Ամերիկահայ «Զուլալ» վոկալ եռյակը թողարկել է հերթական խտապնակը՝ «Հովվի ժամը» վերնագրով: Այն ընդգրկում է «Լազ-պար», «Զուլո», «Նարե», «Կողբա յայլի», «Զինչ ու զինչ տամ», «Նուբար», «Հինգ էծ», «Տալտալա», «Ջանիման» եւ «Անձրեւն էկավ» երգերը: Ալբոմի շապիկը ձեւավորել են Գեւորգ Մուրադը եւ Հրայր Գալեմքարյանը, ձայնագրությունն իրականացրել է Կամիլո Կրացը:
2002 թվականին ստեղծված «Զուլալ» առանց նվագակցության (a cappella) հայկական վոկալ եռյակը գործում է Նյու Յորքում, անդամներն են ԱՄՆ-ում ծնված հայուհիններ Թենի Աբելյանը, Երազ Մարգարյանը եւ Անայիս Թեքերյանը: «Զուլալն» իր հատուկ եռաձայն վերամշակմամբ մեկնաբանում է հայկական ժողովրդական երգեր: Խումբը համերգներով հանդես է եկել ամերիկյան հեղինակավոր տարբեր վայրերում, որոնց թվում են Նյու Յորքի «Քենեդի կենտրոնը», «Մետրոպոլիտեն թանգարանը», «Քարնեգի հոլը» եւ այլն: 2016 թվականին «Զուլալը» համերգով հանդես է եկել Երեւանում: Բացի համերգային գործունեությունից եւ ձայնագրութիւններից, եռյակը պատրաստում է երաժշտություն թատրոնի եւ կինոյի համար, հանդես գալիս պատանի ունկնդիրների համար նախատեսված հատուկ կրթական ծրագրերով:
Ա. Բ.