Ավստրիական ռադիոն զրուցել է արցախցիների, կիրանցիների հետ
Գերմանալեզու մեդիան սեպտեմբերի 2-ին Արցախի վերաբերյալ հատուկ անդրադարձ չարեց, սակայն հաջորդող օրերին կարեւոր համարեց լսարանին, ակնդիրներին, ընթերցողներին պատմել «մեծ պատմությամբ փոքր երկիր» Հայաստանի մասին, անդրադարձավ հայության արդի մարտահրավերներին:
Մեր թերթի ծավալը փոքր է, ուստի հաջորդ համարում կներկայացնենք այդ հրապարակումներից, իսկ ստորեւ կմանրամասնենք, մեր կարծիքով շատ կարեւոր մի ռադիոհաղորդման տեղեկատվությունը, որ անդրադառնում է ՀՀ-ում բնակվող արցախցիներին, ինչպես նաեւ Կիրանցին:
Ավստրիական orf-ը oe1-ի «Համայնապատկեր» հաղորդման 30 րոպե տեւողությամբ եթերում սեպտեմբերի 4-ին ժամը 18.25-ին անդրադարձավ մեկ տարի առաջ «ԼՂ-ից հայերի բռնագաղթին, նրանց այսօրվա վիճակին»: Ռադիոյի երկու աշխատակից Հայաստանում հանդիպել են արցախցիների, զրուցել: Վարդենիսում սոցիալական մի ծրագրի մեջ ընդգրկված կարի փոքրիկ արտադրամասում աշխատող Նունե Եսայանն ասում է՝« եթե վաղն ասեն Ղարաբաղը ձեզ ենք տալիս, հետ գնացեք, ես կգնամ: Կարծում եմ՝ բոլորս էլ …Առաջինը կգնամ հորս գերեզմանին, հետո նոր տունս: 9 ամիս մենք բլոկադայում ապրել ենք, ոչ հաց ունեինք, ոչ շաքար: Բաժանում էինք՝ մի կտոր մամային, մի կտոր՝ պապային…»: Հաղորդման հեղինակն իհարկե լուսաբանում է վերջին տարիների բոլորիս հայտնի իրադարձությունները, թե շրջափակումից հետո Ադրբեջանի հարձակման պատճառով են հայերը ստիպված լքել իրենց հազարամյակների բնակավայրը: Նունե Եսայանը Գորիսում ազգականի տանը մնալուց հետո, եկել է Վարդենիս, ապրում է վարձով: «Ես էստեղ ոնց որ հարմարվել եմ արդեն, մայրիկս, ամուսինս հետս են, երեխաներս էլ հարմարվել են: Աշխատում եմ: Բայց կրթություն ստանալու առումով ամեն ինչ հասանելի չէ. Տղաս Ղարաբաղում թենիս էր խաղում, այստեղ չունի այդ հնարավորությունը»: Արցախցի Նունեին ապագայի հարցն է մտահոգում, ամփոփում է ավստրիական ռադիոհաղորդման հեղինակը, փոխանցելով, թե Արցախում զինվորականները բարձր են վարձատրվել, Հայաստանում նյութական դժվարությունը նկատելի է: Նունեն շնորհակալ է բոլորի օգնության համար: «Արցախում ուրախ էր», տխուր ձայնով ասում է երիտասարդ կինը:
Հաղորդման հեղինակը պատմում է, որ ԽՍՀՄ-ի ժամանակ ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակ ուներ, իսկ Միության փլուզումից հետո մարզը ինքնորոշման վճիռ կայացրեց, այնուհետ անկախություն հռչակեց՝ դառնալով Արցախի Հանրապետություն, որ միջազգայնորեն չընդունվեց: 2000-ականներին Ադրբեջանը սկսեց վերազինվել, 2016-ին հարձակվեց, 2020-ին հարձակվեց՝ Թուրքիայի սատարմամբ, Ռուսաստանի թողտվությամբ, որ Ուկրաինայի վրա հարձակմամբ ՀՀ-ին սատարողի դերում թերացել էր: Ադրբեջանն օգտագործեց վակուումը՝ առաջին անգամ 2022-ին հարձակվեց Հայաստանի գյուղերից մեկի վրա: Էսկալացիան ավելի բարձր մակարդակի հասավ, հայերը վախեցան: «Դրանից հետո ՀՀ-ում որոշում կայացնողների համար հարց դարձավ՝ ԼՂ-ի իրավունքների համար պայքարն իմաստ ունի՞», կարծիք է հայտնում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Նա հիշատակում է Պրահայում 2022-ի հոկտեմբերին Փաշինյան- Ալիեւ- Շառլ Միշել-Մակրոն հանդիպումը, որի ժամանակ ՀՀ-ն առաջին անգամ հայտարարում է, թե կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ որոշակի սահմաններով, ինչը Ադրբեջանին չի բավարարում՝ ԼՂ-ի պարագայում հստակության պահանջով եւ դեկտեմբերին շրջափակում է Բերձորի ուղին:
Ավստրիական ռադիոյի թղթակիցը ընդգծում է, որ 2023-ին աշխարհի ԶԼՄ-ների ուշադրության առանցքում է հայտնվում Արցախի հայերի Ելիցը, իսկ դրանից հետո ուշադրությունը նվազում է: Միջազգային հանրությունը քիչ բան է ձեռնարկում: Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը չափազանց խնդրահարույց է: ՀՀ-ն պրագմատիկ հարաբերություններ ունի Վրաստանի եւ Իրանի հետ, փակ սահմաններ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է նաեւ վարչապետի «Ադրբեջանի հարձակման դեպքում մեր թույլ լինելու, ինքնապաշտպանվելու կարողություն չունենալու» անթաքույց պրովակատիվ բարձրաձայնմանը:
Երեւանի Միրզոյան գրադարանում Արցախի բռնագաղթի լուսանկարչական պատկերներն են: 21-ամյա Լիլիթ Շարվարդյանը (միգուցե՝ Շարբաթյան) լրագրող է, աշխատում է միջազգային լրատվամիջոցների համար, պատմում է ինչպես է ինքը շրջափակումից առաջ 2022-ի նոյեմբերին Ստեփանակերտից ուսման նպատակով Երեւան եկել: Հետո բռնագաղթից հետո ընտանիքի անդամներին նորից գրկելու երջանկությունն է ունեցել արդեն Գորիսում: Տեղափոխվել են Երեւան, դժվարությունները բազմաթիվ են: Բնակարանը շատ փոքր է 6 հոգու համար, «տուն գնալ էլ չենք ուզում՝ տեղ չկա», ասում է Լիլիթը՝ մտաբերելով Ստեփանակերտի իրենց մեծ տունը, որտեղ եղբոր հետ կատուների էին խնամում նաեւ: Մեծ տուն վարձակալել չեն կարող, բնակվարձը շատ բարձր է, կառավարությունը անձ գլուխ ամսական 50 հազար դրամ է տալիս, որ բավարար չէ: Սաթենիկ Բաղդասարյանը Գորիսին մերձակա գյուղում Արցախից 3 ընտանիքի է հյուրընկալել, «հայկական անձնագիր կստանան, կմնան գյուղում», ասում է նա, որ գյուղում երեխաներին ավանդական արհեստ է ուսուցանում: Շատերն են օգնել արցախցիներին, սկզբում անվճար ապրելու տեղ, անհրաժեշտ իրեր տրամադրել:
Հաղորդման հեղինակն անդրադառնում է նաեւ կառավարության հասցեին քաղհասարակության քննադատությանը, ներկայացնում ԼԳՏԲ համայնքի պաշտպան կազմակերպության ղեկավարի դիտարկումը, թե իրենք էլ օգնել են Արցախից եկածներին, գիտեն, որ անվտանգության, գոյաբանական խնդիր ունի երկիրը, սակայն բռնության աճը նկատելի է, չպետք է անտեսվեն մարդու իրավունքները:
Հայաստանում ում հետ էլ խոսես, զրույցը անվտանգության, սահմանային հակամարտության, պատերազմից կորցրածի մասին է, ասում է հաղորդման հեղինակը: Թավշյա հեղափոխության էյֆորիան անցել է, հանրությունը ո՛չ կառավարողներին է հավատ ընծայում, ո՛չ էլ ընդդիմադիրներին: Հարցվածների մոտ 40 տոկոսը չի ուզում ընտրություններին մասնակցել, 60 տոկոսը չի հավատում որեւէ քաղաքական գործչի: ԱԺ-ում ՔՊ-ական Սարգիս Խանդանյանի կարծիքով, Հայաստանը ամեն ինչ արել է, ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության: Ցավոք, Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ խաղաղության պայմանագիր կնքել, ամեն անգամ նոր պահանջներ է ձեւակերպում, ինչը հակաարդյունավետ է:
Երկու թշնամացած երկրները՝ ՀՀ եւ Ադրբեջանը, մոտ 1000 կմ երկարությամբ սահման ունեն, որի 12 կմ է հստակ սահմանազատված, ասում է հաղորդման հեղինակը: Խանդանյանի տեղեկացմամբ, սահմանները եղել են, պարզապես քարտեզում պիտի նշվեն, մի հատված արդեն արել են:
Կիրանցում են: 12 կմ սահմանը գծվել, զատվել է: 27-ամյա Գոհարն այստեղ է ծնվել, աշխատում է համայնքապետարանում: Ի՜նչ սահմանազատվել է, էլ ապահովության զգացում չունի: Երեւում են ադրբեջանցի սահմանապահները, օրվա մեջ շարունակ՝ դեմ հանդիման են: Գիշերը ձայն լսելիս վախենում է: «Նիկոլը մեր հողերը գողացավ (գերմաներենում այդպես է հնչում- ԱՆ.Հ.), մի մարդ ընդմիջում է Գոհարի հետ մեր զրույցը», պարզաբանում է հաղորդման հեղինակը՝ հավելելով Գոհարի խոսքը, թե տեղի բնակիչներն այն զգացումն ունեն, որ իրենց հանդեպ ծայրաստիճան անարդար են վարվել: Գյուղի 54 բնակիչների գույքն օտարվել է ադրբեջանցիներին՝ 2 տուն, 3 բիզնես, 1 արհեստանոց, 1 գոմ, խմելու ջրի մեկ պոմպ է տրվել: Նախկինում 360 բնակիչ է ունեցել գյուղը, որից 100-ը երեխա, կենսախինդ վայր է եղել: Այսօր լարվածությունն առկա է, գյուղ կարող ես այցելել միայն հատուկ արտոնությամբ: Շատերն են լքում Կիրանցը: 2024-ի մայիսից ի վեր պաշտոնական տվյալները բացակայում են: «Չեմ զգում, որ մյուս վայրերում ապրող հայերն ու ես իրավահավասար ենք: Օրինակ՝ եթե համեմատելու լինենք երեւանցիների հետ: Եթե մեկն ուզում է ինձ այցելել, ականջալուր լինել իմ պատմությանը, պիտի հատուկ արտոնություն ստանալու խնդրագիր ներկայացնի: Ես իրավունք չունեմ մեծ դանակ պահելու, քանի որ զենք է համարվում դա: Իրավունք չունեմ տուն գնելու, որ սահմանի՝ կարմիրով ընդգծված մասում է, փարթի անելու, ոգելից խմիչք ունենալու», օրենքով հաստատված սահմանափակումների մասին է հիշատակում Գոհարը:
Ռազմական հարձակումից վախեցած ՀՀ կառավարությունը զիջումների է գնում: Թե որքան հեռուն կարող է հասնել, ԼՂ-ի օրինակն է ցույց տալիս: Կիրանցով սկսվեց սահմանազատումը, հերթը մյուս հատվածներինն է: Բայց Գոհարի նման մարդիկ էլ պատրաստ չեն հողից նվազագույնը զիջել: Որքան սահմանը մոտենում է, ժողովրդի անհանգստությունն ու դժգոհությունն է ավելանում: Այնտեղ, ուր կառավարությունը պոտենցիալ խաղաղություն է տեսնում, բնակչությունը երկյուղում է, որ նոր էսկալացիա կլինի, տարածք կտրվի, ասում է հաղորդման հեղինակը: «Ոչ մեկը չզգա այն, ինչ մենք ենք զգացել», ասում է Գոհարը:
Հաղորդման ավարտին հեղինակը հիշեցնում է, որ նոյեմբերին Ադրբեջանը կլիմայական համաժողովն է հյուրընկալում: Հայաստանի իշխանությունները դեռ չեն հստակեցրել՝ մասնակցելո՞ւ են Բաքվում կայանալիք COP29-ին: Միգուցե դա մերձեցման փոքր դիվանագիտական քա՞յլ լինի, ասում է հեղինակը:
«Ես դեռ կամ» արցախցի Լյոկայի երգն է հնչում, եւ հաղորդման հեղինակը թարգմանում է հայերեն երգի բառերը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա