Քոնեքթիկուտի եւ Յեյլի համալսարաններում գիտական գործունեություն ծավալած Թանսու Չիլլերը, երբ վարչապետ կամ արտգործնախարար էր եւ իր ընտրողների կամ հանրության լայն շրջանակների հետ էր հանդիպում, միշտ մի կողմ էր դնում իր՝ իրոք արեւմտյան կենսակերպ կրողի կերպարը: Նա գիտեր, որ երբեք պետք չէ իրեն դուրս դնել իր հանրույթ-մեծամասնությունից, իրեն հակադրել իր ընտրողին, սեփական ժողովրդին, քանի որ ընտրողն ու հանրույթը չեն սիրում իրենցից իրեն բարձր դասողներին կամ տարբերվողին: Սա գիտելիք է, որն, ի դեպ, սովորեցնում են քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների դասագրքերում: Թանսու Չիլլերն անգամ լայն հանրության հետ հանդիպումներում չէր խորշում գլխաշոր կրելուց, չնայած իրականում, որպես իսկական արեւմտակենցաղ, նա ատում էր գլխաշոր կրելու մուսուլմանական սովորությունը:
Օրինակը թուրքական իրականությունից բերեցի՝ հատուկ մեր հանրության թրքասեր հատվածի համար, որի մեջ են Թուրքիայի հետ հարաբերությունների կողմնակից իշխանամերձները:
Հիմա գանք Աննա Հակոբյանի վերջին ելույթին, որտեղ հանրության մեծամասնության մոտեցումներին հակադրվող, ավելին՝ այդ մոտեցումներն ակնհայտ քամահրող ձեւակերպումներ կային: Ուզում եմ հարցնել՝ միթե հանրությանը հակադրվելու արդյունքի ակնառու օրինակներն աշխարհում գոնե հետ չե՞ն պահում վարչապետի տիկնոջը ոչ օրդինար մտքեր հայտնելուց, եթե անգամ խիղճը քնել է ու չի հուշում 5 հազար զոհվածների եռակի-քառակի թվով մայրերի ու քույրերի՝ այլեւս ընդմիշտ դժբախտությունը հարգելով չարտաբերել երջանկության իր կասկածելի պատկերացումները: Եթե անգամ մի պահ ենթադրենք, որ վերը նշած տեխնոլոգիաներին նա չի տիրապետում: Բայց միանգամից սթափվենք, քանի որ ով-ով՝ մեր երկրի իշխանություն- առաջին զույգը, երկուսն էլ նախկինում լրագրող, շատ էլ լավ տիրապետում են բոլոր այն տեխնոլոգիաներին, որոնք ներդրված են աշխարհում քաղաքականության մեջ եւ մեդիայում: Այնպես որ միանգամից բացառենք երկու բան՝ միշտ արթուն խղճմտանքը՝ հանդեպ զոհվածների մայրերն ու քույրերը եւ տեխնոլոգիաներին չտիրապետելը: Հակառակը, վերջին դեպքում, ուշադիր հետեւելով գործընթացներին՝ մենք կարող ենք վկայել, որ նրանք հիանալի գիտեն բոլոր այն տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս կառավարել քաղաքական միավորներին (բոլորին անխտիր) եւ հասնել նրան, որ ԶԼՄ-ները ոչ թե իրականությունը տեղեկացնեն սեփական հանրությանը, այլ, ինչպես ողջ աշխարհում, ապատեղեկացնեն, ապակողմնորոշեն, վախ առաջացնեն, անվստահություն սերմանեն՝ սեփական ուժերի նկատմամբ, այդպիսով հանրության ուժերից վեր համարելով տեղի ունեցող գործընթացներին ընդդիմանալը: Ինչն էլ հիմա տեղի է ունենում մեր հանրույթում՝ երբ ոչ ոք իրական հակադրություն կամ դիմակայություն ցույց չի տալիս Արցախի հանձնմանը կամ Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցողին: Ու հանրության զգալի հատվածը, ինչպես շատ տարիներ առաջ, այժմ էլ մեն-մի միջոցից է օգտվում՝ չխառնվել կատարվողին, եթե հնարավոր է՝ արտագաղթել ու նվնվալ միայն պատերի տակ կամ այլ երկիր արտագաղթելուց հետո:
Բայց վերադառնանք մեր գլխավոր հարցադրմանը. ինչո՞ւ են հնարավոր այդպիսի մտքերը, այն էլ վարչապետի տկնոջից:
Նախ ասեմ, որ ես ի սկզբանե փոփոխությունների կողմնակից եմ եղել, ու ինձ ահավոր զզվեցրել էին անցյալի կեղծ, կոռումպացված եւ նորմալ մարդկանց ճանապարհը փակող բարքերը: Բայց սարսափելի պատերազմից ու նրա ելքից հետո դրանք անգամ ոչինչ են՝ մեր իշխանության դրսեւորած անճարակության եւ մեզ այս կարգի անորոշության հասցնելու համեմատ: Իսկ ընդհանուր անորոշությանը, հուսախաբությանը վերջին հարվածներն են տալիս այսպիսի մանր-մունր շտրիխները, ինչպիսին վարչապետի տիկնոջ ելույթն էր «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» հավակնոտ վերնագրով համաժողովին:
Նախ ուզում եմ հարցնել՝ ի՞նչ հնարավորություն, ամեն տեղ խոչընդոտ է. ես պատմվածքներիս եւ վիպակներիս երկրորդ ժողովածուն եմ ուղարկել տպարան, հարյուրից ավելի գեղանկարչական աշխատանքների հեղինակ եմ, իսկ շուրջը միայն խոչընդոտ է, հին ոլորտային մաֆիաներն են ամենուր, որոնք փակում են բոլոր ճանապարհներն իրենց հացին սպառնալիք թվացող ամեն մեկի համար: Նայեք Հանրային հեռուստատեսություն հրավիրվող հյուրերին՝ հաճախ մտքի կտոր չկա այդ մարդկանց արտաբերումների մեջ, միայն թե յուրային լինի՝ այդ տարբերակիչով են եթեր հրավիրվում (ի դեպ՝ նաեւ մյուս հեռուստաընկերությունները եւս չեն փայլում բազմակարծությամբ): Երկրորդ՝ համաժողովի դահլիճում ես համարյա թե չտեսա իրապես մտավորական հայ կնոջ՝ նստած էին բրենդային հագուստներով, առավելագույն եւ թանկարժեք մակիյաժով, գույնզգույն կանայք հիմնականում եւ պաշտոնյա կանայք: Իսկ Աննա Հակոբյանի ելույթն այս ամենը դիտող սովորական ու անգամ մտավորական հայ կնոջը հասցրեց վերջին հարվածը:
Ո՞ւմ էին ուղղված տիկնոջ խոսքերը, թե՝ մենք, հայ կանայք, չենք ուզում երջանիկ լինել: Արդյոք տանյակ հազարավոր այն մայրուքույրերի՞ն, որոնց հարազատին զոհեցին կամ հաշմանդամ դարձրին պատերազմը կառավարել չիմացող անճարակ ղեկավարները, արդյոք ճկույթաչափ աշխատավարձ ստացող տասնյակ հազարավոր կանա՞նց, որոնց աշխատավարձը եթե ամսվա օրերի վրա բաժանենք՝ իսկի փոխադրականին եւ օրվա հացումածունին չի հերիքում, արդյոք մեր կանանց թոշակառու մասի՞ն, որոնց թոշակն ավարտվում է ամսվա առաջին տասնօրյակի վերջում: Իսկ նրանց այս վիճակի պատասխանատուն այդ խոսքն ասողն է՝ իր իշխանությամբ: Ուզո՛ւմ են երջանիկ լինել, էն էլ ո՜նց են ուզում՝ վերադարձրեք նրանց զավակներին, հազարավոր վատ վարձատվող երիտասարդ, միջին տարիքի կամ թոշակառու կանանց վարձատրեք ձեր կրած բրենդային մեկ պայուսակի արժեքի չափով գոնե ամսական աշխատավարձ, պաշտոնի նշանակեք իրական պրոֆեսիոնալներին, մարդատեղ դրեք իսկական մտավորական կանանց, ոչ թե միայն յուրայիններին՝ գուցե իմ ասած կանայք կարենան երջանիկ լինել:
Դուք տառապեցրել եք հայ կնոջը պատերազմով, զոհերով, Արցախի մեծ մասի հանձնումով, այժմ մնացած Արցախի էլ հանձնման հեռանկարով եւ խոսում եք տառապյալ-առաքինի-երջանիկ զուգահեռի՞ց:
Բախտավոր լինելու համար կինը պետք է այսքան զոհ ունեցած, նվաստացած, ամեն օր նվաստացվող հայրենիք չունենա նախ, ամեն օր չլսի այս ու այն դժբախտ պատահարի, նոր զոհի մասին (վերջինն անտառում կախված գտնված ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի ցավալի դեպքը): Է՝ ի՞նչ եմ ասում, ո՞ւմ եմ ասում, ինչո՞ւ եմ ասում, ոչ ոք ո՛չ կարդում է, ո՛չ լսում:
Լավ , մի նորմալ խորհրդատու չունի՞ Աննան, որը նրան կհուշի՝ ի՞նչ եւ ե՞րբ ասել, չնվաստացնել ժամանակի փորձությանը դիմացած հայ կնոջ կերպարը, որ դժվարությունների մեջ միշտ էլ կարողացել է ե՛ւ երջանիկ լինել, ե՛ւ սիրել, ե՛ւ արժեհամակարգ փոխանցել: Եթե ինչ-որ մեկն այդպիսի ժառանգություն չի ստացել, դա չի նշանակում, որ հայ կինը սխալ է ապրել: Ապրել է այնպես, ինչպես իր ազգը, նրա ստեղծած կամ նրան ընձեռված հնարավորությունների շրջագծում, նրա հայրենիքի ճակատագրի շրջագծում: Եթե այլեւս այլ ազգի կնոջ բարքերով է ուզում ապրել որեւէ մեկը՝ ճանապարհն ազատ է, թող գնա այն երկիր, որը նախընտրում է, որն ուժեղ է, հարուստ, թելադրող, որի դեպքում միայն նրա քաղաքացի կանայք կարող են իրենց լիարժեք երջանիկ լինելու շռայլությունը թույլ տալ: է, մեր դեպքում հո մենք բույս չե՞նք, որ երկիր ու զավակ կորցնենք եւ մեր ուղեղն անջատենք միայն անձնական երջանկության վրա: Ստեղծե՛ք այդ պայմաններն իմ հայրենիքում, հետո կխոսենք: Հարց՝ ելույթն ակամա՞ է նվաստացնում հայ կնոջը, թե՞ միտում կա մեջը: Չնայած՝ մեր նշած պատճառներով չի կարող ակամա լինել: Եթե միտումնավորի կանխավարկածից ենք ելնում, ու ելույթը կառուցված է հատուկ կոդերով, ուրեմն ամեն խոսքն ուղղված կոնկրետ թիրախների, այլ բան մտածելու տեղ չի թողնվում:
Այսպիսի ելույթ ունենալիս միշտ պետք է նկատի ունենալ, որ սխալ կոդերը իրական հակազդեցության լիցք ունեն, իսկ իրեն երջանիկ համարողները մի ակնթարթում կարող են դժբախտի վերածվել, ինչպես պատերազմն արեց մեր շատ կանանց դեպքում: Ես իմ կյանքով միշտ առաջ եմ նայել, երեխաներիս ազատամիտ դաստիարակել, սիրել անձի ազատ ինքնադրսեւորման մաքուր օդը, բայց երբեք քայլ չեմ արել ինքնության կոդերի վրայից լոք տալու, որից մի քայլ այն կողմ ազգային չպատկանելությունն է:
Այս անգամ ես պետք է գրեի անցած կիրակի Շուշիի տակ ադրբեջանցիների կատարած դիվերսիային (որին զոհ գնաց երեք հայորդի) ժամանակին չդիմակայելու, եվրոպացիների՝ հայկական խնդիրներով իրարամերժ մոտեցումների, Արցախում եւ նրա շուրջ տեղի ունեցող՝ իրոք վտանգավոր գործընթացների, վարչապետի ասած՝ Արցախում նոր սրումի, տարածաշրջանի բուռն խմորումներից Հայաստանի բացակա լինելու, եվրոպաների եւ ռուսների վրա հույս չդնելու հերթական ապացույցների ու մեր մենակության մասին, սակայն երբեմն ես էլ եմ հունից դուրս գալիս՝ չդիմացա:
Ու գրել եմ բարի նպատակով, սթափեցնելու համար, այլապես՝ շուրջը եղած քծնողներից ոչ ոք նման բան չի լսի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.-Այնուամենայնիվ՝ մարտի 5-ի ահաբեկչության վերաբերյալ կառավարության նիստի ժամանակ վարչապետի գնահատականը փոխանցենք, ըստ որի Ադրբեջանի նպատակն, այդպիսով, բանակցությունների վիժեցումն է, կեղծ ապացույցներ ներկայացնելով, թե Հայաստանը զենք ու զինամթերք է տեղափոխում Արցախ, արյունոտ ահաբեկչությամբ նոր խոսույթների ձեւավորումը, Միջազգային դատարանի վճռի չկատարումը Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ: Փաշինյանը գտնում է, որ անհետաձգելի է դառնում միջազգային խաղաղարարների հրավիրումը Լաչինի միջանցք, իսկ դե մենք (Հայաստանը) խաղաղության օրակարգին հավատարիմ ենք:Իսկ որ վարչապետական այս խոսույթին կարող է հետեւել նոր ահաբեկչություն Արցախի դեմ, սա չպետք է բացառել, քանի որ մարտի 5-ի ահաբեկչության չկանխումը ռուս խաղաղարարների կողմից հավանաբար ինչ-որ ենթատեքստ ուներ եւ հաջորդել է եվրոպացի պաշտոնյաների այցերին մեր տարածաշրջան:Իսկ Արցախ-Ադրբեջան շփումների անհաջող բովանդակությունը, Հայաստանի՝ կողքից դիտորդի դերի ստանձնումը ներառյալ, ոչ մի հուսադրող բանի սպասման տեղ չեն թողնում: Այ եթե Հայաստանում կարողանային իրենց մեջ ուժ գտնել՝ ճանաչելու Արցախի անկախությունը, հավատացած ենք, տրամագծորեն շատ բան կփոխվեր: Համնեայնդեպս՝ մեր կանխատեսումներով առաջիկա շաբաթը լարված ու անակնկալներով լի է լինելու: Մանավանդ՝ Վրաստանում օտարերկրյա լրտեսների մասին օրինագծի շուրջ բռնկված ռուս-արեւմտյան հրահրումներում կարծես արեւմուտքն է հաղթում, ռուսների համար տարածաշրջանային հետեւանքներով: Մեր ուղղությամբ անհանգիստ շարժումներ չլինեն: