«Ազգի» 2018 թվականի հունիսի 15-ի համարում տպագրված մեր «Հայոց Գանձակը» հոդվածում հայտնել էինք այն միտքը, թե անհրաժեշտ է լավ ճանաչելով՝ վառ պահել կորսված հայրենիքի պատմական հիշողությունը, որպեսզի ժամանակի ընձեռած պատեհ առիթների դեպքում պատրաստ եւ իրավասու լինենք վերադարձնել մեր կորուստները: Գանձակի պարագայում, ցավոք, այդպիսի «պատեհ առիթ» չէր, այսպես կոչված, 44-օրյա պատերազմը, որն ավելի շատ ցեղասպանության էր նման եւ որի հետեւանքով ունեցանք մեծաթիվ զոհեր ու վիրավորներ, հայրենի տարածքների նորանոր կորուստներ, այդ թվում նաեւ Շուշին: Վերագտնված եւ վերստին կորսված հայրենի այս քաղաքը եւս դարձյալ վերագտնելու համար պիտի մշտապես հաղորդակցվենք նրա փառավոր ու ողբերգական անցյալին: Դա անհրաժեշտ է նաեւ փաստելու աշխարհին, որ Շուշին հա՛յ է…
Շուշին հիմնադրվել է հնագույն ժամանակներում, պատմական Հայաստանի Արցախ նահանգի Վարանդա գավառում: Տեղում հայտնաբերված հնագիտական նյութերը վերաբերում են Ք.ա. 14-13-րդ դարերին: Վաղ միջնադարում կոչվել է Շիկաքար (նաեւ Քար, Քարագլուխ): Տեղաբնիկ հայության համար եղել է անմատչելի պաշտպանական ամրություն, ապա վերածվել է պարսպապատ բերդի: 9-րդ դարում այստեղ արցախցի նշանավոր իշխան Մահլ Սմբատյանը հաջողությամբ պատերազմել է Արցախ ներխուժած արաբական զորքի դեմ, ազատագրել գերեվարված հայ բնակչությանը:
Շիկաքարը միջնադարում վկայված է իբրեւ գյուղ կամ բերդաքաղաք: Առնվազն 15-րդ դարից արդեն կոչվում է Շուշի: Դա ծագել է նրան տրված Շոշի բերդ անվանումից, որ նշանակում է Շոշի պատսպարան. Շոշը մերձակա բնակավայր էր, որի բնակիչները թշնամիների հարձակումների ժամանակ պատսպարվում էին Շիկաքար բերդում: Ըստ այդմ, Շիկաքարն աստիճանաբար տեղի է տվել Շոշի-Շուշի անվանը:
Շուշիում հայտնաբերվել են հնագիտական 200-ից ավելի հուշարձաններ, որոնց մի մասը վերաբերում է անտիկ շրջանին եւ վաղ միջնադարին: Քաղաքի շրջակայքում կան հնագույն գերեզմաններ: Պահպանվել են 9-12-րդ դարերին վերաբերող գեղեցկակերտ խաչքարեր…
Միջնադարում Շուշին ապրել է կրթական-մշակութային աշխույժ կյանքով: Այստեղ, հնագույն Ամարաս վանքի թեմակալությամբ, գործել են եկեղեցիներ (այժմ չպահպանված)՝ կառուցված հայկական եկեղեցական ճարտարապետության սկզբունքներով: Նշանավոր է եղել հատկապես Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ իր գրչատնով հանդերձ: Պահպանվել են 15-16-րդ դարերում այստեղ գրչագրված Ավետարանների հիշատակարանները…
18-րդ դարի սկզբներին Շուշին տարածաշրջանը ողողած թուրքական հորդաների դեմ հայության ազատագրական մարտերի հուսալի հենակետն էր: Ըստ երեւույթին, այդ ժամանակ բերդը վերակառուցվել ու ամրացվել է նրա տերերի եւ ազատագրական պայքարի առաջնորդների ջանքերով: Մինչեւ այժմ պահպանվել են հայ իշխան, նշանավոր ռազմական գործիչ Ավան հարյուրապետի 1724 թվականին կառուցած 6-8 մետրանոց շրջապարիսպների մի մասը եւ աշտարակով դարպասը…
1725 թվականին Շուշիում ամրացած հայերն ութօրյա հաղթական մարտերից հետո փախուստի մատնեցին թուրքական 40-հազարանոց բանակին: Շատ չանցած, սակայն, թուրքական սարըջալու քոչվորական ցեղի առաջնորդ Փանահ խանը, օգտվելով Արցախի մելիքությունների երկպառակությունից եւ մեզանից անպակաս դավաճանի՝ տվյալ դեպքում Մելիք-Շահնազար 2-րդի աջակցությունից, տիրացավ Շուշիին: Հիմնվեց Շուշիի կամ Ղարաբաղի խանությունը, որը շուրջ 70-տարի (1747-1822) չարիք դարձավ արցախահայության գլխին՝ հայկական Արցախն ու նրա կենտրոն Շուշին հեղեղելով թուրքական ավերիչ ցեղերով:
Ղարաբաղի խանության վերացումից հետո Շուշին դարձավ Ռուսաստանի եւ Պարսկաստանի ռազմական հակամարտությունների թատերաբեմ: 1826 թվականին շուշեցի 1500 հայ կամավորականներ, ռուսական կայազորի որոշ աջակցությամբ, անձնուրաց պայքար մղեցին քաղաքը պաշարած պարսից 60 հազարանոց բանակի դեմ: 48 օր տեւած հերոսական պաշտպանության շնորհիվ Շուշին մնաց անառիկ…
Ռուս-պարսկական պատերազմից հետո (1828) Ղարաբաղն, առանձին ազգային-պետական միավորի կարգավիճակով, ենթարկվեց Ռուսաստանի գերիշխանությանը:
19-րդ դարի վերջին արդեն Շուշին, որ համարվում էր Կովկասի մարգարիտ, ադամանդ կամ Հայոց փոքրիկ Փարիզ, բնակչության քանակով տարածաշրջանի խոշոր քաղաքներից էր: Բնակիչների մեծագույն մասը հայեր էին. կային նաեւ ռուսներ եւ թուրքական խառնիճաղանջ ցեղախմբերից կազմված կովկասյան թաթարներ, որոնք ավելի ուշ պիտի վերակոչվեին ադրբեջանցիներ:
1897 թվականի մարդահամարի տվյալներով Շուշիի գավառում ապրում էին 73 953, իսկ բուն քաղաքում՝ 14 420 հայեր: Այս ժամանակաշրջանում Շուշի այցելած միսիոներ Ջոզեֆ Վոլֆն իր հուշագրության մեջ արձանագրել է. «Շուշի՝ Ղարաբաղի գավառ, Մեծ Հայքում»:
1918 թվականի հուլիսի 22-ին Շուշիում տեղի ունեցավ Արցախահայության անդրանիկ համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրեց Ազգային խորհուրդ եւ հիմնեց ժողովրդական կառավարություն: Մինչեւ 1920 թվականը Շուշին Ղարաբաղի ժողովրդական կառավարության նստավայրն էր:
Այսպիսով, ուրեմն, սկսած 19-րդ դարի 20-ական թվականներից , շուրջ հարյուր տարի, Շուշին, իր հարակից գյուղերով հանդերձ, ապրել է հարաբերական անկախության ու խաղաղության պայմաններում: Այդ ժամանակաշրջանում քաղաքն աստիճանաբար դարձավ առեւտրական, արհեստագործական եւ մշակութային խոշոր կենտրոն: Կառուցվեցին նոր եկեղեցիներ, ինչպես նաեւ նոր ժամանակաշրջանի քաղաքի լիարժեք կենսագործունեությանն անհրաժեշտ հաստատություններ, հասարակական շինություններ. հիվանդանոց, էլեկտրակայան, գործարաններ, ֆաբրիկաներ, վաճառատներ, հյուրանոցներ, բնակելի եւ կրթական ու մշակութային նշանակության շենքեր: Քաղաքի իշխանություններն առեւտրական գործուն հարաբերությունների մեջ էին ոչ միայն Ռուսաստանի եւ Պարսկաստանի, այլեւ եվրոպական մի շարք երկրների հետ…
Շուշիի ինչպես եկեղեցական, այնպես էլ քաղաքացիական շինություններն կառուցվում էին շեշտված հայկական ճարտարապետության ավանդույթներով: Քաղաքի բնակելի տները 19-րդ դարի հայկական ճարտարապետական արժեքավոր նմուշներ էին: Դրանք 2-3 հարկանի էին՝ շինված կոպտատաշ կրաքարից, իսկ շենքերի անկյունները, բացվածքների շրջանակները, քիվերը, հարդարանքի տարրերը՝ սրբատաշ քարից, միջհարկային ծածկերը՝ փայտից: Քաղաքի նախկին համապատկերն ուրվագծված է Շուշիում որոշ ժամանակ ապրած մեծ հայագետ Հրաչյա Աճառյանի հետեւյալ նկարագրության մեջ.
«Գեղեցիկ էր Շուշի քաղաքը, տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր, տաշած քարերով շինված: Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձեւ տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ: Կտուրները ներկված են կարմիր, եւ բարձունքից դիտողը կարմիր, կանաչ եւ սեւ գույների զանազանությամբ, սիրուն տեսարան ունի առաջը»:
Շուշիի կենտրոնը կազմող հայաբնակ շրջանը տարածվում էր քաղաքի բարձրադիր մասում եւ բաղկացած էր մի քանի թաղամասերից՝ Ղազանչեցոց, Մեղրեցոց, Ագուլեցոց եւ այլն: Թաղամասերից յուրաքանչյուրն ուներ իր կենտրոնը եւ եկեղեցին:
Սրբատաշ կրաքարից կառուցված եկեղեցիները հինգն էին՝ Կուսանաց անապատի Սուրբ Աստվածածինը՝ միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով (1816 թ., չի պահպանվել), Նոր կամ Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչը՝ խաչաձեւ գմբեթավոր հորինվածքով (1818 թ., հայտնի է Կանաչ ժամ անունով), Ագուլեցոց Սուրբ Աստվածածին (1822 թ.) եւ Մեղրեցոց Սուրբ Աստվածածին (1838 թ.) եռանավ բազիլիկները (չեն պահպանվել), Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարը (1868-1887 թթ.), որն իր չափերով հայկական մեծածավալ եկեղեցիներից է, կենտրոնագմբեթ հորինվածքով: Իբրեւ ճարտարապետական կառույցներ, Շուշիի եկեղեցիներն իրենց ուրույն տեղն ունեն Արցախի շուրջ 60 վանական համալիրների եւ ավելի քան 500 եկեղեցիների համապատկերում:
Շուշին դարեր շարունակ եղել է Արցախի երկու նշանավոր հոգեւոր-կրթական համալիրների՝ Ամարասի եւ Գանձասարի անմիջական ազդեցության ներքո: Հիշենք, որ դեռեւս 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցն Ամարասում բացել էր Արցախի առաջին դպրոցը:
Կրթական դարավոր ավանդույթների հիման վրա Շուշին 19-րդ դարի զարթոնքի շրջանում ժամանակի հայ լուսավորական շարժման առաջատարներից էր: 1820-ական թվականներից մինչեւ 1920 թվականը այստեղ գործել են տարբեր բնույթի 16 հայկական դպրոցներ:
Շուշիի կրթական գործը սկզբնավորել են ժամանակի երկու նշանավոր վարդապետներ՝ Գանձասարի վանքի միաբան Հովսեփ Արցախեցի Տեր-Ավագյանը եւ նրա աշակերտ, Տաթեւի վանքի միաբան Պողոս Ղարադաղցի Ներսիսյանը (Խաչատուր Աբովյանի ուսուցիչը):
1827 թվականին Բազելի Ավետարանական միսիոներական ընկերությունը Շուշիում հիմնել է հայկական դպրոց՝ Լեմսի շկոլ, պատրաստելով մեծ թվով ուսուցիչներ եւ քարոզիչներ: Տաս տարի անց, ցարական կառավարության հրամանագրով, արգելվեց Բազելի միսիոներական ընկերության գործունեությունն Արցախում: Նույն թվականին ցարական մեկ այլ հրամանագրով Շուշի փոխադրվեց Արցախի թեմի կոնսիստորիան, որի առաջնորդ էր նշանակվել Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասար Հասան-Ջալալյանը: Այս արդյունաշատ ազգային գործիչը Շուշիում եւս իրագործեց մի շարք կարեւոր ազգանպաստ ձեռնարկումներ, որոնցից է Թեմական հոգեւոր դպրոցի հիմնումը (1838 թ.): Թեմական հոգեւոր դպրոցը ծաղկել է հատկապես 1877-1882 թվականներին: Տեսուչներից է եղել Ղազարոս Աղայանը, իսկ ուսուցիչներից՝ Պերճ Պռոշյանը, Մանուկ Աբեղյանը, Վրթանես Փափազյանը, Հրաչյա Աճառյանը: Այստեղ աշակերտները լուրջ կրթություն են ստացել. սովորել են հայոց պատմություն, հայոց լեզու, մատենագրություն, աշխարհագրություն, ֆրանսերեն, ռուսերեն: Դպրոցի շրջանավարտներից հիշատակելի են Արամ Մանուկյանը, Նիկոլ Դումանը, Գարեգին Ա կաթողիկոս Հովսեփյանը, Մուրացանը, Լեոն…
Թեմական հոգեւոր դպրոցին կից ստեղծվել են քաղաքի առաջին գրադարանը, ակումբ եւ տպարան:
Շուշիի նշանավոր ուսումնական հաստատություններից էր Ղարաբաղու Տիրամայր Սուրբ Մարիամու օրիորդաց ուսումնարանը (1864 թ.), որով սկզբնավորվել է Արցախում իգական սեռի կրթության գործը: Այստեղ եւս իր ծանրակշիռ ներդրումն ունի Պերճ Պռոշյանը: Դպրոցը 1912 թվականին վերակոչվել ու վերագործել է Մարիամ-Ղուկասյան օրիորդաց գիմնազիա անվանումով: Նշանավոր է եղել նաեւ Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոցը:
Երկսեռ աշակերտություն են ունեցել Կուսանաց մենաստանի, Գայանե Դանիելյան (1873) եւ Թադեւոսյան (1895) դպրոցները:
Շուշիի կրթական կյանքում նշանակալից դեր է կատարել նաեւ Ռեալական (ռուսական. 1881 թ.) ուսումնարանը…
Շուշին, Էջմիածնից հետո հայկական երկրորդ տպագրավայրն է հայրենի երկրում: 1827 թվականին Բազելի Ավետարանական միսիոներական ընկերությունը Շուշիում, դպրոցից բացի, հիմնել է նաեւ հայկական տպարան, որ հայտնի է Բողոքական քարոզիչների տպարան անունով: Այն 1828-1833 թվականներին լույս է ընծայել 22 անուն գիրք: Տպագրել է կրոնական-քարոզչական բնույթի եւ քերականական գրքեր, բառարաններ: Որոշ գրքեր լինելով ուսումնական ձեռնարկներ, արեւելահայերեն են, այսինքն՝ նոր գրական հայերենի առաջին տպագիր նմուշներից են:
Վերջը հաջորդիվ
ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ
ԲԳԴ