Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ դրան
Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմնի գագաթաժողովին մասնակցելու նախնական համաձայնություն են տվել անդամ բոլոր երկրների ղեկավարները: Այս գագաթաժողովի ինտրիգը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցն է: Ռուս փորձագետները ասում են, որ եթե նա հրաժարվի մասնակցել նաեւ այս ետխորհրդային տարածքի կարեւոր միջոցառմանը, ապա դա կնշանակի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական կապերի խզում, որովհետեւ Պետերբուրգում կհայտարարվի ԵԱՏՄ-ում Ռուսաստանի Դաշնության նախագահության տարվա ավարտի մասին: Նիկոլ Փաշինյանի մասնակցության ամենակառուցողական փաստարկը կայանում է նրանում, որ այս տարին արտակարգ հաջող է եղել Հայաստանի տնտեսության համար: Արդեն կարելի է ասել, որ Ռուսաստանի եւ միության մյուս անդամների հետ առեւտրատնտեսական կապերի ծավալը տարվա արդյունքով նախորդ տարվա համեմատությամբ կգերազանցի 40%-ը: Այս տպավորիչ ցուցանիշը ամենամեծ ազդեցությունը կունենա Հայաստանի համախառն ներքին արդյունքի ձեւավորման վրա: Հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների աճը ձեւավորվել է երկու մասնաբաժիններից: Դա հայկական եւ ռուսական արտադրության ապրանքների մեծացած առեւտուրն է, ինչպես նաեւ վերաարտահանումը, որը տարվա ընթացքում Հայաստանի համար հատկապես շատ մեծ ցուցանիշ է կազմել: Հետաքրքրական է, որ աճել է առեւտուրը նաեւ Ղազախստանի եւ Բելառուսի հետ:
2024թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը անցնում է Հայաստանի Հանրապետությանը: Եկող տարի նաեւ լրանում է ԵԱՏՄ հիմնադրման տասնամյակը, որը նշվելու է գալիք մայիսի վերջին: Տեղյակ շրջանակները հայտնում են, որ արդեն նախապատրաստվում է երկու հռչակագիր, որոնք կձեւակերպեն ԵԱՏՄ անդամ պետությունների հավաքական տեսլականը մինչեւ 2035 եւ 2040թթ. Սա պատասխանն է այն հոռետեսական դիրքորոշումների, որոնց համաձայն վերջին շրջանում դանդաղել է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի տեմպը եւ, իբր, որոշ անորոշություն է նկատվում նրա զարգացման հեռանկարում: Հայտնի է, որ 2025թ. ԵԱՏՄ-ում կձեւավորվեն գազի, նավթի եւ էներգետիկ ընդհանուր տարածքներ: Ի՞նչ կլինի դրանից հետո: Որո՞նք են լինելու ԵԱՏՄ զարգացման հիմնական ուղենիշները:
Այս հարցերի պատասխաններ կփնտրեն մասնագետները եւ փորձագետները, որոնք ԵԱՏՄ տասնամյակի տարում համատեղ քննարկումներ անցնելու մի քանի հնարավորություններ կունենան: Հավաքական Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ գլոբալ առճակատման պայմաններում, նաեւ մեր ժամանակների գլոբալ եւ տարածաշրջանային փոխակերպումների արդյունքում ԵԱՏՄ հետ կապված հարցերը շատ կարեւոր եւ զգայուն են դարձել Ռուսաստանի քաղաքական ղեկավարության համար: Հայտնի է, որ Ռուսաստանը եվրասիական քաղաքական հարթակներում առաջ է մղում Մեծ եվրասիական գործընկերության նախագիծը, որը համաձայնեցված է Չինաստանի, Հնդկաստանի եւ եվրասիական մեծ տարածքի այլ նշանակալից տնտեսական դերակատարների հետ:
Այս պայմաններում Ռուսաստանի առաջնորդությամբ ԵԱՏՄ զարգացման եւ ամրապնդման հարցերը շարունակում են մնալ շատ կարեւոր անդամ բոլոր երկրների համար: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքում վերջին երկու-երեք տարիներին ձեռք բերված աննախադեպ հաջողություններն այսօր ամենածանրակշիռ փաստարկն են հայ-ռուսական թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական հարաբերությունները ոչ միայն պահպանելու, այլեւ զարգացնելու եւ խորացնելու հարցում:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող