Մահակի ու բլիթի քաղաքականություն
Պատժելու միջոցները բազմաթիվ են. կարելի է պատժել մահակով, գավազանով, խարազանով, ականջը ոլորելով, անկյուն կանգնեցնելով, ապտակելով, հանդիմանելով, տնտեսական պատժամիջոցներ կիրառելով, մտրակով, (ասոցացվելով այն միջոցի հետ, որով կարելի է ստիպել համառ ավանակին տեղից շարժվել)…
Իսկ խրախուսման միջոցները խիստ սահմանափակ ու անհրապույր են: Օրինակ՝ անգլոսաքսոնները խրախուսման համար ընդամենը ստեպղին, գազար (carrot) են առաջարկում, սլավոնները՝ քաղցրաբլիթ (), իսկ իրանցիները՝ նավթ ու գազ:
Հայերս էլ խրախուսելու համար կարող ենք ջերմուկ կամ ծիրանի չիր, նաեւ Արեւմուտքից ներմուծված ժողովրդավարություն առաջարկել: Թեեւ պատժի ու խրախուսման հայտնի մեթոդը (մահակի ու բլիթի քաղաքականությունը) շարունակում է կայուն տեղ զբաղեցնել նաեւ մեր լեզվի դարձվածաբանական «զինանոցում»:
Սակայն Հայաստանում պատժի ու խրախուսման մեթոդների մեջ գնալով ավելի է կարեւորվում Արեւելք-Արեւմուտք հակադրությունը՝ Արեւելյան կողմնորոշումը պատժելու, իսկ Արեւմտյանը՝ խրախուսելու համար:
Պատժի համար նախատեսված մեր հարուստ զինանոցում ունենք նաեւ «գավազան» կոչված պատժարար գործիքը, որը թեեւ իշխանության խորհրդանիշ է, բայց դատելով բառի իրանական աղբյուրից փոխառված լինելու հանգամանքից, (որտեղ gav-ը կով է նշանակում, իսկ zan բաղադրիչն էլ` «քշել»), պարզ է դառնում, որ այս իշխանական խորհրդանիշը ո՛չ թե մարդ պատժելու, այլ եզ քշելու համար է:
Խարազանն էլ նույն կազմությունն ունի, այն տարբերությամբ, որ բառի մեջ gav-ի (կով) փոխարեն, xar (էշ) արմատն է դոմինանտ տեղ զբաղեցրել, ինչը մեզ հուշում է, որ այդ պատժիչ ապարատը էշերին քշելու եւ վարելու համար է նախատեսված, այլ ոչ թե մարդկանց պատժելու:
Պետք է փառք տանք Ամենաբարձրյալին, որ Աճառյանը «ՄԱՀԱԿ» բառն իրանական աղբյուրից փոխառված լինելու մասին ոչ մի ապացույց չի գտել (թեեւ բառի [-ակ] վերջավորությունը համառորեն դրա մասին է վկայում): Հակառակ դեպքում, մեր լեզվում եղած բոլոր պատժիչ միջոցները (ներառյալ Հայաստան ներմուծվող գազը) իրանական պիտի լինեին:
Ի դեպ, լեզվաբանների մոտ ապացուցման կարիք ունեցող ենթադրություններ կան, որ ՊԱՏԻԺ-ը նույնպես իրանական աղբյուրից է:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ