2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյուքններն իմանալուց հետո կարծում էի, թե խորհրդարանական ընդդիմությունը, մեկ մարդու նման, կհրաժարվի մանդատներից: Դա, առաջին հերթին, խորհրդարանական ճգնաժամի կհանգեցներ, եւ հետո՝ միջազգային բոլոր տեսակի հանդիպումների ժամանակ մեն-միայնակ մնացած «Քաղաքացիական պայմանագիրը» ստիպված կլիներ բացատրություն տալու, թե ինչո՞ւ է միանձնյա կառավարում երկիրը: Երբ տեսակետս հայրենի ընդդիմադիրներից մի քանիսի մոտ բարձրաձայնեցի, ինձ հակադարձեցին, թե Ազգային ժողովում այնպիսի ելույթներով ու թրատող ապացույցներով են քննադատելու իշխանությանը, որ կարճ ժամանակ անց հասարակությունն արտահերթ նոր ընտրություններ է պահանջելու:
Գոնե ես հասկանում ու գիտակցում էի, որ ընդդիմությունը մանդատից չի հրաժարվի, որովհետեւ նախկինում զգացել է դրա քաղցրությունը, հարմարավետությունը, դրանից բխող հնարավորությունները, ծառայողական ավտոմեքենաները, պարգեւավճարները, հավելավճարներն ու, ի վերջո, «վոյաժները»:
Նախորդ տարի այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նույն ոճով, ձեռագրով, անգամ խզված ձայնի նմանակմամբ Երեւանի փողոցներում «սիթի-տուր» անող ընդդիմադիրներն այս օրերին նորից խորհրդարանում են: Տեւական ժամանակ Փաշինյանից «խռով» մնալուց հետո՝ իրենց մեջ բավարար ուժ են գտել եւ օրերս մասնակցում էին կառավարության հետ հարցուպատասխանին: Այն, ի դեպ, բավական անվրդով մթնոլորտում ու առանց «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» արտահայտությունների էր ընթանում: Տպավորություն էր, թե հարցուպատասխանին մասնակցող «Հայաստան» խմբակցությունը («Պատիվ ունեմը» չէր մասնակցում, երեւի դեռ փոքր-ինչ նեղսրտած է Փաշինյանից) նիստը հանգիստ ու խաղաղ մթոնոլորտում անցկացնելու մասով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ ներքին պայմանավորվածություն ուներ:
Անկեղծ ասած՝ հասկանալի է, թե ինչո՞ւ է ընդդիմությունը փորձում «չափերը չանցնել» ու ավելորդ անգամ չներվայնացնել Փաշինյանին. նրանցից շատերը բիզնես (հաճախ մի քանի) ունեն, որոշները՝ մի քանի յուղոտ անշարժ գույք ունեցող նախկին պաշտոնյաներ են, որոշներն էլ՝ իրավական տարբեր գործընթացներով են անցնում:
Ընդդիմությունը մանդատներից չհրաժարվելու մեկ այլ պատճառ-արդարացում էլ ունի, ինչի մասին բարձրաձայն խոսելուց ամաչում է: Բանն այն է, որ նախընտրական ցուցակները կազմելիս՝ հաշվի չեն առել, որ մանդատից հրաժարվելու հարց կարող է առաջ գալ ու ցուցակում ներառել են այնպիսի մարդկանց, որոնց կուսակցության կամ դաշինքի լիդերները չեն ճանաչում, անգամ՝ ո՛չ տեսել են, ո՛չ՝ լսել նրանց: Եվ եթե հանկարծ օրերից մի օր (իհարկե ես դա գրեթե բացառում եմ) ընդդիմադիրները հայտարարեն, թե հրաժարվում են մանդատներից, ապա ցուցակի մեջ ընդհանուր որոշմանը դեմ դուրս եկող ու խորհրդարան գնացողներ, այնուամենայիվ, կգտնվեն: Եվ դա, ինչ-որ տեղ, արդարացի կլինի, քանի որ նախընտրական ցուցակ կազմելը պարապ գործ չէ, որ «ոտքի վրա, ձեռքի հետ» եւ առանց տվյալ մարդուն ճանաչելու որոշես՝ ում ընդգրկես այդտեղ, ում՝ ոչ:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ