի կոմպոզիտորների միության եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ համագործակցությամբ:
Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը նշեց, որ իր գիտական, գիտակազմակերպական, գիտամանկավարժական եւ երաժշտական-հասարակական ծանրակշիռ գործունեությամբ Գ.Գյոդակյանն անուրանալի ավանդ է բերել հայ ակադեմիական արվեստագիտության (մասնավորապես՝ երաժշտագիտության) զարգացմանն ու առաջընթացին:
Գիտաժողովի մասնակիցներին եւ հյուրերին ողջունեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Նա կարեւորեց այն մեծ դերը, որ կատարել է Գեւորգ Գյոդակյանը՝ դառնալով կապող օղակ Հայաստանի կոմպոզիտորների միության եւ Արվեստի ինստիտուտի միջեւ եւ իր գոհունակությունը հայտնեց, որ վերջին տասնամյակներում խզված այդ կապը վերջին 1-2 տարիների ընթացքում կրկին վերականգնվել է եւ օրեցօր ամրապնդվում է:
Իր ողջույնի խոսքում պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը նկատեց. «Գյոդակյանի աշխատությունները, հայ երաժշտագիտական բարձրարժեք հետազոտություններ լինելուց բացի, մեր երախտավորների հետ իր ամենօրյա զրույցների վկայությունն են, որը մեզ է փոխանցել նվիրյալ գիտնականն ու հմայիչ մարդը, որն այսօր էլ ազատորեն խոսում է սերունդների հետ միանգամայն արդիական լեզվով»:
Գեւորգ Գյոդակյանի ասպիրանտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի վարիչ, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը ներկայացրեց Գեւորգ Գյոդակյանի գիտաստեղծագործական դիմանկարը եւ երաժշտա-տեսական հայացքները:
Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Արմեն Բուդաղյանն ընդհանուր գծերով ուրվագծեց Գեւորգ Գյոդակյանի գործունեությունը:
Երեւանի կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը «Գեւորգ Գյոդակյանի Կոմիտասականը» զեկուցման մեջ արժեւորեց երաժշտագետի նշանակալի ներդրումը կոմիտասագիտության մեջ:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երեւանի կոնսերվատորիայի դոցենտ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անահիտ Բաղդասարյանը հանդես եկավ «Գեւորգ Գյոդակյանի Տիկինը. Ալինա Փահլեւանյան. գիտնականը, մանկավարժը» բանախոսությամբ:
Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Միխայիլ Կոկժաեւը քննության առավ Արամ Խաչատրյանի «Սոնատ-երգը»՝ համարելով այն սոնատային ձեւի մարմնավորման ունիկալ նմուշ:
Գեւորգ Գյոդակյանի առաջին ուսանող, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Սեդա Շեյրանյանը ձեւակերպեց Գեւորգ Գյոդակյանի երաժշտա-մանկավարժական սկզբունքները:
Գեւորգ Գյոդակյանի ասպիրանտ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության թեկնածու Աստղիկ Մուշեղյանը քննության առավ Գեւորգ Գյոդակյանի արժեքավոր ներդրումը հայ երաժշտական միջնադարագիտության մեջ:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երեւանի կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը ներկայացրեց Գեւորգ Գյոդակյանի ներդրումը Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրության գործում:
Գիտաժողովը եզրափակեց Գեւորգ Գյոդակյանի ասպիրանտ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտագիտական մասնաճյուղի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը՝ բացահայտելով Գեւորգ Գյոդակյանի ներդրումը չուխաճյանագիտության մեջ:
Գիտաժողովին մասնակցեցին վաստակաշատ երաժշտագետի ընտանիքի անդամները՝ կինը՝ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Ալինա Փահլեւանյանը, որդին՝ Կոնստանտին Գյոդակյանը, դուստրը՝ Ելենա Գյոդակյանը եւ թոռնիկը՝ կոմպոզիտոր Դավիթ Գյոդակյանը:
Գիտաժողովը եզրափակվելու էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի աշխատակիցների, ասպիրանտների եւ հայցորդների ուժերով կազմակերպված համերգով, որը պիտի կայանար Հայաստանի կոմպոզիտորների տան համերգասրահում, սեպտեմբերի 20-ին: Սակայն հայ ժողովրդին պատուհասած ողբերգության պատճառով, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենության որոշմամբ, համերգը չեղարկվեց:
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ