«Ինչո՞ւ չի ստացվում» հարցը տալուց նախեւառաջ պետք է հասկանալ՝ ի՞նչը չի ստացվում
Զրոյից ու նոր օրակարգով պետք է սկսել
Օդի մեջ պտտվող մի հարց կա, որը թե՛ մենք, թե՛ մեզ են տալիս, ու դրա պատասխանը չենք կարողանում գտնել 2020-ի նոյեմբերի 9-ից, կամ 2021-ի ամռանն անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ ու հետո: Հարցը՝ «ինչո՞ւ չի ստացվում», բայց դրան պատասխանելուց առաջ պետք է մեկ այլ հարցի պատասխանել՝ «իսկ ի՞նչը չի ստացվում»: «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի տեսակետն է:
Նրա կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած խոշոր փլուզումներից հետո նոր բովանդակություն գտնել չի ստացվում: Չենք կարողանում այդ բովանդակությունը մշակել ու ներկայացնել հանրությանը, իսկ փլուզումներն, իրականում, խոշոր են եղել, հետեւաբար մինիմալիզմի հետեւում պետք չէ թաքնվել:
«Փոխվել են երկրի տարածքը, սահմանները, բնակչությունը, անվտանգային համակարգերը, ռիսկերը, ժողովրդի երազանքը, տեսլականը, նպատակը ու, առհասարակ, ամեն ինչ, բայց անկախ այդ փոփոխություններից մեզ մոտ ուզում ենք հինը թողնել: Իմ տպավորությամբ՝ Հայաստանում ամեն ինչ հին է, որովհետեւ այնքան խոշոր են փլուզումները, որ հնի սահմանը կարող է երեկ չէ առաջին օրը լինել: Շատ արագ է ամեն բան փոխվում, փոխվում է Եվրոպան, աշխարհը, իսկ մենք մեր պատկերացումների մեջ ենք: Ինչո՞ւ են պետք քաղաքական նոր հոսանքներ ու միավորներ (ավելին՝ կենսական անհրաժեշտություն է դա), որպեսզի քաղաքական նոր միտք ձեւավորվի, իսկ այն փողոցում չի ձեւավորվում: Ու որպեսզի, պայմանական ասած, ուրցաձորեցին հասկանա՝ մենք ի՞նչ ենք ասում, պետք է իմանա՝ ո՞վ ենք մենք: Այսինքն խնդիրը պետք է ձեւակերպենք իր հետաքրքրությունների շրջանակում: Ասել է թե՝ պարտավոր ենք մի բովանդակություն ձեւակերպել, որը թե՛ ուրցաձորցին, թե՛ երեւանցին, թե՛ ցանկացած հայ կհասկանա»,- շեշտում է վերլուծաբանն ու անդրադառնում «հայկական օրակարգ» ասվածին, որ հետպատերազմյան Հայաստանի վերելքի բանաձեւն ու վերելքի ճանապարհն է:
Եղել է աղետ, եւ ի՞նչ, հարց է տալիս, հավերժ աղետի մե՞ջ ենք մնալու. ինչ-որ մեկը պե՛տք է ձեւակերպի նոր օրակարգը: Նրա համոզմամբ՝ իշխանությունը դա երբեք չի անելու, որովհետեւ այդտեղ ինքը տեղ չունի, դա անելն իր բնական կատաստրոֆան է լինելու: «Ընդդիմությունը նույնպես չի անում, չնայած այն տեսակետին եմ, որ կարող է անել եւ ունի այդ ռեսուրսը: Քաղաքական նոր հոսանքների առացքային բանաձեւերից մեկը, ըստ իս, զրոյից պետության կառուցելու գաղափարն է: Դա գուցե տհաճ է լսել, բայց մենք այնպիսի փլուզման մեջ ենք, որ շատ բաներ զրոյից ենք սարքելու: Ունե՞ք այդ ռեսուրսը, ըստ իս՝ ունենք: Առաջին հերթին այն հաջողության հիշողությունն է: Մեզ մի անգամ հաջողվել է հաջողություն ու հաղթանակ ունենալ, պետականություն կայացնել՝ իր բոլոր պրոբլեմներով ու սխալներով հանդերձ: Երկրորդը՝ մարդկային ռեսուրսն է: Շատ լավ հասկանում-ընկալում են մարդկանց ե՛ւ անհանգստությունը, ե՛ւ ապատիան, եւ՛ արտագաղթը, բայց եթե ՀՀ-ում կա 200.000 մարդ, որոնք խնդիր են դնում նորից պետություն կայացնել, ուրեմն պետությունը կայանալու է: Վստահ եմ՝ այդ մարդիկ կան»,- իր տեսլականն է ներկայացնում նա:
Վահե Հովհաննիսյանի կարծիքով, ՀՀ-ի նոր օրակարգը պետք է ներառի ՀՀ-ի եւ Արցախի անվտանգությունը, ու եթե դա չեղավ, մնացած ամեն ինչ տեսություն է: Մյուս նպատակը, ըստ նրա, Արցախի հայաթափության կասեցումը պետք է լինի: «Ես չեմ խոսում Մինսկի խմբի շրջանակներում ընդունված բանաձեւերի սկզբունքների մասին, այլ ուղղակի ասում եմ՝ Արցախի հայաթափման կասեցում: Երրորդը՝ Սյունիքի թեման պետք է փակել: Այո, բարդ խնդիր է, բայց ցանկացած գնով Սյունիքի ռիսկերի թեման պետք է փակվի: Հայկական օրակարգի երկու հենասյուն կա՝ ազգային ու անհատական արժանապատվություն եւ սառը պրագմատիզմ: Վերջինս ամենաթանկ հատկանիշն է, եւ հուսամ, որ նոր ստեղծվելիք քաղաքական հոսանքները օժտված կլինեն դրանով: Առանց սառը պրագմատիզմի պետականություն վերականգնել պարզապես չես կարող: Արդյո՞ք այդ գործընթացն առանց խոչընդոտի է ընթանալու, կարծում եմ՝ ոչ: Այդ խոչընդոտը կամ ռիսկը բաժանումն է: Այն աշխատասենյակներում, որտեղ մշակվեց «սեւ ու սպիտակ» բաժանումը, որը բոլոր տապալումների գաղափարական հենքն էր, հիմա դա կորցրել է սրությունը: Նրանք, ովքեր հասկանում են, թե դա իրենց հաջողություն է բերելու, ապա, վստահ եղեք, նոր բաժանումներ են մտցնելու: Սա որպես սուր ռիսկ եմ ձեւակերպում եւ վստահ եմ, որ հայ ժողովրդի բաժանման համար արդեն նոր բանաձեւեր կան: Մենք էլ բացի խոսելուց պետք է գնանք ավելի հստակ ճանապարհով: Հայաստանում երկխոսություն պետք է լինի: Երկխոսություն՝ հանրության լիդերների միջեւ չեմ տեսնում. երկխոսելու ի՞նչ դաշտ ունեն նրանք: Երկխոսություն նրանց ընտրազանգվածների միջեւ պետք է լինի: Իշխանությունն իր՝ իշխանության մնալու գրավականը տեսնում է հենց այս իրավիճակի մեջ: Խորհրդարանում ընդդիմադիր երկու խմբակցություն կա՝ կազմված մեծաթիվ գրագետ ու լուրջ մարդկանցից, որոնք սակայն չեն կարողանում իրենց առաջ դրած խնդիրը լուծել: Նայում ենք հանրային դաշտին, այստեղ էլ լուրջ մարդկանց ստվար զանգված կա, որոնք գրագետ են ու ճիշտ բաներ են խոսում, բայց՝ ցաքուցրիվ: Հիմա դա ինչպե՞ս պետք է դառնա ընդհանուր բովանդակություն, դրա պատասխանն էլ հստակ է՝ որեւէ միավորման, շարժման, կուսակցության, դաշինքների միջոցով: Եթե եկանք, քննարկեցինք, գնացինք տուն, ոչինչ չի լինելու»,- եզրափակում է բանախոսը:
Հովհաննիսյանի բարձրաձայնած հարցին, թե պետք է օրակարգ ձեւավորել, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այլ հարցով է արձագանքում՝ իսկ ո՞րն է ոչ իշխանականների օրակարգը: Ըստ նրա` դա հասկանալու համար պետք է պատկերացնել, թե մենք ի՞նչ իրավիճակում ենք հայտնվել: Նա հանրությանը պայմանականորեն մի քանի խմբերի է բաժանում: Մի խումբը պացիֆիստներն են, որոնք ընդհանրապես հանդես են գալիս թշնամու հետ որեւէ գնով հաշտվելու տեսանկյունից, ինքնիշխանության նկատմամբ բացարձակ անտարբեր են, տնտեսական եւ ֆիզիկական անվտանգության դիմաց՝ հնազանդության, տարածքային զիջումների են պատրաստ: Առանձնահատուկն, ըստ Հարությունյանի, այն է, որ պացիֆիստները պատմություն չեն ուսումնասիրել, քանի որ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պացիֆիզմից բխող հնազանդությունն ու զիջումները լավ տեղ չեն տանում:
«Մյուսն անտարբերների խումբ է, որտեղ մեծ թիվ են կազմում երիտասարդները եւ ինտելեկտուալները: Նրանց հիմնական թեզն այն է, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Չես զբաղվում քաղաքականությամբ, բայց քաղաքականությունը քեզնով կզբաղվի:
Երրորդը համակերպվողների խումբն է՝ ամենավտանգավորը: Նրանք տեղի ունեցածն ընդունում են՝ որպես ավարտված իրողություն եւ կարծում, որ իրատեսական չէ ունենալ շատ լուրջ զարգացման երազանքներ: Եռանդուն ազգայնականներն էլ մի խումբ են՝ փոքր-ինչ ռազմատենչ, որոնց բառապաշարը տարիներ ի վեր չի փոխվել:
Հասարակության այսպիսի խմբերի բաժանման պատճառը շոկն է: Սին պատրանքներ ենք ունեցել, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, եւ քրիստոնյա աշխարհը մեզ կաջակցի, կամ՝ բռնապետություններով շրջապատված ժողովրդավարություն ենք, եւ ժողովրդավար աշխարհը մեզ կաջակցի: Պարզվեց՝ ամենը փուչ է. աշխարհում գործում է ուժը եւ այն՝ թե ինչ ես կարողանում ինքդ առաջարկել աշխարհին: Չես կարողանում առաջարկել, ուրեմն քո տեղը թանգարանում է»,- մեկնաբանում է նախկին նախարարը:
Նա համաձայն է Հովհաննիսյանի այն տեսակետի հետ, որ պետք է զրոյից սկսենք: Համաձայն է՝ հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր է: Ըստ բանախոսի՝ եթե կարողանանք խնդիրը ձեւակերպել ու վարակել բոլորին, ուրեմն կհաջողենք, եթե ոչ, ապա հայոց պետականությունը կդառնա պատմության մի մաս:
«Ի՞նչ պետք է անել» հարցին պատասխանաում է՝ բնականաբար ունենալ ակտիվ հասարակություն, իսկ այդ հարցում դերակատարում, իհարկե, պետք է ունենան կուսակցությունները, բայց կուսակցությունների հարցում մի բայց կա. «Հասարակությունը հայտնի կուսակցությունների նկատմամբ նեգատիվ մոտեցում ունի, ընդ որում՝ էական չէ, այդ մոտեցումն օբյեկտի՞վ է, թե՞ ոչ: Մարդկանց մտավախությունն այն է, որ իրենց հայտնի կուսակցությունները երկիրը ոչ այդքան նորովի են կառուցելու: Նրանք թեեւ, օրինակ, անվտանգություն ապահովելու հարցում ունեն դրական փորձ, բայց չի բացառվում, որ հին ճանապարհով կգնան: Իսկ մեզ որակապես նոր ճանապարհ ընտրել է պետք: Ո՞րն է այն՝ պատրաստի պատասխան ոչ ոք չունի, բայց այն ծնվելու է հենց հասարակության մեջ: Շեշտադրումը պետք է երիտասարդների վրա դնել, նրանց ակտիվացնել: Ոչ թե կուսակցականացնել, այլ դարձնել սեփական երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր եւ ոչ հարմարվող այս իրականությանը: Այսօր, իսկապես, հարյուրավոր հետաքրքիր, լավ մասնագետներ ունենք: Բավական է՝ ինչքան էկրաններից երեւացին կամ սոցցանցերում իրենց ակտիվ դրսեւորեցին նրանք: Պետք է գնալ, գտնել, տեղում աշխատել այդ խմբերի հետ: Ու եթե 200 փորձագետներից ամեն մեկն ամսական մի հանդիպում նախաձեռնի, դա կլինի 2400 հանդիպում: Իսկ հասարակությունը փոխելու ու ամբիցիոզ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է հասարակության 2 տոկոսի ակտիվությունն ընդամենը: 2 տոկոս, բայց պայքարող, տեսլական ունեցող հանրությունը հաղթելու է ու շարժվելու է առաջ»:
Դավիթ Հարությունյանի գնհատամամբ՝ ամենամեծ ռիսկն այն է, որ պետականության գաղափարը չենք կարողացել տարածել հասարակության վրա: Մանրամասնում է՝ երկար տարիներ այլ պետությունների կամ օտարի լծի կամ պրոտեկտորատի տակ մնալով՝ կորցրել ենք պետականության զգացումը: Պետությունն օտար էր մեզ, հավելում է, հոգու խորքում ատում էինք պետությունը, որովհետեւ մերը չէր, իսկ պետականության բացակայությունը, ցավոք սրտի, մեզանում նաեւ այսօր է բացակայում:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ