Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իսլամական Համագործակցության Կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների ղեկավարների՝ նոյեմբերի 12-ին Ռիադում կայացած գագաթնաժողովի աշխատանքների ավարտից հետո, անդրադառնալով գագաթնաժողովի շրջանակներում ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ երկկողմ հանդիպմանը, հայտարարեց, որ իր իրանցի գործընկերը Թուրքիա կայցելի նոյեմբերի 28-ին:
Իրանի ու Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի հանդիպման համար հարթակ էր հանդիսացել նաեւ նոյեմբերի 9-ին Տաշքենդում անցկացված Տնտեսական Համագործակցության Կազմակերպության՝ ԷԿՕ-ի 16-րդ գագաթնաժողովը:
Իրան-Թուրքիա հարաբերությունների զարգացման սահուն ընթացքի բացակայության պատճառով, նախագահների մակարդակով Անկարայում հանդիպում կազմակերպելու համար երկու երկրների նախագահների աշխատանքնային օրակարգում մինչեւ վերջերս հնարավոր չէր գեթ մեկ օր հստակեցնել: Էբրահիմ Ռայիսիի՝ Թուրքիա այցելության հետաձգման բազմաթիվ պատճառներից էր նաեւ Իսրայելին մերձենալու Թուրքիայի քաղաքականությունը: Եվ քանի որ Իրանն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից ելնելով, տարբեր երկրների հետ իր երկկողմ հարաբերությունները կարգավորելիս, կամ բազմակողմ հարաբերությունների ձեւաչափում խնդրարկու երկրի տեղը ճշգրտելիս, առաջին հերթին նկատի է առնում այդ երկրի հարաբերությունների մակարդակն Իսրայելի հետ, ուստի Թեհրանը չէր կարող անտարբեր մնալ Անկարայի՝ Թել Ավիվի հետ մերձենալու քաղաքական ռեւերանսների նկատմամբ:
Սակայն Գազայի պատերազմի ընթացքում Իսրայելի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության փոփոխությունը կարծես հող է նախապատրաստում Թեհրան-Անկարա հարաբերությունների բարելավման համար, որի մասին է վկայում Էբրահիմ Ռայիսիի Թուրքիա այցելության ժամկետի հստակեցումը:
Անտարակույս, Թեհրանի տեսադաշտից չի վրիպում Գազայում հրադադար հաստատելու եւ գերեւարված պատանդների ազատ արձակման ուղղությամբ Անկարայի գործադրած ջանքերը: Իրանը նաեւ բարձր է գնահատել, որ Թուրքիայի նախագահը Իսլամական Համագործակցության Կազմակերպոըւթյան (ԻՀԿ) գագաթնաժողովին ՀԱՄԱՍ կազմակերպությանը «ահաբեկչական խմբավորում» չի անվանել:
Ըստ ամենայնի, Իրանն ու Թուրքիան այսօր փորձում են, օգտվելով Գազայում տեղի ունեցող իրադարձություններից, լուծել երկկողմ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող խնդիրները:
Ուշագրավն այն է, որ արաբական աշխարհին չպատկանող, սակայն պաղեստինյան հարցում որոշակի շահեր հետապնդող Իրանն ու Թուրքիան, թեեւ Գազայի պատերազմում պաղեստինցիներին պաշտպանելու հարցում նույնաբովանդակ հռետորաբանությամբ են հանդես գալիս, սակայն Պաղեստինի թնջուկի լուծման վերաբերյալ հակասական դիրքորոշում ունեն. Թուրքիան կողմնակից է 1967 թվականի սահմաններով Պաղեստինի անկախ պետականության ձեւավորմանը, իսկ Իրանն ընդհանրապես դեմ է Իսրայելի գոյությանն ու հանդես է գալիս մահմեդականներով, հրեաներով ու քրիստոնյաներով բնակեցված ընդհանուր պետության գաղափարի օգտին:
ՀԱՄԱՍ-ին պաշտպանելու հարցում նույնպես Թուրքիայի եւ Իրանի մոտեցումները չեն համընկնում: Իրանի ու ՀԱՄԱՍ-ի միջեւ գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները համեմատելի չեն Թուրքիա-ՀԱՄԱՍ հարաբերությունների հետ:
Եթե Գազայի պատերազմը հանգեցնի Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների խզմանը, Իրանը մեծապես կշահի դրանից: Սակայն Էրդողանի մոտ առայժմ նման միտում չի նկատվում: Վերջերս Էրդողանն ասել է, որ իբրեւ բանակցող կողմ, ինքը Նեթանյահուին չի ընդունում, միեւնույն ժամանակ նշելով, որ Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը շարունակում է իսրայելցի պաշտոնատար անձանց ու ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ շփումներ ունենալ: Էրդողանը նաեւ հայտարարել է, որ չի պատրաստվում վերջնականապես խզել իր հարաբերություններն Իսրայելի հետ:
Երկկողմ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է: ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի Թուրքիա նախատեսված այցի ընթացքում կարող են քննարկման դրվել քրդական հարցով պայմանավորված՝ սահմանային անվտանգությանը, Թուրքիայի կողմից համատեղ ջրային պաշարների միակողմանի օգտագործմանը, ռուս-ուկրաինական պատերազմի հարցում երկու երկրների հակադիր ճամբարներում գտնվելուն, հարավկովկասյան հարցերում Թեհրանի ու Անկարայի հակասական մոտեցումներին, ինչպես նաեւ Թուրքիայի գլխավորությամբ Իրանում ծավալվող պանթյուրքական նկրտումներին ընդդիմանալու Իրանի քաղաքականությանը վերաբերող խնդիրներ: Սակայն երկկողմ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող գլխավոր հարցը վերաբերում է Գազայի ճգնաժամով պայմանավորված՝ թուրք-իսրայելական երկխոսությանը, որն, ըստ ամենայնի, կազմելու է բանակցությունների առանցքը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ