ԵՐԵՎԱՆ – Ասեղնագործ, համադրող եւ լրագրող Լիզի Վարդանյանն ապրում է Լոնդոնում եւ Երեւանում: Ծնվել է 1993 թվականին, Լոնդոնում, հայ մոր եւ անգլիացի հոր (Քոլիեր) ընտանիքում: Ուսանել է արվեստի պատմություն եւ իրավագիտություն: Նրա գործունեությունը բազմազան է. սկսած Մեծ Բրիտանիայում, Հորդանանում, Հայաստանում եւ Եմենում ցուցադրություններ կազմակերպելուց, բանախոսելուց եւ պատկերասրահների համար ցուցահանդեսային տեքստեր գրելուց մինչեւ հոդվածներով աշխատակցելն «Արթսի», «Վեյզդ», «Գարդիան», «Հարբըրզ բազար», «Վոգ Արաբիա» եւ այլ պարբերականների: Լիզին պաղեստինյան, հորդանանյան, սիրիական եւ հայկական ասեղնագործության ոճի վերաբերյալ սեմինարներ է վարել տարբեր հաստատություններում, ներառյալ Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանը, Լեյթոն Հաուսը, «Մեկ այլ արվեստի տոնավաճառը» եւ Ամմանի «Դարաթ Ալ Ֆունուն» ցուցասրահը: Նրա աշխատանքները ցուցադրվել են Մեծ Բրիտանիայի Արվեստի թագավորական ակադեմիայում եւ Գրեյսոն Փերիի արվեստի ակումբում: Նաեւ հիմնել է «Գելըրի գըլ» (Ցուցասրահի աղջիկ)` Լոնդոնում գործող կուրատորական հարթակը եւ կայքը՝ նվիրված ժամանակակից արվեստին ամբողջ աշխարհում:
–Լի՛զի, մարդու պատկերացրած ասեղնագործ արվեստագետի կարծրատիպը պատկերվում է 19-րդ դարի տիկնոջ կամ ավանդական տատիկի, ոչ թե քեզ պես արդի արեւմտյան օրիորդի տեսքով: Ինչպե՞ս կարող է մեր գերարագ ժամանակներում գոյատեւել ասեղնագործության նման «գերդանդաղ» արվեստը:
-Թեեւ մարդիկ կարծում են, թե ասեղնագործությունը շատ հնաոճ է, այն բարձր նորաձեւության հիմնական բաղադրիչներնց է: Այսպիսով, այն իրականում նաեւ շատ արդիական է: Շատերի, նաեւ ինձ համար, ասեղնագործությունը մի սերնդից մյուսին փոխանցվող հմտություն է: Ասեղնագործությունն արվեստի հնագույն ձեւ է, բայց շատ երիտասարդ արվեստագետներ ուղիներ են գտնում այն ժամանակակից դարձնելու համար: Կարծում եմ, որ ասեղնագործությունն առանձնահատուկ է հենց այն բանով, որ դանդաղընթաց է: Մինչ կյանքում ամեն ինչ չափազանց արագընթաց է, այն մեզ թույլ է տալիս նստել եւ հանգստանալ: Անձամբ ինձ դա իսկապես օգնում է հանգստություն պահպանել ծանր սթրեսային իրավիճակներում:
–Ասեղնագործությունը համեմատում են պոեզիայի կամ երաժշտության հետ. ի՞նչ է այն քեզ համար:
-Ես երբեք այդ կերպ չեմ մտածել, բայց հասկանում եմ, թե ինչու են նման համեմատություններ արվել: Կարծում եմ՝ ասեղնագործությունը սիրո գործողություն է: Այն շատ ֆիզիկական է, ձեռքերդ կարող են հոգնել, ժամանակ է պետք: Պետք է մեծ ջանք գործադրել: Եթե սխալ թույլ տաս՝ շտկելը կարող է ավելի երկար տեւել: Երբ ինչ-որ մեկի համար ինչ-որ բան ես պատրաստում, պատճառն այն է, որ դու խորապես հոգ ես տանում նրա համար եւ սիրում ես նրան:
–Որոշ նկարիչներ միջնադարյան մանրանկարները վերածում են ասեղնագործությունների: Ասեղնագործության մեջ ընտանեկան լուսանկարների քո յուրօրինակ օգտագործումը պետք է որ նորություն լինի, այնպես չէ՞:
-Կարծում եմ՝ նորություն է, վստահ չեմ, թե ուրիշները դա արած լինեն: Ես մեծացել եմ Լոնդոնում, իմ հայ ընտանիքի մեծ մասից հեռու: Ես կիսով չափ եմ հայ, հայրս անգլիացի է, ուստի իմ միակ մտերիմ հարազատը մայրս էր: Սեւ-սպիտակ լուսանկարներում պատկերված մարդիկ 1950-1960-ական թվականներին Լիբանանից եւ Սիրիայից էին: Ես իսկապես չեմ ճանաչել նրանց կամ նրանց աշխարհը: Իմ աշխատանքներով ես մի տեսակ կապ եմ ստեղծում իմ եւ նրանց միջեւ: Պատկերացնում եմ, թե ինչպիսին էին նրանք, նրանց հագուստի գույները եւ այլն: Լուսանկարները հին են, ասեղնագործության տեխնիկան՝ նույնպես, բայց կերպը, որով ես համատեղում եմ դրանք, ժամանակակից է:
–Ասեղնագործություն տեսնելիս հիշում եմ Արշիլ Գորկու «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում կյանքիս վրա» ստեղծագործությունը: Ինչպե՞ս են նախնիներիդ ասեղնագործությունները բացվում քո կյանքում:
-Մեծ մայրս Այնթապից էր, նա հյուսում էր ասեղնագործ ժանյակներ: Այնթապից մեզ միայն դրանք են հասել: Սակայն ասեղնագործության արվեստը մեզ չի փոխանցվել: Մայրս զբաղվում է ասեղնագործությամբ, շատ տաղանդավոր է, բայց նրա ասեղնագործությունը «հայկական» չէ, թեեւ դրանով զբաղվելը եւ նրա հայ լինելը գործը հայկական է դարձնում: Իմ գերդաստանի կանանց յուրաքանչյուր սերունդ ասեղնագործություն է կատարել իր յուրահատուկ ոճով: Հնարավոր է՝ յուրաքանչյուր սերնդի կիրառած ասեղնագործության ոճը տարբեր է, սակայն ասեղնագործության բուն գործընթացը նույնն է:
–Հայկական ասեղնագործությունը տարբեր ուղղություններ ունի. հետեւո՞ւմ ես հատկապես մեկին:
-Ո՛չ, իրականում ո՛չ: Իմ աշխատանքների մեծ մասում օգտագործված չէ հայկական ավանդական տեխնիկան, փոխարենը դրանք ոգեշնչված են հայկական մշակույթով եւ պատմությամբ:
–Միշտ հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսին է Եվրոպայում ծնված երիտասարդ արվեստագետի կյանքը Երեւանում:
-Երեւանն ինձ համար դեռ շատ նոր է, ուստիեւ ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ դեռ պետք է վարժվեմ այստեղ: Մարդկանց ասում եմ, որ ես դեռ նման եմ քայլել սովորող երեխայի: Երեւանը շատ տարբեր է Լոնդոնից, բայց ես սիրում եմ այս քաղաքը: Որպես հայ, որը մշտապես ապրել է իր մշակույթից հեռու, իսկապես հուզիչ է լինել այստեղ եւ տեսնել, թե դա ինչպես կազդի իմ աշխատանքի վրա: Նաեւ շատ երախտապարտ եմ՝ հնարավորություն ունենալով գործերս ցուցադրել եւ աշխատել Երեւանում: Մի քիչ տիրապետում եմ արեւմտահայերենին, հիմա նաեւ արեւելահայերեն եմ սովորում «Ռեփաթ Արմենիա» կազմակերպության մեջ: Շատ հետաքրքրված եմ հայկական պարեր սովորել: Եվ այստեղ շատ եմ կարոտում մայրիկիս ճաշերը, նա միշտ լիբանանյան եւ արեւմտահայկական կերակուրներ էր պատրաստում: Դա իմ ամենասիրած խոհանոցն է աշխարհում…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ