Իրանի նկատմամբ Իսրայելի գործադրած ռազմական ագրեսիայով պայմանավորված՝ լարվածությունը տարածաշրջանում գնալով ավելի է ահագնանում:
Կա տեսակետ, որ եթե ԱՄՆ-ը չներքաշվի Իրանի ու Իսրայելի միջեւ ընթացող ռազմական գործողությունների մեջ, ներկա ինտենսիվությամբ բախումները որոշ ժամանակ անց դադար կարձանագրեն: Դա հնարավոր կլինի չեզոք միջորդների գործադրած ջանքերի շնորհիվ: Սակայն, ձեռք բերված հրադադարի կյանքը չի կարող հարատեւ լինել:
Իսկ եթե այնուամենայնիվ Իսրայելին հաջողվի Միացյալ Նահանգներին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, այդ դեպքում լարվածությունը տարածաշրջանային բնույթ կստանա: Նման պայմաններում ռազմական գործողությունների վտանգը կտարածվի նաեւ տարածաշրջանի մյուս երկրների վրա:
Այս պահին թեեւ ԱՄՆ պաշտոնապես չի ներքաշվել հակամարտության մեջ, սակայն նախագահ Թրամփի խոսույթի նոր շեշտադրումները վկայում են նման մտադրույթյան, կամ առնվազն՝ Իսրայելի հետ Իրանին պարտադրվող լուծումների շուրջ համատեղ ռազմավարություն մշակելու մասին:
Իսկ հակամարտող կողմերի ռազմավարական դաշնակիցներն ու նրանց հետ տարբեր մակարդակի հարաբերություններ հաստատած երկրները, ուշի ուշով հետեւելով իրադարձությունների զարգացման ընթացքին, պատարստվում են հստակեցնել իրենց դիրքորոշումները թե՛ մեկի եւ թե՛ մյուսի նկատմամբ:
Չինաստանը զենք է մատակարարում Իրանին, Պակիստանը հանդես է գալիս Իսրայեին դատապարտող ու մինչեւ վերջ Իրանին սատարելու մասին հայտարարություններով: Ֆրանսիան պաշտպանում, իսկ Հայաստանը դատապարտում է Իսրայելին: Ադրբեջանը կոչ է անում Իսրայելին՝ չհարձակվել Իրանում բնակվող ադրբեջանցիների վրա…
Նման պայմաններում միջազգային հարնությունն իր հայացքը հառել է դիվանագիտությանը, հույս ունենալով, որ միգուցե քաղաքական միջոցներով հնարավոր լինի կանխել ահագնացող պատերազմի վտանգը: Անշուշտ, քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է հակամարտող կողմերի առջեւ բանակցությունների դուռ բացելու փորձ անել:
Ռուսաստանի միջնորդական հնարավորությունները
Առաջիններից մեկը ՌԴ նախագահ Պուտինն է հանդես եկել միջնորդական առաքելություն ստանձնելու առաջարկով, ինչը շուրջ երեք տարի ձգվող պատերազմի մեջ հայտնված Ռուսաստանի համար տարօրինակ էր թվում: Դրանով հանդերձ, ներկա պայմաններում Ռուսաստանը կարող է հուսալի միջնորդներից մեկի դերում հանդես գալու հայտ ներկայացնել: Իրանի հետ սերտ հարաբեիրությունների եւ Իսրայելի հետ ակտիվ դիվանագիտական կապերի շնորհիվ, Ռուսաստանը առանցքային դեր ստանձնելու հավակնություններ ունի:
Մոսկվան առաջարկել է Իրանում հարստացված ուրանի պաշարները պահեստավորել Ռուսաստանի տարածքում: Դրանով Ռուսաստանը Արեւմուտքին ուղերձ է հղում, որ դեռեւս դիվանագիտական ոլորտում կարող է դերակատար լինել: Միեւնույն ժամանակ, Մոսկվան Թեհրանին հասկացնել է տալիս, որ հավատարիմ է Իրանի նկատմամբ ստանձնած իր դաշնակցային ու գործընկերային պարտավորութնյուններին:
Կանադայում անցկացված G7 գագաթնաժողովին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր տարակուսանքն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահն այդ հակամարտության մեջ ինչպես կարող է միջնորդի դեր ստանձնել: Ըստ վերջինիս, «եթե ռուսական կողմը մտադիր է ճիշտ գործ անել, նախ պետք է Ուկրայինայի հետ ռազմական բախումները դադարեցնի»:
Նույն դիրքորոշումն ունի նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Գերմանիայի ու Ֆրանսիայի դիրքորշումներին համահունչ է նաեւ Եվրոմիության տեսակետը, որի հրապարակած հայտարարության մեջ խոսվում է Մոսկվայի կողմնակալ մոտեցման մասին:
Թուրքիայի հնարավոր միջնորդությունը
Ռուսաստանի եւ Ուկրայինայի միջեւ միջնորդական առաքելության հարթակ տրամադրելու հարցում ձախողված փորձերից հետո, Թուրքիան դարձյալ աշխատում է ի ցույց դնել իր դիվանագիտական կարողությունները:
Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է իր նպաստը բերել լարվածության թուլացման գործին, հավելելով, որ Իրանին ուղղված Իսրայելի հարձակումների հետեւանքերը միան իրանցիներին չեն վերաբերում:
Իսլամադավան Թուրքիան կրոնապետական կարգերով կառավարվող Իրանի համար հանդուրժելի միջնորդ դառնալու լուրջ հավակնություններ ունի: Միջնորդական դեր ստանձնելու հարցում Թուրքիան կարծես Արեւմուտքի համար էլ ընդունելի թեկնածու կարող է համարվել:
Ի դեպ, Պուտինն ու Էրդողանը հեռախոսակապով քննարկել են Իրան-Իսրայել բախումների հարցը եւ դատապարտել Իրանին ուղղված Իսրայելի հարձակումները: Երկուսն էլ Իսրայելի ռազմական գործողություններն «անօրինական վարքագիծ» են անվանել:
Այլ միջնորդներ
Ավելի տրամաբանական կարող են թվալ Օմանի ու Քաթարի միջնորդական ջանքերը:
Իրանի ու Օմանի միջեւ բարեկամական հարաբերությունները խոր արմատներ ունեն: Հակառակ մի շարք արաբական երկրների, Օմանը մշտապես աշխատել է բնականոն ու չափավոր հարաբերություններ պահպանել Իրանի հետ: Օմանը անցնող մի քանի տասնամյակների ընթացքում աշխատել է տարածաշրջանում հավասարակշռող երկրի դեր խաղալ, եւ հակառակ տարբեր քաղաքական բեւեռներին հարած արաբական երկրների, Օմանը, շնորհիվ իր անկողմնակալ ու չեզոք կեցվածքի, Իրանի հետ կարողացել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել: Նույնիսկ Իրան-Իրաք պատերազմի տարիներին Օմանին հաջողվել էր հակամարտող կողմերի միջեւ չեզոքություն պահպանել: Այդ պատճառով, էլ Իրան-ԱՄՆ միջնորդավորված հանդիպումներ անցկացնելու համար, Իրանի տեսակետից, ամենաընդունելի միջնորդական հարթակը հենց Օմանն էր:
Իսկ Քաթարը միջնորդական առաքելության ասպարեզում նորահայտ ուժ է համարվում: Քաթարին մինչ այսօր հաջողվել է մի շարք կոնֆլիկտային հարցերում դրական արդյունք արձանագրել: Դոհան կարողացել է աջակցել տարբեր երկրների միջեւ ռազմագերիների փոխանակմանը, ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, Թալիբների հետ բանակցությունների անցկացմանը: Քաթարը լավագույնս տիրապետում է միջնորդավորված բանակցությունների մեխանիզմին ու կարողացել է հուսալի եւ վստահելի գործընկերոջ համբավ վաստակել:
Հուսադրողն այն է, որ ըստ ABC news-ի, ԱՄՆ-ի հետ ընդհատված հանդիպումները շարունակելու եւ Իսրայելի հետ բախումներին վերջ դնելու համար, Թեհրանն իր պատրաստաակմությունն է հայտնել վերսկսելու բանակցությունները ԱՄՆ-ի հետ: Նույն լրատվական կայքը հավելում է, որ առաջիկա 24 եւ 48 ժամերը վճռորոշ են լինելու դիվանագիտական բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու համար:
Հավանաբար հենց այս ընթացքում էլ կպարզվի միջնորդական առաքելություն ստանձնող երկրի անունը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ





