Երիտասարդ կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը մեր իրականության մեջ աչքի է ընկնում ստեղծագործական եւ հասարակական ակտիվությամբ: Նրա ստեղծագործությունները շարունակում են նորանոր հարթակներ գրավել: Շահրիմանյանը ստեղծագործում է ամենատարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային-գործիքային, դաշնամուրային, վոկալ-խմբերգային: Չնայած երիտասարդ տարիքին՝ Շահրիմանյանի ստեղծագործական ձեռագիրն աչքի է ընկնում հասուն մոտեցմամբ, ձեւի եւ երաժշտական հյուսվածքի կուռ համադրմամբ: Ստեղծագործական ժամանակակից գրելաոճի հետ մեկտեղ՝ նրա արվեստում գրեթե միշտ վառ է արտահայտված մեղեդայնությունը, որն ամենատարբեր ստեղծագործություններում կրում է թե՛ գրաֆիկական հստակ ուրվագծեր, եւ թե՛ ազգային ռիթմա-ինտոնացիոն հնչերանգներ:
Ծնվել է 1988թ. փետրվարի 5-ին, Երեւանում: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: Հեղինակ է «Ձմեռային խաղաղ տողեր» կանտատի, սիմֆոնիետտայի, երեք սիմֆոնիայի, «Երեք շարժում» սիմֆոնիկ ստեղծագործությանը, յոթ սոնետի՝ ըստ Շեքսպիրի տենորի եւ նվագախմբի համար, երեք լարային կվարտետի եւ բազմաթիվ այլ կամերային, խմբերգային ու վոկալ ստեղծագործությունների, որոնք հնչել են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Խորվաթիայում, Ռուսաստանում, Իրանում եւ, անշուշտ, Հայաստանում: Ստեղծագործություններն արժանացել են մի շարք մրցանակների. Ղ. Սարյանի անվան վոկալ ստեղծագործությունների մրցույթի 2-րդ մրցանակ (2008), «Երգող Հայաստան» մանկական խմբերգերի մրցույթի 2-րդ մրցանակ (2010), Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հատուկ մրցանակ (2011), Cro Patria միջազգային երգչախմբային փառատոնի դիպլոմ (2011), Համաշխարհային հայկական կոնգրեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» անվանակարգ (2011), «Ավե Մարիա» հայ-շվեյցարական մրցույթի հատուկ մրցանակ (2012), Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (2012), Slide Factory միջազգային մրցույթ-փառատոնում ընդգրկվել է ստեղծագործությունների լավագույն հնգյակում, Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ՀԿՄ համահայկական մրցույթի 1-ին մրցանակ (2015), ՀԿՄ 90-ամյակին նվիրված կոմպոզիտորների մրցույթի 3-րդ մրցանակ (2022):
Վերջին տարում նրա ստեղծագործությունների կատարումները Հայաստանում եւ արտերկրում առիթ հանդիսացան զրուցելու կոմպոզիտորի հետ:
–Հարգելի՛ Ժիրայր, վերջերս ականատես ենք լինում ձեր նոր ստեղծագործությունների կատարմանը տարբեր փառատոների, մրցույթների եւ այլ միջոցառումների ընթացքում: Պատմե՛ք մի փոքր ձեր նոր ստեղծագործությունների ստեղծման մասին, ի՞նչ առիթներով, կամ մտահղացումներով եք այսօր ստեղծագործում:
-Այս տարին բավական ակտիվ էր կատարումների առումով, ո՛չ միայն Հայաստանում: Ապրիլի 3-ին ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդիա քաղաքի Սուրբ Պողոս եպիսկոպոսական եկեղեցում Ադրիանո Սպամպանատոյի կատարմամբ հնչեց երգեհոնի համար գրված «Չորս Բագատելներ» ստեղծագործությունս: Այս գործն արդեն հնչել է մի շարք երգեհոնահարների կատարմամբ եւ շարունակում է տարածվել աշխարհի տարբեր մասերում: Տարվա սկզբին, լիբանանահայ խմբավար Զաքար Քեշիշյանի առաջարկով գրեցի «Արցախ» խմբերգը, որ առաջին անգամ հնչեց հունիսին, Ղ. Սարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի կատարմամբ՝ Մամիկոն Անդրեասյանի ղեկավարությամբ: Այնուհետեւ, սեպտեմբերի 10-ին այն հնչեց Արցախում՝ Ստեփանակերտ տեղափոխված Շուշիի «Վարանդա» երգչախմբի կատարմամբ, հենց Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ: Ես ներկա էի այդ համերգին, որը շատ հուզիչ էր եւ հիշարժան:
Այս տարի նաեւ Կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում հնչեցին 2-րդ Սիմֆոնիաս՝ գրված 2018-ին եւ այս տարի գրված «Պարտիտան», երկուսն էլ գրված լարային նվագախմբի համար: Երկուսն էլ հնչել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:
Ստեղծագործելու առիթներն ինձ համար բազմազան են. պատվեր, առաջարկ, սեփական նախաձեռնություն: Գրելու շարժառիթը ժամանակի հետ մոռացվում է, մնում է ստեղծագործությունը, եթե, իհարկե, այն արժեքավոր է:
–Վերջին տարիներին թագավարակի ստեղծած դրությամբ եւ պատերազմից հետո ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել ստեղծագործական խոչընդոտները եւ ոգեշնչում գտնել:
-Բավական դժվար էր… Երբ 2020-ի չարաբաստիկ պատերազմը սկսվեց՝ նոր էի սկսել աշխատանքս 3-րդ Սիմֆոնիայի վրա՝ մեծ սիմֆոնիկ կազմի համար: Խաղաղ պայմաններում այդ գործը կգրվեր 4-5 ամսում, այնինչ երկարեց եւ տեւեց մեկ տարուց ավելի: Բայց կարող եմ ասել, որ պատկանում եմ այն ստեղծագործողների թվին, որոնք հոգեբանական ծանր պայմաններում ելքը գտնում են ակտիվ աշխատելու, ինչ-որ տեղ իրականությունից մեկուսանալու մեջ: Դրա մեջ, անշուշտ, ինքնապահպանման բնազդ կա: Իհարկե, հիմա եւս անդորրը հարաբերական է, խախուտ է եւ հեռու է մինչպատերազմյան անհոգ արարման շրջանից, բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է չկորցնենք այն, ինչ ձեռք ենք բերել երկար տարիների քրտնաջան աշխատանքով:
–Ձեր ստեղծագործությունները կատարվում են նաեւ արտերկրում, արժանանում մրցանակների: Ինչպե՞ս են կայանում այդ համագործակցությունները եւ արդյոք բարդ չէ՞ զբաղվել ձեր սեփական ստեղծագործությունների, այսպես ասած, մենեջմենթով կամ հանրահռչակմամբ, կա՞ որեւէ ինստիտուտ կամ անհատ, որն աջակցում է կազմակերպական հարցերում:
-Հիմնական «գործիքը» համացանցն է եւ տարբեր առիթներով ստեղծված անձնական կապերը: Չգիտեմ՝ որքանով է բարդ կամ հեշտ: Քանի որ մեզանում չկան պրոֆեսիոնալ արթ մենեջերներ, հետեւաբար կա՛մ պետք է ինքդ զբաղվես գործերդ տարածելով, կա՛մ պետք է գտնես այդ մենեջերին դրսում: Մի քանի դեպքեր են եղել, որ արտերկրում ապրող ընկերներս օգնել են որեւէ փառատոնի մեջ ընդգրկվելու կամ որեւէ երաժշտի հետ կապ հաստատելու հարցում: Պետք է գործը հետաքրքրական լինի օտար երաժշտին, թարմ հնչի նրա ականջի համար, մնացած տեխնիկական հարցերը լուծելի են, եւ ժամանակի ու փորձի հետ դա ավելի սահուն է դառնում:
-Իսկ ի՞նչ կասեք 21-րդ դարի կոմպոզիտորի կերպարի մասին: Ո՞վ է 21-րդ դարի կոմպոզիտորը եւ ի՞նչ խնդիրներ է լուծում, բացի զուտ ստեղծագործական, մասնագիտական ոլորտից:
-Ըստ իս, ակադեմիական կոմպոզիտորը պետք է միշտ հավատարիմ մնա իր կերպարին, որը բավական խիստ սահմանում ունի եւ չի ենթարկվում մոդայի, անցողիկ հովերի ազդեցությանը: 21-րդ դարի առաջին կեսը, որում մենք ապրում ենք, մեծ ընդհանրացումների, պոստ-իզմերի, հաճախ աբսուրդի հասնող հակասությունների մի խառնարան է, որտեղ տեսակը պահելու եւ ազդեցություններից հնարավորինս խուսափելու խնդիր ունենք բոլոր ստեղծագործողներս: Կոնկրետ երաժշտական ասպարեզում լուրջ խնդիր է ունկնդրին սմարթֆոնից կամ պլանշետից կտրելը եւ համերգասրահ բերելը, քանի որ մարդկանց մեծամասնությունը չի հասկանում կենդանի երաժշտության ֆենոմենը:
–Այսօր մեր իրականության այս խրթին ժամանակաշրջանում հասարակությունը երբեմն կշտամբում է արվեստագետին, մտավորականին՝ հասարակական-քաղաքական հարցերում պասիվ կեցվածքի համար: Տարբեր դարաշրջաններում արվեստագետ անհատը միշտ էլ իրականության կրողն է եղել: Արդյո՞ք այսօր էլ այդպես է: Շատ ստեղծագործողներ գտնում են, որ իրենք զբաղվում են միայն իրենց նեղ մասնագիտական գործով: Դուք բավական ակտիվ եք, որքանով ես հասցրել եմ հետեւել, ի՞նչ կասեք այս առիթով:
-Ես նույնպես կշտամբողների թվին եմ պատկանում: Արվեստով զբաղվող եզակիներն են, որ իրենց անկախ եւ ակտիվ դիրքորոշումն ունենալով՝ մտավորական կոչվելու իրավունք են վաստակում: Իսկ մտավորականը որևէ, նույնիսկ իդեալական երկրում պետք է մատնանշի թե՛ հասարակության, եւ թե՛ իշխանության թերությունները: Այդ առումով ես ամբողջ գիտակցական կյանքս ընդդիմադիր կեցվածք ունեմ, որն իմ մարդկային տեսակի անբաժան մասն է կազմում: Մեր այս բավական դառը իրականության մեջ էլ, հատկապես 2020-ի պատերազմից հետո, գրեթե ամեն օր մասնակցել եմ փողոցային պայքարին: Պետք է խոստովանեմ, որ, սակայն, անցյալ տարվա ընտրություններից հետո, որոնք պակաս ճակատագրական չէին մեր հայրենիքի համար, խոր հիասթափություն ապրեցի հիմնական ընդդիմությունից եւ նրա հետագա պահվածքից: Այդ ամիսներին վատնած ահռելի ժամանակը, բնականաբար, ի վնաս իմ մասնագիտության էր եղել: Այս պահին ուղղակի չեմ տեսնում որեւէ պրոցես, որին մասնակցությունս իմաստալից կլինի:
–Ի՞նչ կասեք ձեր ստեղծագործական ճանապարհի մասին: Փոխվե՞լ է արդյոք Շահրիմանյան կոմպոզիտորը իր ստեղծագործական ուղու սկզբից մինչ օրս: Ի՞նչ ազդեցություններ կամ ոճական փոփոխություններ է կրել ձեր արվեստը:
-Եթե ուղու սկզբից մինչ օրս, որն ավելի քան քսան տարիներ է ներառում, փոփոխություն չլիներ, ուրեմն անցածս ուղին անիմաստ է եղել: Հատկապես երկրորդ՝ ուսանողական շրջանում անցել եմ տարբեր փորձարարական շրջանների միջով: Ի վերջո հասկացա, որ իմ լեզուն մոդալ, լադային տիրույթում է, որը պարարտ հող է ստեղծում հայկական թե՛ հոգեւոր, թե՛ աշխարհիկ մելոսը լայնորեն կիրառելու եւ նոր կոմպոզիտորական տեխնիկայի հետ սինթեզելու համար:
Վաղ շրջանում ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Անտոն Վեբեռնի երաժշտական էսթետիկան: Մինչ օրս գործերիս մեծ մասում գերակշռում է թափանցիկ, նոսր, թաքնված պոլիֆոնիայով հագեցած շարադրանքը, ինչն, անշուշտ, մեծն ավստրիացու ազդեցությունն է: Շատ բան եմ սովորել եւ սովորում Կոմիտասից, Բարտոկից, Լյուտոսլավսկուց, Լիգետիից: Հետաքրքրական հեղինակ է ամերիկացի Քրիստոֆեր Թեոֆանիդիսը: Կոմպոզիտորի ստեղծագործական ճանապարհս դեռ երկար պրպտումների, մերժումների եւ բյուրեղացման ընթացք ունի անցնելու:
–Ի՞նչ կասեք առաջիկա պլանների, մտահղացումների մասին:
-Առաջիկայում պլանավորում եմ ձայնագրել մի շարք կամերային գործեր, որոնց մի մասը չի կատարվել, իսկ մյուսները միայն համերգային կատարում ունեն: Բոլորը կհրապարակվեն նաեւ իմ յութուբյան ալիքում:
–Դե ինչ, Ժիրա՛յր, մաղթում եմ ձեզ հետագա նորանոր գաղափարներ եւ դրանց բարեհաջող իրականացում:
-Շնորհակա՛լ եմ:
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ
Երաժշտագետ