Փրկենք հայկական բառերը անհետացումից
Ամեն անգամ, երբ մեր հարուստ բառապաշարից մի բառ գործածությունից դուրս է մնում, մեծ ցավ եմ ապրում:
Հերթական անգամ նման ցավ ապրեցի, երբ իմացա, որ խնդիր է դրվել փոխել «մարտունակ բանակ» հասկացությունը՝ այն փոխարինելով «պաշտպանունակ բանակ» բառակապակցությամբ: Այդ մտահղացումը կյանքի կոչելու համար երկու հիմնավորում է ներկայացվել. դրանցից մեկը տեղորոշման բացակայությունն է, իսկ ավելի փաստարկված ու համոզիչը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս հայկական բանակի առաջ դրված խնդրի բացակայությունը: Ասվել է նաեւ, որ նոր մոտեցումը կնպաստի խաղաղության եւ անվտանգության պահպանմանը՝ միաժամանակ ամրապնդելով երկրի պաշտպանական համակարգը:
Անշուշտ, ասվածի մեջ կուռ տրամաբանություն կա: Միայն մնում է գեղեցիկ ու բարձր տրամադրություն ապահովող «մարտունակ» ածականի գործածության համար նոր ոլորտ գտնել ու լուծել դրա տեղորոշման հարցը:
Ցավոք, «մարտունակ» բառը մեր հայկական ֆուտբոլի հետ էլ չի կապակցվում (այդ ոլորտին ավելի շուտ կպատշաճեր «պարտունակ» բառը):
Սակայն իմ պրպտումների արդյունքում վերջապես կարողացա գտնել մի ոլորտ, որը միանգամայն ի զորու է փրկելու «մարտունակ» բառը անհետացումից:
Այո, դուք ճիշտ եք. այդ բարեհունչ ածականն իր կայուն տեղը կարող է զբաղեցնել միմիայն «մարտունակ ոստիկանություն» բառակապակցության մեջ, քանի որ «պաշտպանունակ ոստիկանություն» արտահայտությունը վաղուց ի վեր կորցրել է իր երբեմնի գործառութային ոլորտը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
			 
     
			





