Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լիտվան իմ ճակատագիրն է

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 19-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան հայ-լիտվական գրական-մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար գրող, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանին հանձնեց «Լիտվային մատուցած ծառայությունների համար» Ասպետի Խաչ շքանշան:

Հայրենիքը նման է սիրո. այն մեկն է, միակը եւ անկրկնելին: Բայց շատերիս կյանքում հաճախ նույնքան վիթխարի ու ճակատագրական նշանակություն են ունենում մեր կյանքի մյուս սերերը՝  երկրորդ, երրորդ, անգամ չորրորդ՝ ոչ պակաս խենթ կամ լուրջ, ոչ պակաս դրամատիկ կամ երջանիկ, որքան այն միակը, այն թվացյալ եզակին, որին մենք միամտորեն վերագրում ենք ճակատագրականի մենաշնորհը: Թող ների ինձ իմ հայրենիքը, թող ներեն բոլոր հայրենիքները, բայց, ինչպես հայտնի երգի խոսքերն են հուշում՝ «Կա երկրորդ սեր կյանքում», պիտի հանդգնեմ ասել, որ կա նաեւ երկրորդ հայրենիք: Վկան հազարավոր կամ գուցե միլիոնավոր վտարանդիների կյանքը, ովքեր տարուբերվելով ծննդավայր-հայրենիք-երկիր սրբազնավայրերի երրորդության ալեպտույտում ու պաշտելով հայրենիքը՝ այն միակը, այնուամենայնիվ, ամբողջ կյանքն ապրում են երկրորդ հայրենիքի լույսի ու ստվերի մեջ: Այո, երկրորդ, ոչ առաջին, բայց հայրենիքի՛: Տարիների հեռվից արդեն վստահաբար կարող եմ ասել, որ Լիտվան ինձ համար դարձավ երկրորդ հայրենիք, ու դարձավ այն ժամանակ, երբ ես՝ այնքան երիտասարդ ու  անփորձ, բայց արդեն շատ բան տեսած, կյանքի մի մեծ բեռ ուսերիս իմ արեւառատ հայրենիքից միանգամից հայտնվեցի ինձ համար օտար, անծանոթ, հյուսիսային ցուրտ ու խոնավ այդ երկրում:

Լիտվայում ես միանգամից շատ բաներ բացահայտեցի, բայց վստահաբար առաջինն այն էր, որ տարվա եղանակն այնքան էլ ազդեցիկ գործոն չէ մարդու կյանքում, որքան մենք կարծում ենք: Գլխավոր եղանակը մարդու ներսում է, մարդու՝ այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների կենսոլորտում: Այդ իմաստով Լիտվայում եղանակն ինձ համար այնքան բարենպաստ եղավ, այնքան տաք, որ այն ամբողջովին փոխարինեց Հայաստանի եղանակին, դեռ մի բան էլ ավելի: Ես Լիտվա մեկնեցի օգոստոսին… Երեւանում սնդիկի սյունը ցույց էր տալիս 45-50 աստիճան շոգ,  բայց  դա իմ կյանքում երբեւէ եղած հայաստանյան ամենացուրտ օգոստոսն էր…

 Սփյուռքահայ անվանի գրող Շահան Շահնուրն ասում է՝ մեր հայրենիքն այնտեղ է, որտեղ բուսնում են մեր իմաստնության ակռաները: Խորը ճշմարտություն կա այս խոսքերի մեջ: Երբ ես մեկնեցի Լիտվա, ունեի 2 իմաստնության ակռա, մյուս երկուսը դուրս եկան Լիտվայում՝ այդպիսով, «շահնուրաբար», Լիտվան նույնպես դարձնելով հայրենիք:

Ես այդպես էլ իմ կյանքում մեծագույն ողբերգություն կհամարեի կոմունիստական բարքերին եւ գաղափարախոսությանը հավատարիմ չլինելու պատճառով ինձ աշխատանքից ազատելու եւ կուսակցական խիստ նկատողություն ստանալու «դատավճիռը», եթե բախտը ինձ չտաներ Լիտվա: Ճակատագրի ժպիտ…Ես հետո այդպես անվանեցի իմ կյանքի այդ շրջանը: Ցուրտ եղանակի մեջ ապրող ջերմությունից հետո Լիտվայում ինձ հաճելիորեն գրավեց  մարդկային մի գեղեցիկ առաքինություն՝  ազատախոհությունը: Թվում է, թե նույն խորհրդային բարքերն էին, գաղափարական նույն մամլիչը, բայց զարմանալի բան. ես տեսա կաշկանդումների շրջանակի մեջ անկաշկանդ ապրող ու մտածող մարդկանց, ես տեսա նրանց սքանչելի արհամարհանքն այդ կաշկանդումների հանդեպ, նրանց  ներքին ազատությունը, որ այնքան  գեղեցիկ էր, այնքան կախարդիչ ու այնքան վտանգավոր: Մի՞թե հնարավոր է այսպես ապրել, իսկապե՞ս միֆ չէ իմ ժողովրդի մեծագույն պոետ Վահան Տերյանի բանաստեղծական տողը՝ «Մենք ոչ թե ստրուկ ենք, այլ գերված  արծիվ»: Ես տեսա գերված արծիվների ճախրը Նյամունասի բարձունքն ի վեր ու համոզվեցի, որ անգամ ստրուկի մեջ կարող է գոյություն չունենալ ստրուկը:

Ես շատ բաների համար եմ երախտապարտ Լիտվային, բայց կարեւորը երկրորդականից զատելու համար կասեմ երկու բան:  Առաջինը՝ ես Լիտվայում ավելի լավ ճանաչեցի իմ հայրենիքը: Հայտնի ճշմարտություն է, որ սարի վրա ապրելով դու չես կարող տեսնել սարի մեծությունը, պիտի բավականին մեծ տարածություն հեռանաս, նրա մեծությունն ու վեհությունը զգալու համար: Ես Լիտվայում զգացի ու շռայլորեն վայելեցի իմ հայրենիքի մեծությունն ու վեհությունը, ու տեսա այն  Լիտվայի մեծագույն զավակների սիրո, գնահատանքի խոսքերի, աչքերի ու սրտի մեջ: Այնքան գեղեցիկ էր իմ այդ հայրենիքը՝ դրսից, այնքան իմաստավորված՝ զուրկ պարզունակ սենտիմենտալությունից, որով հաճախ պարուրված է հայրենիքի պատկերացումն առհասարակ: Օտարների իմացության գեղադիտակից ավելի պարզ ու տեսանելի է ամեն ինչ՝ եւ՛ լավը, եւ՛ վատը: Մեր մասին ես շատ բան իմացա Լիտվայում, եւ ճիշտ հակառակը, Լիտվան լիտվացիներին ներկայացրի դրսեցու անխաբ հայացքով:

 Երկրորդը՝ «Ով չգիտի օտար լեզուներ, նա պատկերացում չունի սեփական լեզվի մասին»,- ասում է գերմանացի հանճարեղ պոետ Գյոթեն: Ես մինչ Լիտվա մեկնելն էլ պաշտում էի իմ մայրենի լեզուն, բայց միայն լիտվերեն սովորելով ես ամբղջական պատկերացում կազմեցի հայոց լեզվի մասին, որը Բայրոնն անվանում է Աստծո հետ խոսելու լեզու: Արժեւորելով լիտվերենի նրբագեղությունն  ու ճկունությունը, նրա մեջ, ինչպես վճիտ հայելու, ես տեսա ու խորությամբ պատկերացրի իմ մայրենիի ողջ շքեղությունը: Լիտվերենը դարձավ իմ երկրորդ մայրենի լեզուն, թեեւ այն ժամանակ դա միայն ռուսերենին պիտի վերապահված լիներ: Ես սովորեցի լիտվերեն ոչ միայն այն հասկանալու, այլ ավելի շատ զգալու համար: Լիտվերենը սրտի լեզու է:

Ես նախատրամադրված էի այնտեղ տեսնել ազգայնամոլության կամ շովինիզմի դրսեւորումներ: Բայց այն, ինչին ականատես եղա, մարդու եւ ժողովրդի համար բնածին ու շատ պարզ մի երեւույթ էր՝ ինքնապաշտպանական բնազդ, հոսանքին հակառակ լողացողի բնական ջանք, լուռ դիմադրություն մի օտար ուժի, որը նաեւ, մեղմ ասած, բարի չէր:

Ամեն անգամ, երբ խոսք է բացվում Լիտվայի մասին, հարազատության, մտերմության տաք զգացում է պարուրում ինձ: Հայ եւ լիտվացի ժողովուրդների պատմական, մշակութային կապերի խորքը տանող բազմաթիվ փաստեր, իրողություններ են հայտնի, դեռ շատերն էլ ապագայում պիտի բացահայտվեն: Բայց եղանակից, պատմությունից, մշակույթից ամեն ինչից առաջ Լիտվան ինձ համար թանկ է մարդկանցով: Մարդիկ, ովքեր կերտել են Լիտվայի պատմությունը, մշակույթը, անգամ ներքին եղանակը:

Լիտվացի մեծ բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի գրականության, կենսափիլիսոփայության պրիզմայով է անցնում ոչ միայն լիտվացի ժողովրդի, այլեւ ամբողջ մարդկության կենսափիլիսոփայությունը: Եթե ես ուրիշ ոչ մի բանի մասին չխոսեմ, ապա միայն այն, որ ինձ բախտ է վիճակվել լինել այդ մեծ լիտվացու, մարդասերի,  գրողի, մտավորականի, աշխարհաքաղաքացու դարակազմիկ գրական դպրոցի աշակերտը,  բավական է հասկանալու, թե ես ինչ եմ ապրել Լիտվայում: Եվ Լիտվան ինձ համար թանկ ու անփոխարինելի է հենց այդ գրական-գեղագիտական դպրոցով ու իր անվանի ուսուցչապետով, որն իր մարդասիրությամբ մեծացրեց մարդ արարածի հոգեմտավոր աշխարհի հորիզոնի չափերը՝ այն հասցնելով տիեզերքի չափերին: Ես ականատեսն էի հանճարեղ մարդու բարձրությունից մարդ արարածի հանճարեղության փառաբանության ծեսին: Դա նման էր պայծառակերպության:

Լինել Էդուարդաս Մեժելայտիսի կրտսեր ընկերը, նշանակում էր լինել մասնիկը Լիտվայի գրական վարար հորձանուտի, որն իր շուրջ առաջացրել էր մեծ մտածողը: Դա այն ժամանակն էր, երբ Մեժելայտիսն ինքը ժամանակն  էր, իսկ մյուսները՝ նրա ժամանակակիցները: Կյանքը ինձ երբեք երես չի տվել՝ շռայլելով երջանկություն, փառք կամ  հարստություն: Բայց այն տարիներին, մշտապես լինելով Էդուարդաս Մեժելայտիսի կողքին, վայելելով նրա անկրկնելի պոետիկ խառնվածքի, ինտելեկտի հմայքը, ուժը եւ մշտապես սովորելով նրանից, երբեմն ինձ թվում էր, թե կյանքն ինձ երես է տալիս. իսկապե՞ս իրական էր այդ ամենը, հնարավո՞ր է ծնվել  բախտավոր աստղի տակ, լինել այդքան երջանիկ: Մեժելայտիսը մագնիսի նման շուրջն էր համախմբում իր ժամանակի բոլոր մեծություններին՝ գրականության, արվեստի, գիտության բնագավառի ընտրանուն, եւ ինձ բախտ էր վիճակվում մշտապես լինել լիտվական գիտամշակութային կյանքի էպիկենտրոնում, հաճախ այնտեղ, որտեղ միայն բացառիկ ընտրախավը կարող էր լինել: Դա իմ կյանքի ամենավառ, ամենաբազմազբաղ ու ամենաերջանիկ ժամանակաշրջանն էր: Ես այնքան երիտասարդ էի ու այնքան հուսավառ, այնքան հպարտ ու երախտագիտությամբ լի: Ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ ու մտերմանալ 80-ականների Լիտվայի անվանի մարդկանց հետ, նրանցից շատերն արդեն երկնքից են նայում աշխարհին, շատերը ողջ են, ստեղծագործական ավյունով լի:

Հայ-լիտվական գրական-մշակութային կապերի բացահայտման ու ամրապնդման հարցում ես փորձեցի ունենալ իմ համեստ ներդրումը: Այդ աշխատանքն ինձ ավելի կապեց հյուսիսային այդ փոքրիկ երկրի ժողովրդի ու մշակույթի հետ: Որպես գրականության բնագավառի մարդ՝ ինձ մագնիսի պես կլանեց լիտվական գրականությունը: Իմ իրական ու անիրական երազանքներին ավելացավ եւս մեկը՝ հայերեն թարգմանել լիտվացի դասական եւ ժամանակակից գրողների գործերը: Դա մինչ այդ չտրորված արահետ էր, որով առաջինը քայլեցին այնպիսի մեծություններ, ինչպիսիք էին Գուրգեն Մահարին, Պարույր Սեւակը, Վահագն Դավթյանը, Վահագն Գրիգորյանը… Այդ արահետը չէր կարելի պղծել: Եվ ես՝ դեռ բոլորովին երիտասարդ, իմ մեջ կամք ու համարձակություն գտա ձեռս առնել այնպիսի գրողների գործեր, ինչպիսիք են Քրիստիյոնաս Դոնելայտիսը, Անթանաս Բարանաուսկասը, Մայրոնիսը, Յոնաս Բիլյունասը, Վիտաուտաս Լանդսբերգիսը….

Այդ տարիների ընթացքում  իմ կյանքի ամենահիշարժան իրադարձությունները հայ եւ լիտվացի գրողների, արվեստագետների, մտավորականների փոխադարձ այցելությունների կազմակերպումն էր Հայաստան եւ Լիտվա: Ամեն օրը հագեցած էր նոր նախաձեռնությամբ, հանդիպումներով, ծրագրերի մտահղացումներով: Ես ձեռք բերեցի բազմաթիվ լիտվացի ընկեր-ընկերուհիներ: Առհասարակ լիտվացիները հրաշալի ընկերներ են: Նրանք աչքի չեն ընկնում ընկերության մասին շատախոսությամբ, ճառեր ու կենացներ ասելով, բայց երբ գալիս է անհրաժեշտ պահը՝ ընկերոջը սատարելու,  օգնելու, գնահատանքի, մեծարանքի անկեղծ խոսքեր ասելու արժանի վաստակի մասին, այդ դեպքում նրանք շիտակ են, կամեցող ու, ինչո՞ւ չէ, նաեւ շռայլ: Լիտվացի ժողովրդի՝ դարերի խորքից եկող բազմաթիվ գեղեցիկ  ավանդույթներ, կենցաղի, վարվեցողության ձեւեր, դարձան իմ սեփականությունը, անգամ իմ խոհանոցը համալրվեց լիտվական ճաշատեսակներով: Ես, որ մինչ Լիտվա գալս չափազանց թերահավատ էի իմ  երաժշտական կարողությունների հանդեպ, Վիլնյուսում, Կաունասում տեղի ունեցող ազգային տոնակատարությունների, ընկերական հավաքույթների ժամանակ հաճույքով միանում էի ժողովրդական խմբերգերին, պարերին: Ինչպես ամեն ժողովրդի երաժշտական ֆոլկլորում, լիտվական ժողովրդական երգերում ու պարերում նույնպես այնքան սեր,  թախիծ եւ ուրախություն կա, այնքան ներդաշնակություն այն խստաշունչ ու անկրկնելի բնության հետ, որտեղ ապրել է լիտվացին հազարամյակներ: Պատմության թողած անջնջելի հետքերը դեռ տեսանելի են երկրի եւ մարդկանց դեմքին, բայց ընդհանուր առմամբ լիտվացի ժողովուրդը լավատես է, դա արմատավորված է նրա աշխարհայացքի, մտածողության, նրա երազանքների մեջ, եւ դա այնքան վարակիչ է, ինչպես նրանց ծիծաղը, երգը, պարը, հումորը:

Այսօրվա այս բարձր մակարդակի հանդիսությունը հայ-լիտվական մշակութային, բարեկամական վաղեմի կապերի վառ վկայությունն է: Խորին շնորհակալությունս եմ հայտնում Լիտվայի Հանրապետության մեծարգո նախագահ Գիտանաս Նաուսեդային՝ իմ համեստ վաստակը արժեւորելու համար:

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջոցառում նվիրված Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակին

Հաջորդ գրառումը

Ճշտում

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Ճշտում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մի քանի թեզ՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) հարցով՝ ըստ իմ իմացածի։ Եթե գրածներս սխալ...

ԿարդալDetails

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական