«Ջումհուրիյեթ» թերթի հոդվածում ուշագրավ դիտարկումներ են արվում
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում հրավիրվել էր Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի «3+3» ձեւաչափով հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարները: Հանդիպումից երկու օր անց հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են այն պնդումները, թե իրենց երկիրը կարող է ուժ կիրառել Հայաստանի տարածքով միջանցք բացելու համար: Այդ ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Polվtico-ին ասել է, որ իրենք մտադիր չեն հարձակվել Սյունիքի վրա, որովհետեւ «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը եւ հավելել.«Փոխարենը մենք կարող ենք դա անել Իրանի հետ»:
Սակայն, հակառակ Հաջիեւի հայտարարությանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոլորովին այլ բան էր ասել: Նախքան նրա ասածներին անդրադառնալը, նշենք միջանցքի առնչությամբ «Անադոլու» գործակալության սեպտեմբերի 25-ի դիտարկումը, համաձայն դրա «Թուրքիան եւ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանքի» հարցը բարձրացրել են 2020-ի «ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո», որը պետք է անցնի Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանը «հակադրվում է այս միջանցքի բացմանը, քանի որ դա ինքը չի վերահսկելու», բայց չի առարկում բացել հաղորդակցության ուղիները»:
Գալով Էրդողանին, նա այս հարցը բարձրացրել էլ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ, ապա սեպտեմբերի 25-ին` Նախիջեւանում, ուր մեկնել էր շնորհավորելու Ալիեւին սեպտեմբերի 19-20-ի «հակաահաբեկչական գործողություններում» ձեռք բերած «հաջողության» համար, որտեղ նա, ըստ թուրքական «Էվրենսել»-ի, ասել էր. «Մենք ի սկզբանե պաշտպանել ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացի ծավալումը, սակայն Հայաստանը չկարողացավ օգտվել պատմական այս հնարավորությունից: Դրա համար անշուշտ սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր տված խոստումները, հատկապես «Զանգեզուրի միջանցքի» բացմանն առչվող»:
Էրդողանի վերոհիշյալ ելույթի առումով «Էվրենսել»-ին լրացնում է «Անադոլու» գործակալությունը, ըստ որի Թուրքիայի նախագահը մատնանշել է. «Այս (Զանգեզուրի) միջանցքի օր առաջ բացումն ապահովելու համար ամեն ջանք գործադրելու ենք: Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսանկյունից խիստ կարեւոր այս միջանքի բացումը ռազմավարական խնդիր է, ուստի դրա բացումը պարտադիր պիտի ապահովվի: Դրանով Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը շատ ավելի կհզորանա: Ողջունելի են միջանցքի առնչությամբ Իրանից մեր ստացած ազդակները»:
Էրդողանն այդ ազդակների մասին էլի է նշել, բնութագրելով դրանք ավելի քան դրական: Սակայն ինչպիսին էլ լինեն դրանք, Իրանը Թուրքիային միջանցք չի տրամադրում, այլ տարանցիկ ուղի, որը բաց է բոլոր երկրների առջեւ, որտեղ տրասպորտային անցումը մաքսային ռեժիմն է կարգավորում է, ինչը միանգամայն շահավետ է Իրանին, որովհետեւ Ատրպատականում անցուդարձը վերահսկելու հնարավորություն է տալիս իրանական կողմին, ընդ որում առանց ինքնիշխանության փոխանցման: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքին» հակադրվելիս, բազմիցս հատուկ ընդգծել է. «Հայաստանի ինքնիշխան տարածքում որեւէ միջանցք չի կարող բացվել»:
Ի դեպ՝ դրա նախադեպը ռուս-թուքական համագործակցությամբ գործի է դրվել տարիներ առաջ Իդլիբի շրջանում, Հալեպը Միջերկրական ծովի հետ կապող M 4 մայրուղու վրա: Այդ միջանցքը նույնպես հինգ կմ լայնություն ունի, որի հյուսիսային հատվածում պարեկություն են անում թուրքական, իսկ հարավային՝ ռուսական զորքերը, որքան էլ Իդլիբը Սիրիայի տարածք է, այնտեղ սիրիական զորքեր բացարձակապես չկան:
Ելնելով Ռուս-թուրքական սերտ համագործակցությունից, որը ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Ալեքսանդր Դուգինի բնութագրմամբ առավել արդյունավետ դրսեւորվել է Հայաստանի պարագայում, միանգաման հնարավոր է, որ Իդլիբի տարբերակը կիրառվի Զանգեզուրում, որտեղ միջանցքի պարեկությունը ռուսական զորքերը համատեղ իրականացնեն թուրքականների հետ: Այդ դեպքում Հայաստանը կզրկվի Իրանի հետ ընդհանուր սահմանից, դրանով կվերածվի կամազուրկ պետության:
Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման դեպքում այնտեղ կհաստատվի ո՛չ թե մաքսային, այլ ռազմական ռեժիմ, որի տնօրինությունը կստանձնեն ռուս-թուրքական զորքերը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի միջանցքի վրա Հայաստանի ինքնիշխանության վերացմանը, մանավանդ մեր ռազմավարական դաշնակիցը Զանգեզուրում երկու միջանցք է նախատեսել, երկուսն էլ 5 կմ լայնությամբ: Հետեւաբար, որքան էլ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը ասի, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը եւ իրենք կարող ենք դա անել Իրանի հետ», իրանական անցուղին չի կարող համարժեք լինել միջացքին, հետեւաբար «Զանգեզուրի միջանցքը» կշարունակի պահպանել ինչպես Ադրբեջանի եւ Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերում:
Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի հեղինակ դոց. Գյոքթուրք Թույսուզօլուի «Իրանը կարո՞ղ է այլընտրանք լինել Զանգեզուրի միջանցքին» խորագրով հոդվածին, որը հոկտեմբերի 18-ին արտատպել է Կ. Պոլսո պատրիարքրանի «Հայ Թերթ» կայքէջը: «Ջումհուրիյեթ»-ը ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափողն է: Թեեւ Հայաստանի հարցում թուրք ընդդիմադիրների դիրքորոշումը չի տարբերվում իշխանությունների դիրքորոշումից, այնուամենայնիվ Թույսուզօլուի հոդվածը կարեւոր ենք համարում Թուրքիայի հակահայաստանյան դիրքորոշման մասին մեր պատկերացումներն ամբողջացնելու առումով: Ահա թե ինչ է գրել հեղինակը.
«Իրանն Ադրբեջանի հետ համաձայնության է եկել Զանգեզուրի միջանցքին այլընտրանք մեկ այլ երթուղու շուրջը: Այս նոր երթուղին, որ Իրան-Ադրբեջան սահմանին Արաքսի վրա կառուցվող կամուրջով ինտեգրվելու է նախագծին, նախատեսում է Նախիջեւանը միացնել Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի հետ:
Թուրքիայի աջակցությունը եւս վայելող այս երթուղին ինքնիշխանության փոխանցման որեւէ խնդիր չի առաջացնում: Դրա գործարկումը ինքնաբերաբար օրակարգից հանելու է Հայաստանով (Սյունիք/Զանգեզուրով) անցնող «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը: Սակայն Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավումից հետո Հայաստանում ծայր արած գործընթացը, որ ծանր կացության մեջ է դրել Փաշինյանին, մասնակի թուլացրել է «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ պահանջները»:
Բաքու-Թեհրան հարաբերությունները
Հայաստանի տարածքներն օկուպացնելու Ադրբեջանի պատրաստակամության շուրջը եվրոպական մայրաքաղաքներում եւ ԱՄՆ-ում շրջանառվող պնդումների ստեղծված բացասական տպավորությունն, Երեւանի հետ Թեհրանի կապերի ընդհատումն ու Թուրքիա-Ադրբեջան անմիջական սերտ կապի ըմբռնումը, որպես սպառնալիք, հետին պլան է մղել «Զանգեզուրի միջանցքը», դրա փոխարեն առաջարկվում է Իրանի միջանցքը եւ փորձ է արվում դա ներկայացնել Բաքու-Թեհրան հարաբերությունները նորմալացնելու, ինչպես նաեւ Անկարայի եւ Բաքվի կողմից Թեհրանին գործընթացից չօտարելու, առնվազն վերջինի հետ համագործակցելու պատրաստակամությունն ապացուցելու դրսեւորում:
Թեհրանը, մտահոգված Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության ի վնաս իր երկրի փոփոխման հավանականությունից, ուստի նախընտրեց Բաքվին հակադրվելու փոխարեն վերջինի հետ համագործակցելու ուղին բռնել: Ղարաբաղը վերադարձնելուց հետո, երբ Ադրբեջան-Իրան սահմանն անցավ Բաքվի վերահսկողության տակ, իսկ Ռուսաստանը, նախապատվությունը տալով Բաքվին` հավանություն տվեց «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, պայմանով, որ դա ինքը վերահսկի, նաեւ Իսրայելի բարեհաճ վերաբերմունքը Բաքվին, ստիպեցին Թեհրանին, որ Բաքվի հանդեպ որդեգրի ոչ թե հակամարտելու, այլ համագործակցելու դիրքորոշում:
Տնտեսական շահը
«Զանգեզուրի միջանցքի» առումով կարեւոր է Հայաստանում առկա լարվածության թեկուզ մասնակի թուլացումը, այս երթուղու գործարկումից ստանալիք տնտեսական շահի Երեւանում գիտակցումը եւ Ռուսաստանի ու Հայատանի միջեւ միջացքի ինքնիշխանության հարցում ծավալվող տարաձայնության հաղթահարումը: Ռուսաաստանը պնդում է, որ միջանցքի անվտանգության ապահովումը, ըստ 2020 թ. եռակողմ հայտարարության, ռուս սահմանապահներին է հանձնարարված: Հակառակ դրան, Փաշինյանն առաջ է քաշում այն տեսակետը, թե Զանգեզուրը Հայաստանի ինքնիշխան տարածքն է, հետեւաբար այնտեղ կարող է լինել ոչ թե միջանցք, այլ ռուսների կամ որեւէ երրորդ կողմի ազդեցությունից դուրս տրանսպորտային անցուղի: Այս հարցում Երեւանի մոտեցումները հակասում են Մոսկվայի մոտեցումներին, իսկ Ադրբեջանը գտնում է, որ այդ հարցը պետք է հուզի Ռուսաստանին եւ Հայաստանին:
Էներգակիրների փոխադրման ուղիները
Բաքուն եւ Անկարան, վերջ տալու համար Նախիջեւանի էներգետիկ կախվածությանը Իրանից, սկսել են Ադրբեջանի գազը Իգդիրով Նախիջեւան փոխադրող խողովակաշարի շինարարությունը: Ենթադրվում է 2024-ին ավարտել Իգդիր-Նախիջեւան գազամուղը: Այսպիսով տարածաշրջանում կվերանա Իրանից կախվածության կարեւորագույն եւս մեկ օջախ:
Կարճ ասած, ներկա պահին Զանգեզուրում թեեւ որեւէ զարգացում չի նշմարվում, սակայն ետնաբեմում միջանցքի առումով որոշակի քայլեր, այնուամենայնիվ ձեռնարկվում են:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ