Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաչվող ճանապարհներ…

Մելանյա Բադալյան
24/05/2024
- 24 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
43
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դեմքերը, ախ, բութ են այնպես` կարծես շինված են տապարով»:

Եղիշե Չարենց 

Չեմ հիշում այսպիսի մայիս, ինչ որ շատ է ցուրտ, նայում ես դուրս, շուրջը կանաչ է բոլոր, նայում ես եղանակին, օդի սառնությունից մրսում ես:

Սիրտդ սառչում է, չգիտես անզորությունից, ցավից, տարակուսանքից, թե՞ զարմանքից, ափսոսանքից: Չնայած շատ բաներ տեսնելուն`արհավիրք ու պատերազմ, բազում բազում  կորուստներ, բայց սա  մի ուրիշ,  անհասկանալի, անծանոթ զգացում է:

Վահագնը` հրապարակային մեր պայքարի ակտիվ մասնակիցներից,  անկոտրում կամքի տեր, խելացի,  խարիզմատիկ անձնավորություն, Կիրանց գյուղի լանդշաֆտային չքնաղ մի լուսանկար էր հրապարակել կից գրությամբ. «Էսպիսի կանաչ ոչ մի տեղ չեմ տեսել»: Ամենաքիչը  նկարիչ պիտի լինես, որ զգաս  կանաչի այդ կենարար, երանավետ շունչը, շատ հագեցած ու շատ հարուստ, աստիճանաբար մուգից բաց երանգափոխվող, հաջորդաբար կրկնվող: Տեսնես ինչի՞ց է, որ այդքան սիրուն ու քաղցր է,  հողի հինավուրց էներգիա՞ն է զուգել սքանչելի կանաչով դաշտավայրը, թե՞ կորցնելու ափսոսանքն է մեջներս խոսում: Ինչ հեշտ ենք հաշտվում կորստի մտքի հետ, չէ՞: 

Փորձենք անձնավորել հողի կորստի գաղափարը, կտեսնենք որ մեկ մետր հողի, մի կտոր սեփական գույքի համար իրար կոչնչացնեն մարդիկ, բայց երկրի` շերտ  շերտ, մաս  մաս կորուստը նմանների համար ոչինչ է, մինչեւ դա հասնի սեփական դռանը: Թեեւ նմանների համար միջոցների խտրություն  չկա…

Մեկ ամիս առաջ էր երեւի, անցնում էի Մաշտոցի պողոտայի վերին հատվածներով, Վիլյամ Սարոյանի արձանի մոտ ոտքերս ինքնաբերաբար կանգ առան, աչքերիս առաջ  պահի մեջ քաղաքը փոխվեց, միտքս կտրվեց իրականությունից, մշուշվեց, ոնց չարագուշակ տեսիլք` Սարոյանի արձանի փոխարեն աչքիս հանկարծ երեւաց  թուրք գրողի արձան, շուրջն անծանոթ լեզվի հնչյուններով լցվեց, տառեր, բառեր թափառող` ինձ անհասկանալի, խորթ: Քարացա արձանից ավելի, ամեն ինչ կանգ առավ մի պահ, հետո ուշքի եկա, մտքերս կարգի բերեցի:

Մաս  մաս կորցնելով` չենք նկատելու ոնց կհայտնվենք ամբողջի կորստի դեմ  հանդիման, ու կկորցնենք ինքնություն, իրավունք ու արժանապատվություն, կդառնանք ոչինչ, ոչնչություն: 
Կիրանցի կնոջ արցունքն ու ձայնը կխառնվի, կձուլվի այն  չքնաղ կանաչին, արդար աշխատանքով սարքած հասարակ, բայց իր համար աշխարհի ամենաթանկ տունը կմնա իր արյան հիշողություններում: Որովհետեւ այդ պարզ տունն ու  հողակտորը նրա համար կադաստրի վկայականով սեփականություն չի սոսկ, Հայրենի՛ք է, իսկ  Հայրենիքը վաճառքի չի հանվում, գին չունի: 

Ոնց  Արցախի տները մնացին անտերացած, մնացին որպես հիշողություն:

– Հետ ենք բերելու»,- ասում ենք ու  կասենք երկար, ինչպես Արեւմտյան Հայաստանի համար ենք ասում, ու շատ երկար կճոճվեն մեր երազներն օդում: Որովհետեւ  հիմա հայ մարդուն, հայ այդ կնոջը կիրանցի, որ կորցնում է իր տունն ու իր հողը, իր տանից հանում է հայ ոստիկանը, հիմա հայերն  են փակում մեր ճանապարհները, շրջափակում, չեն թողնում մտնեն գյուղ, գնան տուն` ո՛չ պատգամավորին, ո՛չ սրբազանին, ո՛չ լրագրողի, ո՛չ բնակչի, որեւէ մեկին, որը պայքարի է ելել, որը չի հանձնվում, դեմ է հողատվության միակողմանի այս գործարքին,  այս` «ոչինչ մեզ- ամեն ինչ նրանց»-ին: Սրբազանն ասում է` հոգեբանական ծայրահեղ հուսահատ վիճակում են մարդիկ, ուրվականային բնակավայրի է նման, բնակիչները քաշվել, ծվարել են իրենց տներում, «առանց մեռել սուգ է մեր գյուղում»,- ասում են: Փաստորեն գյուղը կամավոր լքելու իմիտացիա են ստեղծում:

Հայ երիտասարդին փողոցում հայ ոստիկանը  հետապնդում է Հայաստանի դրոշը ձեռքին ունենալու համար, հայ մարդն իր երկրում պատժվում է  իր հողը, տունը պաշտպանելու համար: Լսված բա՞ն է:

Հեգնա՞նք է, պատի՞ժ, ստորացման ի՜նչ աստիճան, այսչափ նահանջ. ավելիով հնարավոր չէ նվաստանալ: Այսպես է կատարվում երկրի նվաճումը ներսից: 

Հիմա պարզ է, չէ՞, թե ինչո՞ւ ենք այսքան փոքրացրել մեր հայրենիքը, սահմանները մոռացել ու մոլորվել,  որովհետեւ անկարեկից, անսեր ու անտարբեր ենք, անկեղծ չենք ո՛չ ինքներս մեզ հետ, ո՛չ ուրիշների: Որովհետեւ կորցնելուց հետո ենք միայն գլխներիս տալիս. լավ  ողբալ գիտենք,  լացակումած ոտանավոր ու երգեր գրել գիտենք, մխիթարվելով տուրիստական այցերով` Վան ու Աղթամար (Արարատի մասին էլ չասած, հնար լիներ, մեր տեսադաշտից կփակեին սարը), գուցե շուտով Սեւան ու Տաթեւ էլ… Ախ ու վախով նորից  կասենք` հետ ենք բերելու, մինչդեռ բառերն օդում կհեգնեն մեզ: Երեւի ճիշտ էր ֆիլմի հերոսը, թե թափառական հոգի ունենք. օտար ափերում փող ու երջանկություն կփնտրենք, երբեմն կկարոտենք, երբեմն ` նույնիսկ անկեղծ, կասենք` ի՜նչ երկիր ունեինք, է՜, ի՜նչ հայրենիք, իսկը դրախտավայր…

Եվ ինչո՞ւ է մեզ հետ այսպես պատահում միշտ: Նաեւ այն պատճառով, որ գնահատել  չգիտենք մեր իրական արժեքավորին ու իրական արժեքները, չենք էլ ճանաչում,  չենք ուզում  տեսնել լավին, իրապես տաղանդավորին, չենք սիրում ու չենք փնտրում ճշմարտություն եւ ազնվություն, կարիքը չենք զգում դրա, շատ  հեշտ վարժվում ենք կեղծիքին ու սիրում դա: Այսպես երեւի հեշտ է ապրելը: Բայց դա խաբուսիկ է, դրա արձագանքը, պատասխանը ուշ թե շուտ լինելու է… Ու սա, այս ընտրությունը` ստի ու երեսպաշտության, մեզ այսպես տանում է ներքեւ, տանում դեպի անդունդ, փոս ու ավելի, ավելի  խորացնում, մինչեւ կործանում:

Բայց մի՞թե վերջապես  արթնանում ենք, կանաչի զովությունի՞ց Տավուշի, թե՞ ինքնապաշտպանական բնազդն է  սառցակալած մեր ուղեղներն ասեղնահարում: 

Միայն թե նորից հին, նեխած լափ չգցեն մեր առաջ, արթնացումը մահ չդարձնեն: Այս մտքի անզորությունից լաց լինել ես ուզում, հետո հասկանում, որ դա նահանջ է` հակացուցված:

…Մայիսը, չեմ հիշում, որ այսքան սառն ու թաց եղած լիներ, տոների այս ամիսը,  գարնան վերջինը:  Կարծես պատմության դասագրքի էջեր թերթելիս լինեմ,  մեր պատմության տասներորդ դարից այս կողմ` վերջին թագավորության կամ պետականության  անկումից հետոյի, երբ ով ասես չեկավ  ու չանցավ մեր վրայով. անտեր մնացած ու ընչազուրկ ժողովուրդ, ինչեր ապրեց մինչեւ 1918-ի հաղթական Մայիսը ու հետո էլ… որովհետեւ պատմությունը (կյանքը) սիրում է կրկնվել, եթե դասեր չեն առնում: Իսկ մենք ծույլ ենք դաս առնելու մեջ…

Միակ հաստատուն կառույցը հայ հանրային կյանքի Եկեղեցին մնաց փաստորեն, որ հոգեւոր ծառայությունը զուգակցեց հայապահպանման կարեւոր գործին, որքանով կարողացավ դարձավ հույս ու ապավեն այդ դժվարին, տեւականորեն ամենազուրկ ժամանակներում: 1915 ից հետո ձեւավորված սփյուռքահայ գաղութներում եկեղեցու շուրջ չեղա՞վ սկզբնական համախմբումը տարագիր հայության: Հիմա ոչնչացվում է ամեն ինչ, չի եղել, չկա պատմություն, չի եղել պատմական Հայաստան, իրական Հայաստանի հետ կապ չունի, քանդվում, ավերվում է ամեն ինչ: Աբսո՜ւրդ, ուղեղի մորմոք, զառանցանք:

Այսօր` քաղաքի Սուրբ Աննա եկեղեցին մի տեսակ ամրոցի է նմանվել: Մարդիկ կարծես պաշտպանված  են զգում այս վայրում: Անհայրենիք մարդկանց համար տեղ  պիտի չլինի այստեղ: Շատ հուսով ենք, ավելի շուտ ուզում ենք,  որ այս Շարժումը իսկապես ազնիվ լինի, ինչպես հռչակել են` հայրենափրկության ու վերածննդի: Որ, ինչպես Շարժման  առաջնորդն ասաց, նոր գինին հին տակառներում չլցվի… Որովհետեւ մեծ խորհուրդ կա  այս ամենի մեջ` ճանապարհի, հավաքավայրի, Եկեղեցու, եւ այստեղ հնչած ամեն խոսք` դատապարտված է խիստ պատասխանատվության: Այստեղ հսկող աչքը ուրիշ է, մթնոլորտն է ուրիշ,  ուրիշ զորություն ունի`  ներքին հզոր տեսողության, կեղծիքը մարդու չպիտի անցնի այստեղ. առաջին հարվածը հենց իրեն` կեղծիքը կրողին է վերադառնալու: 

Աղոթքի բառեր ենք լսում այստեղից, լույսը ծնվում է նախ ներսից…

Բայց լավ կլիներ ` ամեն երեկո նույն ժամին զանգերն էլ երկար հնչեին Եկեղեցու…:

ՄԵԼԱՆՅԱ  ԲԱԴԱԼՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բնության եւ մարդու ներդաշնությունը Լորիկ Մինասյանի արվեստում

Հաջորդ գրառումը

Աշակերտների եւ հատկապես ուսուցիչների «բացական»՝ քաղաքական խոշորացույցի տակ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Աշակերտների եւ հատկապես ուսուցիչների «բացական»՝ քաղաքական խոշորացույցի տակ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական