Գովք ծերության
Ծերության գովքն անելու պատճառները շատ են: Ծերանալը, նախ երկար ապրելու եւ երկարակյաց ընտրյալների շարքին դասվելու միակ միջոցն է: Ուստի ծերությունից խուսափել, նշանակում է հրաժարվել անցյալը փորփրելու եւ եզրահանգումներ անելու համար նախատեսված կյանքի կարեւորագույն հատվածից:
Իր ապրած 79 տարիների ընթացքում ծերության խորիմաստութունն ընկալած Համո Սահյանը երկարակյաց ընտրյալների շարքին դասվելու ցանկությունը մտքում փայփայելով՝ դիմել է Նորին Գերազանցություն ժամանակին ու խնդրել՝
Առ քո թեւերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Ողբերգական մահվան հետեւանքով երկարակյաց ընտրյալների շարքը չհամալրած Պարույր Սեւակի անկատար երազանքն էլ ծերանալու բախտին արժանանալն էր՝
Ես կուզեի հիմա լինել ծեր ու տկար,
Ապավինած միայն անցյալների հուշին,
Ծերությանը ձգտելու մասին կարող է վկայել նաեւ ծերակույտին, կամ ինչպես ասում են՝ պառլամենտների վերին պալատին անդամակցելու պատվին արժանանալն ու ազնվականությանը ձգտելու հեռանկարը:
Բացի այդ, ամենապատվաբեր ածականներից է «իմաստուն» որակումը, որը կարծես հատուկ ստեղծվել է «ծերություն» գոյականի համար:
«Ծեր» բառից նաեւ կարծես «հնության» ու «փորձառության» հոտ է գալիս»: Չէ՞ որ ծերն ու հինը, «ծերն» ու «փորձառությունը» գրեթե հոմանիշներ են: Տարբեր լեզուներում «ծեր» բառի հոմանիշների շարքը լրացնող «հին» բառը դրա մասին են վկայում:
Դրա մասին է վկայում նաեւ հնդեվրոպական նախալեզվի ger «ծերություն» արմատից հայերենին անցած բնիկ հայկական «ծեր» բառի ծագումը, որի մյուս ժառանգներից է սանսկրիտերեն «հին» իմաստով jar հոմանիշը:
Ինչպես «ծեր», այնպես էլ՝ «հին» հոմանիշի արժանիքների մասին են վկայում նաեւ «հին ընկերները չեն դավաճանում», «հնից լավը չկա», «ամեն ինչի նորը, ընկերության` հինը», «մոռացված հինը ժամանակակից նորն է» եւ հայերեն այլ արտահայտություններ:
Ծեր իմաստով իրանական աղբյուրից փոխառված «պառավ» եւ նույն նշանակությամբ վրացերենից հայերեն մուտք գործած «բիձա» բառերի շնորհիվ էլ հայերենը տարբերակում է «ծեր» բառի երկու սեռային դասերի պատկանելությունը. Իր կնոջը դիմող տարեց տղամարդը օգտագործում է «պառավս» փաղաքշական դիմելաձեւը, իսկ երիտասարդական տարիքը վաղուց հաղթահարած տատիկն էլ իր ամուսնուն՝ «բիձաս» գորովական մակդիրը:
«Ծերունազարդ» ածականն էլ իր գոյության համար պարտական է պատվավոր տարիքի հասած ծերունու պատկառանքին:
Այո, ծերությունը կյանքի այն երանելի հատվածն է, երբ դու գտնվում ես կենսափորձով վաստակած փառքի գագաթնակետին, եւ այլեւս մտերիմների նոր շրջանակ փնտրելու, ուրիշներին հաճոյանալու, եւ որ ամենակարեւորն է՝ կարիերայի հետեւից գնալու կաիրքը չունես:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ