– Տիկին Դում-Թրագութ, անցյալ շաբաթ ֆբ սոցցանցում հրապարակեցիք հետեւյալ լուրը՝ «Առաքելոց վանական համալիրը եւ գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում»: Սա ձեր ջանքերի շնորհիվ է: Հիշյալ նորությունը տեղ գտավ նաեւ հայաստանյան ԶԼՄ-ներում: Եթե չեմ սխալվում, Եվրոպական ներդրումային բանկն է ֆինանսավորում նորոգումը:
– Ճիշտ է: Անցած գարնանը ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի իմ ղեկավարած «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրությունների» լաբորատորիան հետազոտում էր Առաքելոց վանական համալիրը եւ բնակատեղին: Շատ տպավորված էի՝ վանական համալիրի հետաքրքրական դիրքը եւ բնակատեղին՝ պահպանված զանազան շենքերը, խաչքարերը, գերեզմանատները հուշեցին գաղափարը: Որպես «Եվրոպա Նոստրայի» ավստրիացի անդամ որոշեցի Առաքելոց վանական համալիրը եւ գյուղատեղին առաջարկել՝ որպես հուշարձանախումբ:
–Ինչպե՞ս է ընտրվել Առաքելոցը, հաշվի է առնվել մշակութայի՞ն արժեքը, թե՞ վտանգվածության աստիճանը: Կռահելի է, որ Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի Առաքելոց վանական համալիրը պատմական եւ աշխարհաքաղաքական կարեորություն ունի:
– Ընտրվելու տարբեր պատճառներ կան: Ինչպես շեշտել եմ իմ դիմումի մեջ, եւ որը մեջբերված է «Եվրոպա նոստրայի» մամլո հաղորդագրությունում, «Առաքելոցն այսօր առերեսվում է ամենուր սպրդող բուսականության, քայքայվող հիմնապատերի, փոփոխվող կլիմայի, առատ տեղումների ու սելավների վտանգներին. սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու հանգամանքն ու երկրաշարժերից վնասված շինությունները հավելյալ մարտահրավերներ են հուշարձանախմբի համար: Մարդկային գործոնը եւս տեսանելի է՝ գրաֆիտի, հանգստի երկու ընդարձակ գոտի, չպահպանվող տարածք: Ավելին՝ չղջիկների գաղութը համալիրի տարածքում մշակութային ժառանգության ու վայրի բնության պահպանության միջեւ հավասարակշռված ընտրություն է ենթադրում»: Իհարկե շատ կարեւոր է, որ հուշարձանախումբը սահմանամերձ գյուղում է գտնվում: Անցյալ տարի Տավուշի հենց այդ տարածքն ինչքան շատ է մեդիայի ուշադրությանն արժանացել:
– Այս՝ 7 ամենավտանգված հուշարձաններ ծրագրով 10 տարվա ընթացքում ընտրվել է 31 երկրի 56 հուշարձան: Հայաստանից ուրիշ հուշարձան երբեւէ եղե՞լ է «Եվրոպա Նոստրայի» այս ծրագրում:
– Անշուտ եղել են: Առաքելոցը ներառյալ՝ 7-ն ընդգրկվել են. 2013-ին՝ Արագածոտնի սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին, 2014-ին՝ Դսեղի Բարձրաքաշ սուրբ Գրիգորի վանքը, 2016-ին՝ Երերույքի հնավայրը եւ Անիպեմզա գյուղը, 2019-ին՝ կարասը՝ հայ ավանդական գինեգործական մշակույթի պաշտպանությունը, Տավուշի Խորանաշատ վանքը, 2024-ին էլ Ամբերդն է կարճ ցանկում հայտնվել: Բայց միայն 9 տարի առաջ 2016 թվականին Երերույքն է ընտրվել՝ որպես այդ տարվա 7 ամենավտանգված հնավայր:
– Ապրիլին պարզ կդառնա՝ Առաքելոցը Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի շարքում կլինի՞: Ինչպե՞ս պիտի դա որոշվի:
– Տարբեր մոտեցումներ կան: Շատ հարցեր նաեւ ինձանից են կախված, որքան լավ եմ բացատրում եւ ներկայացնում հուշարձանախմբի վիճակը, վտանգը, պաշտպանության կարիքը: Պիտի մեդիայի հետ աշխատեմ, տարբեր միջոցառումներ պիտի կազմակերպեմ, դասախոսեմ, այսինքն ինձ համար հիմա՝ մինչ որոշման կայացումը շատ լարված ժամանակ է: Որքան հասկանում եմ, «Եվրոպա նոստրայի» համար հուշարձանի պոտենցյալը կարեւոր է: Իսկ Առաքելոցինը շատ մեծ է: Նախ՝ ահագին մեծ հուշարձանախումբ է, միայն իմ ցանկում 21 հուշարձան կա: Ինձ համար կարեւոր է որ Առաքելոցը ներկայացնեմ, առաջինը՝ որպես սահմանամերձ գյուղի մի շատ կարեւոր մշակութային ժառանգություն եւ, իհարկե, որպես պատմության հին վկայի: Առաքելոցը շատ հետաքրքրական է այն առումով նաեւ, որ յուրօրինակ գյուղ է եղել, խիտ անտառում, գետի մոտ, այն ժամանակին մետաքսի ճանապարհի մի շատ կարեւոր կենտրոն է եղել: Առաքելոցի պատմությունը հետաքրքրական է, վանքն էլ քիչ հետազոտված է: Կարեւոր կլինի նաեւ, որ տարածքի ժողովուրդը հասկանա՝ ի՛նչ գանձեր ունի լքված հին բնակատեղիներում, եւ որ բնակիչներն էլ սովորեն իրենց պատմությունը: Ես արդեն տարիներ է աշխատում եմ Հայաստանի գյուղերում, եւ հաճախ նկատում եմ, որ գյուղացիները քիչ բան գիտեն իրենց պատմական մշակութային հուշարձանների մասին: Չգիտեն, դրա համար լավ չեն պահպանում, կամ ուղղակի մոռանում են: Իսկ Հայաստանում նման մոռացված հուշարձաններ լիքն են, մանավանդ սահմանամերձ գյուղերում: Ես ուզում եմ նաեւ, որ Աճարկուտում եւ տարածքում էկոտուրիզմը զարգանա, ճիշտ կերպով՝ քայլարշավների համար լավ ճանապարհներ սարքենք, գյուղացիների հետ համագործակցենք: Լիքը գաղափարներ ունեմ: Բայց նախ եւ առաջ Առաքելոցը պիտի ընտրվի 7 ամենավտանգվածների մեջ, ինչի հույսն ունեմ:
–Ուկրաինայի հարուստ մշակութային ժառանգությունը «Եվրոպա Նոստրան» համարում է Եվրոպայում ամենավտանգվածը: Տեղյա՞կ են Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին, որեւէ կերպ արձագանքե՞լ են:
– Եվրոպայում շատ քիչ գիտեն հայկական մշակութային ժառանգության մասին, կամ միայն ամենանշանավորները գիտեն: Սա է նաեւ իմ նպատակներից մեկը՝ հիմա, երբ Առաքելոցն արդեն կարճ ցանկում է, 14 ամենավտանգված հուշարձաններից է, Եվրոպայում արդեն ավելի ուշադիր հայացք ունեն: Բայց անկեղծ ասած, Հայաստանում էլ քանի՞սը գիտեն Առաքելոցի, բնակավայրի, այդ տարածքի պատմության մասին: Իսկ ինչ է վերաբերում է Արցախի ժառանգությանը, այո, քիչ գիտեն: Արցախը եվրոպացու համար շատ հեռու է, կապ չունի Արցախի, նրա պատմության, ժառանգության հետ: Նախ պիտի տեղյակ լինեն, որ հասկանան: Ես՝ հայագետս պիտի ամեն ինչ անեմ, որ Ավստրիայում, գերմանախոս երկրներում եւ ամբողջ Եվրոպայում իմանան եւ հասկանան, թե ի՞նչ է նշանակում հայ մշակութային ժառանգություն: Առաքելոցն ինձ եւ բոլորին հրաշալի հնավորություն կտա, եթե ապրիլին շահի:
Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
Գերմանիա