Կիրակի, 16 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Ձայն բազմաց…

Ըստ Աստվածաշնչի, առաջին ստի հեղինակը Սատանան է՝ օձի կերպարանքով: Օձը խաբում է Եվային՝ ասելով, թե Աստծո պատվիրանին չհնազանդվելով՝ մահկանացու չի դառնա (Ծննդոց, գլուխ 3):

Սա համարվում է աշխարհի առաջին սուտը:

Դրանից հետո մարդկությունը դարձել է բազմաթիվ այլ ստերի հեղինակ, որոնցից են՝

–  պատժից խուսափելու համար հորինված մանկական պատմություն,

–  նյութական շահագրգռվածությունից ելնելով տրված կեղծ վկայություն,

–  կոմպրոմատների ազդեցության տակ ստորագրված ղազագիր,

–  նախընտրական խոստում,

–  մանիպուլյացիա,

–  պոզավոր սուտ,

–  Տերյանական «քնքուշ սուտ»:

Կա նաեւ «հաշվենկատ սուտ» անվանումը կրող տարատեսակ, որը դրսեւորվում է այն դեպքերում, երբ վերադասիդ խոսքից ու արարքից սրտխառնոց ես զգում, բայց չես կարողանում արտահայտվել, անգամ ստիպված ես ժպտալ, երբեմն էլ՝ գովեստի խոսքեր շռայլել: Նման դեպքերում իմացիր, որ դու արդեն կորցրել ես քո արժանապատվությունը եւ դարձել «հաշվենկատ» ստի համահեղինակներից մեկը:

Այդ կարգի պատվազուրկ մարդկանց ժամանակին նկատել է Պարույր Սեւակը եւ փաստն արձանագրել հետեւյալ տողերում՝

Նա, ով ելել է շալակն աշխարհի,

Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,

Գիտի, թե ո՛ւմ հետ եւ ու՛ր է գնում,

Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,

Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում…

Ստերի շարքում տարածված է նաեւ «սուտմեռուկ» կոչվող հնարքը, երբ կատվի (վերադասի) հետապնդումներից հալածվող մուկը (կամ մկնային նկարագրով ստորադասը) դիմում է այդ հնարամտությանը եւ ժամանակավորապես փրկում իր կյանքը:

Սակայն կյանքում լինում են պահեր, երբ բազմություն դառնալու հայտ ներկայացրած ամբոխի անդամներից մեկը համարձակվում է բացականչել՝

«Թագավորը մերկ է»:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ