Կամո Հայրապետյանը ՌԴ Կրասնոդարի երկրամասի ճանաչված եւ հեղինակավոր գործիչներից է: Նա երկար տարիներ ղեկավարել է արտադրական ձեռնարկություններ, իսկ այսօր գլխավորում է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքը: Նրա գործունեությունը ընդգրկում է տնտեսական, բարեգործական եւ հասարակական ոլորտներ՝ միտված համայնքային կապերի ամրապնդմանը եւ հայ մարդու ինքնության պահպանմանը:
2004-ից հանդիսանում է «Եդինայա Ռոսիյա» կուսակցության անդամ, 2010-2015 թթ՝ Արմավիրի քաղաքային դումայի 5-րդ գումարման պատգամավոր, 2015-2020 թթ՝ 6-րդ գումարման պատգամավոր, 2020 թ ընտրվել է 7-րդ գումարման պատգամավոր՝ Արմավիրի քաղաքային դումայի իրավական, տեղական ինքնակառավարման եւ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության հանձնաժողովի անդամ, իսկ 2025-ի սեպտեմբերին ընտրվել է Արմավիրի քաղաքային դումայի 8-րդ գումարման պատգամավոր:
Կամո Հայրապետյանի հասարակական աշխատանքը միտված է Կուբանի բազմազգ բնակչության բարեկամության ամրապնդմանը, ազգամիջյան հակասությունների կանխարգելմանը, երիտասարդ սերնդի հոգեւոր եւ բարոյական դաստիարակությանը, ինչպես նաեւ հայ համայնքի ազգային եւ մշակութային ինքնության պահպանմանը: Նա արժանացել է «Արմավիրի հովանավոր» պատվավոր կոչմանը, պարբերաբար մասնակցում է բարեգործական նախաձեռնությունների՝ աջակցելով Կրասնոդարի երկրամասի եւ Արմավիր քաղաքի մանկատներին, գիշերօթիկներին, դպրոցներին, մանկապարտեզներին ու ստեղծագործական խմբերին:
Կամո Հայրապետյանի հետ մեր թղթակցի զրույցը ներառում է մի շարք հարցեր՝ կապված նրա գործունեության, հայ համայնքի ներկա մարտահրավերների, հայ ժողովրդի համախմբվածության կարեւորության եւ ապագայի տեսլականի հետ:
– Հարգելի պարոն Հայրապետյան, Ձեր աշխատանքային կենսագրությունը շատ հարուստ եւ բազմազան է՝ թռչնաֆաբրիկայի հասարակ աշխատողից մինչեւ խոշոր գործարար, պատգամավոր եւ հասարակական գործիչ: Ինչպե՞ս եւ երբ սկսվեց Ձեր հասարակական գործունեությունը:
– Իմ հասարակական գործունեությունը սկսվեց դեռ ուսանողական տարիներին: Ես ակտիվ երիտասարդ էի եւ ուսման հետ մեկտեղ ակտիվորեն մասնակցում էի ուսանողական համայնքի կյանքին:
1984-86 թթ ծառայել եմ Խորհրդային բանակում՝ հրթիռային զորամասում, Սարատով քաղաքում: Ծառայությունից հետո ավարտեցի Ստավրոպոլի պետական պոլիտեխնիկական ինստիտուտը եւ աշխատեցի ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի թռչնաֆաբրիկայում՝ անցնելով ոչ դյուրին մի ճանապարհ՝շարքային աշխատակցից մինչեւ տնօրենների խորհրդի նախագահ: Հետագայում դարձա «Մետրոպոլիս» քաղցրավենիքի գործարանի եւ մի շարք այլ ձեռնարկությունների հիմնադիրներից մեկը:

Հասարակական գործունեությունը միշտ եղել է իմ գործարար ուղու շարունակությունը՝ հնարավորություն տալով օգնել մարդկանց եւ ամրապնդել կապերը:
Իմ առաջին լուրջ քայլը հասարակական դաշտում եղավ2006-ին, երբ ընտրվեցի ՌԴ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր: Այդ ժամանակ հասկացա՝ հասարակության կյանքը դեպի լավը փոխելու համար պետք է լինել ոչ միայն լավ ղեկավար, այլեւ կամուրջ՝իշխանության եւ ժողովրդի միջեւ:

2021-ին ընտրվելով Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի ղեկավար՝ ես այդ առաքելությունը շարունակեցի արդեն ավելի լայն հարթակում:
– Ի դեպ, վերջերս Դուք չորրորդ անգամ անընդմեջ ընտրվեցիք Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր: Որքանո՞վ է Ձեր պատգամավորական փորձը օգտակար ներկայում իրականացվող հասարակական գործունեության համար:
– Անշուշտ՝ շատ օգտակար: Արմավիրի դումայում իմ չորրորդ ժամկետը պարզապես թիվ չէ, այլ վստահության նշան, որ մենք միասին լուծում ենք իրական խնդիրներ՝ փողոցների բարեկարգումից մինչեւ փոքր բիզնեսի աջակցություն: Այդ փորձը ինձ սովորեցրեց լսել մարդկանց, արդյունավետ աշխատել պետական եւ հասարակական կառույցների հետ, գտնել փոխզիջումներ բարդ իրավիճակներում:

Այս փորձը ես այսօր կիրառում եմ Ռուսաստանի հայերի միությունում՝ արդեն տարածաշրջանային մակարդակում: Պատգամավորական աշխատանքը ինձ դարձրեց ավելի արդյունավետ ղեկավար՝ սովորեցնելով գաղափարները վերածել գործի՝ լինի դա հուշարձանների տեղադրում, թե աջակցություն հատուկ ռազմական գործողության մասնակիցներին եւ նրանց ընտանիքներին:
Իմ փորձը մեկ բան է ապացուցել՝ հաջողության բանալին թիմային աշխատանքն ու փոխվստահությունն են: Այդ սկզբունքով եմ առաջնորդվում նաեւ Ռուսաստանի հայերի միությունում:
– Ինչպիսի՞ դեր են խաղացել ընտանիքն ու կրթությունը Ձեր աշխարհայացքի ձեւավորման գործում:

– Ես ծնվել եմ ավանդական հայկական ընտանիքում, որտեղ մանկուց սերմանում էին հարգանք աշխատանքի, կրթության եւ ազգային արմատների նկատմամբ: Ծնողներս միշտ ասում էին
«Օգուտ բեր մարդկանց եւ քո հողին»: Այդ խոսքերն էլ ձեւավորեցին իմ պատասխանատվության զգացումը՝ թե՛ հասարակության, թե՛ համայնքի հանդեպ:
Կրթությունը ինձ տվեց գործնական գիտելիքներ ինստիտուտում ես ոչ միայն տեխնոլոգիաներ էի սովորում, այլեւ գնահատում համատեղ աշխատանքի արժեքը:

Ես երկու դուստր ունեմ եւ միշտ փորձել եմ նրանց համար օրինակ լինել՝ ցույց տալով, որ հաջողությունը գալիս է հետեւողականությունից եւ մարդկանց ծառայելու ցանկությունից:
Այդպես էլ ձեւավորվեց իմ աշխարհայացքը ես առաջնորդվում եմ հայրենասիրական արժեքներով, եւ ինձ համար Ռուսաստանը մի մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն է բերում ընդհանուր գործի մեջ:
– Ինչպե՞ս կգնահատեիք Կրասնոդարի երկրամասում հայ համայնքի ներկայիս վիճակը: Արդյո՞ք շատ հայեր են ներգրավված ակտիվ հասարակական գործունեության մեջ:
– Կուբանի հայ համայնքը Ռուսաստանի ամենաակտիվներից մեկն է շուրջ 500 հազար հայ է բնակվում երկրամասի տարբեր շրջաններում, բայց բոլորին միավորում են ընդհանուր արժեքները: Կարելի է ասել՝ համայնքի վիճակը կայուն է եւ խոստումնալից մենք լիովին ինտեգրված ենք ռուսական հասարակության մեջ, եւ շատ հայեր հաջողության են հասել բիզնեսում, գիտության եւ մշակույթի ոլորտներում:
Ռուսաստանի հայերի միությունում ակտիվ անդամների թիվը հազարների է հասնումդրանք երկրամասի շուրջ քառասուն տարածաշրջանային եւ տեղական բաժանմունքների ներկայացուցիչներն են, ինչպես նաեւ Հոգաբարձուների խորհուրդը, Հանրային խորհուրդը, երիտասարդական եւ մայրերի խորհուրդները, ստեղծագործական ու այլ խմբեր:
Իհարկե, բոլորն այս գործընթացին դեռ ներգրավված չեն, բայց մենք հետեւողականորեն աշխատում ենք այդ ուղղությամբ կազմակերպում ենք փառատոններ, մրցույթներ, գիտաժողովներ, օլիմպիադաներ եւ բազմաթիվ այլ միջոցառումներ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է դրսեւորել իր կարողությունները եւ ցույց տալ իր լավագույն կողմերը:

Բայց ամենագլխավորը՝ մեր համայնքը մեկուսացած չէ, այլ Ռուսաստանի ժողովուրդների մեծ ընտանիքի մաս է: Դրա լավագույն ապացույցն այն է, որ հայերը լայնորեն ներկայացված են տեղական ինքնակառավարման մարմինների խորհուրդներում եւ ակտիվորեն մասնակցում են հասարակական կազմակերպությունների աշխատանքին՝ ստեղծագործական, կրթական, վետերանական, երիտասարդական, սպորտային եւ այլ ուղղություններով:
Մեր կազմակերպությանը անդամակցելը շատ պարզ է անհրաժեշտ է դիմել բնակության վայրի Ռուսաստանի հայերի միության համապատասխան բաժանմունք: Կուբանի հայ համայնքի կյանքի եւ գործունեության մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է մեր սոցիալական ցանցերի էջերում եւ պաշտոնական կայքում՝ sarkuban.ru: Խորհուրդ եմ տալիս նաեւ միանալ մեր Telegram-ալիքին՝ https://t.me/sarkuban, որտեղ հրապարակվում են ընթացիկ եւ առաջիկա միջոցառումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ:
Յուրաքանչյուր ցանկացող կարող է կայքում գտնել իր բնակության վայրին համապատասխան բաժանմունքի կոնտակտները եւ ստանալ ամբողջական տեղեկատվություն: Կարելի է նաեւ զանգահարել մեզ՝ (861) 255-01-01 հեռախոսահամարով կամ այցելել գրասենյակ: Մենք գտնվում ենք ժամանակակից բիզնես կենտրոնի 5-րդ հարկում՝ Կրասնոդարի կենտրոնում, ул. Кубанская Набережная 37/12 հասցեում: Այցելելով մեր գրասենյակ՝ կարելի է անմիջապես ստանալ մանրամասն պատասխաններ բազմաթիվ հարցերի վերաբերյալ:
– Նշեք, խնդրեմ, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի հիմնական ծրագրերը, որոնք իրականացվում են այսօր:
– Որպես համառուսական կազմակերպության՝ Ռուսաստանի հայերի միության մաս, մենք համակարգում ենք տեղական բաժանմունքների աշխատանքը երկրամասի քաղաքներում եւ շրջաններում: Այսօր դրանց թիվը շուրջ քառասուն է: Մեր գլխավոր նպատակը այնպիսի խնդիրների լուծումն է, ինչպիսիք են երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, հայրենակիցների ներգրավումը հասարակական կյանքում, հայոց լեզվի, պատմության, մշակույթի եւ ավանդույթների պահպանումը: Այս նպատակների հիման վրա էլ իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր:

Պարբերաբար կազմակերպվում են հայագիտության օլիմպիադաներ եւ հայոց լեզվի ուսուցիչների գիտաժողովներ, որոշվում են լավագույն ուսուցիչներն ու աշակերտները, ստեղծագործական կոլեկտիվները, սահմանվել է անվանական կրթաթոշակ՝ ուսման եւ հասարակական ակտիվությամբ աչքի ընկած ուսանողների համար, հրատարակվում է ուսումնական գրականություն եւ այլն:

Կրասնոդարի երկրամասում գործում են տասնյակ կիրակնօրյա դպրոցներ եւ կրթական կենտրոններ, որտեղ կազմակերպվում է հայոց լեզվի ուսուցում թե՛ երեխաների թե՛ մեծահասակների համար: Կուբանի տարածքում գործում են նաեւ տասնյակ հայկական ժողովրդական պարային եւ ստեղծագործական համույթներ: Աճում է հետաքրքրությունը ժողովրդական գործիքների՝ դուդուկի, դհոլի, քանոնի դասընթացների հանդեպ:
Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային եւ տեղական բաժանմունքները պարբերաբար անցկացնում են հայկական մշակույթի փառատոններ եւ տարբեր ուղղվածությամբ միջոցառումներ, այդ թվում՝ երիտասարդական (գործում է երիտասարդական կենտրոն), որտեղ երիտասարդները կարող են շփվել հասակակիցների հետ, ձեռք բերել նոր ծանոթություններ, օգտավետ եւ հետաքրքիր ժամանակ անցկացնել:
Կրասնոդարի պետական պատմա-հնագիտական Ֆելիցինի անվան թանգարանում բացված է մշտական ցուցադրություն, նվիրված Հայաստանին եւ հայ ժողովրդին:
Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի հայերը անցկացնում են հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքը ակտիվորեն մասնակցում է այդ նախաձեռնություններին:

Հատուկ ուշադրություն ենք դարձնում նաեւ ազգի նշանավոր ներկայացուցիչների հոբելյաններին եւ ժողովուրդների ընդհանուր պատմության կարեւոր տարեթվերին, մասնավորապես՝ Ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակին: Մեր երկրամասային բաժանմունքի պատվիրակությունները այցելում են Կուբանի այն շրջանները, որոնց ազատագրման համար կռվել են հայկական դիվիզիաների զինվորները:
Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի բաժանմունքը պահպանել է սերտ կապեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ, որն ապահովում է մեր ժողովրդի հոգեւոր միասնությունը ողջ աշխարհում: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օրհնել է մեր գործունեությունը եւ ողջունել համատեղ ծրագրերի իրականացումը: Նրանց թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կրասնոդարում կառուցվող մայր տաճարը՝ «Սուրբ Մարիամ Աստվածածինը», որը իրականացվում է բարեգործական հիմնադրամի միջոցով:
– Իսկ որ ծրագրերն եք համարում ամենահաջողվածը:
– Անկեղծ ասած՝ բոլոր ծրագրերը հաջողությամբ են իրականացվել, եւ դժվար է առանձնացնել որեւէ մեկը, քանի որ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի բաժանմունքի բոլոր ուղղությունները հավասարապես կարեւոր եմ համարում: Սակայն, քանի որ այս տարին Ռուսաստանում հայտարարված է որպես Հայրենիքի Պաշտպանի Տարի եւ համընկնում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին, ցանկանում եմ առանձնացնել հենց այդ ուղղությունը:
Մենք հետեւողական աշխատանք ենք իրականացնում խորհրդային զինվորների եւ սպայական քաջագործությանը նվիրված հուշարձանների վերականգնման եւ նորերի տեղադրման ուղղությամբ: Վերջին հինգ տարիների ընթացքում բացվել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի (Կուբանի Սլավյանսկում եւ Սոչիում), Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի (Եյսկում), մայոր Սենիկ Այվազյանի (Կորենովսկի շրջանում) եւ Խորհրդային Միության հերոս Երվանդ Գարանյանի (Սոչիում) կիսանդրիները: Ռուսաստանի հայերի միությունը մասնակցել է «Ռուսական փառքի զբոսանք» նախագծին Եյսկում:

Շարունակական աշխատանք է տարվում Բրյուխովեցկի շրջանում, որի ազատագրման համար նահատակվել են 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի հազարավոր զինվորներ եւ սպաներ: Այստեղ բարեկարգվել է եղբայրական գերեզմանոցը (որտեղ հանգչում է շուրջ 1000 մարտիկ) եւ Պոդի ավանում գտնվող հուշահամալիրը, ինչպես նաեւ տնկվել է «Հիշատակի ծառուղի»: Ստեղծվել է «Զինվորի դաշտ» հուշակոթողը՝ Նովոժերելեեւսկայա գյուղի մոտ, որտեղ 1943 թ փետրվարի մարտերում զոհվել է ավելի քան 2000 զինվոր եւ սպա:
Կրասնոդարի երկրամասի վարչակազմի հետ համատեղ վերականգնվել է 417-րդ Սիվաշյան եւ 89-րդ Թամանյան դիվիզիաների մարտիկների հիշատակի հուշահամալիրը Նովոժերելեեւսկայա գյուղի թիվ 13 դպրոցի տարածքում (հանգչում է ավելի քան 1300 մարտիկ): Բոլոր հուշակոթողների տարածքներում պարբերաբար անցկացվում են հիշատակի միջոցառումներ:
Հայ համայնքը ուշադրություն է դարձնում նաեւ նախախորհրդային շրջանի պատմական անձանց: Օրինակ՝ Անապայի շրջանում տեղադրվել է 19-րդ դարի նշանավոր զորավար եւ պետական գործիչ, Ռուս-թուրքական պատերազմի (1877-1879) հերոս, Անապայի առաջին պատվավոր քաղաքացի, կոմս Միքայել Լորիս-Մելիքովի կիսանդրին:
2025 թվականը դարձավ առանձնահատուկ՝ իրագործվեցին առավել լայնածավալ միջոցառումներ: Մեր նախաձեռնությամբ եւ Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովի աջակցությամբ Կերչ քաղաքում կառուցվեց եւ հանդիսավորությամբ բացվեց հուշահամալիր՝ նվիրված 89-րդ Թամանյան դիվիզիայի հերոսներին եւ Հայրենական պատերազմի տարիներին ժողովուրդների միասնությանը: Արմավիրում բացվել է վերականգնված հուշահամալիրը՝ «Հավերժ հիշատակ հայրենիքի համար ընկած մարտիկներին» խորագրով: Նովոկուբանսկում տեղադրվել է հուշաքար՝ նվիրված Կուբանը ֆաշիզմից ազատագրած հերոսներին:
Մայիսի 28-ին Կրասնոդարում բացվել է հուշարձան, նվիրված Հայրենական պատերազմի հաղթողների ժառանգներին՝ մասնավորապես՝ հատուկ ռազմական գործողության կամավորներին եւ զինծառայողներին:
Աշխատանքները մոտենում են ավարտին՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի եւ Գեորգի Ժուկովի, ինչպես նաեւ երկու լեգենդար օդաչուների՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի եւ Ռուսաստանի հերոս Սուրեն Տաշիեւի կիսանդրիների տեղադրման ուղղությամբ:
– Շատերն ասում են, որ համայնքի ամենամեծ խնդիրը երիտասարդության ներգրավվածությունն է հասարակական գործունեության մեջ: Ինչպիսի՞ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի հայ երիտասարդությունը ակտիվ լինի եւ չկորցնի ինքնությունը բազմամշակութային միջավայրում:
– Դուք իրավացի եք երիտասարդությունը մեր ապագան է, եւ մեր գործունեության կենտրոնում հենց նրանք են: Երիտասարդների հետ աշխատանքի առաջնահերթ ուղղություններն են կրթությունը, մշակույթը եւ հայրենասիրական դաստիարակությունը:
Ամեն տարի կազմակերպվում է երկրամասային օլիմպիադա հայոց լեզվի եւ հայագիտության թեմաներով: Այս տարի այն առաջին անգամ անցկացվեց «Ռոսմոլոդյոժ»-ի դաշնային դրամաշնորհի աջակցությամբ եւ ստացավ Հարավային Ռուսաստանի կարգավիճակ:
Ավանդույթ է դարձել նաեւ դպրոցական գերազանցիկների (մեդալակիրների եւ 100 միավոր հավաքածների) պարգեւատրումը, որոնցից շատերը հետագայում դարձել են Ռուսաստանի հայերի միությաներկրամասային բաժանմունքի ակտիվիստներ: Գործում են երիտասարդական կենտրոններ՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ տեղական բաժանմունքների ներքո:
Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության ուղղությունը ներառում է զանգվածային միջոցառումներ՝ ֆորումներ, համաժողովներ, քաջության դասեր եւ այլն: Ամենանշանակալի նախաձեռնություններից են եղել 2023 թ անցկացված «Երիտասարդական բարեկամության, միասնության եւ համաձայնության փառատոնը» եւ «Միասնության մեջ է հաղթանակը» համառուսական երիտասարդական համաժողովը, որոնք միավորեցին ամբողջ Ռուսաստանից ավելի քան 300 մասնակիցների:
Միջոցառումների պատվավոր հյուրերն էին ԽՍՀՄ եւ Ռուսաստանի հերոսներ, Աշխատանքի հերոսներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հատուկ ռազմական գործողության մասնակիցներ, Հաղթանակի մարշալների ժառանգներ, ինչպես նաեւ Զապորոժյեի, Խերսոնի եւ Դոնբասի հանրապետությունների պատվիրակություններ:
Երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը նպաստում է նաեւ Ռուսաստանի հայերի միության կողմից իրականացվող հուշարձանների եւ հուշակոթողների տեղադրման աշխատանքը, որի մասին արդեն նշեցի:
– Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային գործունեության մեջ առանձնանում է նաեւ սոցիալական եւ բարեգործական ուղղությունը: Կարո՞ղ եք բերել մի քանի օրինակ:
– Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային եւ տեղական բաժանմունքները, ինչպես նաեւ ամբողջ Կուբանի հայկական համայնքը միշտ կանգնած են եղել Արցախահայության կողքին: Մեր հայրենակիցներին աջակցություն է ցուցաբերվել թե՛ պատերազմի, թե՛ խաղաղ շինարարության տարիներին: Կուբանի հայերն անմասն չմնացին նաեւ 2022-ին մեզ բոլորիս բաժին հասած աղետից հետո: Մենք մեծ աշխատանք կատարեցինք՝ հեշտացնելու համար Արցախցի այն ընտանիքների կյանքը, որոնք Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստիպված եղան տեղափոխվել Հայաստան:
Իմ նախաձեռնությամբ 2023-ին Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի պատվիրակությունը մի քանի օրով այցելեց Հայաստան: Ճանապարհորդության նպատակը բազմազավակ, տուն ու հարազատներ կորցրած ընտանիքներին աջակցություն կազմակերպելն էր: Ընդհանուր առմամբ՝ ֆինանսական եւ կենցաղային աջակցություն ստացան ավելի քան 357 ընտանիքներ՝ ընդհանուր 20 միլիոն ռուբլու չափով: Կրասնոդարի, Արմավիրի, Անապայի եւ Կուբանի այլ տարածաշրջանների հայկական համայնքների ներկայացուցիչները այցելեցին Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ ժամանակավոր ապաստարան էին գտել Արցախից տեղահանված փախստականները: Կայացան հանդիպումներ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերում բնակվող արցախցիների հետ: Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում՝ Երեւանում, կազմակերպվեց Շուշիի շրջանի գյուղերից տեղահանված ընտանիքներին օգնության փոխանցման արարողություն:
Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի բարեգործական նախաձեռնությունը չեղավ ոչ առաջինը եւ ոչ էլ վերջինը: Կուբանի տարբեր շրջաններից Հայաստան շարունակում են օգնություն ուղարկել, որը հավաքում են ոչ միայն հայերը, այլեւ այլազգի կուբանցիներ:
Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային եւ տեղական բաժանմունքները շարունակում են աջակցել նաեւ այն արցախցիներին, ովքեր ապաստան են գտել Կուբանում:
Բայց մենք Ռուսաստանի քաղաքացիներ ենք, իսկ այսօր ռուսների համար գլխավոր թեման՝ Հատուկ ռազմական գործողությունն է: Ռուսական լրատվամիջոցների ընթերցողներին լավ հայտնի է այն լայնածավալ օգնությունը, որը Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքը ցուցաբերում է զինծառայողներին եւ քաղաքացիական բնակչությանը՝ ռազմական գործողությունների գոտում:
– Ի՞նչ հարաբերություններ եք պահպանում Ռուսաստանի պետական եւ հասարակական կառույցների հետ Կրասնոդարի երկրամասում:
– Մեր հարաբերությունները բոլոր կառույցների հետ հիանալի են՝ գործընկերային եւ արդյունավետ: Մեր գրեթե բոլոր ծրագրերն ու նախագծերը ենթադրում են պետական եւ հասարակական կառույցների հետ սերտ համագործակցություն: Ես ինքս հանդիսանում եմ Կուբանի նահանգապետի խորհրդի անդամ՝ միջէթնիկական հարաբերությունների եւ կրոնական միավորումների հետ համագործակցության հարցերով: Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի երկու ներկայացուցիչներ ընդգրկված են երկրամասի Հանրային պալատում:
Ե՛վ տարածաշրջանային, եւ՛ տեղական մակարդակներում հաստատված են գործնական կապեր թե՛ գործադիր իշխանության, թե՛ պատգամավորական կազմի հետ: Ռուսաստանի հայերի միության բազմաթիվ անդամներ ընտրված են տեղական ինքնակառավարման խորհուրդներում: Աշխատանքային կապեր ունենք Կրասնոդարի երկրամասի Օրենսդրական ժողովի պատգամավորների եւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ Կրասնոդարի երկրամասը ներկայացնող պատգամավորների հետ: Արդյունավետ համագործակցություն ենք իրականացնում տարածաշրջանի վարչակազմի եւ քաղաքային կառույցների համապատասխան ստորաբաժանումների հետ:
Մեր միջեւ սերտ կապեր կան նաեւ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ՝ Կուբանի ժողովուրդների կենտրոնի, Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեայի տարածաշրջանային բաժանմունքի, երիտասարդական, վետերանական, ռազմահայրենասիրական միավորումների, կազակական եւ հոգեւոր կառույցների հետ:
Ցանկանում եմ հատուկ նշել, որ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքը նաեւ Կուբանի ժողովուրդների կենտրոնի կոլեկտիվ անդամ է նրանց հետ իրականացվում են համատեղ միջոցառումներ, մարդասիրական ակցիաներ եւ մշակվում են հեռանկարային ծրագրեր: Մեր գործունեությունը միտված է համագործակցությանը բոլոր առողջ հասարակական ուժերի հետ: Այսօր դա հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով ընթացող Հատուկ ռազմական գործողությունը, որն անհրաժեշտ է համաժողովրդական համախմբման համար: Այդ նպատակով է նաեւ մեր համագործակցությունը պետական հիմնադրամի՝ «Հայրենիքի պաշտպաններ» Կրասնոդարի մասնաճյուղի հետ, որի հետ ստորագրված է համագործակցության հուշագիր: Նմանատիպ համաձայնագրեր ունենք նաեւ հետեւյալ կառույցների հետ Կրասնոդարի երկրամասի երիտասարդական քաղաքականության վարչություն, Կուբանի կազակական բանակ, «Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպություն, «Միասնական Ռուսաստանի երիտասարդ պահակ» շարժում, երկրամասային հասարակական աջակցության շտաբ եւ այլք:

Ավելացնեմ, որ թե՛ պետական մարմինների ներկայացուցիչները, թե՛ հասարակական կազմակերպությունները մշտական հյուրեր են մեր միջոցառումներին: Բացի այդ, մեր բազմաթիվ նախաձեռնություններ անցկացվում են հենց պետական կառույցների եւ ոչ հայկական կազմակերպությունների հետ համատեղ:
– Որքանո՞վ են Կուբանի հայերը հետեւում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: Արդյո՞ք դրանք ազդում են Կուբանում ապրող հայերի տրամադրությունների վրա: Ինչպե՞ս են Կուբանի հայերը գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ապագան:
– Հետեւում են շատ ուշադիր՝ լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի եւ Հայաստանում ապրող հարազատների հետ կապի միջոցով: Այդ գործընթացները, իհարկե, ազդում են մեզ վրա մենք անհանգստանում ենք Հայաստանի համար, ինչպես մեր սեփական տան: Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք պատմականորեն խորը եւ բազմաշերտ են, վերջին տարիներին բարդ փուլ են ապրում, ինչը մտահոգում է Կուբանի հայությանը:
Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների խզումը անհնար է:
– Ես տեղյակ եմ, որ Ձեր բազմաթիվ պարգեւների թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պարգեւը՝ «Սուրբ Վարդան» շքանշանը: Ինչպիսի՞ դեր եք վերագրում Եկեղեցուն՝ համայնքի միավորման գործում:
– Հարավային Ռուսաստանի թեմի (ներկայում՝ Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի թեմ) շնորհած «Սուրբ Վարդան» շքանշանը մեծ պատիվ է: Եկեղեցու դերը սփյուռքում անգնահատելի է: Հայ Առաքելական Եկեղեցու շնորհիվ է, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ համայնքները պահպանել են կապը հայրենիքի հետ, իրենց լեզուն, մշակույթն ու ավանդույթները: Եկեղեցին դարձել է հայության կենտրոն՝ միավորելով հայրենիքից հեռու ապրող մեր հայրենակիցներին: Այն կազմակերպում է կիրակնօրյա դպրոցներ, մշակութային կենտրոններ, բարեգործական նախաձեռնություններ: Եկեղեցին օգնում է հայերին ինտեգրվել նոր միջավայրում՝ չկորցնելով իրենց ազգային ինքնությունը:
Դարերի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին եղել է ոչ միայն հոգեւոր կառույց, այլեւ մեր մշակույթի, լեզվի եւ ավանդույթների պահապանը: Այն միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին՝ պատերազմների, զրկանքների ու աղետների տարիներին: Կարելի է ասել՝ հենց Եկեղեցին է ապահովել համաշխարհային սփյուռքի մեջ ցրված հայերի միասնությունը եւ պահպանել մեր ազգային կերպարը:
– Ի՞նչ տեղ եք տալիս ռուսաստանաբնակ հայ խոշոր գործարարների, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի գործունեությանը: Ինչպե՞ս եք վերաբերվում այն իրավիճակին, որում նա այսօր հայտնվել է:
– Սամվել Կարապետյանի նման գործարարները մեր համայնքի հպարտությունն են: Նրանց ներդրումը տնտեսության եւ բարեգործության ոլորտներում հսկայական է: Նրանք ցույց են տալիս, որ հայերը Ռուսաստանի վստահելի եւ ստեղծագործ գործընկերներնեն: Անձամբ ճանաչելով Սամվել Կարապետյանին եւ նրա գործունեությունը՝ ես խորապես վրդովված եմ այն իրավիճակից, որում նա հայտնվել է Հայաստանում: Հուսով եմ, որ արդարությունը կհաղթի, եւ նա կվերադառնա իր առաքելությանը՝ ի նպաստ Ռուսաստանի եւ Հայաստանի բարօրության:
– Որո՞նք են ներկայում Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի առաջ կանգնած հիմնական մարտահրավերները, եւ ինչպե՞ս եք պատկերացնում դրա ապագան առաջիկա տասնամյակում:
– Եթե խոսենք մարտահրավերների մասին, ապա դրանց մեծ մասը ընդհանուր է բոլոր ռուսների համար: Կշարունակի՞ մնալ միգրանտների ինտեգրման խնդիրը ռուսական հասարակության մեջ: Իհարկե, մեզ համար միշտ առաջնային է լինելու հայոց լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման հարցը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ: Սակայն ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք դրանք:
Ապագան ես պատկերացնում եմ լուսավոր եւ ծաղկուն մեր համայնքում կլինեն ավելի շատ երիտասարդ առաջնորդներ, կբացվեն նոր մշակութային կենտրոններ, իսկ Ռուսաստանի եւ Հայաստանի կապերը կդառնան առավել ամուր: Հայ համայնքը կդառնա Կրասնոդարի երկրամասի զարգացման նշանակալի ուժերից մեկը՝ թե՛ բիզնեսում, թե՛ մշակույթի, թե՛ հայրենասիրության ոլորտում: Մեր համայնքը կլինի միության կամուրջ՝ որտեղ հայերը հպարտորեն հանդես են գալիս որպես հզոր, բազմազգ Ռուսաստանի լիիրավ քաղաքացիներ:
– Ի՞նչն եք համարում համայնքի առաջնորդի ամենակարեւոր որակը:
– Համայնքի առաջնորդի ամենակարեւոր որակը մարդկանց միավորելու կարողությունն է՝ տարբեր սերունդների, ազգերի եւ հետաքրքրությունների միջեւ կապող օղակ լինելու կարողությունը: Առաջնորդը պետք է լսի յուրաքանչյուրին, հասկանա նրանց կարիքներն ու ձգտումները՝ լինի դա բազմամշակութային միջավայրում իր տեղը որոնող երիտասարդություն, թե ավագ սերունդ, որը պահպանում է ավանդույթները:
Ինչպես ասում է մեր հայկական ասացվածքը «Ուժը՝ միասնության մեջ է»: Դա նշանակում է, որ առաջնորդը պետք է ոչ միայն ոգեշնչի, այլեւ գործի: Կարեւոր է լինել արդար եւ մաքուր մարդկանց հանդեպ, համբերատար, բայց հետեւողական, կարողանալ տեսնել երկարաժամկետ հեռանկարը եւ միեւնույն ժամանակ արագ արձագանքել մարտահրավերներին:
Ճիշտ առաջնորդը նա է, ով սեփական օրինակով ցույց է տալիս՝ ինչպես կարելի է աշխատել ընդհանուր բարիքի համար՝ պահպանելով սեփական ինքնությունը եւ հարգելով ուրիշներին:
– Պարոն Հայրապետյան, մեր զրույցի ավարտին ուզում եմ Ձեզ տալ ավանդական հարցը. ի՞նչ կցանկանայիք մաղթել հայ հանրությանը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում:
– Ցավալի է, բայց այսօր հայ հասարակության մեջ նկատվում են պառակտման միտումներ: Դրան նպաստում են քաղաքական տարաձայնությունները, տնտեսական դժվարությունները եւ իշխանության հանդեպ անվստահությունը: Սակայն, այս ամենով հանդերձ՝ ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այդ բաժանարար գծերը եւ միավորվել ընդհանուր մարտահրավերների առջեւ: Միավորման հիմնական հիմքերը մեր ընդհանուր պատմությունն են, մշակույթը, լեզուն, հավատը եւ ընդհանուր ճակատագրի գիտակցությունը:
Սփյուռքը պետք է դառնա այն կամուրջը, որը կապում է անցյալն ու ապագան՝ օգնելով նրան հաղթահարել բոլոր դժվարությունները եւ կառուցել պայծառ ապագա:
Մենք պետք է հավատանք ինքներս մեզ եւ մեր ժողովրդին: Մենք պետք է հիշենք մեր պատմությունը, ավանդույթները եւ մշակույթը: Մենք պետք է միասնական լինենք եւ աջակցենք միմյանց՝ կառուցելով մեր ժողովուրդների համար արժանապատիվ ապագա:
Զրույցը վարեց՝ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ