Նոյեմբերի 20-ին նա կրկին արծարծեց միջանցքի հարցը
«Զանգեզուրի միջանցքը» 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար դարձել է հարավկովկասյան գլխավոր առաջնահերթությունը: Նա մերթ ՀՀ կառավարությանը հիշեցնում է «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում տված «խոստումը» կատարելու մասին, ինչպես սեպտեմբերի 25-ին Նախիջեւանում էր արել, մերթ պահանջ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, որ բացի այդ միջանցքը, որքան էլ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարություններով պաշտոնապես բացառի Հայաստանի ինքնիշխան տարածքում որեւէ միջանցքի տրամադրումը այլ երկրին:
Նոյեմբերի 20-ին նախարարների խորհրդի նիստում Էրդողանը կրկին անդրադարձավ «Զանգեզուրի միջանցքին» եւ թուրքական մամուլի վկայությամբ ասաց՝ «Արեւմուտքում որոշ ուժեր առ այսօր չեն կարողանում ըմբռնել, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասում սկզբնավորվել է նոր ժամանակաշրջան: Նրանք, ովքեր տարիներ շարունակ հրահրելով Հայաստանին, տարածաշրջանի բոլոր բնակիչներին հանուն քաղաքական նպատակների վշտի եւ զրկանքների մատնելիս, իրականում ամենամեծ վնասը պատճառել են հենց հայերին: Նրանք իրականացումն անհնար երազանքներով հայերին շահագործեցին, օգտագործեցին եւ անպաշտպանած վիճակում թողեցին: Ժամանակն է, որ այս իրողությունը վերջապես գիտակցի նաեւ Հայաստանը եւ ընդունի, որպեսզի հայ ժողովուրդն ու նրա ղեկավարները իրենց անվտանգությունը հազարավոր կմ հեռավորության վրա որոնելու փոխարեն, որոնեն իրենց հարեւանների հետ հաշտության եւ համագործակցության մեջ: Արեւմտյան երկրների տրամադրած զենքն ու զինամթերքը չի կարող երաշխավորել այն ապահովությունը, ինչ տարածաշրջանում երաշխավորելու է մնայուն խաղաղությունն ու կայունությունը: Մեր մեծագույն ցանկությունն այն է, որ Հայաստանը, տարվելով անիրական երազանքներով, 30 տարի հետո ի հայտ եկած հաշտության այս շանսը նորից անտեղի չի վատնի: Այստեղից մեկ անգամ եւս Ադրբեջանի մեկնած ձեռքը սեղմելու կոչ եմ անում Հայաստանին: Միաժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի անունից կրկնում եմ համագործակցության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու մեր պատրաստակամությունը»:
«Զանգեզուրի միջանցքի» թուրք-ադրբեջանական կամ ռուս-թուրքական վերասկողությամբ գործարկման պարագային Հայաստանը, ինչ խոսք, կզրկվի Իրանի հետ ընդհանուր սահմանից եւ կվերածվի կամազուրկ պետության: Էրդողանի խնդիրը, սակայն, սոսկ Հայաստանին կամազուրկ պետության վերածելը չէ, այլ գիտակցելն այդ միջանցքի առանցքային դերը Հարավային Կովկասի անցուղիների մեջ, որի վերահսկողությունը Թուրքիայի առջեւ կբացի տարածաշրջանի մնացած անցուղիները եւս վերահսկելու, ինչպես նաեւ Նախիջեւանից Մեղրիի տարածքով Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապ հաստատելու հեռանկարը:
Ցամաքային այդ կապն օգտագործելու միջոցով Թուրքիան է՛լ ավելի կամրապնդի իր դիրքերը Ադրբեջանում, դա նրան հնարավորություն կտա տարածելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում, որ այնտեղից ներթափանցի Միջին Ասիայի թյուրքալեզու հանրապետություններ: Դեպի Միջին Ասիա առաջխաղացումը թուրքական պետության վաղեմի երազանքն է եւ այդ խնդիրը դեռեւս անտեղի շրջանառության մեջ չի դրվել Օսմանյան կայսրության ժամանակներում: Հարավային Կովկասն ազդեցության տակ վերցնելով Թուրքիային կհաջողվի չեզոքացնել նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում հրավիրված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում առաջ էր քաշել ՀՀ վարչապետը:
Սակայն նախագծի չեզոքացումը Թուրքիային ամենեւին չի ազատի Չինաստանի հետ անխուսափելի մրցակցությունից, որովհետեւ չինացիներն արդեն ամուր դիրքեր են հաստատել Միջին Ասիայում: Ի վերջո գոյություն ոնի «ռեալ պոլիտիկ» հասկացությունը: Սա այն քաղաքականությունն է, որը տվյալ պետությունը վարում է ելնելով երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական, առավել եւս ֆինանսական կարողություններից եւ պարտադիր հաշվի է առնում միջազգային իրավիճակի առանձնահատկությունները: Այլ կերպ՝ Թուրքիայի կարողությունները չեն համապատասխանում ո՛չ Հարավային Կովկասն ազդեցության տակ վերցնելու, ո՛չ Միջին Ասիայում ամուր դիրքեր հաստալու, ոչ էլ Չինաստանի հետ թյուրքալեզու հանրապետություններում մրցակցելու Էրդողանի առաջադրանքի պահանջներին:
Ավելին՝ եթե անգամ բացվի «Զանգեզուրի միջանցքը», ապա նա ստիպված կլինի միջանցքի վերահսկողության շուրջը մրցակցել նաեւ Ռուսաստանի հետ, մանվանդ որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գլխավորությամբ Եվրոպական միության հարաճուն ակտիվությունը տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու նրանց վճռականությունը, հետզհետե սպառնալիքի տակ են դնում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում: Քանի որ Ռուսաստանի միակ հենարանը Հարավային Կովկասում Հայաստանն է, ուստի դրանով ինքնաբերաբար սպառնալիքի տակ է հայտնվում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը ողջ Հարավային Կովկասում: Թերեւս դրա չեզոքացման հրամայականը, Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանի համար դարձնում է ավելի քան «կենսական»:
Ահա թե ինչու Արցախի Հանրապետության լուծարումից հետո Ռուսաստանը սկսում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին Զանգեզուր տեղափոխելու հաշվարկներ անել: Ռուսաստանի Հարավային Կովկասից հեռանալու մտավախությունը էլ ավելի է խորանում վարչապետ Փաշինյանի սեպտեմբերի 11-ի հայտարարությամբ. «Եթե ՌԴ խաղաղապահները հեռանան Լեռնային Ղարաբաղից, նրանք չեն կարող տեղափոխվել Հայաստան, այլ պետք է տեղափոխվեն Ռուսաստան»:
Այլապես Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին, ինչպես armlur.am -ն է նշել, 2021թ. ապրիլի 22-ին հենց Սյունիքի մարզում չէր հայտարարի. «ԱՄՆ-ն չի կարող անտարբեր մնալ Սյունիքի մարզին: Այստեղով անցնում է Հայաստանի ու Իրանի սահմանը, այստեղ է կտրվում «թյուրքական աշխարհը»: Այստեղ է պատրաստվում «Մեղրիի միջանցքը» Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության վերահսկողությանը փոխանցելու ծրագիրը, ինչը համազոր է Հայաստանի հարավային սահմանի եւ ինքնիշխանության կորստին»:
Կովկասը նրան որպես յուրատեսակ կամուրջ է ծառայում Մերձավոր եւ Միջին Արեւելք ներթափանցելու ճանապարհին, որտեղ ի դեմս Ռուսաստանի, թերեւս դրա չեզոքացման հրամայականը գործարկման առումով Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանի համար ավելի «կենսական» է դարձնում, քան Նախիջեւանը Ադրբեջանին կապող իրանական անցուղին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ