Մի քանի օր դիտարկելով Լաչինի միջանցքում կատարվողը, ռուս խաղաղապահների լուռ թողտվությամբ Արցախի փաստացի շրջափակումն ադրբեջանցի՝ այսպես կոչված բնապահպանների կողմից, Արցախի գազամատակարարման դադարեցումը, կարելի է նախ փաստել մեր իշխանության եւ ընդդիմության անհամարժեք պահվածքը կատարվողին։
Ազգային ժողովում իրավիճակի վերաբերյալ ընդունված ՔՊ-ական մեծամասնության հայտարարությունը եւ ընդդիմության առաջարկած-չընդունված հայտարարությունը, չնայած նյուանսային տարբերություններին, երկուսն էլ հիշեցնում են արդարացումներ, թե մենք, տեսեք, ուրիշ բան չենք կարող, այն է՝ երկուսս էլ դիմում ենք ռուսներին, որ նոյեմբերիննյան թղթով ստանձնած իրենց խաղաղապահ պարտավորությունները կատարեն։ Ինչ տարբերություն՝ թե ո՞ր հայտարարության մեջ է նշված Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու մասին, եթե առաջարկվող խնդրանքը ուղղված է ռուսների այն պատասխանատվությանը, որն ամրագրված է նոյեմբերիննյան թղթով։ Դե ռուսներն էլ, Արցախը պատկերացնելով իրենց ենթակա տիրույթում նվազագույնը, եթե ոչ՝ Ադրբեջանի կազմում, հանգիստ հետեւում են, որ ադրբեջանցիք վրաններ տեղակայեն Արցախը Հայաստանին կապող ճանապարհին, ընդամենը հազար հոգով շրջափակեն հարյուրքսանհազարին, կտրեն նրանց գազն ու ենթարկեն հումանիտար աղետի։ Իրենց ներկայության խնդիրն են լուծում ռուս խաղաղապահներն ընդամենը, քանի որ, ինչպես մեր ղեկավարներն են վերջին շրջանում հակված, եթե Բաքուն ու Ստեփանակերտը երկխոսեն, միջազգային հանրության սպասած համաձայնություններն էլ հանկարծ ու ձեռքբերվեն, Հայաստան-Ադրբեջան իբր խաղաղության պայմանագրի համատեքստում՝ այդ դեպքում վտանգի տակ է լինելու խաղաղապահների գործառույթը, նրանք ոչ մեկին պետք չեն լինի։Այլ խնդիր՝ այդ սցենարի անիրականանալիությունը, բայց սխեման իմանալով՝ ռուսներին դիմում եք, որ ի՞նչ անեք։ Հիմա ո՞րը՝ որից հետո է տեղի ունեցել, ռուսնե՞րն են դաս տալիս մերոնց՝ անկանոն շարժումների համար, ադրբեջանցի՞ք են օգտվում Ուկրաինայում ռուսների զբաղվածությունից, թե՞ մի այլ սցենար է՝ եթադրությունները ներքեւում, բայց նախ մատնանշենք, որ Արցախում ստեղծված աննախադեպ հումանիտար աղետալի վիճակը ենթադրում է արագ եւ համակարգված գործողություններ հատկապես Հայաստանի իշխանությունից, որն ավելի շատ կրավորական կեցվածք է որդեգրել եւ միջազգային հանրության եւ Ռուսաստանի կողմն է նայում ավելի շատ։
Մինչդեռ Արցախում եւ Հայաստանում սպասում են,թե որպես պետություն՝ իրավիճակի հանգուցալուծման ինչպիսի՞ քայլեր է առաջարկում Հայաստանի ղեկավարությունը նախ։
Ապա եւ՝ ընդդիմությունն ի՞նչ երաշխավորված քայլերի հերթականություն է առաջարկում, ռուսներին կախվելուց եւ Նիկոլի հրաժարական պահանջելուց բացի։
Լավ, բա ռուսներն իրենց խաղաղապահ առաքելության մասին չգիտե՞ն, որ ձեր հայտարարություններով նրանց այդ եք հիշեցնում։ Թե մեկ այլ բան, կամ՝ մի քանի բան գիտեք, որ հասարակ ժողովուրդը չգիտի, ու էդպես այլաբանորեն եք խոսք հասկացնում ռուսներին, ցրտից մրսող արցախցիներին, ձեր կողմնակիցներին, ու ավելի լայն՝ ժողովրդին։
Ի՞նչ ենթադրենք պետության ղեկավարի՝ որոշում չունենալուց ու որոշ դաշնակիցների՝ լռությամբ զարմանալուց. հա, Զախարովան, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ի վերջո չորրորդ օրն արձագանքեց, թե բա՝ «Անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, որը պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնություններով»։ Ու խոստացավ, թե երթեւեկությունը շուտով կվերականգնվի։Հա՞, բա ինչո՞ւ մինչեւ հիմա չէիք բացում, պատժամիջոց էիք կիրառո՞ւմ։
Արարատ Միրզոյանը, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշից հասցեական արձագանք է խնդրել տեղի ունեցողին, տեսնես ի պատասխան Գուտերեշը դեպի ներքե՞ւ է տմբտմբացրել գլուխը, թե՞ դեպի աջուձախ։ Համենայնդեպս՝ ոչ մի հասցեական հայտարարություն չհաջորդեց, դրանից հետո Գուտերեշը էլի հին ձեւով կողմերին հավասար կոչ արեց թուլացնել լարվածությունը, թե բա՝ գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետեւում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացումներին։
Լաչինի միջանցքը բացելու կոչեր են արել շատ պետություններ, մասնավորապես՝ Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան։ Վերջին երկուսը, լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր (հա դե՝ Մինսկի խումբը մնաց թղթի վրա), ուղղակի դատարկ կոչեր են անում, ու պատերազմի ժամանակ էլ նույնն էր։
Բան չի հասկացվում նաեւ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ճգնաժամը շատ պարկեշտ հաղթահարելու հպարտությունից (սոցիալական ցանցի իր ելույթում նրա ասածը նկատի ունեմ), այսինքն՝ նա էլ ինչ-որ սցենարի՞ց է տեղյակ. հաղթահարելը ո՞րն է, եթե որեւէ ուժային միջամտություն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի կողմից չի ենթադրվում, ռուսներն էլ չեն բացում ճանապարհը, ի՞նչ է, սպասում են ինչ-որ անհայտ՝ երրորդ լուծմա՞ն։ Ու ահասկանալի է՝ օպերատիվ շտաբն ու հատուկ ռեժիմն Արցախում միայն ներքին կարգուկանոնի համա՞ր են, որ արցախցիների տրամադրությունները վերահսկողությունից դուրս չգան ինչ-որ սցենարի իրականացան ժամանակ, թե՞ նաեւ ճանապարհը բացելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու։ Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտին» , թե՝ որպես մարդասիրական միջանցքի ապահովում անհրաժեշտ է գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը, դրա համար մյուս երկրները պետք է ճնշում գործադրեն։ Լավ կլինի, դա վաղուց ենք երազում, բայց դա մե՞ր գաղափարն է, թե նախ ռուսների, հատկապես նրա՞նց է պետք այդ օդանավակայանը։
Հա, ի դեպ, Ռուբեն Վարդանյանն արդեն ասել է այն առանցքային միտքը, որը Հայաստանում անդրադարձվել է միայն վերլուծական մակարդակից՝ Հայաստանում եւս Արցախում ստեղծված օպերատիվ շտաբի օրինակով, Արցախին օժանդակող օպերատիվ շտաբ ստեղծելու առաջարկով։ «Ինձ համար չկա իշխանություն, ընդդիմություն։ Կա ստեղծված բարդ իրավիճակ, եւ բոլորս, բոլոր կարող ուժերը պետք է միավորվեն՝ կազմակերպված աշխատանքի եւ իրավիճակից ելքեր գտնելու համար», ընդգծել է Արցախի պետնախարարը, այժմ արդեն օպերատիվ շտաբի ղեկավարը՝ կարծես նույն մտայնությունը Հայաստանում կրկնելու առաջարկով։ Նայած ինչն է վերջնանպատակը։
Փաշինյանն ո՞ւմ է ուղղում իր բողոքը, թե եռակողմ հայտարարությամբ որեւէ միջանցք չի նախատեսված, իբր՝ միջանցք ուզելու ու մեր չտալու դիմա՞ց է Արցախը շրջափակվե՞լ։ Բա Զախարովան հանքերի շուրջ տարաձայնություններից խոսեց։ Ասեք, վերջապես, ե՞րբ եւ որտե՞ղ են միջանցք ուզել Հայաստանից վերջին անգամ եւ էլ ինչո՞վ են սպառնացել, եթե, իհարկե,դա ուղղակի պատճառաբանություն չէ ու դրանով չի ծածկվում իշխող ուժի անկարողությունն ու բանակը չնախապատրաստելու թերացումը։
Իսկ եթե եռակողմ հայտարարությունը քրոնիկ խախտում են, ուրեմն այդպիսի համաձայնագիրը չի գործում այլեւս, հո միայն հայկական կո՞ղմը դա չի ստորագրել, համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մտադրության գործիքն օգտագործեք, ի վերջո՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու։ Թե չէ որ ասում եք՝ կատարվողը միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելու համար պիտի ջանանք բոլորս, նախ պետք է ասեք՝ ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, ինչի՞ շուրջ ջանանք. Հայաստանից պահանջվում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակին համաձայնե՞լ՝ դուք դե՞մ եք, կամ ինչին ե՞ք կողմ, թե՞ ռուսական այլ առաջարկներ կան։ Այն պահն է, որ պետք է թերասացություններն ավարտել, որպեսզի բոլորն իմանան՝ կո՞ղմ են ձեր դիրքորոշմանը, թե դեմ։ Պետք է գործուն միջոցներ ձեռնարկել, չվախենալ Արցախի անկախությունը ճանաչելուց։ Հո Անդրանիկ Քոչարյանի՝ կես բերան ու լրագրողական հարցերի ազդեցությամբ պոկված անհասցե-անորոշ խոսքով չե՞նք ղեկավարվելու, թե եթե Ադրբեջանն այդպես շարունակի՝ Արցախին կպաշտպանեն, մենակ չեն թողնի։ Ախր բան չեք ասում, որ հասկանանք՝ ի՞նչ եք ուզում, կամ ի՞նչ կարող եք անել։ Հո չե՞նք սպասելու, մինչեւ Արցախում հումանիտար աղետն անդառնալի հետեւանքներ ունենա, ու արցախցին դիմի Պուտինին՝ Արցախը Ռուսաստանի կազմ մտցնելու խնդրանքով։ Այս անգամ ճանապարհը բացվի էլ՝ ձմեռը երկար է, այս բոլորն էլի է կրկնվելու։
Բոլոր դեպքերում հանրությունը տեղի ունեցողի բուն դրդապատճառի մասին բացատրություն չունի եւ ազատ է ենթադրություններ անել եւ անում է, ըստ որոնց մարդկանց մեջ տեղի ունեցողի դրդապատճառների մասին մի քանի վարկածներ են շրջանառվում։
-Խաղաղության օրակարգ որ ասվում էր, ու որ իբր մինչեւ տարեվերջ տեսակետները մերձեցնելու խնդիր էր դրված միջազգային հովանավորների կողմից՝ սա է պատճառը, ու ռուսներին տարածաշրջանում ավելորդ չդարձնելու համար հենց ռուսական կողմից խթանվող քայլ է Արցախի շրջափակումն Ադրբեջանի կողմից, ռուսների լուռ համաձայնությամբ։ Այսինքն՝ քարը նետվում է ռուսական ուղղությամբ։
-Միջազգային շրջանակների սնուցած սցենար է՝ հենց ռուսներին դուրս մղելու համար, ռուսների խաղաղարարությունն իր նպատակին չծառայելու անկարողությունն ի ցույց դնելով, ու տարբեր շրջանակներից առանձին-առանձին Հայաստանի եւ Ադրբեջանի քայլերն ըստ այդ սցենարի կանոնակարգելու նշաններ հայտնաբերելով։
-ՔՊ-ական շրջանակների երրորդ ռանգի գործիչները եւս մի սցենար են ուղղորդում՝ ռուսական առաջարկներ են արվել Միութենական պետության մեջ մտնելու, ու իբր Հայաստանի ղեկավարությունը մերժել է դրանք, ու այդ պատճառով մեր հանդեպ Արցախը հայաթափելու նոր «Կոլցո» օպերացիա է մշակվել։
Ընդ որում՝ այդեղ ենթասցենար էլ կա՝ քանի որ Արցախի կարգավիճակի հարցն է լուծվում դե ֆակտո՝ իրար հետ բանավեճ ունեն ռուսներն ու ադրբեջանցիները (եթե նկատի ունենք Արցախի եւ նրա շուրջ տարածքի բնական պաշարները, դրանք շահագործելու օտարերկրյա տերերի ախորժակը), ամեն մեկն Արցախն իրենով է ուզում անել։
-Եւ որ ավելի հավանական սցենար է, համենայնդեպս տողերիս հեղինակն այդ վարկածին է հակված՝ կրկին աշխարհի մեծ խաղացողների՝ Կաշենի, Դրնբոնի, Սոթքի, Բերձորի, Ջրականի եւ այլ հարուստ հանքերին տիրանալու, հանքերի առեւտրի գործոնն է դեր խաղացել Լաչինի այս լարվածության համար, քանի որ բուն Կաշենի հանքի հետ կապված (որտեղ իբր ուզում են այցելել ադրբեջանցի «բնապահպանները») տեղեկություն էր պտտվում մամուլում, որ Ադրբեջանն իրեն չպատկանող այդ հանքը վաճառել է, ավելի ստույգ՝ կառավարման է տվել անգլիական շահագործողի, եւ վերջինս իր իրավունքներն է ուզում իրացնել մեզ պատկանող հանքի վրա, պահանջելով այն Ադրբեջանից։ Ու հենց ռուսնե՛րը չեն զիջի հանքը, քանի որ այն իրենց հովանավորության տարածք են համարում։
Լարվածության պատճառի քանի տարբերակ էլ քննարկվի՝ առայժմ դա թողնենք, ու հասկանանք, որ այս պահին Արցախին տեր կանգնելու Հայաստանի պարտավորությունն իրացնելը բխում է երկու պետությունների՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգային երկարաժամկետ շահերից, մեր անվտանգությունը լուրջ ցնցումների չենթարկելու եւ հենց Հայաստան պետության ինքնիշխանության կորստի տեսանկյունից նայելով տեղի ունեցողին։
Մի կողմից՝ Հայաստանի ղեկավարների առավել կոշտ դիրքորոշումն է պետք կատարվողին, մյուս կողմից՝ միգուցե այն աստիճան պատրաստ չենք լարվածության (իշխանությա՛ն մեղքով՝ երկու տարի ունեին բանակը կարգի բերելու համար), որ նրանց վախերն արդարացված են պատերազմի ելքի կրկնության առումով։
Համենայնդեպս՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի ասածը ենթադրությունների տեղիք տալիս է՝ լարվածության շարժառիթի հետ կապված, երբ նախօրեին , Հարավային Կովկասի վերաբերյալ Կոնգրեսի լսումներին ասել էր, թե ամերիկյան վարչակազմը ձգտում է խթանել երկխոսությունը, որպեսզի կողմերը (Հայաստան ու Ադրբեջանը) հասկանան իրար, այժմ կողմերն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա։ Հույս կար, որ մինչեւ տարեվերջ ընդհանուր հայտարարի կգային, բայց այժմ անհասկանալի է՝ դա հնարավոր կլինի՞, նշել էր նա։
Իրավիճակն, իրոք, հեշտ հանգուցալուծվողներից չէ՝ երկու առավել ցցուն հանգամանք ի վնաս մեզ է՝ Հայաստանը մենակ է մնացել (դաշնակից Ռուսաստանն անգամ իրեն երկդիմի է պահում), մյուսներից գործնական օգնություն չսպասենք՝ միայն դատարկ հայտարարություններ, եւ երկրորդ՝ մե՛նք, փաստորեն, լայնածավալ բախման պատրաստ չենք։ Այսպիսի իրավիճակներում շատ քիչ կիսաելքեր կան։ Դրանցից մեկը շարունակում է մնալ Արցախի ճանաչումը որպես անկախ պետություն Հայաստանի կողմից, որը թույլ կտա իրացնել Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունը իրավական հիմքով։ Թեկուզ ուշացած՝ բայց այլ ելք չկա։ Հայաստանի կրավորական կեցվածքը թշնամուն հուշում է Հայաստանի խոցելիության մասին, եւ հարվածը Հայաստանին եւս չի ուշանա։
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ