ԵՐԵՎԱՆ-ՏԱԼԼԻՆ – Էստոնացի գրող Կալլե Կասպերը (ծնված 1952 թվականին Տալլինում) ավարտել է Տարտուի համալսարանի ռուսական բանասիրության բաժինը եւ Մոսկվայի սցենարիստների եւ ռեժիսորների բարձրագույն դասընթացները: Հեղինակ է յոթ բանաստեղծական եւ մոտ քսան արձակ ժողովածուների, մի շարք թատերախաղերի եւ կինոբեմագրերի (էստոներեն եւ ռուսերեն): 1996 թվականին նրա առաջին վեպը՝ «Ձոն առավոտյան մենությանը», արժանացել է մրցանակի նոր վեպերի մրցույթում: 2002-2014 թվականներին գրել է «Բուրիդաններ» էպոպեան ութ հատորով, որն արժանացել է Տամսաարեի անվան մրցանակին, որը տրվում է հինգ տարին մեկ վեպ ժանր ստեղծագործության համար:
Կալլե Կասպերը Հայաստանի հետ կապված է շնորհիվ այն բանի, որ ամուսինն էր ռուսագիր հայ գրող Գոհար Մարկոսյան-Կասպերի (1949-2015), որի ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական բոլոր հիմնական լեզուներով (հայերեն լույս է տեսել «Պենելոպե» վեպը 2016-ին՝ Կարինե Խոդիկյանի թարգմանությամբ): Կասպերի «Հրաշքը» ռուսերեն վեպը նվիրված է Գոհարի հիշատակին եւ 2017 թվականին առաջադրվել է «Ռուսական Բուքեր» մրցանակին:
–Սիրելի՛ Կալլե, ճակատագիրը ձեզ կապեց հայ ժողովրդի հետ, եւ ես կցանկանայի սկսել մեր զրույցը տաղանդավոր ու անմոռանալի Գոհար Մարկոսյան-Կասպերից, որի ստեղծագործությունները տարիներ շարունակ հաճույքով կարդում եմ եւ որի շնորհիվ ես նաեւ որոշ չափով ծանոթացա ձեր ստեղծագործությանը: Ինձ բախտ չի վիճակվել հանդիպել Գոհարին, բայց նրա գրական ոճից երեւում է, որ նա էրուդիտ, հեգնաբան, սրտացավ, նուրբ հումորի զգացումով օժտված անձնավորություն էր: Նրա հերոսուհիներից մեկն ասում է, որ Գոհարի նախադասությունները «գետի պես են… սուզվում ես մեջը ու քեզ տանում է, տանում, անհայտ է՝ կլողաս, թե կխեղդվես»: Հետաքրքրական է, նա նո՞ւյն կերպ էր բանավոր ձեւակերպում եւ արտահայտում իր մտքերը` «գետերով»…
-Նախ, հարգելի՛ Արծվի, թույլ տվեք իմ ցավակցությունը հայտնել Արցախի ողբերգության կապակցությամբ: Կիսելով ձեր ցավը, ես, այնուամենայնիվ, վստահ եմ, որ ձեր ժողովուրդը, որն անցել է նման դժվար փորձությունների միջով, հաղթահարելու է ներկան, որի համար ձեզ բոլորիդ ուժ եմ մաղթում:
Հիմա՝ Գոհարի մասին. Դուք իրավացի եք, նա ոչ միայն տաղանդավոր էր, այլեւ չափազանց էրուդիտ: Ես սովորություն ունեի որեւէ հարցի պատասխանը փնտրելիս, նախքան հանրագիտարաններին մոտենալը, հարցնել Գոհարին, եւ սովորաբար դրանից հետո գիրքն այլեւս պետք չէր: Գոհարի հայրը՝ օպերային երգիչ, բաս Կառլոս Մարկոսյանը, մոլեռանդ գրքասեր էր, նա հավաքել էր մի հոյակապ գրադարան, որով մեծացել էին Գոհարն ու նրա քույրը՝ Հասմիկը (բալետագետ Հասմիկ Մարկոսյան – Ա. Բ.): Գոհարը սիրում էր հաստափոր վեպեր՝ Բալզակ, Զոլա, ինչպես նաեւ գիտաֆանտաստիկա, կարդում էր այդ ժանրի ամեն ինչ, ինքն էլ գրել է «Բետայի չորրորդը» ֆանտաստիկ էպոպեան: Նա քաջատեղյակ էր պատմությունից ու հատկապես հետաքրքրված էր Հին աշխարհով. այս հոբին ի վերջո ծնեց «Միկենեում, ոսկով առատ» վեպը Հին Հունաստանի ժամանակաշրջանի, Տրոյական պատերազմի, Ագամեմնոնի եւ Կլիտեմնեստրայի, Կասանդրայի եւ Օրեստեսի մասին…
Երբ մենք առաջին անգամ եղանք Իտալիայում, Գոհարն իմ ուղեցույցն էր. հիմնվելով իր կարդացած գրքերի վրա՝ նա արդեն գիտեր, թե ինչ է պետք տեսնել առաջին հերթին: Կյանքի վերջում նա սկսեց գրել Իտալիայի ուղեցույց, թեեւ կիսատ մնաց, բայց ես ավարտեցի այն եւ հուսով եմ, որ այս գիրքը շուտով կհասնի ընթերցողին:
Բայց բացի այսպիսի «ընդհանուր» էրուդիցիայից, Գոհարը, որպես բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, ուներ նաեւ հատուկ գիտելիքներ, որոնք անհասանելի էին «հասարակ» մահկանացուներին: Նա լավ գիտեր անատոմիա, քիմիա եւ կենսաբանություն, եւ այս ամբողջ գիտելիքները, գումարած բժշկական փորձը, մեծապես օգնեցին նրան գրական աշխատանքում: Նա կյանքին նայում էր այնպես, ինչպես բժիշկներն են նայում՝ սթափ:
Դուք իրավացի եք նաեւ հեգնանքի հարցում. Այո՛, սա Գոհարի հիմնական գրական ինտոնացիան է եւ, ընդ որում՝ շատ հազվադեպ ռուս գրականության մեջ:
Սակայն հաղորդակցության մեջ Գոհարը համեստ էր ու զուսպ: Նրան իսկապես ոգեւորված տեսել եմ միայն մեկ անգամ, մեր մեկշաբաթյա բաժանումից հետո, ինչը եզակի էր: Նա մեկնել էր Ֆրանսիա՝ գրական փառատոնի, որի վերջում մենք հանդիպեցինք Փարիզում: Նա այնքան շատ բան ուներ պատմելու (նա այդ փառատոնի ուշադրության կենտրոնում էր), որ նրա խոսքն իսկապես մոլեգնում էր լեռնային գետի պես, այնպես որ ես նույնիսկ մտածեցի, որ հավանաբար երիտասարդ տարիներին նա շատ ավելի իմպուլսիվ է եղել, քան հիմա…
–Շատ հնարավոր է… Կա՛լլե, դուք այն հազվագյուտ էստոնացի գրողներից եք, որոնք մայրենիից բացի շարունակում են նաեւ ռուսերեն գրել: Բայց ռուսերենը Բալթյան երկրներում եւ հատկապես Էստոնիայում վաղուց արդիական չէ: Ինչպե՞ս են ձեր գործընկերներն ու ընթերցողները վերաբերվում ձեր ռուսագիր կարողությանը: Մեզանում, օրինակ, այդ երեւույթին հաճախ անբարեհաճ են վերաբերվում: Սակայն ես համամիտ չեմ, որ լավ կլիներ, եթե Նարինե Աբգարյանն իր գրքերը գրեր ոչ թե ռուսերեն, այլ հայերեն:
-Ես սկսեցի ռուսերեն գրել համեմատաբար վերջերս՝ ութ տարի առաջ, եւ, ինչպես ասում են, «հարգելի պատճառներով»՝ Գոհարի մահից հետո կորցրի ոչ միայն սիրելի կնոջս, այլեւ թարգմանչուհուս: Ի՞նչ անել: Ես չհամարձակվեցի անմիջապես անցնել ռուսերենի, բայց հաջորդ վեպս՝ «Հրաշքը», զուգահեռ գրեցի երկու լեզուներով՝ ռուսերեն եւ էստոներեն: Ավարտեցի ու նորից մտածեցի՝ որտե՞ղ հրապարակել: Էստոնական քննադատությունը շատ զայրացկոտ է, ես դրան սովոր եմ, բայց Գոհարի հիշատակին նվիրված այս վեպը ես չէի ուզում գրականության մեր «գայլերի» երախը նետել: Եվ այն ուղարկեցի Սանկտ Պետերբուրգի «Զվեզդա» ամսագրին, որտեղ տպագրվում էր Գոհարը, երբեմն էլ՝ ես: Եվ շատ զարմացա, երբ վեպը ոչ միայն տպագրվեց, այլեւ արժանացավ ամենամյա մրցանակի եւ առաջադրվեց «Ռուսական Բուքեր» անվանակարգում: Այս հաջողությունից հետո սկսեցի պարբերաբար ռուսերեն գրել: Իսկ ինչպես են իմ էստոնացի գործընկերները վերաբերվում դրա՞ն… Գրողներն իրականում չեն սիրում մյուս գրողներին, ուստի, ամենայն հավանականությամբ, զրպարտում են նրանց, բայց միեւնույն ժամանակ նախանձում են: Ո՞վ չի ուզի ունենալ այդքան մեծ թվով ընթերցողներ:
–Մի անգամ ձեր մասին ասել եք, թե աշխարհայացքով կոսմոպոլիտ եք, իսկ խառնվածքով՝ այլախոհ: Այդպիսին եք մնում նաեւ անկա՞խ Էստոնիայում:
-Գրողի համար, կարծում եմ, այլախոհությունն անփոխարինելի հատկանիշ է: Ինչո՞ւ գրել այն, ինչ բոլորն արդեն գիտեն: Պետք է փնտրել այն դիտանկյունները, որոնցից ոչ ոք աշխարհին չի նայել քեզնից առաջ, իսկ սա այլախոհություն է: Իսկ կոսմոպոլիտիզմը գրողին չի վնասում, թույլ է տալիս նրան չսահմանափակվել սեփական ազգի նեղ խնդիրներով, այլ տեսնել աշխարհն իր ամբողջականության մեջ: Ուրիշ բան, որ մեր աշխարհը տարասեռ է, եւ այնտեղ կան ինձ խորթ շատ բաներ: Օրինակ, ես չեմ կարող չզայրանալ այն արգելքների վրա, որոնցով այլ կրոնները սահմանափակում են արվեստագետներին: Ես սարսափով եմ նայում կանանց, որոնք դարձյալ կրոնական պահանջներից ելնելով ստիպված են ծածկել իրենց դեմքերը: Եթե սա նվաստացում չէ, ապա ի՞նչ է: Այսպիսով, ես այս առումով կոսմոպոլիտ չեմ, այլ եվրոպացի: Ինչպիսին, ի դեպ, Գոհարն էր: Իր վերջին՝ «Փարիզն այնքան գեղեցիկ էր…» վեպում (վերջերս լույս տեսավ Մոսկվայում՝ «Հանդիպում մետրոյում» արձակի ժողովածուում), նա նկարագրել է Եվրոպայի ողբերգական ապագան, որտեղ մուսուլմանները հարձակվում են Ֆլորենցիայի, Լուվրի վրա…
–Հուսանք, որ դա կմնա սոսկ մռայլ հակաուտոպիա… Կա՛լլե, ձեր «Տրդատի կյանքը» պատմվածքում գրել եք. «Գրողի համար կա միայն մեկ աշխարհ՝ իր ներաշխարհը, որը նա կարող է զարգացնել, հղկել եւ տեսանելի դարձնել»: Բայց կարո՞ղ է այս աշխարհը գոյություն ունենալ առանց արտաքին ազդակների:
-Ավստրիացի գրող Ռոբերտ Մուզիլն ունի «Մարդն առանց որակների» վեպը: Այս արտաքին աշխարհը, Արծվի՛ ջան, որի մասին դուք ասացիք, որտեղ մենք չենք կարող գոյություն ունենալ առանց ազդակների, նույնպես «առանց հատկությունների է»: Մենք՝ մարդիկս, նրան հատկություն ենք տալիս մեր ուղեղի, մեր գիտակցության օգնությամբ, որը կատարում է տարբեր մտավոր գործողություններ, որոնցից գլխավորը (ըստ Ստարիկանտի՝ Գոհարի «Պենելոպեի» հերոսի) համեմատությունն ու զուգադրումն է: Իմ ամբողջ արձակը հիմնված է այս սկզբունքի վրա, ես միշտ համեմատում եմ ու զուգադրում, համեմատում ու զուգադրում: Բարեբախտաբար, համեմատելու (եւ զուգադրելու) բան ունեմ. ճակատագիրն ինձ հազվագյուտ հնարավորություն տվեց ներսից ուսումնասիրելու երկու հասարակություն, երկու մշակույթ՝ հայկական եւ էստոնական: Ավելացնենք ռուսականն ու իտալականը, որոնց ես ոչ շատ, բայց ծանոթ եմ, եւ ձեռք է բերվում ստեղծագործելու հարստագույն նյութը. գրի՛ր՝ ինչքան կարող ես:
-1999 թվականին գրվեց, որ Էստոնիայում ամեն օր տասը գիրք է հրատարակվում: Նախանձո՛ւմ եմ: Սա նշանակում է, որ գրքի պահանջարկ կա: Այդպե՞ս է նաեւ 2023 թվականին:
-2023-ի մասին չգիտեմ, բայց 2019-ին կարդացի, որ 3600 անուն գիրք է տպագրվել: Այսինքն՝ նույնպես օրական մոտ տասը անուն գիրք: Բայց տպաքանակը նվազել է: 2004 թվականին Էստոնիայի յուրաքանչյուր բնակչի համար տպագրվել է մոտավորապես չորս օրինակ, իսկ 2019 թվականին՝ 2,5 (խե՜ղճ երկու կես եղած գիրք, զոհ՝ վիճակագրության): Պետք է հաշվի առնել նաեւ, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են կարդում էլեկտրոնային գրքեր, թեեւ դրանք, իմ կարծիքով, տեղեկատվություն ստանալու միջոց են, ոչ թե գեղագիտական հաճույք:
–Նույն 1999 թվականին էստոնական գրական ամսագրի խմբագիր Ուդո Ույբոն ասել է, թե էստոնական գրականության մեջ գերակշռում է պոստմոդեռն անորոշությունը: Եթե համաձայն եք նրան, այս անորոշությունը հաղթահարվե՞լ է այսօր:
-Ես ի վիճակի չեմ այդ հարցին պատասխանել, լավ չեմ տիրապետում էստոնական ժամանակակից գրականությանը: Դրա համար կան պատճառներ: Տասներկու տարի շարունակ, երբ գրում էի «Բուրիդանները», գործնականում գեղարվեստական գրականություն չէի կարդում: Էպոպեան ընդգրկում է ողջ քսաներորդ դարը, կան բազմաթիվ պատմական կերպարներ՝ Լենին, Ստալին, Հիտլեր, Մոլոտով, Ռիբենտրոպ եւ այլն, հետեւաբար, որպեսզի ընտելանայի այս սրիկաների թե՛ դարաշրջանին, թե՛ անձնական կյանքին, ես պետք է կարդայի հսկայական քանակությամբ պատմական գրականություն, հուշեր եւ այլն. գեղարվեստական գրականության համար ժամանակ չէր մնում:
Հետո, ավարտելով էպոպեան, որոշեցի առաջին հերթին վերընթերցել դասականներին, իսկ դրանք՝ այդ դասականները, շատ-շատ են: Այդպիսով, ես կարդում ու կարդում էի: Բայց սա նույնպես օգտակար եղավ. ես ոչ միայն կարդում էի, այլեւ նշումներ էի անում, իսկ հետո այդ գրառումները դառնում էին էսսեներ: Այսպես ծնվեցին Շեքսպիրի, Պուշկինի, Զոլայի, Մոպասանի, Պրուստի, Բունինի, Ռեմարկի, Գրինի եւ այլոց մասին էսսեները: Եվ մի պահ Օլգա Ամինովայի՝ «Ֆլոբերիում» գրական գործակալության տնօրենի առաջարկով, որը ներկայացնում է ինձ եւ Գոհարին Ռուսաստանում, ես ի մի բերեցի այս էսսեները եւ հրատարակեցի առանձին գրքով: Այն լույս է տեսել գարնանը, Մոսկվայում՝ «Ռուգրամ» հրատարակչությամբ եւ կոչվում է «Ո՞վ պիտի լռեցներ նրանց…»:
–Հայ-էստոնական գրական կապերի պատմությունը կարճ է, բայց հետաքրքրական: Խաչատուր Աբովյանը սովորել է Տարտուում, այսպես կոչված «Էստոնական երգեր» են գրել Վահան Տերյանը եւ Ալեքսանդր Ծատուրյանը, հայ մեծ գրող Կոստան Զարյանը գրել է «Ես մտա Տալլին ուրախ քայլերով» բանաստեղծությունը, իսկ Այն Կաալեպը, Այրա Կաալը եւ ուրիշներ բանաստեղծություններ են նվիրել Հայաստանին: Սակայն հայ-էստոնական գրական հարաբերությունների պատմության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ձեր կյանքն ու ստեղծագործական միությունը Գոհար Մարկոսյան-Կասպերի հետ: Ինչպես ասել եք, ձեր «Տրդատի կյանքը» պատմվածքում աշխարհին նայում եք ռուսագիր հայ գրողի աչքերով, այսինքն՝ բավական խորը թափանցել եք հայերի էության ու հոգեբանության մեջ…
-Յուրաքանչյուր ազգ, ինչպես վաղուց եմ նկատել, ապրում է իր պատմական ժամանակաշրջանում: Հայերը հին ժողովուրդ են, իսկ մենք՝ էստոնացիներս, բոլորովին վերջերս՝ մի երկու դար առաջ ենք մտել տիեզերքի թատերաբեմ: Սա է մեր եւ ձեր միջեւ եղած հսկայական տարբերությունը: Ինչպես ծերունին երիտասարդից իմաստուն է, այնպես էլ հին ժողովուրդն ավելի իմաստուն է, քան երիտասարդը: Ես դեռ հիշում եմ առաջին հային, որին հանդիպել եմ: Դպրոցական տարիքում ես վոլեյբոլի սիրահար էի, ինձնից խաղացող դուրս չեկավ, բայց պարզվեց, որ կարող եմ մրցավար լինել: Որպես վոլեյբոլի մրցավար մեկնեցի համամիութենական մրցումների, այնտեղ ինձ նկատեց ավագ գործընկերս՝ ազգությամբ հայ: Ուրիշներն այնքան էլ ուշադրություն չդարձրին այս տարօրինակ երեւույթի վրա՝ դեռահաս մրցավար, բայց այդ հայը նկատեց, սկսեց խոսել ինձ հետ եւ ամեն կերպ քաջալերեց ինձ: Սա բնորոշ է հայերին. նրանք անկեղծորեն հետաքրքրված են մարդկանցով: Դուք տեսնող ժողովուրդ եք, իսկ մենք դեռ կիսակույր ենք: Մենք դիմացինին չենք տեսնում, իսկ դուք տեսնում եք:
Գրականության պատմությունը նույնպես տարբեր է մեզ եւ ձեզ համար: Երբ Խաչատուր Աբովյանը եկավ Տարտուի համալսարանում սովորելու, հայ գրականությունն արդեն գրեթե երկու հազար տարեկան էր, իսկ էստոնական գրականությունը նոր էր ծնվում: Այդ ժամանակից ի վեր երկու դարից էլ քիչ է անցել, ինչը պատմության համար չնչին է: Ուստի զարմանալի չէ, որ հայ գրականության նվաճումները դեռ գերազանցում են մերին:
Ես ու Գոհարը մեր ամուսնության սկզբում հայ պոեզիա ենք թարգմանել էստոներեն, դասականներից՝ Նահապետ Քուչակ, ժամանակակիցներից՝ Հովհաննես Գրիգորյան: Հետո ժամանակս բացարձակ չէր բավարարում, եւ ստիպված էի հրաժարվել այդ հաճույքից: Բայց Էստոնիայում հայ գրականության նկատմամբ հետաքրքրությունը շարունակվում է նույնիսկ առանց մեզ, ապացույցն այն է, որ մի քանի տարի առաջ Պեետեր Վոլկոնսկու թարգմանությամբ լույս է տեսել Նարեկացու «Մատյան ողբերգությանը»:
Ինչ վերաբերում է «Տրդատի կյանքին», ապա ինձ միշտ հետաքրքրել է վտարանդիի կերպարը: Մի անգամ ես մի պատմություն գրեցի մի ռուսի մասին, որն ամուսնացել էր էստոնուհու հետ եւ նրա հետ տեղափոխվել Էստոնիա, որտեղ նրան ծուռ էին նայում: Հետո գրեցի մի դերասանի մասին, որն ընկնում է ՊԱԿ-ի ծուղակը եւ դառնում է «գործ տվող»: Այստեղից, ինչպես հասկանում եք, միայն մեկ քայլ է մնացել մինչեւ «վտարանդի» ռուսագիր հայ գրողը: Նա իրեն ոչ մի տեղ տանը չի զգում՝ ո՛չ Երեւանում, որտեղ բոլորը կարծում են, որ հայը պարտավոր է գրել հայերեն, ո՛չ էլ Մոսկվայում, որտեղ նա «կովկասյան ազգության մարդ է»: Այս, ես կասեի, էքզիստենցիալ իրավիճակն առաջացնում է բուռն արձագանք՝ մարդը սկսում է ավելի խորը մտածել տիեզերքի մասին, գալիս է շատերի համար «արգելված» մտքերի: Այդպիսի մարդիկ եթե նույնիսկ սխալվում են, կյանքն առաջ են տանում:
Գիտեմ, որ որոշ հայերի դուր չի եկել այս վեպը, քանի որ, նրանց կարծիքով, այն բավականաչափ «հայրենասիրական» չէ: Ես պատրաստ եմ վիճել վերջին դատողության դեմ, քանի որ իսկական հայրենասերը, իմ կարծիքով, նա է, ով իր հայրենակիցներին ասում է ճշմարտությունը, թեեւ նրա համար դա, ինչպես գրել եմ մի բանաստեղծության մեջ, «քիչ օգտակար, իսկ երբեմն. նույնիսկ վտանգավոր է»: Մյուս կողմից, ես, իհարկե, հասկանում եմ, որ այլ ժողովրդի մասին գրելը ռիսկային է, եւ ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկի վիրավորել եմ իմ գրածով:
–Իսկ ձեր հայ հերոսներն ու մոտիվները որքանո՞վ են հետաքրքրական էստոնացի եւ ռուսալեզու ընթերցողներին:
-Ընթերցանությունը ճանաչողություն է: Կարդում ենք, ու ենթագիտակցորեն անընդհատ վեպը համեմատում ենք մեր կյանքի, մեր փորձառության հետ: Ուստի պարզ է, որ ստեղծագործությունը, որտեղ իրադարձությունները տեղի են ունենում ընթերցողի հայրենիքում, իսկ հերոսները հայրենակիցներ են, «հառաջագույնից» ավելի մոտ է նրան, քան օտար երկրի մասին գրվածքը: Սա, ի դեպ, բացատրում է Գոհարի «Պենելոպեի» պարադոքսալ ճակատագիրը, որը համաչափ կարող էին գնահատել Լենինգրադի շրջափակումից փրկվածները, բայց ոչ «նոր ռուսները», որոնց համար ցնցուղվելը սովորական բան է: Իմ Տրդատին ըմբռնումով էին վերաբերվում Էստոնիայում եւ Ռուսաստանում, բայց վեպը մեծ ոգեւորություն չառաջացրեց ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ: Օտար է, ազդեցություն չի թողնում:
Փոխարենը ազդեցություն թողեց «Հայուհիները» վիպակը: Յուրաքանչյուր ազգ հավատում է, որ հենց իրենք են ապրում «այնպես, ինչպես պետք է», եւ այն, որ ես համարձակվեցի որպես դրական օրինակ բերել հայկական կենսակերպը, շատերին վրդովեցրեց: Դրա համար ես գոհ եմ:
–Ի դեպ, լիովին համաձայն եմ «Հայուհիները» փայլուն վիպակ-էսսեում ձեր հրաշալի ձեւակերպմանը. «Եթե ես ստիպված լինեի համառոտ սահմանել հայ կնոջ էությունը, կընտրեի «ուժեղ թիկունք» արտահայտությունը:
-Շնորհակալությո՛ւն հաճոյախոսության համար: Հայ կինը դարերի ընթացքում հղկված գոհար է: Հայուհի հեշտ ու հանգիստ չեն դառնում, նրանք բազմաթիվ սերունդների դաստիարակության արգասիքն են: Իհարկե, ոչ բոլոր տղամարդկանց է դուր գալիս, որ հայուհիներն այդքան դժվարամատչելի են: Դուք նշեցիք իմ Տրդատին, նա ազատ հարաբերությունների ջատագով էր: Եվ դա հասկանալի է, քանի որ երիտասարդության տարիներին մենք՝ տղամարդիկս, տենչում ենք սիրային հաղթանակներ. որքան շատ՝ այնքան լավ: Հայերի համար նման երազանքների իրականացումն ավելի դժվար է, քան էստոնացիների կամ ռուսների համար:
Եվ, այնուամենայնիվ, կայուն ընտանիքը հասարակության հիմքն է: Իսկ կայուն ընտանիքի հիմքը կնոջ հավատարմությունն է: Տղամարդը չի կարող արդյունավետ աշխատել, եթե ստիպված է անընդհատ մտածել, թե կինը հո չի՞ դավաճանում իրեն:
Ինձ համար հետաքրքրական է տեսնել, թե ինչ է լինելու հայ կինը նոր պայմաններում, երբ արեւմտյան հասարակության ազատ բարքերը լուրջ մարտահրավեր են նետել նրանց: Կշարունակի՞ լինել «ուժեղ թիկունք»:
–Անձամբ իմ կարծիքով՝ արեւմտյան բարքերը կարող են նրանց մեծամասնության վրա ազդել որոշակի դրական առումով… Կա՛լլե, կարծում եմ, որ Գոհարից հետո ձեզ համար դժվար է Հայաստան այցելելը, բայց հետաքրքրական կլինի իմանալ ձեր կարծիքն այսօրվա Երեւանի մասին, որը դուք անվանել եք «20-րդ դարում կառուցված ամենագեղեցիկ քաղաքը»: Այսօր շատ է փոխվել քաղաքի ճարտարապետությունը, մարդիկ եւ էլի շատ բաներ: Մայրաքաղաքի երիտասարդ հայուհիները շատ պատրաստակամ են շփվել անծանոթների հետ, ինչը, ինչպես իրավացիորեն նկատել եք, չկար խորհրդային տարիներին: Ինչպես այլեւս չկան երեւանյան միկրոավտոբուսները, որոնց Գոհարն անվանել է «բանտախցեր անիվների վրա»…
-Հայաստանն իմ սիրո երկիրն է: Ես սիրահարվել եմ Հայաստանին պատանեկությանս տարիներին, սարսափելի է ասել՝ ավելի քան կես դար առաջ, երբ Երեւան եկա Պոլիտեխնիկական ինստիտուտում Ժողովուրդների բարեկամության փառատոնի ուսանողական պատվիրակության կազմում: Հետո, ինչպես հաճախ է պատահում պատանեկան սերերի հետ, այդ զգացումը սկսեց կամաց-կամաց մարել, եւ միգուցե իսպառ կխամրեր՝ թողնելով միայն անդառնալի կորածի մի թեթեւ, տխուր հետք, եթե ես չհանդիպեի Գոհարին: Հետո ամեն ինչ նորից բռնկվեց: Մինչ օրս գորովանքով եմ հիշում մեր ամուսնության առաջին տարիները, երբ երբեմն մի քանի ամսով մնում էինք Երեւանում՝ նրա ծնողների տանը: Հիշում եմ Կոմիտասի փողոցը, որով իջնելիս, նախկին կահույքի խանութի մոտ հանկարծ տեսնում էի հորիզոնում երեւացող Մասիսի ձյունոտ գագաթը: Հիշում եմ զբոսանքները քաղաքում, հանդիպումներն ընկերների հետ, ճամփորդությունները Սեւան, Աշտարակ… Ու անլույս երեկոները՝ թարթող մոմերով եւ ընթրիքները, որոնք պահվում էին վերմակների կույտի տակ, որ տաք մնան: Այնտեղ են անցել իմ լավագույն օրերը:
Իհարկե, Երեւանը փոխվել է, կորցրել է այն առանձնահատուկ ինտելեկտուալ հմայքը, որ ուներ՝ շնորհիվ բազմաթիվ գիտնականների ու արվեստագետների: Նրանցից շատերը հեռացան, ոմանք՝ Ռուսաստան, ոմանք՝ Եվրոպա, ոմանք՝ ԱՄՆ, բայց նույնքան թվով նորեր չհայտնվեցին, ինչի համար ժամանակ եւ պայմաններ են պետք: Գոհարի մահից հետո ես երկու անգամ եղել եմ Երեւանում, եւ վերջին անգամ ինձ հետ պատահեց մի բան, որը նախկինում չէր կարող լինել. նստեցի տաքսի, որի վարորդը ռուսերեն ոչ մի բառ չէր հասկանում…
–Միգուցե նա սիրիահայ հայրենադա՞րձ է եղել…
-Միգուցե… Որոշ ժամանակ առաջ սկսեցի մտածել, թե օր ծերության չտեղափոխվե՞մ արդյոք Երեւան: Հարցը միայն այն չէ, որ ես սիրում եմ Հայաստանը, այստեղ են ապրում իմ ամենամտերիմ ընկերներից երկուսը, որոնց հետ ընկերացել եմ իմ առաջին այցելության ժամանակ՝ 1971 թվականին. մեկը, որի հետ սովորել եմ Մոսկվայում, սցենարական դասընթացներին, հենց նա է ինձ ծանոթացրել Գոհարի հետ: Այնտեղ է եւ Գոհարի քույրը, որն այժմ իմ քույրն է, եւ մյուս հարազատները… Ավա՜ղ, դժվար է այդ քայլն իրականացնել, ինչը, վախենում եմ, երազանք էլ մնա…
–Կամ գուցե ամենեւին էլ չմնա երազանք: Դուք միշտ բարո՛վ համեցեք Երեւան, որտեղ հիմա եւս մեկ բարեկամ ունեք: Շնորհակալությո՛ւն զրույցի համար, հարգելի՛ Կալլե: Հուսով եմ, որ Գոհարի եւ ձեր շնորհիվ հայ-էստոնական գրական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
-Շնորհակալությո՛ւն Գոհարի հետ մեր աշխատանքի հանդեպ ձեր հետաքրքրության համար, սիրելի՛ Արծվի: Հաջողությո՛ւն ձեզ…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ