Գեղանկարչությունը արվեստի չափազանց սուբյեկտիվ տեսակ է, դա առավել ցայտուն երեւում է այն նկարիչների մոտ, որոնք ժանրային եւ բովանդակային առումով ընդգծված տարբերվում են ուրիշներից: Այդ առումով մի ողջ ինքնատիպ աշխարհ է Արթուր Օշականցու արվեստը:
Պատմել գեղանկարիչ Արթուր Օշականցու մասին ուղղակի մամուլային հրապարակման մեջ, նշանակում է ոչինչ չպատմել: Նշել փաստերն այն մասին, թե ե՞րբ, որտե՞ղ է կրթություն ստացել, ինչպե՞ս է դարձել աշխարհի համար ճանաչելի նկարիչ եւ գեղանկարչության մեջ նոր ուղղության հիմնադիր՝ էլի ոչինչ չի նշանակում, եթե չես նայել Օշականցու «Հոգեհոսքը», նա այդպես է անվանում իր գեղանկարչությունը: Եւ ուրեմն՝ շատ մանրամասն պետք է տեսնել-դիտել նրա նկարները, վերապրել նրա շքեղ գույները, նրա կտավների թրթիռներն զգալ, այնտեղ թեւածող թռչունների թեւաբախումը լսել, այնտեղ հուշիկ սավառնող հոգիների շրշյունն ու շշունջը որսալ ու այդ բոլորից հետո կարդալ նրա մասին, կամ անգամ՝ լսել նրան: Որովհետեւ կտավները շատ ավելին են պատմում, քան կարելի է գրել նրա մասին, շատ ավելին , քան նա ինքը կարող է ասել իր արվեստի մասին: Կտավները տանում են մի աշխարհ, որտեղ հոգիների նուրբ տարածությունն է, որտեղ շարժումը՝ իմպրեսիան աչքի եւ ականջի համար անտեսանելի-անլսելի հաճախականությունների մակարդակում են, հասանելի միայն նկարչին, չնայած հնարավոր է ենթագիտակցորեն մենք նույնպես այդ բոլորն ապրում ենք, բայց չենք նկատում, ըմբռնում ու որսում: Իսկ ահա Արթուր Օշականցի նկարիչը որսում է դրանք, գունավորում հոգիների շփումն ու տարրալուծումը տիեզերքում, ու նրա կտավները բանալի են դառնում՝ տիեզերքի նուրբ ոլորտներն ընկալելու, հոգիների շփման ու հաղորդակցության կոդերը բացելու: Նրա կտավները հոգու հետ խոսող կտավներ են:
Նրա նկարչությունը ողջ ծավալով ընկալել կարելի է միայն բնօրինակները տեսնելով, միջնորդավորված մատուցման դեպքում համարյա կիսովին կորչում են այդ կտավներում ներկա կենդանի շունչը, դրանցում եղած խորքային վերացարկումները, կատարյալ գույները. վառ, հյութեղ՝ հայոց երկնքին, բնությանը համահունչ գույն ու լույս, այն, ինչ օդանավից իջնելուց վառ աշնանը կշլացնի Հայաստան եկողին՝ ա՛յդ գունապնակը, վերացարկումների, խորհրդանիշների, գույնի ու ասելիքի միաձուլման, հոգու թռիչքի ասելիքով:
Չնայած աշխարհում նրան համարում են գեղանկարչության նոր ուղղության՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՆԱՏՈՒՐԱԼԻԶՄԻ հիմնադիր, այդ մասին հռչակումն արել է Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը՝ մոտ երեսուն տարի առաջ, բայց նրա արվեստանոցներից մեկում (Լոնդոնի եւ Օշականի) հայտնված երջանիկ դիտողի համար պարզ է դառնում, որ նրա նկարչությունը շատ ավելի լայն ժանրեր եւ ուղղություններ ներառող է, վերացական, ֆիգուրատիվ եւ ուրիշ այլ ոճերը համադրող, ներդաշնող: Շատ նկարներում առկա են բազմաթիվ խորհրդանիշներ, այն, ինչ սիմվոլիզմ է կոչվում, օգտագործված են նաեւ նախաքրիստոնեական մեր արվեստի՝ ժայռապատկերների, ինչպես նաեւ քրիստոնեական խորհրդանիշները: Այսինքն՝ պետք է նրա նոր ուղղության հիմնադիր լինելն ընդունել ի գիտություն, բայց նաեւ նրա գեղանկարչությանը նայել ավելի լայն հայացքով:
Արթուր Օշականցին, անշուշտ, մոդեռն նկարիչ է, բայց միեւնույն ժամանակ նրա արվեստի մոդեռն ձեւերի մեջ բոլոր դեպքերում հայկականության, հայրենի գույների, հայրենի խորհրդանիշների եւ փիլիոսոփայության բովանդակություն է առկա: Նա առաջիններից մեկն էր Խորհրդային Հայաստանում, որ նկարել է մեր դրոշի գույներով՝ մեր ինքնության բովանդակությամբ կտավներ, այդ ուղղվածության շարքեր ունի՝ «Հող, ջուր, արեւ»,«Թրատված հոգիներ», եղեռնի թեմայով նկարներ եւ այլն: Եւ Խորհրդային Միության անվտանգության մարմիններին դա դուր չէր գալիս: Այս իմաստով նրա գեղանկարչոթյունը, կարելի է ասել, նաեւ քաղաքական ըմբոստության տարրեր է պարունակել: Եւ նրա վերացական արվեստի խորհրդանիշներում միշտ ներկա են ազգային դաջվածքներ եւ բովանդակություն:
Նրա գույները մեկ ըմբոստ հոգու ճիչ են թվում, մեկ դեպի ներս հայեցողի ներդաշն գունապնակ, մեկ աշխարհի սովորույթներին հակադրվելու համարձակ հայտ, մեկ Հայաստանի երկնքի, բնության, սարուդաշտի կրակվող գույների հրավառություն: Երբեմն նայում ես նրա վերացական կտավին, որտեղ կոնկրետ վերացարկումները արդի թեմաներ ու կերպարներ են ուրվագծում, իսկ մոդեռն ու համարձակ ձեւերը հուշում են աշխարհի քաղաքացու լանախոհություն, մի պահ հետո, սակայն, երկրորդ տեսողությամբ ուզած կտավից հառնում են Հայաստանը, հայկականությունը, հայկական շունչն ու ոգին, որոնք չափազանց վառ, հրաշեկ գույների հետ լցվում են դիտողի հոգին:
«Իմ արվեստը ես ինքս անվանել եմ հոգեհոսք: Ես նկարում եմ ոչ թե ֆիզիկական մարդուն, կենդանուն կամ թռչունին, այլ մարդու հոգին, արարչագործվա՛ծ հոգին, հոգիներին ծավալ, շարժում եմ հաղորդում, գունավորում: Նրանք թռչում են, ներշնչվում մեկը մյուսից, այդ բոլորը ներծծվում է մթնոլորտի մեջ: Դա ի՞նչ է՝ հոգեհո՛սք, ա՛յդ եմ նկարում, հոգիների հոսքն ամբողջ մթնոլորտում: Դրանց տիեզերական բաբախումներն եմ նկարում: Հոգեհոսքը տեսնելու, զգալու, դրան հասնելու համար հարկավոր է ճանաչել նյութականն ու հոգեւորը, նյութականը կյանքն է ՝ մարմինը, կենցաղը, իսկ հոգեւորը մեր ցանկություններն են, երազանքներն են, մեր մտքի եւ հոգու թռիչքն ու հոսքը:
Մի ժամանակ սյուրռեալիզմ էի նկարում , վիշապներ եւ այլն, մուգ գույներ էի օգտագործում: Հիմա այսպես վառ գույներով է իմ հոգեհոսքը: Ես ինձ բազմաոճ եմ համարում, կարելի է անգամ ասել՝ ոճ չունեմ: Իմ ոճն իմ հոգին է, որ ճախրում է, փոփոխվում, գունավորվում, թելադրում, հոսում, դա է հոգեհոսքը: Անցումն այսօրվա իմ նկարչությանը բնական է եղել: Երբ դու ուսումնասիրում ես համաշխարհային արվեստն արդեն գիտականորեն՝ հասնում ես այդ ազատությանը, որ նկարում ես հոգուդ թելադրանքով, քո ներաշխարհի պահանջով, երբ քո ներսի հույզերի լեզվով ես ստեղծագործում: Ես տարբեր ոճերով, գույների տարբեր համադրություններով եմ հասել այս արտահայտչաձեւին, իմ ներսում եղածի ազատ հոգեհոսքին», ասում է նկարիչը:
Միգուցե հենց մեր բնության առանձնահատուկ գույների ու համադրությունների, մեր տեսակի փիլիսոփայությանը հատուկ վերացարկումների շնորհիվ, ի թիվս հոգու հետ կտավներում խոսելու ունակության էր, որ մոդեռնիզմի սառը ձեւերի, արվեստի մեջ մեր ժամանակներում նոր տեխնոլոգիական հնարքների հետեւից ընկած աշխարհում (որոնցից շատերից ինքը՝ նկարիչը եւս օգտվում է, ի տարբերություն հայ նկարիչների զգալի մասի) նրա կտավների ասելիքն ու ինքնատիպությունը, գույների տաքությունը հասկանալի եւ ընդունելի եղան ամբողջ աշխարհում, վերացարկումների խորքային ելակետերը ուշադրություն գրավեցին: Նա ցուցադրվեց տարբեր ցուցասրահներում, նրա կտավները ցրվեցին աշխարհով մեկ, նա մասնակցեց միջազգային բազմաթիվ նախագծերի՝ երիտասարդ ժամանակից ցայսօր: Ու հատկապես նրա արվեստն այսօր հենց արդիական է, այսօր էլ ձգում է մարդկանց ողջ աշխարհում եւ Հայաստանում, նաեւ նրա բնակության երկրորդ վայրում՝ Լոնդոնում: Եվ անկախ արվեստում նրան հեղափոխական համարվելուց՝ նկարիչն ամենուր ընկալվում եւ ներկայանում է որպես հայ նկարիչ՝ հայրենիքի նվիրած վառվռուն գույներով մնացած աշխարհին հասանելի աբստրակտ ենթատեքստերով մատուցելով իր ասելիքը: Այո, նա ճանաչելի ու հայտնի է աշխարհում: Նրա արվեստում դրված կոդերի լեզուն իր ազդեցությունն է թողնում տարբեր ազգերի արվեստասերների եւ նկարիչների վրա:
Դիտելուց հետո անձամբ ինձ երկար հետապնդում են «Թռչուններից ներշնչված» նրա շարքի նուրբ ու երկար թռչնային կտուցները, որոնք թվում են հոգու աշխարհը նրբորեն քչփորող սիրուն քթիկներ, թռչնի աչքի՝ ասելիքը կենտրոնացնող-նայողին սթափեցնող ներկայությամբ, թռչունների նուրբ թեւաբախումներով եւ հպումներով՝ հոգու աշխարհում կատարվողը երեւակելով: Նկարիչն այդ շարքով ներկայացնում է թռչունի թռիչքի վերածված հոգու ազատ թռիչքը, շքեղ գույները ավելի վեր են թռցնում, գունավորում ամեն բան, ազատ թռիչքի մղում:
Այս շարքի յոթ հարյուրակից ավելի գեղանկար, գրաֆիկա, թղթանկար շրջում են աշխարհում, իսկ թեման նկարչին հետապնդում է արդեն քառասուն տարի:
Այս շարքի կտավները, վստահ ենք, շատերի մեջ կարթնացնեն բնության, աշխարհի եւ մարդկային հոգու շփման առարկայական լինելը հայտնաբերելու հաճելի զգացողությունը, եթե կուզեք՝ հայտնագործությունը: Գումարած նրան, որ այդ կտավներում ոչ միայն աբստրակտ նկարիչների սիրած գունախաղերն են սոսկ, այլ նաեւ թռչնաշխարհի, թռչնի կերպարային նուրբ գեղեցկության անգամ ֆիգուրատիվ առկայծումները. այդ գեղանկարներում անգամ սյուժեներ կարելի է փնտրել՝ հոգու վերացարկումներին զուգահեռ, ամեն դիտող իր պատումը կարող է կառուցել՝ իր ներսին համապատասխան, ահա թե ինչու է ժամանակակից արվեստում մոդեռնին ու նոր տեխնոլոգիաներին տրված աշխարհին հասկանալի եւ ըմբռնելի Օշականցու աբստրակտ նկարչությունը, որը մոդեռնի մեջ նաեւ հոգու թռիչքը, հոգու աշխարհը, մարդու, բնության, թռչնի ներաշխարհը շատ առարկայորեն, շատ բովանդակորեն է մատուցում, դրանց մեջ ոչ թե սոսկ անհոգի նորաձեւն առաջնային դարձնելով, այլ բուն հոգին, մարդուն, կենդանի բնությունն ու կենդանի տիեզերքը մոտեցնելով դիտողին:
Առհասարակ՝ նա ստեղծագործում է շարքերով, ենթաշարքերով, մի տանող մոտիվը կարող է հարյուրավոր նկարներում լինել, որտեղ վերացարկումները ենթարկվում են թեմայի թելադրած միասնական համակարգին, մի տեսակ կարծես անընդհատ բացում-ծավալում է իրեն տանջող թեմանշարքի ամեն նոր կտավում նոր տարրեր, նոր իրողություններ ներմուծելով:
Բազմաթիվ այլ շարքեր՝ «Հոգեհոսք» «Մթնոլորտ», «Ավետում», «Դրախտի դարպասներ», «Կյանքի կենարար թրթիռները», շատ ուրիշ շարքեր նույնպես իրենց ելակետից, իրենց պատումից, սկզբնակետից՝ մարդուն տանում են տիեզերք եւ հոգու աշխարհ՝ շքեղ գույների ու ներդաշնակ ձեւերի մեջ:
Անպատրաստ ընթերցողի համար հասկանալի չեմ լինի, եթե չասեմ՝ ո՞վ է Արթուր Օշականցին, որի կյանքն ու ստեղծագործությունը հավասարը հավասարի Լոնդոնում եւ Հայաստանում են ընթանում- ստեղծվում, իսկ ողջ արվեստը՝ մեծ հաշվով հագեցած է հայկականությամբ, հայոց գույներով եւ կոդերով:
Ծնվել է Օշական գյուղում, մեծացել եւ սովորել Երեւանում, ավարտել Մանկավարժական համալսարանի մշակույթի բաժինը: 1980 թվականին վերադարձել է Օշական եւ հիմնել իր արվեստանոցը: Նրա արվեստն արդեն երիտասարդ տարիներին մեծ հետաքրքրություն էր առաջացնում, ես վկայում եմ որպես նրա ժամանակակից, հետո արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի մեջ նոր տաղանդներ եւ հայտնագործություններ հովանավորող երեւանյան մասնաճյուղը կազմակերպեց նրա արվեստի ցուցադրությունը Նյու Յորքում, Չիկագոյում, Դետրոյթում, Միչիգանի համալսարանում, նրա արվեստն ընկալվում էր որպես նորություն, թարմություն հայկական գեղանկարչության մեջ: Ապա եւ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը նրան հռչակեց ԱԲՍՏՐԱԿՏ ՆԱՏՈՒՐԱԼԻԶՄ նոր ուղղության հիմնադիր:
Վերադառնալուց հետո նրան նորից հրավիրել են Գերմանիա, Լեհաստան, ապա եւ իննսունականների սկզբին նրան Լոնդոն հրավիրեց ժամանակակից արվեստի հայտնի պատկերասրահներից մեկը: Լոնդոնում Արթուր Օշականցին ցուցահանդեսներ ունեցավ, մասնակցեց տարբեր նախագծերի, ապա եւ հիմնեց իր երկրորդ արվեստանոցը:
Նրա աշխատանքներն աշխարհի հայտնի եւ Հայաստանի պատկերասրահներում են, նա շատ է աշխատում, շատ ստեղծում, ցուցահանդեսներ բացում ամենուր, նաեւ Հայաստանում: Այս անգամ նա արվեստասերներին հրավիրում է Նկարչի տանը հոկտեմբերի 25 -ին բացվելիք անհատական ցուցահանդես՝ նվիրված իր 70-ամյակին: Արվեստասերների համար հիանալի առիթ՝ հաղորդակցվելու նրա հոգեպարար արվեստին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ