Պատգամավորների՝ անցնող տարվա աշխատանքի լավագույն բնութագիրը սիզիփոսյան աշխատանք դարձվածքն է: 2023-ին երեսփոխաններն, անխոս, ընդունել են նաեւ այնպիսի օրենքներ, որ, գոնե որոշ չափով, մարդակենտրոն են եղել: Դրանից սակայն ՀՀ «հպարտ եւ արժանապատիվ» քաղաքացիներին հուզող անվտանգային եւ սոցիալական բնույթի հարցերը դույզն-ինչ չեն մեղմվել: Հացի գինը չի էժանացել, կոմունալ ծախսերի համար նույն գինն ենք վճարում, աշխատավարձի առյուծի բաժինը վարկի մարմանն է գնում եւ այլն: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա սեպտեմբերի 19-ի Արցախի երկօրյա պատերազմն ու արցախահայության բռնի տեղահանությունը սրբեցին-տարան պաշտպանված լինելու հույսի վերջին հյուլեն:
Եվ չնայած այս ամենին՝ խորհրդարանականները՝ ընդդիմադիր եւ իշխանական, հոխորտալուց չեն հոգնում: Ասես ճոռոմախոսելու մրցույթի մասնակցելիս լինեն՝ զբաղեցնելու պատվավոր 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները. 1-ին տեղում արդեն 5 տարի անընդմեջ նույն պաշտոնյան է:
Խորհրդարանական ընդդիմությանն այս տարի էլ չհաջողվեց հասնել Փաշինյանի հրաժարականին՝ չնայած, որ նրա հեռանալու հրատապության մասին «ուլտրաընդդիմադիրները» խոսում են գրեթե ամեն օր: Բայց խոսելուն զուգահեռ՝ ամեն օր լեգիտիմացնում են ՔՊ-ի իշխանությունն ու մանդատը տաք-տաք գրկած՝ նստում-մնում: Պետության համար ի՞նչ կարեւոր, «դարակազմիկ» քայլ է արել ընդդիմությունը, որ ամեն գնով պահում է մանդատը: Հարցի պատասխանն առ այս պահն ընդդիմադիր որեւէ պատգամավորի շուրթերից չի հնչել: Մարդիկ պարզապես չեն ցանկանում կառավարման քաոս ստեղծել եւ արար աշխարհին ցույց տալ, թե ինչպես է «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի «ժողվարչապետն» առանց իրենց, միատարր կառավարում երկիրը: Կամ էլ գերադասում են աշխարահին ցույց տալու փոխարեն՝ աշխարհն իրենք տեսնեն՝ տարատեսակ գործուղում-վոյաժների մեկնելով: Հոգ չէ, թե Հայաստանի պետականությունը, իրենց իսկ բնորոշումով, մազից է կախված, կարեւորն իրար «պաս տալով», մարդկանց էլ խաբս տալով՝ կեղծ օրակարգեր գեներացնելն է:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ