Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լաուրա Դաուն Մինասյան. Հայկական, քմերական, շվեդական եւ ռուսական մշակույթների միջեւ

Արծվի Բախչինյան
26/09/2025
- 26 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
5
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՍՏՈԿՀՈԼՄ – Իմ վաղեմի ընկերուհի, լրագրող եւ թարգմանիչ Լաուրա Դաուն Մինասյանը մարդու այն տեսակն է, որն առանձնապես բարձր եմ գնահատում՝ ջերմ, բարեսիրտ, արտիստիկ, բազմամշակույթ, հագեցած կյանքով ապրող, աշխարհի հանդեպ բաց, բայց միաժամանակ հավատարիմ արմատներին ու հայրենիքին: Նրան եւ ամուսնուն՝ նշանավոր շվեդ ազգաբան Օքե Դաունին (1936-2017) առաջին անգամ հանդիպել եմ 1996-ին, Շվեդիայում: Այդ ժամանակ արդեն ինձ հատկապես տպավորեց այն փաստը, որ Լաուրան, լինելով ռուսերենից եւ հայերենից շվեդերեն թարգմանիչ, քմերի՝ Կամբոջայի լեզվի մասնագետ է: Այդ օրվանից մենք պարբերաբար հանդիպում ենք, հատկապես Երեւանում, որը նա իր տունն է համարում: Հայաստանի հանդեպ իր սերը նա փոխանցել է նաեւ որդիներին՝ Դավիթին եւ Արամին…

–Սիրելի՛ Լաուրա, տարիներ առաջ ձեր կրտսեր որդու խնդրանքով դուք գրի եք առել ձեր կյանքի պատմությունը ձեր որդիների համար: Թեեւ երբեք չեք կարեւորել ձեր անձը եւ գործունեությունը, վստահ եմ, որ ձեր հետաքրքրական ճակատագիրն արժանի է ուշադրության: Սկսենք ամենասկզբից: Դուք ծնվել եք Բաքվում, մի քաղաքում, որտեղ ժամանակին կար հայկական ակնառու ներկայություն: Ինչպե՞ս են հայտնվել ձեր նախնիներն այդ քաղաքում:

-Այո՛, պատահել է այնպես, որ ես ծնվել եմ այդ քաղաքում: Այնտեղ են հանդիպել ծնողներս Հայաստանի երկու տարբեր շրջաններից: Հայրս՝ Սեդրակ Մինասյանը, ծնվել է Սեւանի Ծաղկունք գյուղում, 16 տարեկանում ոտքով գնացել է Բաքու՝ փնտրելու իր հորը, որը կորել էր 1918-ի Բաքվի հայերի ջարդերի ժամանակ: Մայրս՝ Անահիտ Ոսկանյանը, Զանգեզուրի Չափնի գյուղից էր: Նա Բաքու էր եկել գաղտնի երազանքով՝ դառնալ դերասանուհի: Այն ժամանակ Բաքվում դեռ գործում էր հայկական թատրոն: Բայց այն փակեցին գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ մայրս ավարտեց թատերական ուսումնարանը եւ աշխատանքի ընդունվեց: Այդ շրջանից ինձ մոտ մնացել են միայն նրա երկու լուսանկարները՝ երկու դերերում: Միշտ ուզում էի իմանալ ավելին նրա մասին, հարցեր էի տալիս, բայց մորս համար ծանր էր հիշել այդ շրջանը, առավել եւս՝ խոսել դրա մասին:

–Ի՞նչպիսին էր ձեր մանկությունը Բաքվում խորհրդային տարիներին:

-Մենք ապրում էինք Մանթաշեւի տանը՝ քաղաքի հենց կենտրոնում գտնվող քառահարկ շքեղ շենքում: Այնտեղ ապրում էին տարբեր ազգությունների բազմաթիվ ընտանիքներ: Չնայած սուղ պայմաններին ու բնակիչների բազմազանությանը՝ բոլորը բավական խաղաղ էին ապրում, չեմ հիշում որեւէ հակամարտություն ազգային հողի վրա: Վեճերը հիմնականում ընտանեկան էին, եւ հարեւանները շտապում էին բաժանել հարազատներին: Բոլորն իրար մասին ամեն ինչ գիտեին: Լվացքը կախվում էր ներքին բակում, եւ բոլորը գիտեին նույնիսկ հարեւանի ներքնազգետների գույնը: Հաղորդակցվում էին սարսափելի ռուսերենով՝ յուրաքանչյուրն իր ակնհայտ շեշտադրությամբ ու բառերի աղավաղումներով: Բակում խաղացող երեխաները երբեք չէին մտածում, թե ինչ ազգության է Թոֆիկը կամ Ռաֆիկը, Մարկը կամ Լյուդան, Յուրիկը, Ռամիզը կամ Սվետան:

Դպրոցում սովորելը ինձ համար ձանձրալի ու անհետաքրքիր էր. ես վատ էի սովորում: Ամեն ինչ փոխվեց այն օրը, երբ ռուսաց լեզվի ուսուցչուհին մեզ տարավ գրադարան, եւ գրքերի աշխարհն իմ կյանքին նոր իմաստ տվեց:

Հիշելով դպրոցը՝ հանկարծ հայտնաբերեցի, որ ոչ մի ադրբեջանցի ուսուցիչ չենք ունեցել: Բոլոր դասավանդողները ռուսներ, հրեաներ, հայեր եւ հույներ էին: Ես մտածեցի, որ գուցե դա միայն իմ մեծահասակ սերնդին է բնորոշ. կապվեցի զարմիկներիս հետ, որոնք Բաքվի  դպրոցներում սովորել էին 1980-90-ականներին: Նրանք եւս հաստատեցին, որ եթե ադրբեջանցիներ աշխատում էին դպրոցներում, ապա կա՛մ տնօրեններ էին, կա՛մ հավաքարարուհիներ, կա՛մ էլ միայն ադրբեջաներեն էին դասավանդում:

–Խորհրդային Բաքվում հայերն ինտերնացիոնալիզմի քաղաքականության, իսկ ավելի ճիշտ՝ ապազգայնացման հետեւանքով, աստիճանաբար կորցնում էին ազգային ինքնությունը: Այնուամենայնիվ, ձեզ ձգում էր Հայաստանը եւ հայ մշակույթը: Ինչո՞վ եք դա բացատրում:

-Խորհրդային Բաքվում կային մի քանի հայաբնակ թաղամասեր՝ Էրմենիքենդը, Զավոկզալնին, Բայլովոն եւ ուրիշներ. ես հիշում եմ միայն այն վայրերը, որտեղ մեր ազգականներն էին ապրում: Բարեկամներս հայերեն էին խոսում, հիմնականում՝ Սյունիքի բարբառով, այնպես որ այդ լեզուն ես լավ էի հասկանում ու բավական սահուն խոսում էի: Ամառային արձակուրդներն անցկացնում էինք մեր սիրելի տատիկ Զումրութի մոտ՝ հայկական Չափնի գյուղում: Օրերը լեցուն էին, աշխատում էինք կոլտնտեսությունում՝ տատիկի համար աշխօր վաստակելով: Ես եւ զարմիկս սիրով արածեցնում էինք գյուղի անասունները. դա շատ զվարճալի ու հետաքրքիր էր: Տատիկը մեզ ուտելիք էր տալիս, օրհնում, ու մենք վազում էինք նոր արկածներ որոնելու: Ամենից շատ սիրում էինք կենդանիներին մեր հագուստները հագցնել: Մի շատ գեղեցիկ սպիտակ այծիկի բախտը չբերեց. նրան հագցրեցինք իմ զգեստը, սանրեցինք, անվանեցինք Մերիլին Մոնրո եւ բաց թողեցինք: Մյուս այծերը սկսեցին նրանից խուսափել, մինչեւ որ նրան վերադարձրինք իր այծային տեսքին (ծիծաղում է)…

Երբեմն գնում էինք նաեւ հորս բարեկամների մոտ՝ Սեւան: Հայրիկս ցույց էր տալիս իր ծննդավայր Ծաղկունքի տունը՝ երդիկով եւ թոնիրով: Դա 50-ականների կեսերին էր, երբ Սեւանի թերակղզին դեռ կղզի էր, եւ հիշում եմ, թե ինչպես էինք նավակով հասնում այնտեղ՝ այցելելու Սեւանի վանքերը: Այդ ամառները, բնականաբար, կապեցին ինձ Հայաստանին: Այսպիսով, իմ մեջ հայկականը շատ էր դեռ մանկուց, բայց մի տեսակ չգիտակցված, անկանոն ձեւով: Եվ պատահական չէ, որ դպրոցն ավարտելուց հետո դիմեցի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ եւ փառավորապես ձախողեցի ընդունելության քննությունները: Բայց մնացի Երեւանում եւ դարձա ռուսալեզու «Կոմսոմոլեց» թերթի արտահաստիքային թղթակից՝ նյութեր պատրաստելով մայրաքաղաքի մշակութային կյանքի մասին: Որոշ ժամանակ էլ աշխատել եմ որպես Գյուղատնտեսական ինստիտուտի «Գյուղատնտես» թերթի ռուսական էջի խմբագիր:

–Այնուամենայնիվ, ձեզ գրավում էին հեռու, անհայտ հորիզոնները: Սովորել այնպիսի հազվագյուտ լեզու, ինչպիսին է քմերը: Ի՞նչ տվեց մի հայուհու քմերի իմացությունը: Եվ հավանաբար զարմանքը ավելի մեծ էր, երբ, անկախ այդ կրթությունից, դուք որոշեցիք վերադառնալ Հայաստան:

-Այո՛, ես մեկնեցի ընդունվելու Լենինգրադի համալսարան, բայց ոչ լրագրության, այլ արեւելագիտության բաժինը: Այնտեղ չինական ամբիոնում բացվել էր Հարավ-արեւելյան Ասիայի լեզուների նոր բաժին: Քմերի բաժինը հայտարարել էր ուսանողների ընդունելություն հաջորդ ուսումնական տարվա համար: Միակ բանը, որ կարողացա պարզել մինչեւ դիմելը, այն էր, որ այդ լեզուն խոսում են Կամբոջայի թագավորությունում՝ ինչ-որ տեղ Ասիայում: Մեկ միավոր չբավականացրեց, բայց ինձ որպես ազատ ունկնդիր ընդունեցին քմերական խմբում: Լենինգրադում գրանցում ունենալու համար որպես հնոցապան աշխատանքի անցա կաթսայատանը: Ուսման առաջին տարին շատ դժվար էր. գիշերները հերթապահում էի կաթսայատանը, որտեղ քնելը վտանգավոր էր, եւ փորձում էի սովորել: Մեր խմբում վեց հոգի էինք՝ երկու տղա եւ չորս աղջիկ: Տղաներից մեկն ույղուր էր, ես՝ հայ, մնացածները՝ ռուսներ: Մեկ տարի անց աղջիկներից մեկին հեռացրին վատ ուսանելու համար, եւ ես դարձա պաշտոնական ուսանող, ինչը ապահովում էր գրանցում, կրթաթոշակ եւ հանրակացարան:

Պարզվեց, որ բաժնում ուրիշ հայ ուսանողներ էլ կան: Մեզ հոգ էր տանում հայտնի պատմաբան Կարեն Յուզբաշյանը, մենք գնում էինք նրա մոտ՝ գրաբար սովորելու: Հետաքրքրական է, որ գրաբարի ուսուցման նախաձեռնողը լատվիացի բանաստեղծ, բազմալեզվագետ Ուլդիս Բերզինշն էր՝ թուրքական բաժնից: Նա զուգահեռաբար ինքնուրույն սովորեց հայերեն եւ խրախուսում էր մեզ՝ արտերկրում ծնված հայերիս, սովորել մայրենի լեզուն:

Սովորելը շատ հետաքրքրական էր: Երկրորդ կուրսում արդեն հետաքրքրվեցի Կամբոջայի բանահյուսությամբ. հեքիաթները դարձան իմ առաջին կուրսային աշխատանքի թեման: Երրորդ կուրսի սկզբում մեր գլխավոր դասախոս եւ ամբիոնի միակ քմերագետ Դմիտրի Ելովկովը, ինձ եւ ույղուր Էրիկ Ուտեեւին առաջարկեց պատրաստել փաստաթղթերը՝ Կամբոջա մեկնելու եւ Պնոմպենի համալսարանում սովորելու համար: Մեր ամբիոնի այս անսպասելի որոշումը՝ ուղարկել հենց մեզ՝ ոչ ռուս ուսանողներիս, հասկանալի կլինի միայն նրանց, ովքեր սովորել են խորհրդային համալսարաններում 1960-70-ականներին: Ցավոք, Պնոմպենի համալսարանում պրակտիկան չկայացավ: 1970թ. մարտին Կամբոջայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, արքայազն Նորոդոմ Սիհանուկը հեռացվեց իշխանությունից, եւ Կամբոջան հռչակվեց հանրապետություն: Բայց իմ հետաքրքրությունը կամբոջական բանահյուսության հանդեպ չմարեց, ընդհակառակը: Իմ կուրսային աշխատանքները նվիրված էին քմերական հեքիաթներին, «Թում Թիու» պոեմին, իսկ դիպլոմային աշխատանքս՝ հնդկական ազգային «Ռամայանա» էպոսի քմերական տարբերակի՝ «Ռիամկեի» համեմատական վերլուծությանը Հարավ-արեւելյան Ասիայի այլ տարբերակների հետ: Այս բարդ տեքստերը հասկանալու հարցում ինձ օգնում էր մեր գրականագետ Լոնգ Սիեմը: Իմ կուրսայիններն ու դիպլոմայինը քմերական ֆոլկլորի մասին ռուսերենով առաջին գիտական փորձերից էին՝ այդ նյութը վերլուծելու եւ դասակարգելու համար: Տարիներ անց իմ դասախոս Դմիտրի Ելովկովն ինձ հայտնեց, որ քմերագետների հաջորդ սերունդները Կամբոջայի բանահյուսություն սովորել են իմ աշխատանքներով: Այսպիսով, դրանք իզուր չեն անցել…

Համալսարանն ավարտելուց հետո ինձ առաջարկում էին մնալ ասպիրանտուրայում Լենինգրադում, բայց ես որոշեցի վերադառնալ Հայաստան: Կարեն Յուզբաշյանը փորձում էր ինձ հետ պահել՝ իրավացիորեն հարցնելով. «Ա՛ղջի ջան, ի՞նչ ես անելու Երեւանում քո քմերով»: Երբ համոզվեց, որ ինձ հետ պահելն անհնար է, իր գիտական կապերով ինձ աշխատանքի տեղավորեց ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայում: Պաշտոնապես ընդունվեցի Արեւելագիտության ինստիտուտ որպես ավագ լաբորանտ, բայց փաստացի պիտի աշխատեի որպես մի շատ հարգված ակադեմիկոս-պատմաբանի օգնական: Նա, լինելով «Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության» մասնագետ, աստիճանաբար ներքաշեց ինձ իր հերթական հատորի ստեղծման մեջ. սկզբում հանձնարարում էր մեքենագրել նյութերը եւ հավաքել մեջբերումները, ապա պահանջում էր, որ տեքստերն ինքս գրեմ: Դա ինձ համար ծանր եւ տհաճ էր: Սակայն, օգտագործելով իր դիրքն ու հեղինակությունը, նա ինձ դարձրեց իր գաղտնի շարադրողը, իսկ հեռանալ չէի կարող: Կային նաեւ բազմաթիվ կենցաղային դժվարություններ: Փոքրիկ աշխատավարձը հազիվ էր բավականացնում բնակարանի (ավելի ճիշտ՝ սենյակի) վարձը: Միակ մխիթարությունն իմ հրաշալի ընկերներն էին՝ նկարիչ Վարոս Շահմուրադյանը, քանդակագործ Ալիս Մելիքյանը, երգահան Վահրամ Թաթիկյանը…

Ավարտելու համար Կամբոջայի թեման նշեմ, որ տեղափոխվելով Շվեդիա՝ փորձեցի աշխատել իմ մասնագիտությամբ՝ որոնելով Կամբոջայի եւ քմեր լեզվի հետ կապված աշխատանք: Բացի Շվեդական հեռուստատեսության համար Կամբոջայի մասին մի հին վավերագրական ֆիլմի թարգմանությունից, այլ բան չգտա: 1978-ին ապրիլին Օսլոյում մասնակցեցի Կամբոջայի իրավիճակի մասին լսումներին՝ հատուկ ուղարկված լինելով Շվեդական ռադիոյի ռուսական խմբագրության կողմից: Նորությունները Կամբոջայից շատ հազվադեպ էին հասնում, տարածվում էին լուրեր կարմիր քմերների դաժանությունների, խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մասին: Երեք երիտասարդ քմեր, որ հրաշքով փախել էին Փոլ Փոթի ռեժիմից, պատմեցին Կամբոջայի սարսափելի իրավիճակի, կարմիր քմերների ստեղծած համակենտրոնացման ճամբարներում տեղի ունեցած դաժան կտտանքների եւ սպանությունների մասին: Նրանց ցուցմունքները հերքում էին Արեւմուտքում Փոլ Փոթի ներկայացուցիչները, որոնք պաշտպանում էին նոր իշխանությունների գործողությունները՝ դրանք անվանելով բարեփոխումներ: Ամենավատն այն էր, որ նրանց աջակցում էին ձախակողմյան շվեդները, կոմունիստները, մաոիստները՝ հիմնավորելով, որ կարմիր քմերները կատարել են հեղափոխություն եւ ստեղծում են նոր երկիր՝ նոր կառավարման համակարգով:

Ինձ խորապես հուզեցին բոլոր լսած տեղեկություններս: Կամբոջան վաղուց ինձ համար դարձել էր հարազատ եւ մոտ երկիր: Ուսանողական տարիներից, ուսումնասիրելով այդ երկրի պատմությունը, զարմանում էի, թե որքա՛ն նման են Կամբոջայի եւ Հայաստանի պատմությունը: Երկուսն էլ հին եւ զարգացած քաղաքակրթություններ են՝ հարուստ ավանդույթներով եւ ճարտարապետական գլուխգործոցներով: Մեծ Հայքը եւ Քմերների կայսրությունը: Երկու քաղաքակրթություններն էլ ունեցել են Ոսկեդար՝ թողնելով հրաշալի ժառանգություն: Երկու երկրներն էլ իրենց աշխարհագրական դիրքի եւ արտաքին ճնշումների պատճառով վերապրել են պատերազմներ, ավերածություններ, անկախության կորուստ եւ արդյունքում՝ արտաքին միջամտություն կառավարման մեջ: Եվ վերջապես, երկու երկրներն էլ ենթարկվել են ցեղասպանության եւ զանգվածային ողբերգությունների, թե՛ Հայաստանում, թե՛ Կամբոջայում ամբողջ սերունդներ են բնաջնջվել:

Ժամանակի ընթացքում իմ ընտանեկան եւ մասնագիտական կյանքի իրադարձությունները հետ մղեցին քմերը, բայց ես միշտ ազատ ժամանակս օգտագործում էի կամբոջական հեքիաթները շվեդերեն թարգմանելու համար: Դրանց մի մասը տպագրվել է տարբեր շվեդական ամսագրերում:

–Եվ այսպես, ձեր կյանքի հաջորդ փուլը, մի բոլորովին ուրիշ աշխարհ՝ Շվեդիան: Խորհրդային տարիներին դժվար էր ամուսնանալ կապիտալիստական երկրի քաղաքացու հետ: Ինչպե՞ս արձագանքեցին իշխանությունները եւ ձեր հարազատները:


 Իմ հայ «արքայազնին» երբեք չհանդիպեցի, փոխարենը, բոլորովին անսպասելի, հայտնվեց շվեդը: Մեր պատահական հանդիպումը ճակատագրական դարձավ, այդ երիտասարդն ինձ համոզում էր մոտ մեկ տարի: Հայաստանից հեռանալ չէի ծրագրել, այդ պատճառով երկար ժամանակ չէի կարողանում վերջնական որոշում կայացնել: Երբ, այնուամենայնիվ, որոշեցի ամուսնանալ, բոլոր ազգականներս բացասաբար արձագանքեցին: Բաքվի բարեկամներս ինձ անվանեցին «հայրենիքի դավաճան», իսկ մայրս պարզապես սարսափած էր իմ այդպիսի համարձակ քայլից: Ի տարբերություն Բաքվի՝ Հայաստանում արտագաղթերն ու ներգաղթերը սովորական բան էին, մարդիկ ավելի հանդուրժող էին: Ավելի դժվար եղավ հորս հետ: Նա այնքան երջանիկ էր, որ դուստրը, ավարտելով Լենինգրադի համալսարանը, վերադարձել էր Հայաստան եւ չէր ուզում անգամ լսել օտարերկրացու հետ ամուսնանալու մասին: Նա որոշ ժամանակ հրաժարվում էր հանդիպել կամ խոսել ինձ հետ: Բայց երբ ես վերջապես (ոչ պաշտոնապես) փեսացուիս տարա Սեւան, հայրս եւս տեղի տվեց այդ հմայիչ, բարեսիրտ երիտասարդի ազնվությանը: ԽՍՀՄ-ում 70-ականների կեսերին օտարերկրացու հետ ամուսնանալը թեեւ պաշտոնապես չէր արգելվում, բայց իշխանությունները տարբեր խոչընդոտներ էին ստեղծում, ձգձգում գործընթացը: Զագսում մեզ գրանցեց անբարեհաճ մի կին: Նրա զայրույթն ակնհայտ դարձավ, երբ տեսավ մեր ոչ ավանդական տեսքը. երկուսս էլ ջինսերով ու սվիտրերով էինք: Մանրակրկիտ ստուգելով բոլոր փաստաթղթերը՝ նա չարացած հարցրեց. «Ինչո՞ւ ես շվեդի հետ ամուսնանում: Հայ տղա չգտա՞ր»: «Ցավոք՝ ոչ»,- պատասխանեցի ես:

Շվեդիա եկա 1975-ի ամռանը: Այդ երկրում ամուսնուցս բացի ոչ ոքի չէի ճանաչում, ու շատ զարմացա, երբ շատ չանցած՝ մեր հեռախոսը զնգաց, եւ ամուսինս ասաց. «Քեզ են ուզում»: Տղամարդու ձայնը հայերեն ասաց. «Աղջի՛կ ջան, դու իմ ազգանվանակիցն ես, չկարողացա չզանգահարել ու չասել քեզ՝ բարի գալուստ Շվեդիա»: Դա բարեսիրտ Էմիլ Մինասյանն էր՝ Ստոկհոլմի մեկ տարի առաջ ստեղծված հայկական ընկերակցության հիմնադիրներից մեկը: Պարզվեց, որ սկեսուրս որդու՝ հայ աղջկա հետ ամուսնության մասին հայտարարություն է տվել Շվեդիայի խոշորագույն թերթում՝ նշելով մեր անունները, ուստի ինձ գտնելը դժվար չէր: Այն ժամանակ Շվեդիայում հայերը շատ քիչ էին, առավելագույնը՝ շուրջ հազար հոգի: Նրանք հիմնականում Մերձավոր Արեւելքից էին՝ Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից: Համեմատության համար՝ այսօր Շվեդիայի հայկական եկեղեցում գրանցված է 5002 մարդ, բայց ասում են, որ երկրում ապրող հայերի իրական թիվն առնվազն դրա կրկնակին է:

–Դուք զրուցել եք հայտնի ռուսների հետ Շվեդական ռադիոյի համար…

-Քանի որ Օսլոյից իմ պատրաստած ռեպորտաժը հետաքրքրությամբ ընդունվեց Շվեդական ռադիոյի ռուսական խմբագրությունում, նրանք առաջարկեցին շարունակել համագործակցությունը: Այդ համագործակցությունը տեւեց 13 տարի, խորհրդային տարիներին: Հասցրի պատրաստել բազմաթիվ հաղորդումներ Շվեդիայի եւ Սկանդինավիայի մասին ամենատարբեր թեմաներով, որոնք կարող էին հետաքրքրել խորհրդային ունկնդիրներին: Մեր հյուրերը հիմնականում այլախոհներ կամ ԽՍՀՄ «չվերադարձածներ» էին: Իմ վերջին հարցազրույցներից մեկն Իոսիֆ Բրոդսկու հետ էր: Նրան չհանդիպեցի, բայց հաջողվեց կապվել նրա թարգմանչի միջոցով: Բրոդսկին անձամբ զանգահարեց ինձ ռադիոստուդիա, եւ մենք հրաշալի զրույց ձայնագրեցինք:

Կուրյոզային էր անմատչելի համարվող Ռուդոլֆ Նուրեեւի հետ հարցազրույցս: Գործընկերուհուս հետ եկանք նրա մասնակցությամբ բալետի փորձին: Ինձնից տարիքով մեծ, ավելի փորձառու գործընկերը կոկետությամբ մոտեցավ Նուրեեւին եւ ինչ-որ հարց տվեց: Նա կտրուկ ընդհատեց. «Ես ռուս լրագրողների հետ ռուսերեն չե՛մ խոսում»: Այնուհետեւ վերեւից նայելով ինձ՝ ասաց. «Իսկ դուք ռուս չեք, չէ՞»: «Ո՛չ, ես հայ եմ»: Այդ անտաշ մարդը մինչեւ անգամ զվարթացավ. «Ահա՛, ձեզ հետ ես սիրով կզրուցեմ»: Եվ զրուցեց:

 «Պերեստրոյկայի» շրջանում ԽՍՀՄ-ից սկսեցին գալ եւ այլեւս առանց վախ մեզ հետ զրուցել այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք էին Ալեքսանդր Սոկուրովը, Յուրի Իլյենկոն, Ռոլան Բիկովը, Թենգիզ Աբուլաձեն, Սերգեյ Սոլովյովը եւ այլք:

–Անդրեյ Տարկովսկու օրագրերում Սերգեյ Փարաջանովի առնչությամբ հիշատակվում է Լ. Միկասյանի, այսինքն՝ ձեր անունը (թեպետ՝ տառասխալով): Կպատմե՞ք այդ դրվագի մասին եւս:

-1981-ի ապրիլին Անդրեյ Տարկովսկին շվեդ կինեմատոգրաֆիստների հրավերով ժամանեց Շվեդիա: Իմ շվեդ գործընկերը հեռուստատեսությունից խնդրեց ինձ մասնակցել հարցազրույցին և օգնել ռուսերեն թարգմանության հարցում: Նկարահանման վայր գնալիս ես հարցրի Տարկովսկուն, թե ի՞նչ գիտի Փարաջանովի վիճակի մասին: Հարցազրույցի ձայնագրությունից հետո Տարկովսկին անսպասելիորեն կանգնեցրեց ինձ, հարցրեց՝ հայուհի՞ եմ արդյոք, եւ եռանդով ասաց, որ Փարաջանովին պետք է փրկել, որ նրան դանդաղ սպանում են՝ թույլ չտալով աշխատել: Նա խնդրեց, անգամ պահանջեց, որ ինչ-որ բան անեմ ԽՍՀՄ-ից նրա արտագաղթը կազմակերպելու համար, միգուցե՝ հայկական կազմակերպությունների միջոցով: Իհարկե, ես խոստացա անել հնարավորը: Նա խնդրեց զանգահարել իրեն հյուրանոց եւ թելադրեց լիտվացի իր ընկերոջ տվյալները, որի հետ կարող էի կապ հաստատել ու համագործակցել այս հարցում: Տարկովսկու օրագրում հենց այս մասին էր գրառումը:

Փարիզի՝ արվեստագետների իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունից պատասխանեցին, որ ըստ իրենց ունեցած վստահելի տեղեկությունների՝ Փարաջանովը չի ցանկանում լքել ԽՍՀՄ-ը… Ի վերջո որոշեցի, որ միակ ճիշտ ճանապարհը Թբիլիսի գնալն է՝ անձամբ հանդիպել Փարաջանովին եւ տեղում պարզել իրավիճակը: Նույն տարվա օգոստոսին ես հնգամյա որդուս հետ մեկնեցի Երեւան, ապա ավտոբուսով՝ Թբիլիսի: Այդ ժամանակ վտանգավոր էր նման բան անել արտասահմանյան անձնագրերով, առանց վիզաների, բայց հույս ունեի, որ այդ ավտոբուսներում փաստաթղթերը չեն ստուգի: Ամեն ինչ բարեհաջող անցավ: Հասանք Փարաջանովի տուն, ես բացատրեցի այցիս պատճառը: Նա հաստատեց, որ պատրաստ է անմիջապես մեկնել ԽՍՀՄ-ից, միայն թե իրեն թույլ տան: Բայց երբ պատրաստվում էի հեռանալ, Փարաջանովն ասաց, որ չի թողնի գնալ, որ մենք այժմ իր հյուրերն ենք: Նա տրամադրեց իր սենյակը եւ նույնիսկ մահճակալը: Այդպես անցկացրինք երկու զարմանալի օր՝ լի արկածներով եւ հանդիպումներով նրա բազմաթիվ հետաքրքիր հյուրերի հետ:

Փարաջանովին հանդիպելուց առաջ ես նրա մասին տարբեր բաներ էի լսել, որ նա արտակենտրոն է, էպատաժային, երբեմն՝ կոպիտ եւ անկանխատեսելի: Բայց մենք հանդիպեցինք անսահման բարի, ուշադիր, զվարթ ու տխուր աչքերով մի մարդու: Գուցե նա ավելի մեղմ էր երեխայի ներկայության պատճառով: Նրանք անմիջապես ընկերացան, Դավիթը շատ կապվեց Փարաջանովի հետ, միասին զվարճանում էին: Իմ եւ որդուս մեջ մնացին շատ ջերմ հիշողություններ այդ զարմանալի տոնական մարդուց, որին Դավիթը կոչեց Հրաշագործ:

–Ավելի քան 35 տարի դուք եղել եք հայտնի շվեդ ազգագրագետ Օքե Դաունի կինը, որին երբեմն անվանում են «շվեդական բնավորության գուրու»: Ձեր շնորհիվ նա զբաղվեց նաեւ հայկական հարցով, պայքարեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շվեդիայում, գրեց հոդվածներ հայերի ու ցեղասպանության մասին, ինչի համար երկուսիդ՝ մեծ շնորհակալություն:

-Օքե Դաունը իսկապես մեծ ներդրում ունեցավ Շվեդիայի ժամանակակից ազգագրության զարգացման գործում: Հայտնի է նրա «Շվեդական մտածելակերպը» մենագրությունը, որը թարգմանվել է տարբեր լեզուներով: Գիրքը կա նաեւ հայերեն՝ Աշխեն Բախչինյանի հիանալի թարգմանությամբ: Բոլոր թարգմանություններից նրան հատկապես թանկ էր հենց այս հայերեն տարբերակը: Երբ նա առաջին անգամ ստացավ իր գրքի հայերեն օրինակը, անգամ աչքերը լցվեցին: Օքեն ուսումնասիրում էր Հայաստանի պատմությունը, հատկապես Հայոց ցեղասպանությունը եւ աշխատում էր Շվեդիայում Եղեռնի ճանաչման համար: Նա հոդվածներ էր գրում շվեդական մամուլում, մասնակցում բանավեճերի: Նույնիսկ այդ նպատակով ստեղծեց շվեդահայերի աշխատանքային խումբ: 2010-ի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը (Ռիքսդագը) ընդունեց բանաձեւ, որը ճանաչեց 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն: Դա շատ դրամատիկ քվեարկություն էր: Մենք այնտեղ էինք եւ ականատես եղանք ողջ գործընթացին: Որոշումն ընդունվեց մեկ ձայնի տարբերությամբ՝ 131 պատգամավոր կողմ էին, 130-ը՝ դեմ, 88-ը չմասնակցեց քվեարկությանը: Այս որոշմանը կտրուկ արձագանքեց Թուրքիան. Անկարան հետ կանչեց իր դեսպանին Ստոկհոլմից եւ չեղարկեց վարչապետ Էրդողանի նախատեսված այցը Շվեդիա: Վախկոտ շվեդական կառավարությունը, զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից, հրաժարվեց պաշտոնապես՝ կառավարական մակարդակով ճանաչել սեփական խորհրդարանի որոշումը՝ ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն:

–Թեեւ արդեն կես դար է, ինչ ապրում եք արտասահմանում եւ մեծապես ինտեգրվել եք եվրոպական հանրությանը, ի տարբերություն բազմաթիվ սփյուռքահայերի, դուք դարձել եք Հայաստանի քաղաքացի, գրեթե ամեն տարի գալիս եք հայրենիք եւ ամեն օր հետեւում եք այստեղի իրադարձություններին: Շատերի համար գուցե անընկալելի է այսպիսի կապը հայրենիքի հետ:

– Չնայած հետաքրքրական ու հագեցած կյանքին՝ այս ամբողջ ժամանակ ես ապրում էի Հայաստանի հանդեպ կարոտով: Ավագ որդիս, որը մանկուց ինձ հետ այցելում էր Հայաստան մեր ամենամյա ուղեւորությունների ընթացքում, մի անգամ ասաց. «Մա՛մ, դու նման ես այն տնկիին, որին տեղափոխել են օտար հող, որտեղ նա արմատներ գցել չի կարողանում…»: Երեւի նա ճիշտ է… Ես ինձ այլ կերպ եմ զգում Հայաստանում: Շվեդիայում ապրելու առաջին օրերից սկսած՝ նախընտրում էի զբաղվել հենց Հայաստանի հետ կապված աշխատանքով: Շվեդ զբոսաշրջիկներ էի բերում ԽՍՀՄ, եթե այդ ցուցակում լինում էր Հայաստանը եւ Երեւանը: 1988-ի երկրաշարժից հետո Շվեդական Կարմիր խաչի նկարահանող խմբի հետ այցելեցի Հայաստան՝ նկարահանելու Սպիտակի, Գյումրիի ավերակները, մարդկանց վիշտը, հասկանալու, թե ինչպես է հասնում հումանիտար օգնությունը: Այնուհետեւ մի քանի տարի աշխատեցի շվեդ սոցիոլոգների խմբի հետ, որը Լոռիում պատրաստում էր սոցիալական աշխատողներ:

Մի անգամ կարդացի շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի մասին, որն աշխատել էր հայ երեխաների հետ Մուշի որբանոցում Հայոց ցեղասպանության տարիներին: Սկսեցի հավաքել տեղեկություններ նրա մասին եւ Եղեռնի սարսափների մասին նրա հիշողությունները թարգմանեցի ռուսերեն: Դրանից հետո զբաղվեցի Շվեդիայի արխիվներում ու գրադարաններում Հայոց ցեղասպանության վերաբերյալ այլ նյութեր փնտրելու նպատակով: Գտա այդ ժամանակների բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես նաեւ այլ միսիոներների ու հայ փախստականների հուշեր, որոնք նույնպես թարգմանեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար:

Ինձ միշտ հուզել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Սիրում եմ այցելել Հայաստան եւ տարվա մի քանի ամիսն ապրել հայկական կյանքով: Սիրում եմ դիտել, թե ինչպես է փոխվում հայ հանրությունը, երիտասարդությունը, հատկապես՝ աղջիկները:

Ես կապ չունեմ այն քաղաքի հետ, որտեղ ծնվել ու մեծացել եմ: Դպրոցն ավարտելուց հետո եւ այնտեղից հեռանալուց ի վեր երբեք կարոտ չեմ զգացել: Իսկ այն բանից հետո, երբ այդ վայրագները ոչնչացրին հայկական գերեզմանատունը, մորս գերեզմանը, Բաքուն ինձ համար անիծյալ քաղաք է: Ամաչում եմ, որ իմ անձնագրում նշված է որպես ծննդավայր: Դա խարան է ողջ կյանքիս համար…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Նորա Արմանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Նորա Արմանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով. Ալիև

25/09/2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը առաջ է քաշել միջազգային...

ԿարդալDetails

Մերձավանի սպանության դեպքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. քննիչը հարցաքննել է նրան

25/09/2025

Պետբյուջեի ծախսերը 2026-ին 5 տոկոսով կավելանան, իսկ ռազմական բյուջեն 265 միլիոն դոլարով կպակասի

25/09/2025

Վարչապետը շատ լավ է արել, որ հետևություններ է արել, ես չեմ կարող հետևություններ անել. Սրբուհի Գալյան

25/09/2025

Հայաստանի կառավարությունը քաղաքական դրդապատճառներով բանտարկել է Սամվել Կարապետյանին և վարկաբեկում է Հայ Առաքելական Եկեղեցին. Ռոբերտ Ամստերդամ

25/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական