Երեւանի ավագանու նիստերին ըստ հավեսի ու հաճույքի գնացող նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս հայտարարել է փողոց դուրս գալու եւ անգամ «ծանր տեխնիկայի տակ պառկելու» պատրաստակամության մասին: Մարությանն Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարել է, թե այնքան է պայքարելու, որ քաղաքային իշխանությունները հասկանան՝ թենիսի կորտերը քանդելու որոշումը պետք է չեղարկել:
«Ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի չունենա, խոսքը նաեւ ֆիզիկական պայքարի մասին է»,- ասել է քաղաքապետի բաղձալի աթոռին այդպես էլ չհայտնված նախկինը:
Մի կողմ թողնելով կորտերի քանդման, տեղափոխման հարցերն, ինչպես նաեւ այդ գործընթացքում առկա կոռուպցիոն ռիսկերը՝ կենտրոնանանք մեկ այլ հանգամանքի վրա. Օղակաձեւ այգում ապօրինությունների մասին խոսում է մի մարդ, որ այն ոչ պակաս է այլանդակել: Մարությանի ստորագրությունն է դրված, օրինակ, նույն այգու 6-րդ հատվածի երկհարկանի, բետոնե հիմքով սրճարանի կառուցապատման թույլտվության տակ: Այժմ էլ քնից արթնացել եւ խրատատուի դեմքով ելույթներ է ունենում:
Անհասկանալի է, թե ավագանու նսիտերին մասնակցելու հետ սեր չունեցողը, իր պաշտոնավարման տարիներին աշխատանքի կեսօրից հետո գնացողն ու աշխատանքային օրը ժամը 16-ին ավարտված համարողն ինչո՞ւ է հանկարծ ակտիվացել, դեռ մի բան էլ խոսում է փողոց դուրս գալու մասին: Հետաքրքրական է, խրատվե՞լ է:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ