Ինտուիցիա
Մանկուց ինձ մշտապես ուղեկցել է Նորին Գերազանցություն ներքին ձայնս: Կյանքիս ամենաճակատագրական պահերին, երբ երկընտրանքի առաջ էի կանգնում, նա ինձ օգնության էր հասնում ու ճիշտ խորհուրդներ տալիս հորդորում, կոչ անում, երբեմն էլ պարտադրում էր իր թելադրանքով որոշումներ կայացնել:
Օրինակ, սպորտաձեւ ընտրելու հարցում Ներքին ձայնս ինձ խորհուրդ տվեց լողի փոխարեն գնալ գիմնաստիկայի: Նույնը պատահեց երաժշտական գործիք ընտրելու հարցում, եւ նրա շնորհիվ դաշնամուրի փոխարեն ընտրեցի բանջոն:
Մասնագիտություն ընտրելիս Ներքին ձայնս դարձյալ իր դերում էր խորհուրդ տվեց չգայթակղվել ոսկե սարերի խոստումներով եւ սթափ կողմնորոշվել: Ես լսեցի նրան ու չսխալվեցի:
Ներքին ձայնս ամուսնանալու պահին էլ ստանձնեց արդար խորհրդատուի դերը եւ օգնեց ճիշտ ընտրություն կատարել՝ երաշխավորելով իմ խաղաղ ու երջանիկ կյանքը:
Նա իմ կողքին է եղել նաեւ բոլոր քաղաքական անցուդարձերի ու վայրիվերումների ժամանակ իր խորհուրդներով ու հորդորներով փակել է քաղաքական խարդավանքների մեջ հայտնվելու բոլոր հնարավոր դռները, թույլ չի տվել կուսակցականացվել:
Նորին Մեծությունը հիմա էլ քնած չէ. սթափ հետեւում է իմ բոլոր արարքներին ու, հարկ եղած դեպքում, փակում է սայթաքումներիս ճանապարհը:
Սակայն շուտով ընտրելու ենք մեր ապագան կերտող քաղաքական ուժին: Ու ես մտահոգ եմ իմ խորհրդատու՝ Ներքին ձայնի ճակատագրով: Համոզված եմ, որ նա այդ օրերին էլ սթափ հետեւելու է իմ արարքներին ու, ինչպես միշտ, խորհուրդներ է տալու, հորդորելու է, կոչ է անելու, ինչու չէ՝ նաեւ պարտադրելու է ընտրել այս կամ այն քաղաքական ուժին:
Վախենում եմ՝ հանկարծ իմ եւ Ներքին ձայնիս միջեւ խոսակցությունը գաղտնալսվի, եւ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը խախտելու համար նրան պատասխանատվության կանչեն: Չէ՞ որ Ներքին ձայնս, իմ վրա իշխանություն բանեցնելով, պարտադրելու է ինձ ճիշտ ընտրություն կատարել:
Իսկ եթե հանկարծ, Աստված մի՛ արասցե, Ներքին ձայնս այդ օրը ռուսերենով կամ անգլերենով ինձ հետ հաղորդակցվելու որոշում կայացնի, վիճակն ավելի կբարդանա: Լուրջ՝ մտահոգ եմ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ











