Սույն թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը ամենամյա «Կոմիտաս» միջազգային փառատոն-գիտաժողովը տեղի ունեցավ մեր ժողովրդի համար չափազանց ծանր եւ դժնդակ օրերին: Արցախի հայաթափման լուրը հերթական անգամ թեւաթափ արեց մեր հանրությանը՝ առաջացնելով լարված եւ հուսահատ տրամադրություններ:
Այս հանգամանքներում, բնականաբար, մշակութային միջոցառումների ստվար մասը չէր կարող ընթանալ նախապես ծրագրված ուղով, սակայն, այնուամենայնիվ, մշակույթի նվիրյալներն ու գիտական մշակները ուժ գտան շարունակելու իրենց առաքելությունը:
Կոմիտաս Վարդապետի 154-ամյակի առթիվ, Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը սեպտեմբերի 26-ին հոգեհանգստյան կարգ կատարեց Կոմիտասի պանթեոնում` «Գեղարդ» երգեցիկ խմբի մասնակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի (այսուհետ՝ ԿԹԻ) աշխատակազմը, մի խումբ մշակութային գործիչներ եւ արվեստասերներ ծաղիկներ խոնարհեցին Վարդապետի շիրիմին: Արարողության ավարտին կոմիտասյան կատարումով ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` ՀՀ Ազգային հերոս, ՀՀ վաստակավոր գործիչ Հովհաննես Չեքիջյան):
Հաջորդ օրերին փառատոնային համերգաշարն ընդգրկել էր Իսադորա Ջիիմ Կինի մենահամերգը (դաշնամուր, Հարավային Կորեա), Հայաստանի Ազգային ակադեմիական կապելլայի, Կոմիտասի անվան լարային քառյակի, «Սաղմոսերգու» հոգեւոր երաժշտության արական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահե Բեգոյան) եւ «Գեղարդ» երգեցիկ խմբի (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան) ելույթները: Հոկտեմբերի 8-ին կոմիտասյան Պատարագի կատարմամբ փառատոնը եզրափակեց Երեւանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Քրիստինա Ոսկանյան):
Հոկտեմբերի 7-ին եւ 8-ին գումարված միջազգային գիտաժողովն ընդգրկում էր բավական թվով զեկուցումներ՝ նվիրված Կոմիտասի անձին, գործունեությանն ու ստեղծագործական ժառանգությանը: Առաջին գիտական նիստին (նախագահ՝ Լիլիթ Երնջակյան) ելույթներ ունեցան Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը՝ «Կոմիտասի հարմոնիայի ձայնակարգային (մոդալ) բնութագրերը», Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը՝ «Կոմիտասի դերը հայ կանանց երաժշտական կրթության հարցերում», պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ «Նախնադարյան մտածելակերպի տարրերը Կոմիտասի աշխարհայացքում», ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ԿԹԻ գիտաշխատող Դանիել Երաժիշտը (Գրիգոր Դանիելյան)՝ «Նորահրաշ պսակավոր» թեմաներով:
Օրվա երկրորդ նիստին (նախագահ՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արեւշատյան) ելույթներ ունեցան արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԿԹԻ գիտաշխատող Գայանե Ամիրաղյանը՝ «Վարդան Սարգսյանի դիտարկումները Կոմիտասի «Պատարագի» ձայնակարգային առանձնահատկությունների մասին», Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարչության բաժնի վարիչ Հայկուհի Սահակյանը՝ «Կոմիտասի ստեղծագործությունների գեղարվեստական ձեւավորումները», արվեստագիտության թեկնածու, ՀՊՄՀ դոցենտ, ԿԹԻ աշխատակից Աննա Ադամյանը՝ «Կոմիտասի պոեզիայի եւ դաշնամուրային գործերի որոշ զուգահեռներ լեզվի եւ երաժշտության ընդհանրությունների համատեքստում» թեմաներով:
Օրվա ավարտին տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Հայ հոգեւոր երաժշտության XIX դարի ձայնագրությունների շուրջ» թեմայով՝ մասնակցությամբ Մհեր Նավոյանի, արվեստագիտության թեկնածու, Մատենադարանի գիտաշխատող Արուսյակ Թամրազյանի եւ Լիսաբոնի Նոր համալսարանի երաժշտության, սոցիոլոգիայի եւ գեղագիտության հետազոտությունների կենտրոնի անդամ, փիլիսոփայության դոկտոր Հայկ Իւթիճեանի (Պրահա-Լիսաբոն):
Հոկտեմբերի 8-ին, երրորդ նիստի ընթացքում (նախագահ՝ ԿԹԻ գիտաշխատող Նանե Միսակյան) զեկուցումներ ներկայացրին ԿԹԻ գիտաշխատող, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Աստղիկ Մարտիրոսյանը եւ ԿԹԻ աշխատակից, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Ծովինար Արծրունին՝ «Ժանրային դասակարգման խնդիրները հայ գեղջկական որոշ երգերի օրինակով», արվեստագիտության թեկնածու, ԿԹԻ գիտաշխատող, երաժշտական գրադարանի մատենագիտության, ձայնագրության ու թվայնացման բաժնի վարիչ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Լիլիթ Հարությունյանը՝ «Խմբավարի «Տասը պատվիրանքները». Կոմիտասի մտորումները դիրիժորական արվեստի շուրջ», ԿԹԻ աշխատակից Սոնա Սիմոնյանը «Պաուլ Բրունսի վոկալ-մեթոդաբանական գրքերը Կոմիտասի անձնական գրադարանում» թեմաներով:
Չորրորդ նիստում (նախագահ՝ Գայանե Ամիրաղյան) զեկուցումներ ներկայացրին արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը՝ «Աշուղ Խայաթը եւ Ալեքսանդրապոլի աշուղական համքարությունը», արվեստագիտության թեկնածու, ԿԹԻ գիտական բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Տաթեւիկ Շախկուլյանը՝ «Կոմիտասյան պոեզիայից մինչեւ կոմպոզիտորական արվեստ», արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական խորհրդի ղեկավար Լիլիթ Երնջակյանը՝ «Ինքնության դրսեւորումները Ալան Հովհաննես-Վիլյամ Սարոյան ստեղծագործական մտահղացումներում» թեմաներով:
Օրվա ավարտին տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Կոմիտասյան քնարերգություն. անգլերեն թարգմանության աշխատանքային գործընթացի» ներկայացմամբ: Մասնակցում էին Օքսֆորդի համալսարանի անգլերեն լեզու եւ գրականություն բաժնի ուսանող, ԿԹԻ կամավորության շրջանի ուսնակ Էլոիզ Փենիսթոնը, թանգարանի էքկուրսավարներ Քնարիկ Ավետյանը, Նունե Ամիրխանյանը, Լիլիթ Հունանյանը, Դավիթ Սիմոնյանը եւ գիտական բաժնի ղեկավար Տաթեւիկ Շախկուլյանը:
Գիտաժողովի ավարտին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանն իր խոսքում նշեց. «Ճիշտն ասած, այս տարվա գիտաժողովը, մի փոքր անսպասելի ձեւով, որոշ առումներով առանձնացավ՝ լավ իմաստով: Չի նշանակում, թե նախորդ տարիներին վատ գիտաժողովներ ենք ունեցել, բայց այս տարի շատ կային խի՛ստ նոր թեմաներով եւ խի՛ստ նոր հայեցակետերով ելույթներ: Մյուս կողմից՝ այս տարի գիտաժողովն անհամեմատ ավելի շատ էր կենտրոնացած հենց Կոմիտասի շուրջ, որովհետեւ մեր գիտաժողովը բաց է եւ կարող է անդրադառնալ երաժշտական արվեստի ամենատարբեր ճյուղերին ու երեւույթներին, որոնք բոլորը կարող են կապվել Կոմիտասի հետ, այն իմաստով, որ Կոմիտասն այդ բոլոր ոլորտներում աշխատել է: Այսպիսի՛ն է տրամաբանությունը, եւ մենք այսպե՛ս ենք մոտենում հարցին: Նախորդ տարիներին, իհարկե, Կոմիտաս եղել է, եւ նույնիսկ խնդիր ենք ունեցել մեկ կամ երկու բաժին Կոմիտասին նվիրել, իսկ մնացած բաժինները կամ նիստերը տրամադրելու այլ թեմաներին: Այս տարի գրեթե ամբողջությամբ կոմիտասյան թեմատիկա էր՝ մեկ կամ երկու բացառությամբ: Եվ Կոմիտասի արվեստին, Կոմիտասի ժառանգությանը, գործունեությանը անդրադառնալիս այդքան նոր, այդքան նորովի մոտենալն ինքնին հետաքրքիր է: Սա շեշտել է տալիս, որ Կոմիտասի երեւույթը հեշտ ըմբռնելի, պարփակելի չէ, եւ շատ հեռու ենք այն սպառած լինելու գաղափարից, եւ այսօր նույնիսկ հնարավոր է դառնում նրա գրադարանում պահվող գրքերի լուսանցքագրերով վերականգնել նրա տեսական հայացքները ոլորտների վերաբերյալ, որոնց վերաբերյալ ամբողջական աշխատություններ չունենք, բայց ինքը թողել է որպես որեւէ գրքի, այսպես ասենք, հընթացս արված ռեցենզիա կամ դիտողություններ: Կամ, հակառակ ծայրահեղությամբ, էլի՛ կոմիտասական է, էլի՛ կոմիտասյան երեւույթ է, երբ խոսվում է մեր արվեստակից գործընկերների կողմից կոմիտասյան հրատարակությունների ձեւավորումների մասին: Սա՛ էլ կոմիտասյան թեմա է, գուցե ուղիղ կոմիտասագիտություն չէ, սակայն կոմիտասյան թեմատիկա է: Մի կողմից՝ նրա պոեզիային, նրա երաժշտությանը կամ առհասարակ, պոեզիային եւ երաժշտությանն առնչվող հարցերը, մյուս կողմից՝ նրա հարմոնիկ մտածողության ձեւակերպումները: Այս բոլոր ոլորտներում, եթե չասենք բացարձակ նոր թեմաներ (թեեւ այդպիսիք կան եւ այս տարի իսկապես շատ են), ապա նորովի մոտեցում առնվազն կար գրեթե բոլոր ելույթներում: Այնպես որ, գոհունակությամբ եմ սա նշում, որ մեր երկրի, մեր հայրենիքի համար ամենաբարդ իրականության մեջ՝ մտավորական մարդիկ, մտավոր աշխատանքի մարդիկ մխիթարություն կամ խնդրի լուծման ճանապարհ, էլի ինչ-որ բաներ տեսնում են հենց մտավոր աշխատանքի բնագավառում: Չէի ուզենա շատ բարդացնել, բայց եթե Հայդեգերի փիլիսոփայությամբ մոտենանք, Կոմիտասն իր արվեստով, իր մշակույթով, ինչ-որ իմաստով դառնում է մեզ համար գոյաբանական, էկզիստենցիալ ապաստան՝ այս մռայլ եւ կնճռոտ իրականությունից փոքր-ինչ շեղվելու եւ ստեղծարար իրականության մեջ ապրելու ճանապարհին…»:
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ