Համաճարակը մեզնից խլեց շատ սիրելի դեմքեր, շատ սիրելի ընկերներ, որոնց անցումը այս կյանքից, ընդմիշտ բաժանումը մեզնից, երբեմն՝ շատ արագ եւ անսպասելի, պատճառեց, այո, սուր ցավ, որը, սակայն ի տարբերություն այլ պարագաների, եղավ կարճատեւ: Այդպես է լինում բոլոր աղետների ու պատերազմական գործողությունների ժամանակ: Հանկարծահաս մահը դառնում է սովորական, երբ չգիտես` հաջորդ զոհը ինքդ չե՞ս լինելու:
Այդպես եղավ կորուստը Արա Մարտիրոսյանի, ճիշտ մեկ տարի առաջ, վարակակիրների հիվանդանոցում բուժվելիս, ավա՜ղ, նրա ստույգ ապաքինմանը սպասելիս: Եղբայրը` բժիշկ Արթուր Մարտիրոսյանը, եղբոր մահից հետո ստուգել էր նրա բջջային հեռախոսը ու նկատել, որ Արան անընդհատ հետեւել է լրատվությանը, բնականաբար` ներքաղաքական զարգացումներին, թթվածնային քաղցի պայմաններում:
Ավելորդ չէ՞ ասել, որ Արան լրագրող էր նախեւառաջ, թեեւ կրթական պատրաստվածությամբ պատմաբան էր: Քաղաքական ու հատկապես տնտեսական անցուդարձը կլանում էր նրան, ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի, աշխարհի: Գրում էր արագ, կարճ, ըստ էության: Տվյալների ու փաստերի համադրմամբ, սեփական հիմնավոր եզրահանգումներով: Միաժամանակ, լինելով հայրենասեր, ամուր պետականության ջատագով ու պաշտպան, անտեղիտալի, անզիջող կեցվածք ուներ սկզբունքային այդ հարցերում: Չէր հանդուրժում որեւէ այլ կարծիք այդ ուղղությամբ: Ընկերական կապերը խզելու չափ անզիջող էր Արցախի զիջման, թրքամետության, գլոբալիստական ու նման հարցերում:
Ավելորդ է ասել, որ հիմնովին մերժում էր Նիկոլ Փաշինյանի լպրծուն, երկդիմի, մանիպուլացիոն եւ, ըստ ամենայնի, արկածախնդրական արտաքին ու ներքին քաղաքականությունը: Նա ծանր, շատ ծանր տարավ մեր բանակի պարտությունը 44-օրյա պատերազմում: Ծառայած լինելով սովետական բանակում` հասկանում էր նաեւ ռազմարվեստից, լրտեսական մատնչությամբ ու դավաճանությամբ էր բացատրում պարտությունը: Հոգեկան տվայտանքների մեջ էր ընկնում հազարավոր մեր զոհերին ու տարածքային կորուստները հիշելիս: Եվ անշուշտ այդ ցավը իր ազդեցությունն էր ունեցել նրա մարմնի դիմադրողականության անկման վրա:
Ծնվել էր 1970 թ. հունիսի 3-ին, Երեւանում: Միջնակարգ կրթությունն ստացել էր Վ. Թեքեյանի անվան համար 92 դպրոցում: Վաղ տարիքում կորցնելով հորը, ընտանիքին օգնելու նպատակով, Արան ֆիզիկական տարբեր աշխատանքներ է կատարել` ցրիչ, բանվոր եւլն: Ավարտելով դպրոցը ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ապա մեկնել զինծառայության, Լենինգրադի մարզ: Վերադարձին որպես ուսուցիչ աշխատել է Երեւանի համար 121 դրպոցում, միաժամանակ թղթակցել «Հայաստանի Հանրապետություն» թերթին, այնուհետեւ աշխատել ՀՀ Գերագույն խորհրդի լրատվության բաժնում: 90-ականների կեսերին աշխատանքի է անցել «Հանրապետություն» թերթում, իսկ քիչ ավելի ուշ` «Ազգ» օրաթերթում որպես տնտեսական մեկնաբան, զուգահեռաբար որպես դասախոս մինչեւ 2018 թ. աշխատել է Մանկավարժական համալսարանում: Աշխատել է նաեւ, որպես պետի տեղակալ, Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունում: Վերջին տարիներին աշխատանքի էր անցել Yerevan Today լրատվական կայքում, միաժամանակ՝ երբեմն շարունակելով աշխատակցել իր թերթին՝ «Ազգ»ին:
Այսօր Արա Մարտիրոսյանի մահվան տարելիցն է, մեր խմբագրակազմի կողմից սիրված, հարգված, անմոռանալի հուշերով նրա հետ կապվածներիս համար տխրության օր: Հիշում եւ հիշելու ենք նրան: Ցավակցություն իր ընտանիքին եւ մյուս հարազատներին, ընկերներին: