Անջեյ Դուդայի գլխավոր դասը մեզ՝ ազգային ինքնությունը գերադաս
Լեհաստանի ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների գերմաներեն ծառայությունը փոխանցում է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի նոյեմբերի 27-ի հայտարարությունը. «Որեւէ պատճառ չկա, թե ինչու Եվրամիությունը պետք է թերարժեքության բարդույթ ունենա որեւէ մեկի նկատմամբ: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանա ԱՄՆ քաղաքականությունը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Այսպես, թե այնպես, Եվրոպան պետք է անկախ լինի, հենվի սեփական ոտքերին, իսկ Ռուսաստանի հանդեպ վախի ու անվստահության դարաշրջանը պետք է վերջնական ավարտ ունենա: Եթե Եվրոպան միավորվի, ապա Ռուսաստանը Եվրոպայի համեմատ գաճաճ կլինի՝ տեխնոլոգիական, ֆինանսական եւ տնտեսական առումով: Սակայն, երբ Եվրոպան մասնատված է, այդժամ Ռուսաստանը եվրոպական յուրաքանչյուր պետության համար սպառնալիք է»: Լեհաստանի վարչապետի այս հայտարարությունը ուրվագծում է նախորդած օրերին նախագահ Դուդայի պաշտոնական այցով Հայաստան գալու գլխավոր շարժառիթը: Ստորեւ խոշորացույցի տակ առնենք այդ այցի մասին տեղական եւ լեհական ձեւակերպումները, նկատենք բառապաշարի տարբերությունները, ինչպես նաեւ անդրադառնանք ուկրաինական պատերազմի ժամանակ Լեհաստանին՝ ԱՄՆ-ի շնորհած նոր դերակատարմանը:
Գերմանիայում, ինչպես նաեւ Լեհաստանում լեհերի հետ զրույցներից տպավորություն ենք ստացել, թե արեւմտասլավոնական ամենամեծ ազգը ոխերիմ երկու թշնամի ունի՝ ռուսները եւ գերմանացիները: Լեհերը պաշտում են իրենց լեզուն, (ՀՀ-ում էլ ով ցանկություն ունի, կարող է անվճար լեհերենի դասերի մասնակցել), ուստի պատահական չէ, որ նոյեմբերի 25-ից եռօրյա պաշտոնական այցով ՀՀ այցելած նախագահ Դուդան առաջին օրն իսկ հանդիպեց լեհ համայնքին, երախտագիտություն հայտնեց «Պոլոնիա» միությանը՝ լեհականությունն անխոնջ պահպանելու, լեհական մշակույթի հանրահռչակման, լեհերենը տարածելու համար: «Դուք տարածում եք մեր պատմությունը, այստեղ ապրող լեհերին, նաեւ հայերին սնում դրանով», գովասանաճառում ընդգծեց նախագահ Անջեյ Դուդան՝ պետական պարգեւներ շնորհելով Անահիտ Տեր-Մելիքսեթյանին, Յոլանտա Գոժջիկին եւ Պավել Էլիասին: Հայաստանում լեհական համայնքը հիմնադրվել է 2000 ականներին, սակայն լեհերը Հայաստան են եկել 19-րդ դարի կեսերից: Սեփական բանակ ստեղծելու ցանկություն ունեցող լեհերին Կովկաս են աքսորել: Այդ ժամանակներից մեծաթիվ լեհեր հայտնվել են Հայաստանում, հետո լեհական համայնքը համալրվել է աշխատանքային այցերով եւ խառնամուսնություններով Հայաստան եկող լեհերով: Մեր երկրում բնակվող լեհերի իրական թիվը հայտնի չէ. ԽՍՀՄ տարիներին խուսափել են իրենց ազգության մասին ծանուցել, գրանցվել են այլ ազգությամբ: 2001 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանում ապրում է ընդամենը մի քանի հարյուր լեհ, ինչն, իրական պատկերը չի արտացոլում. Ըստ ՀՀ-ում լեհական համայնքի տվյալների, Հայաստանում իրենք հազարից պակաս չեն:
Ազգայինն ընդգծված պահպանելու այս նշանը, որին նախանձախնդիր հավատարիմ են լեհ պաշտոնատարները, կարող է Հայաստանի համար խորհրդատվական բնույթ ունենալ, կամ պատմությունը չուրանալու, մայրենի լեզուն գերադասելու վառ օրինակ լինել: Ազգայինը պահպանելու սեւեռակետը Լեհաստանի վահանն է գլոբալացվող աշխարհում, նաեւ աշխարհագրական դիրքով պայմանավորված այն նոր դերակատարման, որ ստանձնեց նոյեմբերի 13-ին: Այդ օրը Լեհատանում հանդիսավորությամբ բացվեց ամերիկյան մշտական ռազմաբազան: Արարողությանը ներկա էին նախագահ Դուդան, փոխվարչապետը եւ պաշտպանության նախարարը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ: «Ամբողջ աշխարհը հստակ կտեսնի, որ սա այլեւս Ռուսաստանի ազդեցության գոտի չէ», ասել էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ: Մոտավորապես երկու տարի շարունակ, գերմանացիները որոշակի զգուշավորությամբ էին արծարծում այն հարցը, թե Միացյալ Նահանգները հենց Լեհաստանին է վերապահում Եվրոպայում իրենց հենարանը լինելու, այնտեղ հենակետ հիմնելու նախապատվությունը: Ըստ լեհական ռադիոյի, «Ռեզիկովոյի ռազմաբազան ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության վահանի մի մասն է եւ նախատեսված է Եվրոպան եւ ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռների, մասնավորապես Իրանի կողմից հարձակումներից պաշտպանելու համար»: Այն ՌԴ սահմանից 165 կմ հեռավորության վրա է:
Ռուսաստանն անարձագանք չթողեց: Պուտինի մամլո քարտուղար Պեսկովի պատասխանը՝ հակիրճ՝ «ամերիկացիների խոսքերն այն մասին, թե նման միջոցներն ուղղված են իրանական վաղանցիկ սպառնալիքի դեմ, սուտ են: Սա մեր ներուժը զսպելու փորձ է»:
Ուկրաինական ճակատում զարգացումները սրվում են, Ռուսաստանն իր կարծր դիրքորորշումը կակուղ դարձնելու առիթ չի տեսնում, իսկ Թրամփը կամ նրա մերձակա շրջապատը չի պարզաբանում, թե պատերազմն ինչպե՛ս է կանգնեցնելու, խաղաղությունն ինչպե՞ս է հաստատելու:
Լեհաստանի ռադիոյի գերմանական ծառայությունը նոյեմբերի 25-ին անդրադարձել է Անջեյ Դուդայի եւ տիկնոջ Ագաթա Քորնհաուզեր-Դուդայի նույն օրը Երեւան եռօրյա պաշտոնական այցին: Ինչպես վերեւում ընդգծեցինք, ռադիոն առաջնահերթ է համարել ունկնդրին ծանուցել, որ նախագահ Դուդան այցը սկսել է Հայաստանում լեհական համայնքի հետ հանդիպմամբ, իսկ Հայաստանի պաշտոնատարների հետ քաղաքական զրույցների շարքը ծրագրել է երեքշաբթի:
«Լեհաստանի նախագահը ՀՀ իր պաշտոնակից Վահագն Խաչատուրյանի հետ ծրագրել է խոսել Ուկրաինայում պատերազմի եւ Կրեմլի նեոգաղութատիրական քաղաքականության մասին, ինչպես նաեւ անդրադառնալ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին», ծանուցում է լեհական ռադիոն՝ հղում տալով նախագահի գրասենյակին (այս եւ հետագա ընդգծումները մերն են-Ան. Հ.): ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունն այլ բառապաշարով է ներկայացնում Դուդայի եւ Խաչատուրյանի բանակցություների օրակարգը՝ «Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի բանակցությունների հիմնական թեմաներն էին Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական ու տնտեսական կապերի ամրապնդումը եւ Հայաստանի մերձեցումը եվրոպական հանրությանը: Ի թիվս այլոց բանակցությունների հիմնական թեմաներն են եղել՝ իրավիճակը տարածաշրջանում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը. աշխարհի մեր հատվածում անվտանգությանը վերաբերող իրավիճակը, Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանի ագրեսիվ կայսերական քաղաքականությունը եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը: Անդրադարձել են նաեւ Հայաստանում Եվրոպական Միության առաքելությանը (EUMA), ինչպես նաեւ Լեհաստանի դերակատարությանը դրանում»:
Նոյեմբերի 27-ին Անջեյ Դուդան պաշտոնական այցը եզրափակեց Երասխում ԵՄ դիտորդների հետ հանդիպմամբ, որոնց մեջ լեհ դիտորդներից Մարեկ Բորավսկին առաքելության ղեկավար գերմանացի Մարկուս Ռիթթերի տեղակալն է:
Պաշտոնական Բաքուն «հեռադիտակային շոու» բնութագրեց Դուդայի Երասխ այցը, նշեց, որ Լեհաստանը պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկերն» է, նորից ընդվզեց Եվրամիության դիտորդների ներկայության դեմ, սպառնաց «համապատասխան դիվանագիտական միջոցներ» ձեռնարկել:
Թեեւ Լեհաստանի նախագահը Հայաստան այցից առաջ՝ նոյեմբերի 12-ին եղել էր Բաքվում, ըստ «Ազերթաջի» գերմանական ծառայության, դրվատել Ալիեւի COP29 կազմակերպելու ջանքերը, մտքեր փոխանակել տարբեր բնագավառներում Լեհաստանի, ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության, տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, սակայն մեր ուշադրությունը չի որսացել Դուդայի՝ Բաքվի հասցեին հնչեցրած որեւէ քննադատություն: Ընդհակառակը՝ նախագահի թողտվությամբ, Վարշավայի կաթոլիկ արքեպիսկոպոսության աջակցությամբ Վարշավայի կենտրոնում մայիսի 24-ին Ադրբեջանը հակահայկական ցուցադրություն իրականացրեց՝ «Քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» խորագրով ցուցահանդես բացեց, որի հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների հայկական մշակութային եւ պատմական ժառանգությունը, եկեղեցիները որպես ադրբեջանական ներկայացնելը: Այն ամոթալի վիճակի մեջ դրեց հայերի մշակույթին վաղեմի ծանոթ, նաեւ մեր հայրենակիցների մտավոր ժառանգությամբ հարստացած մեզ բարեկամ այդ երկրի մտավորականներին, հոգեւոր դասին եւ իշխանությանը: Հայաստանի բարձրաստիճան այրերը Դուդայի հետ հանդիպումներին անդրադարձե՞լ են մայիսի 24-ի խայտառակ ցուցահանդեսին:
Նոյեմբերի 26-ին նախագահ Անջեյ Դուդան այցելել էր նաեւ Հայկական ֆոնդային բորսա, որի ամենամեծ բաժնետերը Վարշավայի ֆոնդային բորսան է:
Ո՞վ է մեր ինքնության ամենամեծ բաժնետերը՝ անվտանգության երաշխիքներ չխոստացող, աշխույժ շահառուների Հայաստան սակարանում…
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ