Սփյուռքահայ գաղթօջախներում մեր հայրենակիցները հազիվ էին սկսել, այն էլ ոչ լիարժեք, զանազանել հանձնակատար բառը գործակատարից, երբ հանկարծ, այն էլ Ապրիլի 24-ին, օդում ճայթեց Զարեհ Սինանյանի դարակազմի՜կ հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի անիմաստության, անարդյունավետության վերաբերյալ: ՀՀ կառավարությանը, ավելի ճիշտ՝ վարչապետ Փաշինյանին կից Սփյուռքի գործերով հանձնակատարը հարկ համարեց, իր ասելով՝ «ի պաշտոնե հետաքրքրված լինելով հայ-թուրքական բանակցությունների ընթացքով», «Սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնել դրանց մասին»: Եվ այդ համատեքստում, հենց Ծիծեռնակաբերդում News.am-ին տված հարցազրույցում ինքն սկսեց հարցեր տալ: «Ի՞նչ ենք շահել մենք ցեղասպանության ճանաչումից», եւ օրինակ բերելով 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրության քար լռությունը՝ կրկին հարց տվեց՝ «Ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին, որը չէր լինի, եթե ճանաչումը չլիներ»: Ապա ինքնիսկ պատասխանելով իր հարցին՝ «պատախանատու կերպով» ասաց. «Ես (ճանաչման) արդյունքները չտեսա, թե ինչքանով հայ ժողվրդի անվտանգությունը բարելավվեց դրանով»: Իսկ այնուհետեւ, մտնելով սովորական խանութպանին հարիր դերի մեջ՝ Սինանյանը ճանաչումի արժեքը չափման մեջ դրեց ֆինանսական օգնության ծավալի հետ, վկայակոչելով Մ. Նահանգների պարագան, որի տվածը, իր ասելով, այժմ տասն անգամ ավելի քիչ է, քան 1990-ականներին մեր երկրին տվածից:
Իսկ վերջում, կրկին վերադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդրին, Սփյուռքի գծով հանձնակատար-անձնակատարը հարկ համարեց դասեր տալ, երեւի մասնավորապես սփյուռքահայությանը, թե թուրքերի «հետ չխոսելը սարսափելի վտանգավոր է մեր ազգի համար», թե «մենք անհրաժեշտություն ունենք խոսել մեր հսկայական հարեւանի հետ», թե այդ «պետությունը անվտանգային ռիսկ է ներկայացնում մեր պետության համար», թե «երբ մենք չենք խոսում, որը եղել է նախորդ տարիներին, մեր փոխարեն խոսում են այլոք (պետք է լինի՝ այլք):
Այսքան տգիտություն, այսպիսի մակերեսայնություն, այսչափ հարմարվողականություն, խոստովանենք, անկարելի է պատկերացնել, ավելին՝ հանդուրժել: Մեկը, որը կոչված է, մեզ համար անբացատրելի հանգամանքների բերումով, աշխատելու սփյուռքահայության հետ, այսինքն՝ հայության 80 տոկոսի հետ, օրը ցերեկով արհամարհում, առ ոչինչ է համարում 1965 թ.ից ի վեր ընդհանրապես հայ ժողովրդի եւ ի մասնավորի սփյուռքահայության անդուլ աշխատանքը իրենց ապրած երկրներում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Մեկը՝ որ փորձում է փաստորեն արժեզրկել այն 30 երկրների իշխանություններին՝ խորհրդարաններ, կառավարություններ, նախագահներ, միջազգային տարբեր կազմակերպություններին ու դատական ատյաններին, որոնք ընդունել, հաստատել ու դատապարտել են Թուրքիային: Ու վերջապես մեկը, որ չի հասկանում, որ 8-10 միլիոն սփյուռքահայերի ազգային ինքնության գոյատեւման թերեւես վերջին կռվանն ու հասարակաց գիծը, դժբախտաբար, մնում է իրենց նախահայրերի ցեղասպանված լինելու, հայրենազրկված լինելու, նյութական ու մշակութային ահռելի կորուստներ կրած լինելու հիշողությունն է, իրավունք չունի զբաղվելու նման հարցերով:
Անշուշտ այս տողերը չեն գրվում ինչ-որ չինովնիկի ասելու, թե դու քո տեղում չես: Հատկապես մեր օրերին նման պաշտոնյաներն ու պաշտոնատարներն այնքան շատ են, սկսած նրանց նշանակողից, որ ի զուր ջանք կլինի նրանցով զբաղվելը, նրանց տգիտությունն ու ապիկարությունը երեսով տալը: Այդ հատկանիշները շատերն ունեն՝ անբարտավանությունն էլ վրադիր: Մեկը մյուսի բերանից խլելով այնպիսի համոզմունք են փորձում ստեղծել, հիմնավորելու տարածել, թե իրենցից առաջ ոչ ոք չի գիտակցել թուրքերի հետ երկխոսելու կարեւորությունը, չի փորձել աչք-աչքի բանակցել նրանց հետ, ինչպես, օրինակ, մեծն Վահան Թեքեյանը դեռեւս 1927 թ.ին: Նրանք հետաքրքրված անգամ չեն 1915-ից հետո ոչ պաշտոնական, կիսապաշտոնական ու պաշտոնական շփումների ու բանակցությունների ողջ պատմությամբ, անգամ՝ 1992-ին Տրապիզոնի նավահանգստում հայկական տերմինալ ունենալու նախնական համաձայնությանը թուրքական իշխանությունների եւ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության միջեւ՝ որն ավարտվեց հայկական կողմին՝ Ցեղասպանության ճանաչման պահանջներից հրաժարվելու պահանջագիր ներկայացնելով: Էլ չենք խոսում ՀՀ հիմնադիր նախագահի Անկարային ուղղված՝ այսպես կոչված «դրական ազդակների» անփառունակ վախճանի, ՀՀ երրորդ նախագահի՝ ամերիկյան օրհնությամբ տարված ջանքերի մասին, որոնք ընդհատվեցին 2009-ի հուլիսին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց չընդառաջել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան խաղին ներկա գտնվելու նախագահ Աբդուլահ Գյուլի հրավերին, քանի դեռ փակ են այդ երկրի հետ մեր սահմանները: Ու դեռ փակ են այդ սահմանները, ինչը Սինանյանի նմանները փաստորեն համարում են «դրական ազդանշան»…
Թող ոչ ոք չփորձի մեր ժողովրդին համոզել, թե «խաղաղության դարաշրջան» է բացվում, թե բանակցություններն ընթանալու են առանց նախապայմանների: Թուրքական նախապայմանները միայն մեկը չեն, երկուսն էլ չեն: Բայց կա նաեւ մեկ այլ պայման, ավելի ճիշտ՝ վերջնապայման՝ ուրանալ Ցեղասպանությունը:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ