Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Իրանի հռչակած շիա իսլամական քաղաքակրթական ազդեցությանը հակազդելու նպատակով Անկարան օրակարգ է մտցնում թյուրքական միասնական ինքնության գաղափարախոսությունը:
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում մեկնարկեց Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը եւ ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» նախագահ Էրսին Թաթարը:
Իլհամ Ալիեւն իր բացման խոսքում ընդգծեց, որ այս կազմակերպությունն այլեւս միայն համագործակցության հարթակ չէ, այլ դառնում է աշխարհաքաղաքական լուրջ կենտրոններից մեկը:
Խոսելով կազմակերպության դերակատարության աճի՝ իր պատկերացրած պատճառների մասին, Ալիեւը կարեւորել է անդամ երկրների քաղաքական եւ տնտեսական կայունության, աշխարհաքաղաքական դիրքի, երիտասարդ բնակչության, բնական ռեսուրսների աճող ռազմական ներուժի գործոնները:
Ադրբեջանի նախագահը, որ վերջերս Հայաստանի հետ Վաշինգտոնում խաղաղության հռչակագիր է նախաստորագրել, իր ելույթում ռազմական ուժը ժամանակակից աշխարհում գնահատել է որպես յուրաքանչյուր երկրի անկախության եւ տարածքային ամբողջականության հիմնական երաշխիք եւ մեծ կարեւորություն տվել անդամ պետությունների ռազմական եւ պաշտպանական համագործակցությանը: Սակայն բանախոսն իր թյուրքախոս ունկնդիրներին չի ասել, որ դեմ է հայկական կողմի զինվելու փորձերին ու պաշտպանական կարողությունների հզորացմանը միտված ջանքերին:
Նա հիշեցրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում միայն Թուրքիայի հետ անցկացվել է ավելի քան 25 համատեղ զորավարժություն եւ հետեւություն արել, որ անհրաժեշտ է 2026-ին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջեւ Ադրբեջանում անցկացնել առաջին համատեղ զորավարժությունը: Կարելի է չկասկածել, որ Ալիեւի առաջարկությունն ընդունվելու դեպքում պայմանավորվածությունը ձեռք կբերվի առաջին խորհրդանշական համատեղ զորավարժությունն անցկացնել հենց օկուպացված Արցախում:
Իլհամ Ալիեւը գագաթնաժողովին արտասանած իր ելույթում՝ հաշվի չառնելով «Թրամփի ճանապարհի» մասին նախաստորագրված խաղաղության հռչակագրի մյուս կողմի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կոպենհագենյան հանդիպումից հետո նաեւ նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանի հնչեցրած մտահոգությունները, կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» գործարկման աշխարհաքաղաքական նշանակությանը եւ այդ հարցում իր գործադրած ջանքերին՝ այն ներկայացնելով որպես «Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող թյուրքական աշխարհի կենսական տրանսպորտային ուղի»:
Ալիեւը ԹՊԿ գագաթնաժողովի ընթացքում, ակնարկելով ԼՂ հայ բնակչության տեղահանման «ավարտը», նաեւ հայտարարել է, որ նախկին հակամարտության մնացորդները վերացվել են: Բանախոսը շնորհակալություն է հայտնել «եղբայրական երկրներին»՝ Ղարաբաղում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին ակտիվ ներգրավվածության համար:
Միասնական այբուբեն ստեղծելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին ներկայացրած առաջարկը, որն արձանագրվել է նաեւ միջոցառման ընդունած եզրափակիչ փաստաթղթում, մի քանի առումներով ունի հեռանկարային եւ ռազմավարական նշանակություն: Առաջին հայացքից հումանիտար թվացող այս նախաձեռնությունը կրում է քաղաքական, մշակութային, տնտեսական եւ աշխարհաքաղաքական ենթատեքստ:
Այսպիսով, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Իրանի հռչակած շիա իսլամական քաղաքակրթական ազդեցությանը հակազդելու նպատակով Անկարան օրակարգ է մտցնում թյուրքական միասնական ինքնության գաղափարախոսությունը:
Միասնական այբուբենը կարող է դառնալ նաեւ քաղաքակրթական միավորող գործոն, որը կնպաստի թյուրքալեզու ժողովուրդների միջեւ մշակութային հաղորդակցության ամրապնդմանը:
Այս քայլը միտված է խորացնել թյուրքական ինքնության համատեղ ձեւավորումը, ինչը կարող է նպաստել Էրդողանի քարոզած «Թյուրքական աշխարհի միասնության» գաղափարախոսությանը:
Եվ քանի որ առաջարկը ներկայացվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից, նշանակում է, որ Թուրքիան թյուրքալեզու երկրների ինտեգրման գործընթացում ցանկանում է ստանձնել նախաձեռնողի եւ առաջնորդի դերակատարություն:
Եվ վերջապես, ԹՊԿ-ի Գաբալայի գագաթնաժողովը, հակառակ իր պաշտոնական խաղաղասիրական հռետորաբանությանը, ներկայացրեց հստակ աշխարհաքաղաքական օրակարգ, որը թիրախավորում է նախեւառաջ Հայաստանի եւ Իրանի շահերն ու անվտանգությունը: «Զանգեզուրի միջանցքի» իդեալիզացումը, մշակութային վերակազմավորումը, ռազմաքաղաքական համախմբումն ու տնտեսական նախագծերը վկայում են տարածաշրջանում ուժերի նոր վերադասավորման փորձի մասին, որի առանցքում թյուրքական աշխարհն է՝ միատարր աշխարհաքաղաքական ծրագրով:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ