Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան արեւմտագերմանական ռադիոն՝ WDR-ը փոխանցեց իշխող կոալիցիայի քաղաքական գործիչներից մեկի հորդորը՝ անմիջապես զենք տալ Ուկրաինային, ինչո՞ւ պետք է ուկրաինական բանակը հավելյալ զոհ տա, մեղք չե՞ն… Կես ժամ ընդմիջմամբ սփռվող լրահոսում կարեւորագույնը Ուկրաինան մնաց եւ է, նրա զինվորը, նրա վարչապետը, իսկ ժողովրդին երեկ՝ սեպտեմբերի 15-ին գերմանական Պոտսդամում արժանացրին M 100 Media Award-ի։ Եվրոպական մամուլի սույն մրցանակը տրվում է այն անհատներին, որ Եվրոպայում եւ աշխարհում ազդեցություն են ունեցել, ակնառու ծառայություն մատուցել խոսքի ազատությանն ու ժողովրդավարությանը։ «Ուկրաինացի ժողովուրդն ամիսներ ի վեր երկաթե հաստատակամությամբ պաշտպանվում է Ռուսաստանի դաժան ներխուժման դեմ, պաշտպանում իր ազատությունն ու ինքնիշխանությունը եվրոպական հողի վրա», ձեւակերպել են մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Պոտսդամում հիմնական բանախոսը կանցլեր Օլաֆ Շոլցն էր, մրցանակը ստացավ նախկին բռնցքամարտիկ քաղաքական գործիչ Վլադիմիր Կլիչկոն, քանզի անվտանգության ռիսկը նկատի առնելով, Զելենսկին նույնիսկ երեքշաբթի՝ սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին դժվար թե անձամբ ներկա լինի 150 պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ բանավեճին, որի առանցքը Ուկրաինայի դեմ ագրեսիան է։ Պուտինն էլ չի մասնակցելու, ՌԴ կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը (որի մասին գերմանական ԶԼՄ-ները ծանուցեցին առանց հապաղելու), Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը, երկօրյա պատերազմը գերմանացի որեւէ քաղաքական գործիչ միակողմանի չդատապարտեց։ Զոհերի թվի մասին նշեցին ՀՀ վարչապետի՝ երկու օրերի ներկայացրած վիճակագրությունը՝ նվազագույնը 105 զինվոր, ադրբեջանական կողմի զոհերին էլ ավելացրին՝ 71 զինվոր, բայց գերմանացի քաղաքական, հանրային գործիչներից չլսվեց մի ձայն, որ անկեղծ տագնապեր, թե նախ՝ մեղք չե՞ն։ Իսկ եթե սեփական հողը, երկիրը պաշտպանելու կամքը գերակա համարելը ելակետը լիներ, արդարամտությունը՝ մտավորի հրամայականը, պիտի բառեր գտնեին հայ զինվորի ոգին գովերգելու, խղճմտանք ունենային, թե զենք էլ չունեն, թուրքական անօդաչու «Բայրաքթարներին» ինչպե՞ս դիմագրավեն… Եւ որ առավել կարեւոր է՝ Գերմանիայի՝ քաղաքական գործիչների ձեւակերպմամբ «համապատասխանատվությամբ», բարոյականության բառապաշարով՝ մեղսակցությամբ, արդարանային, թե չենք կարող արտոնել, որ 20-րդ դարում ցեղասպանության ենթարկված ժողովրդի, վերապրողների փոքրաթիվ զավակները՝ 18-20 տարեկան տղաները 21-րդ դարում էլ զոհվեն։
Ելնելով իր պատմական պատասխանատվությունից՝ հենց Գերմանիան պիտի սանձի ցեղասպան Թուրքիայի եղբորը՝ Ադրբեջանին,որ շարունակում է դարասկզբին հայերի բնաջնջումը, հայրենազրկումը, երբ արձանագրում է վարչապետի ԱԺ- ում ներկայացրած փաստը՝ Հայաստանի տարածքի 10 քառակուսի կիլոմեր անցել է Ադրբեջանի վերահսկողությանը։ Սեպտեմբերի 15-ին ժամը 12.25-ին ներկայացրած այս փաստը գերմանական merkur առցանց լրատվականը նույն օրն ավելի վաղ՝ ժամը 6.12-ին արձանագրել էր 50 քառակուսի կիլոմետր։ Բայց Հայաստանը ե՞րբ է հետեւողական պահանջ ներկայացրել, խոսույթ ձեւավորել, ե՞րբ է մեզ բախտակից հրեաների գրավոր եւ բանավոր լեզվից դաս քաղել…իսկ 2018-ից ի վեր հայոց ղեկավարության մեջ ե՞րբ է ամբիոնին մոտեցել մեկը, որ գրավոր է ձեւակերպել ասելիքը։ Նույնը՝ եվրոպական հարթակներում, գերմանացիների հետ շփումներում ձեւակերպումները եղել են բանավոր եւ՝ ժամանցելի։
Գերմանական ԶԼՄ-ները խուսափում են ուկրաինական բանակի առաջխաղացումը, ռուսական զինուժի նահանջը հստակ ձեւակերպել՝ հղում են անում տեղի աղբյուրներին՝ լուրի իսկության պատասխանատվությունն իրենցից հեռացնելով։ Բայց չեն կասկածում, թե ո՛վ է հարձակվողը, ո՛վ պաշտպանվողը։ Նույն վստահությունը փոխանցում են լսարանին եւ հենց սկզբից ձեւակերպել են՝ Ռուսաստանը չպե՛տք է հաղթի։
Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության պարագայում 2020-ի պատերազմի մասին նշել են, թե Ադրբեջանն է սկսել, հիմա էլ լրատվամիջոցների մեծ մասը, ինչպես նաեւ պաշտոնական լրատվությունը չի շրջանցում արձանագրել, թե սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հրետակոծելով Հայաստանի բնակավայրերը՝ Գորիսը, Վարդենիսը, Ջերմուկը, նշելով բոլոր փոքր բնակավայրերի անունները նաեւ, բայց նույն լրատվության հաջորդ տողում իր «չեզոքությունն» է ընդգծում՝ սեպտեմբերի 14-ին Հայաստանն ասում է Ադրբեջանն է նախահարձակը, Ադրբեջանն էլ պնդում է, թե ստիպված է եղել պատասխանել Հայաստանի սադրանքին։ Գերմանական մեդիան, քաղաքական գործիչները Ադրբեջանին հստակ դատապարտելու փոխարեն գտան խուսանավելու փորձարկված տարբերակը։ Հիմնավորեցին, թե տեղում անկախ դիտորդներ չկան, որոնց վկայությամբ կկարողանան փաստել, թե ո՛ր կողմն է նախահարձակ կամ՝ սադրանքը ո՛վ է սկսել։ Զեզոքությունը սակայն վերածվեց ցինիկության (հարմար ուրիշ բնութագրում, կարծում եմ, չկա), երբ օրինակ արտգործնախարարության խոսնակը չորեքշաբթի օրը պատասխանելով գերմանացի լրագրողների բավականին սթափ, հստակ ձեւակերպումներ ակնկալող հարցերին, հորդորեց չհամեմատել ուկրաինական պատերազմը Հայաստանի դեմ ընթացողի հետ՝ հարաբերականացնելով, նվազեցնելով ողբերգությունը։ Այն հանգամանքը, որ Գերմանիայի ԱԳՆ մամլո ծառայությունից դեռ ակնկալում ենք մեր հարցերի պատասխանը, սրա մասին ընդարձակ գրելու առիթը կթողնենք մեր թերթի հաջորդ համարին։
2020 թվականի պատերազմից սկսյալ նկատելի է, որ Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու մտադրություն չունեն, քանզի կա ԶԼՄ-ների կաղապարային ձեւակերպումը, թե Հայաստանի թիկունքը, պաշտպանը, նեցուկը Ռուսաստանն է, Ադրբեջանինը՝ Թուրքիան, ինչը մեզ արդեն խցկել է տալիս այն դարակը, որից, գերմանացիների պատկերացմամբ, դուրս չենք էլ եկել անկախության 30 տարիների ընթացքում։ Վերջինը հիմնավորեմ այսպես՝ երբ պարզաբանում ես, որ Հայաստանից ես, շարքային գերմանացին հիշելով ԽՍՀՄ-ը, արձագանքում է՝ Ռուսաստանի տիրապետության տակ էիք, չէ՞։
Մի կարեւոր դիտարկում անպայման ընդգծում է գերմանական մեդիան. «Ենթադրվում է, որ Ադրբեջանն օգտագործեց Պուտինի՝ Ուկրաինայում ներկա անհաջողությունը», իսկ շարունակելով հավելում, որ ՀՀ ռազմավարական դաշնակից «Ռուսաստանը նախկինում արդեն ավելի հաճախ զենք է մատակարարել Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին», եւ որ «Ռուսաստանի այժմյան պահվածքն անորոշ է»։ ՀԱՊԿ-ի մասին էլ հետեւյալն է նշվում՝ «դաշինքն այս պահին փլուզվում է, քանզի Ղազախստանը հեշտ հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ»։ Հիշեցնում է օգոստոսի 31-ին այդ երկրի մասին եղած հրապարակումները, ըստ որոնց «Ղազախստանը կապի մեջ է ՆԱՏՕ-ի, ամերիկացի, արեւմտյան ներդրողների հետ»։
Գերմանացի քաղաքական գործիչներից Բունդեսթագի պատգամավոր, իշխող Կանաչների խմբակցության փոխնախագահ, պաշտպանության հանձնաժողովի անդամ Ագնեշկա Բրուգգերը սեպտեմբերի 13-ին պատասխանելով watson պորտալի հարցմանը (որից ուղղակի հղում էինք արել վերեւում ներկայացված պարբերության մեջ), երկու կողմին՝ Ադրբեջանին եւ Հայաստանին հիշեցրեց, թե «բռնությունը սրում է հակամարտությունը», «հին հակամարտությունները բռնությամբ չեն լուծվում», հուշեց կիրառել դիվանագիտական միջոցները, «կողմերը պետք է վերադառնան լարվածությունը նվազեցնելու կառուցողական քայլերին, որպիսիք են ԵՄ միջնորդությամբ սկսվածները, որ Հարավային Կովկասի բնակիչների համար խաղաղության եւ կայուն անվտանգության առավել շատ հնարավորություններ լինեն»։
Ինչպես վերոհիշյալ լրատվամիջոցը, այնպես էլ ուրիշներ, ԶԼՄ-ների մեծ մասը Հայաստանի վրա հարձակման փաստը չի՛ շեշտադրում, փոխարենը փորձում է ագրեսորի տեսանկյունից մատուցել իրողությունը, թե հիմնապատճառը ԼՂ-ի համար հակամարտությունն է։
«Օլդենբուրգեր օնլայն ցայթունգը» սեպտեմբերի 14-ին հրապարակել է dts գործակալության տրամադրած լրատվությունը, որ հինգշաբթի տպագրվել է նաեւ taz-ում, որում ներկայացված է Բունդեսթագի իշխող ուժի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերի պահանջը Բեռլինից եւ Բրյուսելից, որ «մարտերը դադարեցնելու ճնշումն ավելացնեն Ադրբեջանի եւ Հայաստանի վրա»։ «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչը, որ Բունդեսթագում նախագահում է Եվրոպական հանձնաժողովը, այսպես է արտահայտել՝ այն հանգամանքը, որ «Ադրբեջանը ԵՄ-ի համար էներգակիրների կարեւոր մատակարար է, պատճառ չէ, որ Բաքվին չքննադատենք։ Նախկինում մեզ առանձնահատուկ կախյալ էինք դարձրել Ռուսաստանից, այդու՝ հարկադրանքի տակ, իսկ Ադրբեջանից այդչափ կախյալություն չկա»։ Մեր կարծիքով, այս ձեւակերպումը չէր հնչի, եթե կանաչները չվստահեին այն պնդմանը, թե Ադրբեջանը այդքան նավթ ու գազ չունի, որքան խոստանում է եւ մտադիր է ռուսական վառելիքն էլ իրենի հետ մատուցել։
Նույն օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բանակցելու հորդորն ուղղեց Հայաստանին եւ Ադրբեջանին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Բեռլինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։ «Այս հակամարտությունն իմաստ չունի», հայտարարեց Շոլցը։ Թույլ տվեք հակադարձել՝ իսկ 21-րդ դարում՝ արհեստական բանականության զարգացման դարում Ցեղասպանության կամ Շոայի զոհերի հիշատակը հարգելիս, «այլեւս երբեք» արտահայտությունը կրկնելիս, ինչո՛ւ չեք սանձում Ալիեւի վերբալ սպառնալիքը, ինչո՛ւ եք արտոնում, որ գերմանացիների ձեւակերպմամբ «Եվրոպայի սահմանին» նոր պատերազմ բռնկվի։ Լուռ եք, երբ ցեղասպան Թուրքիան ոտնձգության փորձ է կատարում Հունաստանի կղզիների նկատմամբ։ Եթե լուռ մնաք, շարունակվելու է, որքան էլ «մեծահոգաբար» գնահատեք, թե «իմաստ չունի»…
Սեպտեմբերի 14-ի կեսգիշերին գերմանական ԶԼՄ-ները, մասնավորապես dpa-ն, ntv-ն Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման երկօրյա ամփոփմանը կցեցին նաեւ ԱԺ-ի առջեւ հազարավոր հայերի բողոքի ցույցի մասին լրատվությունը, ըստ որի ցուցարարները պահանջել են վարչապետ Փաշինյանի հրաժարականը, քանզի վերջինս տեղի է տալիս Բաքվի պահանջներին։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա