Ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում, ապրիլի 23-ին Բաղդադում տեղի ունեցած բանակցություններն Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման նոր հեռանկար են ուրվագծում:
Իրանն ու Սաուդյան Արաբիան, դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր, անցնող 90 տարիների ընթացքում երբեք բարեկամական հարաբերություններ չեն ունեցել, եւ երբեք էլ, ինչպես վերջին հինգ տարիներին, երկկողմ հարաբերություններն այսչափ լարված ու թշնամական չեն եղել:
Ընդհանուր առմամբ, Իրանն ու Սաուդյան Արաբիան իսլամական աշխարհի որոշակի հատվածներում միմյանց նկատմամբ մրցակցային դիրք են զբաղեցնում, որոնց մղած պրոքսի հակամարտությունը պայքար է հանուն տարածաշրջանում ազդեցության ամրապնդման:
Թեհրանն ու Էր Ռիադը հակամարտող կողմերին օժանդակություն են ցուցաբերում ոչ միայն Սիրիայում, Եմենում եւ Իրաքում: Երկու երկրների հրահրմամբ հակամարտությունները տարածվում են նաեւ Բահրեյնի, Լիբանանի, Քաթարի, Պակիստանի ու Աֆղանստանի խնդիրների վրա:
Իրանի բարձրաստիճան հոգեւորականների համոզմամբ, սաուդցիները հարում են իսլամի աղանդավորական ուսմունքին: Նույն կարծիքին են նաեւ սաուդցիներն Իրանի պաշտոնական կրոնի՝ իսլամի տասներկուական շիայի մասին:
Եմենում Իրանի հետ պրոքսի պատերազմը հյուծիչ հետեւանքներ ունի Սաուդյան Արաբիայի համար, որը ո՛չ կարող է հրաժարվել այդ պատերազմից, ո՛չ էլ ի վիճակի է հասնել պատերազմի միջոցով իր առջեւ դրված նպատակներին: Սակայն, Իրանը կարող է օգնել Սաուդյան Արաբիային՝ դուրս գալ այդ պատերազմական ճահճից: Շարունակելով պատերազմը, Սաուդյան Արաբիան նաեւ վնասներ է կրում նավթի արտահանումից:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը ներկայումս մտահոգվելու պատճառներ շատ ունի: Մտահոգության առիթներից մեկը, եւ թերեւս ամենագլխավորը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածությունն է, որի հիմնական պատճառը Ուկրաինա ներխուժման համար Ռուսաստանին չդատապարտելն ու նավթի արտահանման ծավալներն ավելացնելու Վաշինգտոնի պահանջից հրաժարումն էր: Չինաստանի նախագահին Էր Ռիադ հրավիրելու, ինչպես նաեւ նավթի գները ռուսական ռուբլիով եւ չինական յուանով հաշվարկելու եւ Եմենի հարցում Իրանի հետ համաձայնության գալու մասին Սաուդյան Արաբիայի պատրաստակամությունը նույնպես ԱՄՆ-ի հետ լարվածության առիթներից կարելի է համարել:
Անշուշտ, երկկողմ հարաբերությունների բարելավումից շահում է նաեւ տնտեսական պատժամիջոցների բեռի տակ գտնվող Իրանը:
Իրան-Սաուդյան Արաբիա երկկողմ հարաբեությունների բարելավումն Իրանի համար շահեկան է նաեւ այն առումով, որ Թեհրանն իր հարաբերությունները կկարողանա կարգավորել նաեւ Էր Ռիադի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող մյուս արաբական երկրների հետ:
Այսպիսով, ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում, որոշ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար կարծես նոր հեռանկարներ են ուրվագծվում:
Անշուշտ, տարբեր ժամանակահատվածներում թե՛ Թեհրանի, եւ թե՛ Էր Ռիադի կողմից հարաբերությունները բարելավելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, սակայն այդ ձեռնարկումները երբեք էլ գոհացուցիչ արդյունք չեն ունեցել:
Դեռեւս նախորդ տարվա ապրիլին, Իրաքում Իրանի դեսպանը պաշտոնապես հաստատել էր Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների բարելավմանն ուղղված իրաքյան կողմի միջնորդական առաքելության մասին մամուլում շրջանառվող լուրերը, եւ ողջունել Բաղդադի նախաձեռնությունը:
Եվ ահա, աշխարհաքաղաքական վերափոխումների նախաշեմին, երբ այլեւս Սաուդյան Արաբիան իրեն պարտավորված չի զգում հանդես գալ ամերիկյան կողմից, իսկ Իրանն էլ՝ ռուսական կողմից, երբ ԱՄՆ նախագահը նավթի արտահանման ծավալների ավելացման պահանջ է դնում Էր Ռիադի առջեւ, Իրանն ու Սաուդյան Արաբիան ակամայից հայտնվում են գրեթե նույն՝ Ռուսաստանի շահերն սպասարկող ճամբարում:
Չնայած բանակցությունների վերջին՝ հինգերորդ փուլի մասին շրջանառվող տեղեկատվությունը բավարար չէ երկխոսության ընթացքի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար, սակայն Եմենի հարցի օրակարգում հայտնվելու փաստն ինքնին վկայում է այն իրողության մասին, որ Իրանն այս անգամ Եմենի խնդրում նահանջ է արձանագրում:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդին վերագրվող «nournews» կայքի փոխանցմամբ, մոտ ապագայում, երկու երկրների արտգործնախարարները նույնպես հանդիպում կունենան (հավանաբար Բաղդադում): Նույն աղբյուրը բանակցությունների 5-րդ փուլի մթնոլորտը «դրական» է գնահատել:
Հավելենք նաեւ, որ պաշտոնական Թեհրանը, Իրանի ԱԳ նախարարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեի շուրթերով, դրական է գնահատում Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների՝ օրերս Բաղդադում կայացած հինգերորդ փուլը:
Միջնորդի դերում հանդես եկող Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնն էլ խոսել է Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցություններում 10 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության գալու մասին:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ, դիվանագետ