Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած աղետը հեռու չէ Հայաստանից, եւ անկախ այդ երկրների հետ ունեցած քաղաքական կամ դիվանագիտական փաստացի վիճակից՝ պետք է հաշվի առնենք, որ նրանց հետ միեւնույն տարածաշրջանում ենք գտնվում, աշխարհագրությունն ու ռելիեֆը նույնն է, եւ չի բացառվում, որ Հայաստանն էլ կարող է հայտնվել սեյսմիկ անկայունության գոտում: «Ազգ»ի հետ զրույցում բոլորին զգոնության կոչ անելով՝ նման տեսակետ է հայտնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա այն տեսակետին է, որ հայ հանրությունը պետք է զսպի եւ չարտահայտի իր ուրախությունը՝ կապված Թուրքիայում գրանցված մի քանի երկրաշարժերի հետ՝ նույնիսկ եթե ատելություն ունի այդ երկրի նկատմամբ: Ըստ նրա՝ թեպետ, այո, Հայաստանն այս պահին անվտանգային լուրջ խնդիրներ ունի, Լաչինի միջանցքն էլ շրջափակված է Ադրբեջանի կողմից, սակայն Հայաստանն այս հարցում չի կարող «աբիժնիկ» երկրի դիրքերից հանդես գալ ու հարեւան երկրում տեղի ունեցած հումանիտար մասշտաբային աղետին չարձագանքել: «Երկրաշարժը ոչ թե քաղաքական, այլ փլատակներից անմեղ կյանքեր փրկելու հարց է, ու եթե թուրքերին մարտի դաշտում «հանդիպեինք», ապա այդ ժամանակ, այո, նրանց խղճալ պետք չէր: Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության՝ Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությանն արձագանքելու եւ փրկարարաներ ուղարկելու որոշմանը, ապա ես այն պաշտպանում եմ. առողջ, կշռադատված, երկրի վարկանիշը բարձրացնող քայլ է: Հանրության հույզերի վրա խաղացող պոպուլիստներն ասում են՝ քանի որ հայ ժողովրդի մի մասը հումանիտար աղետի մեջ է, եւ մեզ որեւէ մեկը չի արձագանքում, հետեւաբար այս պարագայում Հայաստանը որեւէ բան չպետք է անի: Բայց սա չար եւ փոքրոգի մոտեցում է: Հակառակը՝ Հայաստանը, հենց այս պահին հումանիտար աղետի մեջ գտնվող ժողովուրդ ունենալով, պատրաստակամ է ապրումակցել եւ աջակցել աղետի մեջ գտնվող մեկ այլ ժողովրդի, նույնիսկ եթե նրանք թուրքերն են: Բացի դա, ցանկացած հումանիտար փոխօգնություն կարող է դրական ազդեցություն ունենալ բարդ եւ թշնամական հարաբերությունների կարգավորման վրա,- ասում է Սամսոնյանն ու ավելացնում,- Իսկ Սիրիայի մասով պետք է ասեմ, որ այնտեղ հումանիտար խումբ արդեն իսկ ունեինք, նաեւ անհրաժեշտ սնունդ եւ այլ պարագաներ կուղարկենք: Իսկ ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա ես շարունակում եմ պնդել՝ հարցի լուծումն Արցախ-Ադրբեջան երկխոսության դաշտում է, որովհետեւ դրա այլընտրանքը կա՛մ նոր պատերազմն ու Արցախի մնացած մասի կորուստը, կա՛մ Արցախի հայաթափումն է լինելու: Երկխոսության համար հենց Արցախի ներսում քաղաքական համերաշխություն է անհրաժեշտ: Բայց ես այսօր հակառակն եմ տեսնում. Արցախում ներքին գզվռտոց է, իսկ իրավիճակի մեղավորը շարունակում է միայն Հայաստանը համարվել»:
ԱԺ նախկին պատգամավորն այն տեսակետին չէ, որ Թուրքիա փրկարար առաքելություն ուղարկելուն Անկարան դրական մեկ այլ ժեստով, մասնավորապես՝ Լաչինի միջանցքը բացելու միջնորդությամբ կպատասխանի: Հայաստանն, ասում է, Թուրքիային աջակցում է ոչ թե նրանից քաղաքական «համբույրներ» ստանալու համար, այլ օգնում է աղետից տուժածներին: Եվ դա այն պատճառով, շարունակում է Ա. Սամսոնյանը, որովհետեւ Հայաստանում հարգում են մարդասիրական սկզբունքները, մարդու՝ սահմաններ չճանաչող ունիվերսալ իրավուքնները, եւ մենք՝ որպես պետություն, մեր հնարավորությունների սահմաններում պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել հումանիտար աղետի կամ ճգնաժամի առջեւ կանգնած ժողովուրդներին:
«Եթե այս քայլը դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական երկխոսության վրա, միայն ուրախ կլինենք: Բայց նման՝ հուսադրող տեսակետներ հնչեցնելով՝ դատարկ եւ կեղծ սպասելիքներ ենք առաջացնում հանրության մոտ: Հետո կասեն՝ տեսաք Թուրքիայում մարդ փրկեցինք, բայց նրանք այդպես էլ Լաչինի միջանցքը չբացեցին: Այնինչ մեկը մյուսի հետ պարզաես կապ չունեն»,- նկատում է մեր զրուցակիցը:
Այս օրերին ծավալվող մեկ այլ իրադարձություն՝ խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, նախկին պատգամավորի համոզմամբ՝ ոչ մի քաղաքական, այլ միմիայն իրավական տարրեր է պարունակում: ԱԺ-ում ծավալված քննարկումներն ու դատախազի ներկայացրած հիմնավորումները լսել է, ինչից հետո էլ պնդում է. «Սա քաղաքական հարց չէ, սա իրավական հարց է, իսկ պետության նկատմամբ կատարած հանցագործության համար պետք է պատասխանատվության կանչել: 2018 թվականից հետո մենք անընդհատ խոսում ենք պետական պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների եւ թալանված պետական փողերի մասին: Ակնկալում էինք, որ իշխանությունը կանչելու է պատասխանատվության բոլոր նրանց, ովքեր երկիրը կոռուպցիայի որջի են վերածել: Հիմա իշխանությունն ի՞նչ անի, երբ նախկին իշխանավորներն ու պետության հաշվին հարստություն դիզածներն այսօր ընդդիմադիր պատգամավորներ են դարձել: Քաղաքական նպատակ, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելն ուներ: Դատախազի ներկայացրած հիմնավորումներն թույլ էին, անատամ, ինչն էլ հասկանալով՝ դատապարտեցինք այն: Բայց սա այդ դեպքը չէ: Եվ, ընդհանրապես, ինչու ճնշել, փորձել չեզոքացնել կամ մահակով խփել մի ընդդիմության գլխին, որի գոյությունը եւ հանրային խոսքը իշխանությանը միայն օգնում է մնալ իր դիրքերում եւ անփոխարինելի է այդ առումով»:
Սամսոնյանի հետ իր նախկին գործընկերը՝ Աժ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նույնպես համակարծիք է՝ հայ փրկարարներին Թուրքիա՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու ուղարկելը որեւէ դրական ազդեցություն չի թողնի ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման կոնտեքստում, ո՛չ էլ, առավել եւս, Լաչինի միջանցքի բացման հարցում: Բայց ի տարբերություն Սամսոնյանի, որ քայլը դրական է համարում, Հովսեփյանն «Ազգ»ի հետ զրույցում ամբողջովին հակադիր տեսակետն է հայտնում, որ նման քայլերով Հայաստանի իշխանությունները հերթական անգամ ապացուցում են իրենց անատամ լինելն ու սեփական երկրի կարիքները երկրորդելը:
«Հենց այն նույն պահին, երբ հայ հասարակությունն ու իշխանությունները քննարկում էին Թուրքիա փրկարարական օգնություն ուղարկելու հանգամանքը, Թուրքիայի կերտսեր եղբայրը՝ Ադրբեջանը, կրակում էր արցախցու ուղղությամբ: Սա, բնականաբար, խոսում է այն մասին, որ թուրքերը մեզ հետ բարիդրացիություն հաստատելու կողմակիցը չեն: Ավելին՝ նրանց դարարավոր երազանքը հայերին տարածաշրջանից վերացնելն է»,- ընդգծում է Հովսեփյանը:
Ինչ վերաբերում է այս օրերին Ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններին, ապա կրկին ի տարբերություն նախկին գործընկերոջ՝ Հովսեփյանը վստահ է՝ սա հասարակության ուշադրությունը շեղող ու խիստ քաղաքական գործընթաց է: Վստահեցնում է՝ Հայաստանի օրվա իշխանությանը հետաքրքիր չէ, թե Արցախում ինչ է կատարվում, հետեւաբար երկրի կառավարման ղեկը ստանձնածները չեն էլ ջանում կարեւորագույն այդ ամբիոնը միայնումիայն Արցախում տիրող իրավիճակը ներկայացնելու համար օգտագործել: «Այն իշխանությունը, որ երկրի կառավարումը ստանձնելուց ի վեր ռազմական նշանակության կարեւորագույն մի շարք օբյեկտներ է վաճառքի հանել, նախորդ պաշտպանության նախարարին է մեղադրում զորամասի տարածքը վաճառելու մեջ: Համաձայնեք՝ աբսուրդ է»,- ամփոփում է իր խոսքը մեր զրուցակիցը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ