Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի տրանսպորտային-լոգիստիկ ներուժը եվրասիական ինտեգրման գործընթացի համար. Հարավային Կովկասում տրանսպորտային անխափան հաղորդակցության վերագործարկման հեռանկարի հարցի շուրջ

2023թ. նոյեմբերի 28-29-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային XI-րդ գիտաժողովը: Այդ ներկայանալի միջոցառման լիագումար նիստերն անցան Տավրիկյան պալատում, իսկ բաժանմունքների աշխատանքը ծավալվեց Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում: Համաժողովին մասնակցում էին գիտնականներ, փորձագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից եւ Չինաստանից: Լիագումար նիստում, ի թիվս այլոց, ելույթով հանդես եկավ Հայաստանի նախկին վարչապետ, Զարգացման եվրասիական բանկի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը: Բաժանմունքներում հանդես եկանք Հայ-Ռուսական համալսարանի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը եւ տողերիս հեղինակը: Իմ զեկուցումը կառուցվել է Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար փորձագետներ պրոֆ. Աշոտ Թավադյանի եւ պրոֆ. Թաթուլ Մանասերյանի ընթացիկ տնտեսագիտական հետազոտությունների արդյունքների, ինչպես նաեւ Հայաստանի խոշորագույն բեռնափոխադրող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի փորձագիտական երաշխավորությունների հիման վրա: Ստորեւ` ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում իմ զեկուցած թեմայի աշխարհաքաղաքական, քաղաքական, անվտանգային, տնտեսական եւ տեխնիկական ասպեկտները:

Աշխարհաքաղաքական ասպեկտ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020թ. 44-օրյա պատերազմից եւ 2023թ.ին իրենց հայրենիքից տեղահանված արցախահայերի՝ Հայաստանում հաստատվելուց հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում ուրվագծվել է նոր իրողություն: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության բանակցություններ են վարվում եւ, ինչպես վկայում են երրորդ երկրների փորձագետները, դրանք մոտ են իրենց ավարտին: Հայտնի է, որ այսօր այդ գործընթացի բարդությունը կայանում է ոչ թե քննարկվող հարցերի բովանդակության մեջ, այլ միջնորդների (Ռուսաստանի, Եվրոպական Միության եւ ԱՄՆ-ի) միջեւ մրցակցության: Միջնորդների նպատակն է՝ ուղղորդել բանակցային գործընթացը եւ իրենց ազդեցությունը ամրապնդել տարածաշրջանում: Այս կոշտ մրցակցությունը միջազգային հնչերանգ է հաղորդում բանակցություններին, բայց միաժամանակ նրան հաղորդում է լրացուցիչ լարվածություն: Տարբեր տեղեկությունների համաձայն, համաձայնեցման ենթակա հարցերի 70%-ից ավելին արդեն համաձայնեցված է: 2020թ.նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ենթադրում է վերսկսել հաղորդակցության բոլոր ուղիների անխափան աշխատանքը, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը: 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել են բանակցությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որոնցից ամենաարդիական թեման ավտոմոբիլային հաղորդակցության եւ Կարս-Գյումրի երկաթուղու աշխատանքի վերսկսումն է: Քաղաքագետներն ու փորձագետները, որոնք ծանոթ են այս բանակցությունների նախապատմությանը, լավ են հասկանում, որ այստեղ առանցքային թեման Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ անխափան հաղորդակցության ապահովումն է: Այդ երկու երկրների համար հարցը շատ կարեւոր է նրանց միջեւ համակողմանի ինտեգրման տեսանկյունից:

Մասնագետները գիտեն նաեւ, որ հայ-թուրքական բանակցությունների արդյունքը ամբողջովին կախված է հայ-ադրբեջանական բանակցությունների հաջող ավարտից: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ է հաստատելու այն չափով, որքանով դա չի հակասում իր դաշնակից Ադրբեջանի շահերին: Այս բանակցություններին ուշադրությամբ հետեւում են Ռուսաստանը եւ Իրանը, ինչպես նաեւ բազմաբեւեռ աշխարհի մյուս կարեւորագույն բեւեռները:    

Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում վերջին 30 տարիներին էական տրանսֆորմացիաներ է ապրել: Ետխորհրդային Ռուսաստանը այլեւս նախկին ԽՍՀՄ այս մի մասի վրա գերիշխող տերությունը չէ: Նա ձգտում է իր քաղաքականությամբ պաշտպանել եւ զարգացնել ազդեցությունը եւ ձգողականությունը տարածաշրջանի բոլոր երկրների հետ սերտ համագործակցության միջոցով: Հենց այդ նպատակով է Ռուսաստանն աջակցել «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան) ձեւաչափին: Այս երկխոսության հարթակին մասնակցող բոլոր երկրների հռչակված նպատակն է զարգացնել բազմակողմ համագործակցությունը Հարավային Կովկասի շուրջն ընկած մեծ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը լրացուցիչ ազդակ հաղորդելու նպատակով: Ըստ երեւույթին վերոհիշյալ աշխարհաքաղաքական զարգացումներն են մղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդես գալ Հայաստանը խաղաղության խաչմերուկ դարձնելու նախաձեռնությամբ: Այս նախագիծը, ի թիվս այլոց, նկատի ունի մեր երկրում միատեղել ինչպես Արեւմուտք-Արեւելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ առանցքներով զարգացման եւ տնտեսական համագործակցության հեռանկարները:

Քաղաքական եւ ռազմական ասպեկտներ

«Խաղաղության խաչմերուկ» գաղափարի հաջողության համար անհրաժեշտ է, որ տրամաբանական ավարտին հասնեն, ինչպես Հայաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները: Հասկանալի է, որ գլոբալ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ առճակատման եւ հիբրիդային պատերազմների պայմաններում Ռուսաստանը ուղղակի հարկադրված է ջանքեր գործադրել այլընտրանքային նախագծեր զարգացնելու համար գլոբալ փոխակերպումների մթնոլորտում, նաեւ գործընկերների հետ համագործակցության  նոր ձեւեր փնտրել Մեծ Մերձավոր Արեւելքի հսկա տարածաշրջանում: Սա է, որ ուղղակիորեն մեզ է վերաբերում: Ակնհայտ է, որ վերջին 1,5 տարում Ռուսաստանին հաջողվեց զարգացնել համագործակցությունը Հյուսիս-Հարավ առանցքով ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի տարածքում:  Վիճակագրական տվյալները հաստատում են, որ Մեծ Եվրասիայի տարածաշրջանում տեղի են ունենում շատ լուրջ եւ խորքային փոխակերպումներ, որոնք ուղղված են առաջանցիկ տնտեսական զարգացմանը, նաեւ նվազագույնի հասցնելու Ռուսաստանի վնասները արեւմտյան արգելամիջոցներից: Այստեղ է, որ նշանակալից դերակատարություն է հատկացվելու Հարավային Կովկասին: Հայաստանն իբրեւ Եվրասիական տնտեսական միության անդամ, ուղղակի զարմանալի տեմպերով զարգացնում է առեւտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Այստեղ երկու շերտ կա: Առաջինը սեփական արտադրանքի ապրանքափոխանակությունն է: Երկրորդը վերաարտահանումն է Հայաստանից Ռուսաստան, ինչն աննախադեպ ծավալներ է ընդունել: Առեւտրական պատերազմենրի մերօրյա համապատկերում Հայաստան-Ռուսաստան առեւտրատնտեսական համագործակցությունը աշխատում է մեր տնտեսական զարգացման օգտին եւ հանդիսանում է մի անվիճելի փաստարկ քաղաքական, սերտ գործընկերային հարաբերությունները չկորցնելու, այլ զարգացնելու օգտին: Հետաքրքրական է, որ ճիշտ նման վիճակ է հաստատվել նաեւ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում: Թուրքիա-Ադրբեջան տանդեմը Ռուսաստանի համար դարձել է կարեւոր գործընկեր եւ, այդ իմաստով, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցության էական մեծացման պայմաններում հանդիսանում է ռուսաստանյան քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրներից մեկը:

Այստեղ նոր հանգամանքն այն է, որ պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի թյուրքական ժողովուրդների հետ բազմակողմանի համագործակցություն զարգացնելու հնարավորություն է ստացել առանց խախտելու մերօրյա միջազգային հարաբերությունների դրույթները, չգնալով առճակատման կամ պատերազմների, օգտագործելով ազգային ինքնիշխանության եւ սեփական տնտեսությունների մեծացող ներուժը: Այս գործընթացներն են, որ ստիպում են փորձագետներին Թուրքիա-թյուրքական պետություններ համագործակցության զարգացող մակարդակն անվանել Մեծ Թուրանի գաղափարի առաջխաղացում: Տվյալ իրավիճակում Ռուսաստանը ոչ թե ընտրել է նրանց նկատմամբ առճակատման ուղին, այլ առաջարկում է իր ամենասերտ համագործակցությունը թյուրքական բոլոր երկրներին: Նույնը վերաբերում է նաեւ Իրանին, որի հետ համագործակցությունը կարեւորվում է եվրասիական համագործակցության գաղափարների եւ ներուժի կենսագործման տեսանկյունից:

Վրաստանն առայժմ հեռու է պահում իրեն ինչպես Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններ զարգացնելուց, այնպես էլ նրա մասնակցությամբ «3+3» ձեւաչափից: Ակնհայտ է նաեւ, որ մեր տարածաշրջանի երկրների ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը թելադրված է բոլոր կողմերի ներուժի լավագույն կենսագործման ձգտումով: Վերջին 30 տարում առաջին անգամ տարածաշրջանի երկրների մեծ մասի քաղաքական հետաքրքրությունները համընկնում են իրենց որոշակի քաղաքական նպատակների իրագործման հարցում, ինչպես նաեւ, Մեծ Եվրասիայի գործընկերության շրջանակներում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու պատրաստակամությամբ:

Տնտեսական եւ տեխնիկական ասպեկտներ

Ինչպես նշեցինք վերեւում, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցությունը, անկախ ամեն ինչից, բուռն զարգացում է ապրում: Զարգանում են նաեւ Հայաստան-Իրան հարաբերությունները: Սպասվում է, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ երկարաժամկետ համաձայնագրի ստորագրումից հետո դրանք էլ ավելի մեծ ծավալներ կունենան: Հայաստան-Թուրքիա երկկողմ առեւտուրը նույնպես զարգանում է, չնայած 1993թ. գարնանը թուրքական կառավարության հայտարարած արգելքին: Փորձագետները հաստատում են, որ հարաբերությունների կարգավորումից հետո այդ ծավալները էլ ավելի կմեծանան:

Եվ վերջապես հայկական բիզնեսի ակնկալիքի մասին՝ Հյուսիս-Հարավ առանցքի գործարկման եւ ամբողջ ծավալով աշխատանքի արդյունքում: Վերին Լարս անցակետով հայկական բեռների առաքումը անընդհատ մեծանում է: Այդ անցակետի արդիականացման աշխատանքների հաջող ավարտից հետո օրական հնարավոր է ավելի քան 1400 բեռնատար մեքենա անցկացնել: Եթե չեն լինում բնական եղանակային արգելքներ, այդ ճանապարհով հայկական, վրացական, ադրբեջանական, թուրքական եւ իրանական բեռնատարների քանակը նույնիսկ էապես ավելանալու դեպքում մոտակա տարիներին սկզբունքորեն բավարարվելու են մեր գործարարների կարիքները: Վրաստանում շուտով կավարտվի Կազբեգի բնակավայրի մոտ թունելների շինարարությունը եւ վրացական ճանապարհների թողունակությունը էապես կմեծանա: Հարկ է արձանագրել, որ Բաթումի եւ Փոթի նավահանգիստների հնարավորությունները սկզբունքորեն բավարարում են Հայաստանին: Եթե հայ-թուրքական բանակցային գործընթացը հաջողությամբ ավարտվի, ապա հայկական բեռնափոխադրողները նոր հնարավորություն կստանան օգտվելու միջերկրածովյան Մերսին նավահանգստից, որն ավելի մեծ է, քան Բաթումին եւ Փոթին միասին վերցրած: Հայկական բիզնեսը, մասնավորապես բեռնափոխադրողները առայժմ հոռետեսորեն են տրամադրված Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիայի երկրներ բեռներ փոխադրելու հեռանկարի հարցում: Բայց բոլորը կարծում են, որ եթե Նախիջեւանով անցնող երկաթուղին բացվի Հայաստանի համար, ապա Հայաստանը եւ Իրանը հնարավորություն կստատան անհամեմատելի մեծացնելու ինչպես բեռնափոխադրումները, այնպես էլ ուղեւորափոխադրումները:

Արդեն 10 տարուց ավել մենք քննարկում ենք աբխազական երթուղու վերագործարկման հարցը: Անցած տարիներին, չնայած ռուսական դիվանագիտության ձեռնարկած որոշ քայլերի, հարցը տեղից չի շարժվում: Սակայն հույսեր կան, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Հարավային Կովկասի տարածքով տրանսպորտային հաղորդակցության զարգացման դեպքում (ժամանակակից միջազգային հարաբերությունների տրամաբանության ծիրում) հարցը կարող է քննարկման նոր առարկա դառնալ: Հայ փորձագետները անցյալ տարիներին առաջարկել են ներգրավվել Բելառուսի եւ Ղազախստանի (Վրաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրների) հնարավորությունները ազդելու աբխազական երկաթուղին վերագործարկելու համար: Մասնագետները չեն բացառում նաեւ, որ «3+3» վերոհիշյալ ձեւաչափի հաջող զարգացման պայմաններում այս հարցը նորից կարող է մտնել օրակարգ:

Ամփոփելով ասվածը, հարկ է նշել, որ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների վերագործարկման հաջողությանը կարող են նպաստել հարեւան երկրների քաղաքական ջանքերը, որոնց պարագայում դրական միտումները կարող են ավելի գերակշիռ հանգամանք լինել, քան առկա բացասական զարգացումների միտումները:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի
Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ-ում հավատարմագրված որոշ դեսպաններ ահազանգում են Արեւմուտքի երկակի ստանդարտների մասին

Հաջորդ գրառումը

ՓՄՁ-ներն ու տնտեսական փնտրտուքի խնդիրը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
Հաջորդ գրառումը

ՓՄՁ-ներն ու տնտեսական փնտրտուքի խնդիրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը. ՀՀ Քննչական կոմիտե

28/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն...

ԿարդալDetails

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը. հայտարարություն

28/09/2025

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է

28/09/2025

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական