Երեւանի սրտում ծնվում են պատմություններ, որոնք կամրջում են Արեւմտյան Եվրոպան՝ Հայաստանի ամենանուրբ ու զգայուն իրականության հետ: Այդ պատմությունների կենտրոնում կանգնած են Եվրոպական համերաշխության կորպուսի ESC կամավորները՝ երիտասարդներ, որոնք ամիսներ շարունակ ապրում են Հայաստանում՝ աշխատելով երեխաների, հիվանդների հետ, մշակութային ու էկոլոգիական ծրագրերում եւ միաժամանակ իրենց համար բացահայտում հայ ժողովրդի պատմությունն ու բազմադարյա մշակույթը:

SALTO EECA հարթակի շնորհիվ՝ հերթական կամավորների խմբին ընդունել է Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ կամավորական աշխատանքների ծառայությունը (HUJ): Այս ծրագրի շրջանակում նրանք ներգրավված են տարբեր ոլորտներում՝ սկսած բժշկական կենտրոններից մինչեւ թանգարաններ, կրթամշակութային հաստատություններ:
Նրանց հայաստանյան օրերը լի են ոչ միայն աշխատանքի փորձով, այլեւ հույզերով ու բացահայտումներով, որոնք ձեւավորում են կամավորության անչափ հետաքրքրական հիշողության քարտեզ՝ լի գույներով, զարմանքով եւ ջերմությամբ:
«ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԻԱՆԱԼԻ ՈՐՈՇՈՒՄ ԷՐ»
«Ես ցանկանում էի կամավորություն անել հնարավոր ամենահեռու վայրում: Հայաստան գալը պարզապես հիանալի որոշում էր», – ասում է Բոգդան Արիետտեն՝ Ֆրանսիայից ժամանած կամավորը, որն արդեն երկու ամիս է աշխատում է Հայաստանի Պատմության թանգարանում: Նրան զարմացրել է, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ֆրանսիայում չկա թանգարան, որը ներկայացնի ազգի պատմությունը՝ սկզբից մինչեւ մեր օրերը:
«Ի դեպ, շաբաթներ առաջ Հայաստանի պատմության թանգարանում էր Ֆրանսիայից ժամանած մի փոքրիկ քաղաքի քաղաքապետ, որտեղից հենց ինքս եմ եկել: Իհարկե, ինձ համար միշտ Ֆրանսիան եւ Հայաստանը, որպես եղբայրական երկրների խորհրդանիշ եղել է Ազնավուրը, բայց երբեւէ չէի պատկերացնի, որ իմ ապրած քաղաքը կարող է դառնալ Հրազդանի հետ քույր քաղաքներ, ինչի համար էլ նա եկել էր Հայաստան», – հպարտությամբ՝ նշեց Բոգդանը:
Լուկաս Նեյմանը Գերմանիայից է եւ արդեն ութ ամիս է, ինչ աշխատում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում: Նրա հիմնական գործը խաղեր կազմակերպելն է փոքրիկ հիվանդների համար:
«Երբ իմացա, որ երեխաներից մեկը 7 տարի ապրել է Գերմանիայում եւ նույնիսկ ճանաչում է իմ ընտանիքին, շոկի մեջ էի: Երեւի աշխարհը շատ ավելի փոքր է, քան մենք ենք կարծում», – պատմում է նա:
Իսկ Բիբիանա Յուրիցը, որը նույնպես Գերմանիայից է, աշխատում է «Արաբկիր» բժշկական համալիրում՝ բովանդակալից դարձնելով փոքրիկ հիվանդների օրը: Նա իր կամավորությունը կավարտի հունիսի 1-ին:

«Ես շատ զարմացած էի՝ տեսնելով, որ բուժման գործընթացը ներառում է նաեւ կրթական տարրեր: Երեխաները ոչ միայն խաղում, այլեւ սովորում են անգլերեն՝ հիվանդանոցում մնալու ընթացքում»,- ընդգծում է նա:
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ ԷԻ ՀԻԱՑՄՈՒՆՔ»
18-ամյա Բիբիանան պատմում է, թե ինչպես են «Արաբկիր» բժշկական համալիրում նշել Նոր տարին երեխաների հետ՝ պատրաստելով օձեր՝ որպես չինական կենդանակերպի նշանների տարվա խորհրդանիշ, քաղցրավենիքով տոպրակներ ու կազմակերպելով մշակութային միջոցառում:
«Ես ներկայացրեցի, թե ինչպես են Գերմանիայում նշում Ամանորը, լսեցինք գերմանական երաժշտություն ու թխվածքներ համտեսեցինք: Երեխաների աչքերում տեսնում էի հիացմունք», – ասում է նա եւ շեշտում, որ կան փոքրիկ դրվագներ, որոնք մեծ հուշեր են դառնում:
«Ես իմ սենյակում ունեմ պոստքարտեր Հայաստանի տարբեր վայրերից: Դրանք կտանեմ հետս Գերմանիա: Նույնիսկ ջազվե ունեմ, թեեւ սուրճ չեմ խմում: Բայց դա Հայաստանի խորհրդանիշն է ինձ համար»,- անկեղծանում է Բիբիանան ու թվում, թե որտեղ է արդեն հասցրել այցելել՝ Գառնի, Գեղարդ, Տաթեւ, Դիլիջան, Սեւան, Ջերմուկ, Գյումրի: Նա նաեւ նշեց, որ HUJ-ի շնորհիվ եղել են ոչ միայն հայաստանյան մի շարք տեսարժան վայրերում, այլ նաեւ բալետ են դիտել՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, եղել են Պարի պետական անսամբլի համերգին, լավաշի թխման արարողությանը Գեղարդում:

Լուկասն ու Բիբիանան մեզ հետ զրույցում համեմատեցին Գերմանիայի ու Հայաստանի բժշկական համակարգերը:
«Գերմանիայում բժշկի ընդունելության համար 3 ամիս պետք է սպասել, բայց այստեղ նույն օրը հնարավոր է հանդիպել բժշկին»,– ասում է Բիբիանան:
Լուկասն էլ նկատում է. «Մուրացան» հիվանդանոցային համալիրը տարբերվում է գերմանական բժշկական կենտրոններից. մեզ մոտ ավելի խստապահանջ է բժշկական անձնակազմը»:
«ՇԱՏ ԼԱՎ» ՈՒ «ՄԻ ՐՈՊԵ». ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ
Լուկասը, բացի աշխատելուց, հասցրել է բացահայտել Հայաստանն՝ իր գույներով ու ձմեռային հեքիաթով, նա անգամ եղել է Նորավանքում եւ Ուրցաձորում. «Գերմանիայից իմ ընկերուհին եկավ, եւ մենք գնացինք ձիարշավարան, երբ ձյուն էր գալիս: Այդ տեսարանը երբեք չեմ մոռանա»:
Իսկ 23-ամյա Բոգդանը հավելում է. «Դեռ կարճ ժամանակ եմ այստեղ, բայց Հայաստանի բնությունը վայելելուց բացի, կարծում եմ՝ Երեւանում էլ դիտարժան շատ իրադարձություններ եւ վայրեր կան: Իմ հիշողության մեջ միշտ կմնա, թե ինչպես են հայերը նշում Տրնդեզը՝ կրակի վրայով թռչելով»:
Չնայած հայերենը նրանց համար անհայտ լեզու էր, կամավորները հիմա արդեն վստահ շփվում են պարզ արտահայտություններով: HUJ-ի օգնությամբ նրանք շաբաթական երկու դասաժամ սովորում են հայերեն:
«Ես սիրում եմ օգտագործել հայերեն այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «շնորհակալություն», «մի րոպե», «շատ լավ»: Երբեմն նույնիսկ հեռախոսով ծնողներիս հետ խոսելիս շփոթվում ու այդ արտահայտություններն եմ օգտագործում», – ժպտալով ասում է Լուկասը:
Բոգդանն էլ նշում է, որ թանգարանում երբեմն զրուցում եմ ֆրանսերեն, հայերեն եւ անգլերեն՝ միաժամանակ. «Սկզբում թարգմանողներ էին պետք, հիմա արդեն ինքներս ենք հասկանում իրար: Դա հիանալի է»:
«ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԿԱԲԱՑ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ»
Բոգդանը անկեղծանում է. «Ես երբեւէ չէի մտածել Հայաստան գալու մասին, բայց հիմա կարծում եմ՝ եթե չընտրեի այս երկիրը, կկորցնեի հնարավորությունս ծանոթանալու այս հիասքանչ մշակույթին»:
Բիբիանան ավելացնում է. «Հայաստանը փոքր է, բայց առաջարկում է հսկայական փորձառություն՝ թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային իմաստով: Իսկ HUJ-ի աջակցությունն ամեն հարցում անսահման է, կոորդինատորները մեր տարեկիցներն են ու նրանց հետ հեշտ է հաղորդակցվելը»:
Լուկասը եւս միանում է ընդհանուր տպավորությանը. «Ես արդեն խորհուրդ եմ տվել իմ ընկերներին: Սա ամենալավ ծրագիրն է, որը կարող ես անցնել որպես երիտասարդ կամավոր: Եվ ամենակարեւորը՝ Հայաստանը գրկաբաց է ընդունում»:
Ի դեպ, որպես կամավորների այս բազմաշերտ ուղու անքակտելի ուղեկից, HUJ-ն արդեն երկար տարիներ է հոգ է տանում Եվրոպական համերաշխության կորպուսի ծրագրի կամավորների մասին:
«Ես աշխատում եմ HUJ-ի գրասենյակում որպես միջազգային ծրագրերի կոորդինատոր: Հիմնականում զբաղվում եմ Եվրոպական համերաշխության կորպուսի կամավորներով՝ սկսած ընդունման պրոցեսից մինչեւ ծրագրի ավարտը: Այս ամբողջ ընթացքում ուղեկցում եմ իրենց փաստաթղթային աշխատանքներում, համակարգում եմ տարբեր հաստատությունների հետ աշխատանքը: Փորձում ենք այնպես անել, որ իրենք Հայաստանում իրենց զգան ապահով, օգտակար ու երջանիկ»,- ընդգծում է Մարիա Անդրյանը:
Ներկայում՝ ըստ HUJ-ի միջազգային ծրագրերի կոորդինատորի, Հայաստանում կամավորություն է անցկացնում 14 երիտասարդ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Ֆինլանդիայից եւ Իտալիայից: Նրանք ներգրավված են 12 տարբեր ծրագրերում, որոնցից 3-ը՝ բժշկական կենտրոններում են, 2-ը՝ էկոլոգիական, 2-ը՝ մշակութային, 3-ը՝ սոցիալական, 1-ը՝ երեխաների հետ աշխատանք, եւս 1-ը՝ հենց մեր գրասենյակում:
«Ուղղակի ուղարկել կամավորներին հաստատություններ» բանաձեւը՝ ըստ Մարիայի, հեռու է իրենց իրական առաքելությունից. «Մենք կազմակերպում ենք ինտեգրացիոն բազմաթիվ միջոցառումներ՝ փորձելով ամրապնդել ոչ միայն կամավորների կապը Հայաստանի հետ, այլեւ իրար հետ: Նրանց տանում ենք պատմամշակութային վայրեր, օրինակ՝ Գառնի ու Գեղարդ, մասնակցում են լավաշ թխելու արարողությանը, համերգներին: Այդ օրերը ոչ միայն իրենց համար են կարեւոր, այլեւ մեզ համար. ավելի լավ ենք ճանաչում իրար»:
Նա նաեւ նշում է, որ իրենց թիմը մեծ ուշադրություն է դարձնում կամավորների կեցությանը, առողջությանը, զբաղվածությանը եւ նույնիսկ՝ հոգեբանական հարմարավետությանը. «Բուժօգնությունից մինչեւ հանրակացարանային պայմանների բարելավում, ամեն հարցում պատրաստ ենք աջակցել: Եթե որեւէ խնդրի են բախվում, թողնում ենք մեր մյուս գործերը ու ամբողջությամբ նվիրվում տվյալ կամավորին: Մենք միշտ կապի մեջ ենք իրենց հետ, եւ մեր գրասենյակն այն վայրն է, որտեղից կամավորները կարող են ցանկացած պահի օգնություն ստանալ»:
Մարիան հիշում է հատկապես երեխաների հետ աշխատող կամավորներին. «Նրանցից մի քանիսը ոչ միայն խաղեր են կազմակերպում, այլ փորձում են երեխաների հետ հաղորդակցվելու սեփական լեզուն գտնել: Տարիներ անց, հենց այս փոքրիկ ջանքերն են հիշվում՝ թե՛ կամավորների, թե՛ մեր երեխաների կողմից»:
Ամփոփելով մեր զրույցը՝ Մարիա Անդրյանը նշեց. «HUJ-ը կամուրջ է Եվրոպայի ու Հայաստանի միջեւ՝ ոչ միայն երիտասարդների, այլ նաեւ մարդկային պատմությունների ու արժեքների փոխանակման համար»:
Նյութը պատրաստեց՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ





