Թուրքիայի մեջլիսի «Ժողովուրդ» դաշինքի (Cumhur ttifak ) անդամ «Մեծ միասնություն» խմբակցության ղեկավար Մուստաֆա Դեսթիջին դատապարտել է Թուրքիայի դիրքորոշումը` կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Այս մասին գրում է ermenihaber.am-ը` հղում անելով milligazete.com-ին:
Ըստ աղբյուրի, կուսակցապետը հայտարարել է, որ Թուրքիան Ուկրաինայի հարցում ոչ միայն պետք է ընդդիմանա, այլեւ լուրջ քայլեր ձեռնարկի, որովհետեւ վաղը «գործը» կարող է հասնել Կարս եւ Արդահան.
«Մենք պետք է հստակ լինենք, հստակ դիրքավորվենք: Մենք պետք է լինենք այն երկիրը, որն իր ձայնն ամենաուժեղը կբարձրացնի այս գրավման դեմ, քանի որ եթե Ռուսաստանն այսօր այստեղ չկանգնեցվի ու հաջողության հասնի, ապա վաղը նրա թիրախը կլինեն թյուրքական պետությունները եւ թյուրքական հանրույթները: Կարծես այսքանը բավական չէ, նա դեռ Լենինին է հղում անում: Ոչ ոք չպետք է զարմանա, եթե նա հասնի Կարսի եւ Արդահանի սահման»,- հայտարարել է Դեսթիջին:
Միաժամանակ նման հայտարարություն է արել նաեւ մեկ այլ թուրք կուսակցապետ` «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները` կրկին մտավախություն ունենալով, որ Ուկրաինայից հետո հերթն իրենց էլ է հասնելու.
«Պատերազմում, որտեղ երկրներն իրենց ազատության եւ ինքնիշխանության համար են կռվում, մենք նրանց հետ միասին ենք: Ուկրաինայի քաղաքները, խաղաղ բնակիչների բնակության վայրերը թիրախ են դարձել: Ստիպված ենք ասել, որ սա ակնհայտ բռնազավթման եւ հարձակման նախաձեռնություն է, քանի որ ՌԴ նախագահ Պուտինը չի ճանաչում Ուկրաինայի ժողովրդի կամքը, չի հարգում քաղաքական ինքնիշխանությունը:
Երբ Ռուսաստանի այս մոտեցումն ակնհայտ է, ո՞վ կարող է պնդել, թե Թուրքիայի համար նա անվտանգ է: Ո՞վ կարող է հանգիստ ասել, որ Պուտինի գլխում Կարսը, Էրզրումը եւ Արդահանը Ռուսաստանի պակասող մասերը չեն»:
Ermenihaber.am-ից՝ Գ.Գ.