Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Աջ, թե՞ ձախ

Երբեւէ լսած կա՞ք, որ  հայը հոգեւորականի ձախ ձեռքը համբուրի, հոգեւորականն էլ աջհամբույրի դիմաց ձախ ձեռքը դնի օրհնանքի համար եկեղեցի այցելած առատաձեռն հավատացյալի  գլխին:

Եթե ձախ ոտքի վրա ես վեր կենում, ասում են՝ օրդ հարամվելու է:  Եթե ձախ ձեռքդ է քոր գալիս, ֆինանսական կորուստի մասին պիտի մտածես: «Ձախ գնալը» (լեւի) պարկեշտ մարդուն վայել արարք չէ…

Մահմեդականները միայն աջ ոտքով են աղոթավայր մտնում, իսկ ձախ ոտքով՝ դուրս գալիս: Նրանց խորհուրդ է տրվում ձախ ոտքով զուգարան մտնել, աջ ոտքով՝ դուրս գալ:  
Միգուցե հենց դա է պատճառը, որ ձախը ՁԱԽորդության նշան է, իսկ աջը՝ հԱՋողության: Ձախը ՁԱԽողություն է բերում, աջը՝ առԱՋադիմություն:

Բայց կա մի ոլորտ, որտեղ ամեն ինչ հակառակն է:  Եվ դա քաղաքագիտությունն է, որտեղ  ԱՋակողմյան  գաղափարախոսության կողմնակիցները հիմնականում լինում են ծայրահեղական, այլատյաց ու  ռազմատենչ  քաղաքական գործիչներ, իսկ ՁԱԽակողմյանները՝ սոցիալական հավասարության ջատագովներ:

Հայտնի փաստ է, որ քաղաքագիտության մեջ «աջ» եւ «ձախ» եզրույթներն  առաջացել են ֆրանսիական  հեղափոխության սկզբում եւ վերաբերում էին խորհրդարանում  պատգամավորների նստելու վայրին: Աջ կողմում նստածները հին կարգի պահպանման կողմնակիցներն էին, ձախ կողմում նստածները՝ բարեփոխումների:

Մեր Ազգային Ժողովում էլ, աշխարհի բոլոր խորհրդարանների մնան, աջ կողմում զբաղեցնում են ՀԵՏադիմական պատգամավորները, ձախ կողմում՝ առԱՋադիմականները:

Կարծում եմ, ժամանակն է բոլոր խորհրդարաններում  փոխել պատգամավորների տեղերը:

Մոռացա ասել՝  մի ոլորտ էլ կա, որտեղ աջն ու ձախը իրենց տեղերում չեն: Եվ դա  ճանապարհային երթեւեկության ոլորտն է:

Երբեւէ լսած կա՞ք, որ պետավտոտեսուչը  մեքենայի  բարձրախոսից  սարսափազդու եւ հրամայական տոնով հայտարարի` «ձախ քաշի` կայնի»: Կասեք՝ Լոնդոնը: Ոչ, քանի որ Լոնդոնում պետավտոտեսուչը հայերեն չգիտի:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ