ԵՐԵՎԱՆ-ԲՈՒԴԱՊԵՇՏ- Իմոլա Լազարը հունգարացի նկարչուհի է, մասնագիտացած արծնապատումի (էմալապատում) մեջ: Ծնվել է Տրանսիլվանիայի (Ռումինիա) Ռեգին քաղաքում, այժմ ապրում է Բուդապեշտում: Ստացել է մանկավարժական կրթություն, այնուհետ սովորել է իրավաբանություն, իսկ ավելի ուշ՝ ինտերիերի դիզայնի դասընթացին մասնակցելիս, տիրապետել է արծնապատման արվեստին: Նրա աշխատանքները ցուցադրվել են Հունգարիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Գերմանիայի, Ավստրիայի քաղաքներում:
–Հարգելի՛ Իմոլա, դուք մասնագիտացած եք արծնապատման՝ արվեստի քիչ տարածված մի տեսակի մեջ: Հունգարական արծնապատումը միջնադարից սկսած եղել է երկրի գեղարվեստական ժառանգության կարեւոր մասը: Հայտնի է Կեչկեմետում անցկացվող արծնապատման արվեստի միջազգային համաժողովը: Ժամանակակից ի՞նչ միտումներ են ձեւավորում հունգարական ժամանակակից արծնապատումը:
-Հարգելի՛ Արծվի, ես չեմ հետեւում ժամանակակից միտումներին: Արծնը ես կիրառում եմ յուրահատուկ ձեւով: Օրինակ, իմ աշխատանքները համատեղում եմ նանոտեխնոլոգիայի զարգացումներին, փորձարկում եմ, թե ինչպես է արծնն իրեն «զգում» ջրային միջավայրում կամ նույնիսկ կիրառում եմ կանանց սպիտակեղենի կամ մոտոցիկլետների վրա: Ինչ էլ որ մտքովս անցնի՝ ինձ համար միտում է: Ես այսպես եմ գործում, որովհետեւ այդ կերպ ինձ լավ եմ զգում: Ես իմ ապրանքանիշը նույնպես այս կերպ եմ ստեղծել:
–Կարծում եմ, որ դուք նոր գույներ եք ներմուծել հունգարական արծնապատման արվեստ ձեր հայկական մոտիվներով՝ ավանդույթը միախառնելով ժամանակակից գեղարվեստական նորարարություններին: Հրաշալի է, որ Հունգարիայում ծնված երկու արվեստագետներ նորովի են մեկնաբանում հայ միջնադարյան գեղանկարչությունը՝ Էրմոնե Զաբել Մարթայանը՝ ապակու վրայի նկարչության, իսկ դուք՝ արծնապատման արվեստի միջոցով: Հայկական թեմայով ի՞նչ գործեր եք ստեղծել մինչ այժմ:
-Դպրոցում նախ միայն փոքրիկ կախազարդեր ու զարդեր էինք ստեղծում: Իմ առաջին նշանակալից աշխատանքը կատարեցի երկրորդ տարում, երբ Հունգարիայի հայ ազգային ինքնավարությունն ինձ հանձնարարեց ստեղծել հայերեն Աստվածաշնչի արծնապատված պատկեր: Լինելով հայազգի` սիրով ընդունեցի մարտահրավերը, որի արդյունքում կայացավ հիսուն արծնապատված նկարներից բաղկացած մի շարք: Այդ ժամանակից ի վեր հավատարիմ եմ այս գեղարվեստական ուղղությանը: Հայերեն Աստվածաշնչի իմ պատկերներից մեկը գտնվում է Ս. Էջմիածնի թանգարանում, մեկն էլ՝ Վատիկանում: Ավելի ուշ ստեղծեցի արծնապատված հայոց այբուբենը, որն այժմ պահվում է Սեչենյիի Ազգային գրադարանում: Իսկ դրան հաջորդեցին հայ թագավորների եւ հայկական քաղաքների զինանշանների արծնապատված աշխատանքները:


–Ինչպիսի՞ն է հունգարացի նկարչի կյանքն այսօր, որքանո՞վ է նրա աշխատանքը պահանջված եւ ինչպե՞ս եք ներկայացնում այն աշխարհին:
-Դժվար է, ինչպես ընդհանրապես յուրաքանչյուր արվեստագետի կյանքը: Բայց ես ընտրել եմ այն, քանի որ սիրում եմ: Կարելի է ասել, որ դա բավարարվածության մի ձեւ է, բայց ես ինձ շատ ավելի լավ կզգայի, եթե ֆինանսապես նույնպես գնահատվեի: Հայկական աստվածաշնչյան շարքի իմ գործերից շատերը վաճառքի ենթակա են: Այսօր, սոցիալական մեդիայի ծաղկման պայմաններում, գրեթե բոլորը ապրանքները վաճառվում են առցանց: Բայց դա ինձ չի վերաբերում: Ես հավատում եմ մարդկանց միջեւ անձնական շփումներին, շնորհանդեսներին, աճուրդներին…
–Դուք նշեցիք, որ հայկական ծագում ունեք: 1848 թվականի հունգարական հեղափոխության հերոսներից էր Վիլմոշ Լազարը: Դուք նրա գերդաստանի՞ց եք:
-Այո՛: Գնդապետ Վիլմոշ Լազարը եւ գեներալ-լեյտենանտ Էռնո Կիշը, երկուսն էլ նահատակված 1848 թվականի Արադի հեղափոխության ժամանակ, զարմիկներ էին: Ես այդ երկուսի շառավիղն եմ: Նրանք Տրանսիլվանիայի Լազար հայ ազնվական տոհմից էին: Ի թիվս այլ գործերի, մեր ընտանիքի շնորհիվ է կառուցվել Գյորգյոզենտմիկլոշի հայկական եկեղեցին: Եկեղեցու պատին այսօր էլ կարելի է տեսնել մեր տոհմի զինանշանը:
–Երբեք չեմ մոռանա, թե ինչպես երբ մենք առաջին անգամ զրուցեցինք տեսազանգով եւ ես մեր պատուհանից ցույց տվեցի Արարատ լեռը, դուք չկարողացաք զսպել ձեր արցունքները: Չտիրապետելով հայոց լեզվին, չլինելով հայադավան, չունենալով հայկական անուններ, սովորություններ, դուք՝ հայկական արմատներով հունգարացիներդ, այնուամենայնիվ, դեռ պահպանում եք պատմական հիշողությունը: Ինչպե՞ս է հնարավոր ուծացման փուլ մտնելուց հետո դարեր անց պահպանել որոշակի հայկական ինքնություն:
-Վերոնշյալ նախնիներս իմ մայրական տատիկի՝ կոմսուհի Մարիա Լազարի կողմից են: Մանկությանս տարիներին նա ինձ շատ է պատմել հայերի մասին: Երբ մի անգամ տատիկիս ցույց տվեցի իմ նկարած խաղողի վազերն ու բույսերի մոտիվները, նա ժպտաց եւ ինձ ցույց տալով նույն ձեւավորումներով մի ասեղնագործություն՝ ասաց. «Պատահական չէ, դա քո արյան մեջ է», որից հետո սկսեց պատմել հայկական պատմություններ: Նույնիսկ նրա պատրաստած ուտեստները հայկական համ ունեին: Եթե կարող եմ այսպես ասել, ապա մենք ճաշակել ենք ուրիշների համեմատ տարբեր՝ տրանսիլվանա-հունգարա-հայկական համեր:
–Այո՛, գիտեմ, որ հունգարահայերի հետնորդները մինչ օրս պատրաստում են անգաջապուր հատուկ տոնական ուտեստը, որը պահպանվել է միայն նրանց մեջ եւ, իմ ենթադրությամբ, գալիս է դեռ Անիի թագավորության ժամանակներից…
-Ի թիվս այլ բաների, Հունգարիայում հենց անգաջապուրն է հայկական «հուշումներից» մեկը: Ես այն պատրաստում եմ մինչ օրս: Նրա հիմնական բաղադրամասը՝ հուրուտը (չորթան), շարված է իմ մառանի դարակի վրա: Բնականաբար, չենք մոռանում նաեւ լցոնած խաղողի տերեւները՝ առատ սխտորով, որ հունգարացիներն անվանում են տոլթիքե (տոլմա): Համե՜ղ է: Աստվածայի՜ն համ ունի: Եվ սա ընդամենը սառցալեռան գագաթն է: Բայց բավական է մեզ նայել, եւ մեր դիմագծերն ու խառնվածքը մատնում են մեր ծագումը: Եվ ես հպա՛րտ եմ դրանով…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ